Ցանկանում ե՞ք ոչնչացնել որևէ մեդիա. Ահա, թե դա ինչպես արեց մի ամերիկացի
Այս տարվա մարտին Gawker բլոգի ղեկավարությունը պարտվել է դատարանում հանրահայտ ըմբիշ Հալկ Հոգանին: Նախկին ըմբիշը մեղադրել է ընկերությանը իր մասնակցությամբ սիրողական և անձնական պոռնոտեսագրություն տարածելու համար՝ պահանջելով տասնյակ միլիոնավոր դոլարներ: Ինչպես պարզվեց, այդ և մի քանի այլ դատական հայցերն ընդդեմ Gawker-ի՝ ֆինանսավորել է նույն մարդը՝ Paypal-ի հիմնադիր, միլիարդատեր Փիթեր Տիլը: Մի քանի լրագրողներ գործարարի գործունեության մեջ նկատել են խոսքի ազատությունը սահմանափակող տարրեր, թեև պետք է նկատել, որ Gawker պարբերականը հայտնի է իր սկանդալային ոճով և անսկզբունքայնությամբ: Համառոտ ներկայացնում ենք պատմությունն ու հերոսներին:
Gawker-ը ամերիկյան սկանդալային ինտերնետային տաբլոիդ է: Այն հայտնվել է 2003-ին՝ բլոգի տեսքով: Այդ պահից ի վեր նրա շուրջ ձևավորվել է օնլայն կայքերի մի ամբողջ համակարգ (Gizmodo, Kotaku, Jezebel): Gawker-ը մասնագիտացած է շոու բիզնեսի աստղերի, ՏՏ ինդուստրիայի ներկայացուցիչների վերաբերյալ անձնական բնույթի տեղեկություններ տարածելու գործում: Մասնավորապես, նրանք տարածում են հայտնիների ինտիմ բնույթի և սեռական կողմնորոշումը բացահայտող լուսանկարներ և տեսանյութեր, որոնք մասամբ ձեռք են բերվել անօրինական ճանապարհով: Gawker-ին հաճախ քննադատում են լրագրողական էթիկայի նորմերին չհետևելու համար: Այդ վարքագիծը նրանց հաճախ կանգնեցնում է դատարանի առաջ:
Հալկ Հոգանը 140 մլն դոլարի փոխհատուցում ստացավ Gawker-ից: 2012-ի հոկտեմբերին Gawker-ը տարածեց անձնական տեսագրություն նախկին ըմբիշ և հոլիվուդյան դերասան Հալկ Հոգանի մասնակցությամբ: Վերջինս հայց ներկայացրեց դատարան և հաղթեց: 2016 թվականի մարտին դատարանը պարտավորեցրեց Gawker-ին վճարել 55 մլն դոլար նյութական, 60 մլն դոլար՝ բարոյական վնաս պատճառելու համար և 25 մլն դոլար տուգանք:
Ամենայն հավանականությամբ, Gawker-ը հայցից հետո չի կարողանա խելքի գալ: Պարտվելով հայցն ընդդեմ Հալկ Հոգանի, կազմակերպությունը հայտնվեց սնանկացման եզրին: Gawker-ը, թեև բողոքարկեց դատարանի վճիռը, որից հետո հնարավոր էր կրճատվեր նշանակված գումարը, սակայն պարտավոր էր անկախ բողոքարկումից, Հոգանին միանգամից վճարել 50 մլն դոլար: Սնանկացումից խուսափելու համար, կազմակերպության ղեկավարությունը ստիպված եղավ Gawker-ի մի մասը վաճառել ռուս մեծահարուստ Վիկտոր Վեքսելբերգին: Բացի այդ, Forbes-ի տվյալով, փաստաբանների ծառայությունից հաճախ օգտվելու և դատական տույժերի հետևանքով՝ ընկերությունը կուտակել էր միլիոնների հասնող պարտք: Հոգանի հաղթանակից հետո Gawker-ի դեմ սկսվեց դատական հայցերի ալիք:
Gawker-ի դեմ դատական հայցերը ֆինանսավորում է Փիթեր Տիլը: Մայիսի 22-ին Նյու Յորք Թայմսին տված հարցազրույցում Gawker-ի հիմնադիր Փիթեր Դենթենը կիսվեց այն համոզմամբ, որ Հալկ Հոգանի և մյուսների դատական հայցերը ֆինանսավորել է Սիլիկոնային հովտի ոմն ազդեցիկ գործարար, որը դժգոհ էր կազմակերպության հրատակչական քաղաքականությունից: Մայիսի 24-ին Forbes-ը հայտարարեց, որ այդ մարդը Paypal-ի հիմնադիր և Facebook-ը ֆինանսավորող Փիթեր Տիլն է: Ըստ կազմակերպության՝ Տիլի նպատակը ոչ թե եկամուտն էր, այլ վրեժը (մարդիկ հաճախ ֆինանսավորում են դատական հայցերը հատուցվող գումարից մասնաբաժին ստանալու համար). 2007 թվականին Gawker-ը գրել էր Տիլի հոմոսեքսուալիստ լինելու մասին: Սեռական կողմնորոշումը գաղտնի պահող գործարարը կազմակերպությանը համեմատել էր Ալ-Ղաիդա կոչվող ահաբեկչական խմբավորման հետ: Ելնելով այս ամենից, նոր հայցերն ընդդեմ Gawker-ի նույնպես ֆինանսավորում է Տիլը, որովհետև բոլոր գործերը վարում է նույն փաստաբանը:
Փիթեր Տիլն իր գործողությունները որակել է որպես մարդասիրական քայլ: Մայիսի 25-ին Նյու Յորք Թայմսին տված հարցազրույցում Փիթեր Տիլը հաստատեց, որ ինքն է ֆինանսավորել Հալկ Հոգանի հայցը, որպեսզի հաշվեհարդար տեսնի Gawker-ի նկատմամբ: Նրա խոսքով, կազմակերպությունը հրապարակում է այնպիսի նյութեր, որոնք ակամայից մեծ վնաս են պատճառում հայտնիներին՝ կործանելով նրանց կյանքն առանց հիմնավոր պատճառի: Տիլը պնդում է, որ Gawker-ի դեմ հայցը ֆինանսավորելը իր ամենամարդասիրական քայլերից մեկն է:
Տիլի մասնակցությունն ընդդեմ Gawker-ի վատ նախադեպ է ԶԼՄ-ների համար: Forbes-ի հարցմանն ի պատասխան վերլուծաբանները հայտնել են, որ Հոգանի հայցի հաջողությունը օրինակ կծառայի հարուստներին՝ ինչպես Փիթեր Տիլի դեպքում: Դատական այսօրինակ հայցերի ֆինանսավորումը թույլ կտա միլիարդատերերին, մեդիան, եթե ոչ լուծարել, ապա պահել մշտական վախի մթնոլորտում: Այսպիսի մարդկանց դեմ ոչ բոլոր խմբագրությունները կհամարձակվեն հրապարակել քննադատական հոդվածներ կամ գործարարի մասին լրագրողական հետաքննություն իրականացնել: Հատկապես, երբ հայցի ֆինանսավորումը կարելի է կազմակերպել անանուն՝ առանց ռիսկերի: Լրագրող և վերլուծաբան Ջոշ Մարշալը համարում է, որ այս կերպ հարուստ մարդիկ ձեռք են բերում ավելի մեծ ազդեցություն, քան լոբինգի շնորհիվ:
«Հնարավոր է ձեզ դուր չգա Gawker-ը, - գրում է Մարշալը, - քանի որ նրանք հրապարակում են այնպիսի նյութեր, որոնք ես կխուսափեի հրապարակել: Բայց եթե հարուստները կարողանում են, գաղտնի պահելով իրենց անունը, կործանել անցանկալի ԶԼՄ-ները` սա կդառնա խոսքի ազատության ամենամեծ սպառնալիքն ամբողջ պատմության ընթացքում»: