BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Պահանջների փաթեթ. Հայոց ցեղասպանության կորուստները

Պահանջների փաթեթ. Հայոց ցեղասպանության կորուստները

Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսությունը սպասում է Թուրքիայի Սահմանադրական դատարանի պատասխանին: Մեկ տարի առաջ բարձրագույն  դատարան պահանջ ներկայացվեց` վերադարձնելու Սիսի կաթողիկոսարանը: 10 ամիս պատասխան չեղավ,  Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսությունը նորից դիմել է դատարանին, որ գործը քննվի  առաջնահերթ կարգով: Հայցը միտված է գույքի վերադարձին, անցյալի իրադարձությունները քննարկելու նպատակ չունի: Արամ Առաջինն ասել է, որ սակարկություն չի լինելու, փոխհատուցում չեն ընդունի, միակ պահանջը`  կաթողիկոսարանի վերադարձն է:

«Չենք ընդունում ոչ վերականգնման, ոչ մեր այցելությունների համար տրամադրելու և ոչ էլ փոխհատուցման մեկ այլ տարբերակ: Միայն ցանկանում ենք, որ հետ վերադարձվի այն գույքերը, որոնք ավելի քան 800 տարի մեզ են պատկանել: Եթե Թուրքիան ցանկանում է մտերմանալ հայ ժողովրդի հետ, ապա սա ամենահարմար պահն է»:

Դատական այս հայցը պահանջատիրության առաջին իրական օրինակը դարձավ: Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ազգովի ասացինք` Հիշում ենք և պահանջում: Հիշում ենք մեկդարյա վաղեմության ոճրագործությունը` 20-րդ դարի առաջին ցեղասպանութույնը, որ խլեց 1.5 մլն մարդու կյանք, վնաս հասցրեց նյութական ու  մշակութային հսկայական ժառանգությանը: Իսկ ո՞րն է պահանջը: Հնարավոր է արդյոք հաշվել վնասի չափը:  2015-ին Հայաստանը  փոխեց քաղաքակությունը ու բացի Ցեղասպանության ճանաչումից, օրակարգ բերեց հատուցման հարցը: Այն ամրագրվեց Համահայկական հռչակագրով:
Փոխհտուցման հարցը դատարանով լուծելու փորձ էլի է եղել, բայց  հաջողություն առայժմ չի գրանցվել: Հոլիվուդյան աստղերի պաշտպանը` փաստաբան Մարկ Կիրագոսը ամերիկյան դատարան մտավ մի քանի հայերի հայցով: Իր պաշտպանյալները  New York Life Insurance և AXA ապահովագրական ընկերություններից պահանջում էին փոխհատուցել Օսմանյան կայսրությունում ցեղասպանված հայերի ապահովագրական վճարները: 2004-ին ու 2005-ին կարճատև հաջողություն գրանցվեց. 2 դատական հայցերը բավարարվեցին,  մոտ 37.5 մլն դոլարի պահանջը հաստատվեց: Բայց ԱՄՆ Դաշնային դատարանը 2009-ին որոշումը չեղարկեց: Հիմավորման մեջ նշվել է, որ ոչ մի ամերիկահայ չի կարող դատի տալ արտասահմանյան ապահովագրական ընկերություններին, քանի որ ԱՄՆ կառավարությունը չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը:
Հայոց ցեղասպանության հասցրած վնասները պատմաբան Արմեն Մարուքյանը  պայմանականորեն բաժանում է 4 խմբերի.

  1. հայրենազրկում

  2. մարդկային կորուստներ

  3. մշակութային ժառանգության կորուստ

  4. նյութական կորուստներ


ՀԱՅՐԵՆԱԶՐԿՈՒՄ. Հայ պատմաբանները կարծում են, որ «գենոցիդ» տերմինին զուգահեռ պետք է շրջանառության մեջ դնել պատրեոցիդ` հայրենազրկում տերմինը: Ցեղասպանությունը ձախողվել է, էթնոսը չի անհետացել, բայց զրկվել է իր ապրելավայրից: Ստացվում է անհայրենիք մնացած էթնոսի ցեղասպանությունը, ձուլումը շարունակվում է:
ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ. Ցեղասպանությունից հետո հայ ժողովուրդը կորցրել է  1.5 միլիոն մարդ: Դրան պետք է ավելացնել նաև ձուլված հայերի թիվը, քանի որ հայկական ինքնության հետ  նրանց կապը փաստացի խզվել է: Մարդկային կորուստների թիվը հստակեցնելիս անհրաժեշտ է հասկանալ, թե որքան կկազմեր հայերի թիվը հանցագործությունից մեկ դար անց, եթե նահատակները ողջ լինեին: Արեւմտահայերի ընտանիքները հիմնականում բազմազավակ էին,  բացի այդ, 25 տարին մեկ կատարվում է բնակչության վերարտադրություն, ինչը նշանակում է, որ անցած 100 տարվա ընթացքում հայերի թիվը պետք է ավելացած լիներ մոտ 4 անգամ:
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՒՍՏ. Ըստ թուրքական պաշտոնական տվյալի`1914-ին արեւմտահայերն ունեին 83 առաջնորդարան, 1860 հայկական եկեղեցիներ ու մատուռներ, 451 վանքեր եւ շուրջ 2000 վարժարաններ:  ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1974 թվականի տվյալի համաձայն` Արեւմտյան Հայաստանի վանքերից ու եկեղեցիներից 1915-ից հետո կանգուն է մնացել 913 շինություն, որոնցից 464-ը հետագայում լիովին ոչնչացվել են, 252-ը` վերածվել փլատակների, իսկ 197-ը` վերականգնման լուրջ կարիք ունի: Մշակութային ցեղասպանության դրսևորում պետք է համարել նաև հազարավոր հայկական ձեռագրերի ոչնչացումը:
ՆՅՈՒԹԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ. Հայոց ցեղասպանության նյութական կորուստների հաշվարկելիս հիմնականում հիշատակվում է 1919 թ. Փարիզի Խաղաղության վեհաժողովին Պողոս Նուբար փաշայի գլխավորած Ազգային պատվիրակության ներկայացրած հուշագիրը: Ըստ դրա` 1915-1919 թթ. հայերի ունեցած նյութական կորուստները հաշվվում էին 19.130.982.000 ֆրանսիական ֆրանկ: Սակայն պատմաբանների կարծիքով` փաստաթուղթը  կազմվել է շատ կարճ ժամանակում և դրանում ամբողջական տվյալները հաշվի առնված չեն: Պողոս Նուբարի հուշագրում չեն հաշվառվել, օրինակ 1921-ին կիլիկիահայությանը և 1922-ին Զմյուռնիայի հայությանը հասցված վնասները: Թուրքական բյուջեն աննախադեպ աճ գրանցեց 1918-ին, հայերի գույքի և ունեցվածքի բռնագրավման  շնորհիվ` պետական քսակն ավելացավ ավելի քան 2 անգամ` կազմելով` 85 մլն օսմանյան ոսկի:
Հայոց ցեղասպանության հետևանքներն ու կորուստները  հստակեցնելուց հետո «Պահանջների փաթեթում» կամ «թղթածրարում» պետք է իրավական տեսակետից հիմնավորվեն ու ձեւակերպվեն Թուրքիային ներկայացվելիք պահանջները: Հայաստանը միջազգային դատական ատյաններին կարող է դիմել, բայց դրան պետք է լրջորեն նախապատրաստվել` իրավաբանորեն և քաղաքականապես:

Տարածել