Գլխավոր Հոդվածներ

[ ՄԻՁԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁ ] Ինչպե՞ս լուսաբանել պատանդառութ

[ ՄԻՁԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁ ] Ինչպե՞ս լուսաբանել պատանդառությունը

Էրեբունու ՊՊԾ գրավման լուսաբանումը մեծ փորձություն է նաև լրագրողների համար: Ինչպե՞ս կողմնորոշվել, թե ո՞ր ինֆորմացիան տալ, ո՞ւմ թողնել ուղիղ եթեր, զրուցե՞լ զինված խմբի ներկայացուցիչների և միջնորդների հետ, թե՞ այնուամենայնիվ հենվել միայն պաշտոնական հաղորդագրության վրա: Ահա թե ինչ է հուշում միջազգային փորձը:


  1. Անզգույշ կադրը, խոսքը կարող է վտանգել ամբողջ օպերացիան: Պետք է չափազանց ուշադիր լինել և չգաղտնազերծել իրավապահների գործողությունները:

  2. Միշտ հիշեք, որ ձեզ դիտում կամ ընթերցում են պատանդառության բոլոր կողմերը` զինյալները, պատանդներն ու իրավապահները, նրանց հարազատները:

  3. Խուսափեք ձևակերպումներից և տեսանյութերից, որոնք կարող են վտանգել իրավապահ մարմինների դիրքերի տեղակայումը կամ բացահայտել նրանց մարտավարությունը:

  4. Ձեռնպահ մնացեք ճգնաժամի կողմ կամ մասնակից դառնալուց: Լրագրողներն անձամբ կարող են ներգրավվել միայն այն դեպքում, երբ կա ղեկավարության համաձայնությունը և որակավորված միջնորդ խորհրդատուների թույլտվությունը:

  5. Հստակ բացատրեք, թե ինչու որոշակի ինֆորմացիա չի տարածվում, բացատրեք դրա վտանգավորության պատճառները:

  6. Ծանրութեթև արեք այն ինֆորմացիան, որ պետք է հաղորդեք` նժարի մի կողմում դնելով, թե ինչ վնաս այն կարող է հասցնել: Սա հատկապես կարևոր է ուղիղ եթերում աշխատող լրագրողների համար:

  7. Եթերում ձեռնպահ մնացեք զինյալների հետ խոսելուց: Լրագրողները միջնորդական գիտելիքներ չունեն և հայտնի չէ, թե մի անզգույշ հարցը ինչպես կարող է վտանգել պատանդների կամ մյուսների կյանքը: Հիշեք, որ զանգահարելով զինյալներին, դուք զբաղեցնում եք այն հեռախոսագիծը, որով գուցե ընթանում են բանակցությունները:

  8. Եթե զինյալները զանգում են Ձեզ կամ խմբագրություն, անպայման տեղյակ պահեք իրավապահներին: Միաժամանակ, պլանավորեք, թե ինչ եք ասելու զինյալներին:

  9. Մանրամասն քննարկեք ուղիղ եթերում աշխատելու անհրաժեշտությունը, քանի որ իրադարձությունները կարող են անկանխատեսելի ընթացք ունենալ, որով կարող է վտանգվել շատերի կյանքը: Օպերատիվ գործողության ժամանակ ծավալվող իրադարձություններն ուղիղ եթերում լուսաբանելու համար պետք է ունենալ շատ հստակ մասնագիտական հիմնավորումներ:

  10. Զինյալների մտավոր և հոգեկան վիճակի մասին որևէ չճշտված տեղեկություն մի´ հաղորդեք: Այդ տեղեկության արժեքը լսարանի համար խիստ սահմանափակ է, մինչդեռ կարող է ավելի լարել վտանգավոր իրավիճակը:

  11. Որևէ կերպ մի´ մեկնաբանեք զինյալների պահանջները:

  12. Դրոններ մի´ օգտագործեք պատանդառության վայրը նկարահանելու համար: Դա կարող է շփոթ առաջացնել բոլոր կողմերի համար:

  13. Եթե ինֆորմացիա ունեք իրավապահների ներքին հաղորդակցության կամ որոշումների մասին, որևէ դեպքում մի հաղորդեք այն: Աշխատանքային քննարկումների հրապարակումը կարող է վնասել ամբողջ գործընթացին:

  14. Որևէ ինֆորմացիա մի´ հաղորդեք պատանդների առողջական վիճակի մասին, քանի դեռ ճգնաժամը չի հաղթահարվել:

  15. Ուշադիր եղեք պատանդառության մասնակիցների ընտանիքի անդամներից հարցազրույց վերցնելիս: Հատկապես պետք է խնամքով վարվել հարցազրույցների բովանդակության հետ, որ դրանք չդառնան աննպատակ, ավելորդ զգացմունքայնություն չավելացնեն իրավիճակին կամ որևէ կողմին ուղղված թաքնված հաղորդագրություն չպարունակեն:


Ուղեցույցի բնօրինակն` այստեղ:

Տարածել