Այն, ինչ հնարավոր չէր փոխանցել ռեպորտաժով. Մի արտասովոր պարգևատրման մանրամասներ

Այն, ինչ հնարավոր չէր փոխանցել ռեպորտաժով. Մի արտասովոր պարգևատրման մանրամասներ

newmag-ը ներկա է եղել մերօրյա հերոսներին հետմանու պետական բարձրագույն պարգևների հանձնման արարողությանը և պատմում է, թե ինչո՞ւ էր այն վերջին տարիների ամենածանր միջոցառումը:

Նախագահականի անցագրայինում կեսօրին անհասկանալի իրարանցում էր՝ բարձրահասակ, թիկնեղ, չժպտացող տղամարդու շուրջ։ Անծանոթի անուն-ազգանունն անվտանգության ցանկում չկար՝ առանց դրա ներս մտնել հնարավոր չէ, ու հենց այդ պատճառով էր իրարանցումը։ Անվտանգության աշխատակիցները այս անգամ ավելի զուսպ, ավելի մեղմ էին անծանոթի նկատմամբ։ Բացահայտ անում էին հնարավորը, որպեսզի նրա մուտքն ապահովվի։

Անցաթուղթը մեկ ազգանուն ուներ. «Ուրֆանյանի բարեկամն եմ»,– այսպես էր ներկայացել անծանոթն ու միանգամից դարձել հարազատ ծանոթ…

Զինվորին որդու պես սիրող հրամանատարի ազգականի անունը ցանկում չկար, որովհետև Ուրֆանյանի ընտանիքից արդեն մի քանի հոգի եկել ու ներս էին մտել, այս մի բարեկամին չէին տեղեկացրել: Իմացել` եկել էր։ Բայց եթե Ուրֆանյան, ուրեմն անցաթուղթն ապահովված է։

Նախագահականի նախասրահից, մեծ սրահից կատվախոտի` սրտի կաթիլների հոտ էր գալիս։ Առաջին տպավորությունն այնպիսին էր, որ Հրանուշ Հակոբյանն է վատացել. Սփյուռքի նախարարը դահլիճ չէր մտնում։ Նախասրահի բազմոցին էր կես ժամից ավելի նստել՝ ոչինչ չտեսնող հայացքով նայում էր… ուղղակի նայում էր, բարևների չէր պատասխանում։

Հրանուշ Հակոբյանը ներս մտնել չէր ուզում։ Այնտեղ այնպիսի լռություն էր, ամեն ինչ` այնքան սև, որ մտնողին կարող էր թվալ՝ աչքերի առջև սևացավ։ Դահլիճում բոլորը սևազգեստ էին։ Ու քանի որ եկել էին միջոցառումից կես ժամ շուտ, այդպես էլ լուռ նստել էին. ոչ մի ձայն, ոչ մի շշուկ, սառած հայացքներ։ Նույնիսկ Նախագահի արարողակարգի աշխատակիցներն էին շշնջալով միմյանց դիմում։

Հենց այսպիսին էր մթնոլորտը, երբ ներս մտավ Նախագահը։

Լռությունը կոտրեց պետական օրհներգը ու սթափեցրեց բոլորին՝ Հանրապետության օրն է, այն հանրապետության, հանուն որի իրենց տղաները երկու ամիս առաջ կյանք տվեցին։

Սերժ Սարգսյանի ելույթը հուզմունքը չնվազեցրեց։ Հակառակը։ Նախագահը չթաքցրեց, թեև ասելու կարիք էլ չկար՝ իր համար միշտ էլ հոգեբանորեն ծանր է հետմահու պարգևներ հանձնելը։ Այս անգամ՝ առավել ևս։ Սերժ Սարգսյանը նույնիսկ իր խոսքը չսկսեց, ինչպես միշտ, այս անգամ չասաց՝ «Սիրելի պարգևատրվողներ»։ Բոլոր պարգևները հետմահու են։ Գերագույն գլխավոր հրամանատարը սկսեց նկարագրել հերոս–տղաներին՝ բնորոշումն ընդհանուր էր, բայց կարծես առանձին-առանձին էր, անհատական։

Նրանցից շատերը երիտասարդ էին, շատ երիտասարդ: Բայց նրանց ընտրությունն ու վարքը հասուն էին այնքան, որ ավելի հասուն դարձրեցին մի ամբողջ հասարակություն: Նրանք մի քանի օրում աշակերտից դարձան ուսուցիչներ և դարձան Հայոց անկախության նոր սերնդի ջահակիրներ: Նրանք սահմանեցին բարոյական այնպիսի բարձրագույն նշաձող, որ այսուհետև անհնար է լինելու շրջանցել:

Նրանք իրենց կյանքով ու սխրանքով մարմնավորում են Հայաստանի քաղաքացու և հայ զինվորի պատվի վարքականոնը, որ այսուհետև անհնար է լինելու շրջանցել:

Անհնար է լինելու, որովհետև նրանք ներկա են այստեղ, ներկա են մեր մեջ և մեր շուրջ: Ավելի ներկա են և ավելի մեծ գործ են անում, քան առանձին «ներկա» ստացողներ:

«Ավելի ներկա են և ավելի մեծ գործ են անում, քան առանձին «ներկա» ստացողներ»: Ո՞ւմ նկատի ուներ Նախագահը՝ այս նախադասությունը ընդհանուր ելույթի մեջ այսօր աննկատ մնաց. այդ պահին դահլիճն արտասվում էր… Ու քանի որ տղաները ներկա են, Նախագահը հիմա նրանց կդիմի այնպես, կարծես իր դիմաց հենց նրանք են նստած ու նրանց հետ է Սերժ Սարգսյանը զրուցում։ Այդպես էլ կասի՝ «Սիրելի պարգևատրվողներ»…

Սիրելի՛ պարգևատրվողներ, շնորհավորում եմ ձեզ` հայրենիքի բարձր պարգևներին արժանանալու առթիվ: Շնորհավորում եմ ձեզ` Հանրապետության տոնի կապակցությամբ։ Ննջե՛ք խաղաղությամբ և հաստատ իմացե՛ք, որ մենք ձեզնով ենք ազգ, ձեզնով ենք երկիր և նույնիսկ ձեզնով ենք մարդՄենք խոնարհվում ենք ձեր արածի առջև և խոստանում ենք, որ ձեր չարած բարի գործերը մենք անելու ենք կրկնապատկված ջանքով:

Սևազգեստ ծնողները, այրիները պարգև ստանում էին կարմրած աչքերով։ Նախագահի ձեռքը սեղմելիս զսպում արցունքները, բայց հենց շրջվում էին… ափով պինդ փակում էին բերանն ու հեծկլտում։ Նրանցից ոմանք՝ այնքան բարձր, որ դուրս էին գալիս նախասրահ, որտեղ արդեն տեղավորվել էին բուժքույրերը։ Մխիթարում էին, տալիս հանգստացնող հաբեր ու նորից ուղեկցում դահլիճ։

Վերջին տարիների ամենածանր միջոցառումը երկու ժամ տևեց, բայց կարծես մի ամբողջ հավերժություն ձգվեր։

Առաջին դեպքն էր, որ միջոցառումը չավարտվեց ավանդական շամպայնով։ Դահլիճից առաջինը կարմրած աչքերով դուրս վազեց Հրանուշ Հակոբյանը։ Զոհվածների հարազատները դուրս էին գալիս սառած հայացքով, դանդաղ, հերոսների պարգևը քնքշորեն ու երկար շոյելով…

Յուրաքանչյուր ընտանիքի ուղեկցում էր մեկ կուրսանտ։ Այդ պահից` նրանց որդին։

Գրել կարծիք