Հին աստվածներն ու ժամանակակից կառավարությունների ճգնաժամը
Մի քանի հազար տարի առաջ մարդը սարսափում էր կայծակից ու վստահ էր, որ դա աստվածների պատիժն է: Երբ գիտությունը տվեց դրա ռացիոնալ բացատրությունը, մարդը սկսեց չվախենալ, քանի որ հասկացավ պատճառը:
Երբ չես հասկանում շրջապատող աշխարհում տեղի ունեցող իրադարձությունը, բացատրությունը գտնում ես իռացիոնալ դաշտում:
Հազարավոր տարիներ անց կայծակին փոխարինեցին շատ ու շատ այլ երևույթներ, որոնց բացատրությունը նույնպես սկսում են փնտրել «աստվածների» շրջապատում:
Թուրքական 67 քաղաքներում աննախադեպ ցույցեր տեղի ունեցան, ազգայինից մինչև սեռական փոքրամասնությունները միասին բողոքում էին կառավարության դեմ. ո՞րն է սրա բացատրությունը. «Մութ ուժերը կամ Ամերիկան (ոչինչ չասող, բայց ամենակարող ինչ-որ բան) պատժում են, քանդում են, հատուկ են անում...», կամ «Էլի էս հրեաները...»: Այս անհեթեթ մեկնաբանությունները ոչնչով չեն տարբերվում կայծակն աստվածներին վերագրելուց: Այսօր կատարվող իրադարձությունների բացատրությունը մարդիկ փնտրում են ամեն տեղ, բայց ոչ ռացիոնալ մտքի դաշտում:
Ոչ ոք չի կազմակերպել Թուրքիայի ցույցերը, ոչ ոք չէր կազմակերպել Մաշտոցի պուրակի կամ #ElectricYerevan-ի ակցիաները, ոչ ոք «դրսից» չի փորձում ինչ-ինչ շահերի համար քանդել տարբեր երկրներ: Քանդվելու պահին միջամտելն ու դրանից օգտվելը ուրիշ թեմա է, և դա նույնպես շեղում է ուշադրությունը խնդրի իրական պատճառից, բայց սկիզբը դավադրությունների դաշտում չէ:
Բոլոր կառավարությունները վատն են, բոլորը՝ անխտիր, բայց հիմա կարծես բոլորը դարձել են ավելի վատը: Ինչո՞ւ:
Կառավարությունների խնդիրը մարդկանց կարիքները հոգալը կազմակերպելն է: Հետևաբար կառավարությունները դառնում են ավելի վատը երկու դեպքում. կա՛մ հենց իրենք են ավելի վատ հոգում այդ կարիքները, կա՛մ մարդկանց կարիքներն են փոխվում:
Մի քանի տարի առաջ Անգլիայի քաղաքներում իսկական քաոս էր: ԱՄՆ-ում «Occupy» շարժումը սոցարդարության պահանջի աննախադեպ ալիք բարձրացրեց, հետո հեղափոխություններ սկսվեցին արաբական երկրներում, հետո եղան «Մաշտոցի պուրակը», #ElectricYerevan-ը թուրքական ըմբոստությունը, ու Բրազիլիայի 100 քաղաքներում փողոց դուրս եկավ մեկ միլիոն մարդ:
Դավիթ Սարգսյանի սյունակում կարդացեք նաև՝
- Ուկրաինական երկընտրանքի ստալինյան ճաքերը
- Գերմանիա-Իրաք. Տարբերության նմանությունը
- Շոտլանդական ապահարզան կամ ինչո՞ւ հրաժարվեց անկախությունից
- Ջութակահարների երկիրը
Աշխարհի ամենատարբեր այս երկրների կառավարությունները միաժամանակ չէին կարող դառնալ ավելի վատը. արաբականները իրար հետ կարող էին, բայց արաբականները, ամերիկյանը, բրիտանականը, հայկականը, թուրքականն ու բրազիլականը իրար հետ չէին կարող: Հետևաբար հարցի պատասխանը պետք է փնտրել` հաշվի առնելով երկու փաստ:
- Առաջին` խնդիրը համաշխարհային է ու չի ճանաչում ԱՄՆ ու Եմեն:
- Երկրորդ` հարցի պատասխանը ոչ թե կառավարությունների, այլ մարդկանց հոգսերի դաշտում է:
Երկու հանգամանքների ձևակերպումն անգամ ցույց է տալիս, որ ինչ-որ բան է փոխվում միջազգային ենթակառուցվածքներում: Եթե միաժամանակ ըմբոստություն է սկսվում Թուրքիայում և Բրազիլիայում, ԱՄՆ-ում և Եմենում, նշանակում է՝ տարածության նախկին պատկերացումը փոխվել է, իսկ դա չի կարող տեղի ունենալ առանց ժամանակի փոփոխության:
Հին աշխարհն այլևս չկա, ժամանակի ու տարածության նոր աշխարհում գործում են հին ժամանակին ու հին տարածությանը համապատասխանող կառավարություններ:
Այդ պատճառով է թվում, որ նրանք դարձել են ավելի վատը: Իրականում միակ վատն այս ամբողջ պատմության մեջ կայծակն աստվածներին վերագրելն է: