ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Հրատապ լուրեր. 10 ֆիլմ լրագրողների մասին

Հրատապ լուրեր. 10 ֆիլմ լրագրողների մասին

Բարի գիշեր և հաջողություն», Ջորջ Քլունի, 2005
Ֆիլմի հիմքում ընկած է հեռուստալրագրող Մարոուի (Դեվիդ Սթրեթեյն) և ակտիվ անտիկոմունիստ ու սենատոր Ջոզեֆ ՄաքՔարթիի մեդիակոնֆլիկտը։ Ռետրո մթնոլորտն իր 50-ականների հմայքով բավական էսթետիկ է: Սթրեթեյնը հիշեցնում է հենց այդ ժամանակաշրջանի տղամարդկանց՝ կոկիկ սանրվածքով և վճռական ճառերով։ Ծխախոտային ակցենտը, ջազ-սոուլ կատարումը, գովազդային դադարները և սիրելի դերասանների վարժ կերպարանափոխումները հանդիսատեսին տեղափոխում են ամերիկյան դրամայի հանգիստ ու հավասարակշռված մթնոլորտ։
P.S. Դերասան Քլունին երրորդ անգամ է նստում ռեժիսորական աթոռին՝ ինքն իրեն վճարելով ընդամենը 3 դոլար՝ որպես դերակատարի, ռեժիսորի և սցենարիստի։
Համարյա հայտնի», Քեմերոն Քրոու, 2000
Սցենարն ու սյուժեն մասամբ հիմնված են ռեժիսորի անձնական փորձի վրա (նա երիտասարդ տարիքում շրջագայում էր «Led Zeppelin» և «Eagles» խմբերի հետ): Այնպես որ երաժշտական ետնաբեմի «մերկ» մանրամասները գրվել են սեփական փորձով։ Պատմությունն այն մասին է, թե 15-ամյա ամաչկոտ տղան (Պատրիկ Ֆյուջիտ) ինչպես դարձավ «Rolling Stone» աշխարհահռչակ ամսագրի լրագրող, հասունացավ, կտրվեց մշտապես փայփայող մայրիկից և ծանոթացավ ռոք-աստղերի առօրյային։ Լրագրությունն այստեղ ետին պլանում է, որովհետև երաժշտական ամսագրում հյութեղ հոդվածներ գրելու համար պետք է ռոք խմբի հետ մեկնես տուրնեի և ապրես ինչպես ռոք-աստղ. այսպես աշխատելը հեշտ չէ։ Թմրանյութեր, աղջիկներ, ամենօրյա խնջույքներ. հենց այսպիսի գայթակղիչ պայմաններում պետք է ինֆորմացիա հավաքի ֆիլմի հերոսը և ամենակարևորը՝ չընկերանա իր նյութի հերոսների հետ։
P.S. Քրոուի սցենարն արժանացել է «Օսկարի» և «Բաֆտայի», սաունդթրեքերի հավաքածուն՝ «Գրեմիի», ֆիլմն ու դերասանուհի Քեյթ Հադսոնը՝ «Ոսկե Գլոբուսի»։
Նրա ընկերուհի Ուրբաթը», Հովարդ Հոուքս, 1940
Ուոլթերը (Քերի Գրանտ) հաջողակ թերթի ամբիցիոզ խմբագիր է: Նրա կինը (Ռոզալինդ Ռասսել) որոշում է թողնել տաղանդավոր ու ճարպիկ լրագրող Հիլդին։ Ուոլթերի մասնագիտական և տղամարդկային էգոն չի կարող հանդուրժել նմանատիպ կորուստ, և նա դիմում է փոքրիկ խորամանկությունների, որոնց արդյունքում իր ամենասիրելի աշխատակիցը պետք է սենսացիոն նյութ գրի և փրկի անմեղ մարդու կյանքը։ Էքսցենտրիկ կատակերգությունների կանոնների համաձայն, հանդիսատեսին հրամցվում է խառնաշփոթ, չափազանց արագ ռիթմ և զավեշտալի իրավիճակներ։
P.S. Քվենթին Տարանտինոն բազմիցս նշել է, որ այս դասական կատակերգությունը իր համար ժանրի սիրելին է։
Նախագահի շքախումբը», Ալան Ջ. Պակուլա, 1976
Ֆիլմի հիմքում ընկած են իրական լրագրողներ Բոբ Վուդվորթի և Կառլ Բյորնսթինի աշխատանքները, որոնք տպագրվել են «Վաշինգթոն Փոսթ» թերթում և դարձել «Ուոթերգեյթյան սկանդալի» պատճառ։ Նախագահ Նիքսոնի խաբեբայությունների, դեմոկրատների և հանրապետականների բախման, լրագրողական հետաքննության վտանգի և ճնշման տակ ինֆորմացիա տվող պետաշխատողների մասին այս ֆիլմը, հավանաբար, ամենահայտնին է լրագրողական ֆիլմերի ցանկում։ Իսկ Դասթին Հոֆմանն ու Ռոբերտ Ռեդֆորդը մինչև օրս էլ ասոցացվում են անվախ ու ազնիվ լրագրողի դիմանկարի հետ։
P.S. Ֆիլմի անունը կապակցված է Ռոբերտ Պենն Ուորենի «Թագավորի շքախումբը» գրքի անվան հետ, որտեղ ևս խոսվում է քաղաքականության բացասական կողմերի մասին։
Քաղաքացի Քեյն», Օրսոն Ուելս, 1941
Քեյնն (Օրսոն Ուելս) Ամերիկայի խոշորագույն թերթային մագնատներից էր: Նա մահից առաջ ասաց միայն «Rosebud» բառը, այդպիսով լրագրողներին ստիպելով գտնել անհասկանալի բառի պատասխանն ու ընդհանրապես պարզել, թե ով էր Քեյնը նախքան թերթային բիզնեսն ու հարստությունը։ Ֆիլմը հաճախ ընդգրկվում է լավագույն և կարևորագույն ֆիլմացանկեր: Մինչև օրս անհասկանալի է, թե հեռավոր 40-ականներին ինչպես է հաջողվել նկարահանել  բացման տեսարանի ճաղալարերն ու դրանց միջով անցնող տեսախցիկը ։
P.S. Տեսարանը, որտեղ Քեյնն ավերում է սենյակը, նկարահանվել է մեկ դուբլով. դերասանի ձեռքերը բազում վնասվածքներ են ստացել։
Հետուստացանց», Սիդնի Լյումեթ, 1976
Ֆիլմը հեռուստատեսության ուժի և քարոզչական մեքենայի սատիրիկ նմանակում է։ Սյուժեն սկսվում է սև հումորի կանոններով. հեռուստամեկնաբան Հովարդ Բիլը (Պիտեր Ֆինչ) երեկոյան լրատվական թողարկման ժամանակ հայտարարում է, որ ցածր ռեյտինգի պատճառով շուտով զրկվելու է աշխատանքից։ Ու խոստանում է ինքնասպան լինել իր վերջին եթերի վերջում։ Հեռուստաընկերության ներսում իրարանցում է սկսվում: Հովարդի էքսցենտրիկ պահվածքի շնորհիվ լրատվականի ռեյտինգն աճում է։
P.S. Ֆիլմի սցենարիստ Պեդդի Չայեֆսկին ամերիկյան հայտնի սցենարիստ-դրամատուրգ է: Նա ստեղծագործում էր հեռուստատեսության ոսկե տարիներին (1947-1960) և 3 «Օսկար» ունի:
Զոդիակ», Դեվիդ Ֆինչեր, 2007
Կիսով չափ դետեկտիվ, կիսով չափ լրագրողական հետաքննություն` ամերիկյան ամենահայտնի սերիական մարդասպաններից մեկի մասին, որը 25 տարի շարունակ վախի մեջ էի պահում Սան Ֆրանցիսկոն։ Նա իշխանության հետ շփվում էր թերթերի միջոցով` նամակներ, գաղտնաթվեր և կոդեր էր ուղարկում խմբագրություն, ոստիկանությանը մեղադրում էր անգործության մեջ։ Իրական փաստերի հիման վրա ստեղծված թրիլերը մանրամասն ներկայացնում է միստիկ մարդասպանի անձի բացահայտման հարցում թերթերի և ոստիկանության բազում փորձերը։
P.S. Ռեժիսոր Ֆինչերն անձամբ է հետազոտել 10.000-էջանոց արխիվը, շփվել մահացած մարդկանց հարազատների և փրկվածների հետ։
Սալվադոր», Օլիվեր Սթոուն, 1986
Ռիչարդ Բոյլը (Ջեյմս Վուդս) պատերազմական ֆոտոռեպորտաժի համար մեկնում է Սալվադոր, որը կրակոցների և պայթյունների կիզակետում էր հայտնվել։ Իր հետ վերցնելով ընկերոջը (Ջեյմս Բելուշի)՝ նա վտանգում է երկուսի կյանքը` հանուն լավ լուսանկարների, մեծ գումարների և անձնական երջանկության։ Սթոունական ոճով նկարված ագրեսիվ ու լարված դրաման դիտումից հետո երկար է հիշեցնում ջունգլիները։
P.S. Ստեղծագործական թիմի հետ Սալվադոր մեկնած խորհրդատուն սպանվել է նկարահանումների ժամանակ։
Ֆրոսթն ընդդեմ Նիքսոնի», Ռոն Հովարդ, 2008
Իր հրաժարականից երեք տարի անց, էքս-նախագահ Նիքսոնը էքսկլյուզիվ հարցազրույց է տալիս բրիտանացի հեռուստալրագրող Ֆրոսթին։ Նիքսոնի ու Ֆրոսթի եթերային հակամարտությունը վերածվում է հանրային պատերազմի, որից էլ կախված է երկուսի համբավն ու ազդեցությունը զանգվածի վրա։ Նիքսոնի համար սա ապաշխարելու հնարավորություն է, Ֆրոսթի համար՝ մասնագիտական թռիչքի հնարավորություն. մինչև այս հարցազրույցը նա թոք-շոուներ էր վարում և զրուցում, օրինակ՝ Bee Gees խմբի հետ։
P.S. Գլխավոր դերակատարներ Մայքլ Շինն ու Ֆրենկ Լանջելան իրենց դերերից «դուրս չէին գալիս» նույնիսկ ընդմիջումների ժամանակ, հաճախ բանավիճում էին ու ծաղրում միմյանց։ Իսկ նկարահանող խմբի մասնակիցները Լանջելային հատուկ դիմում էին` «պարոն նախագահ»։

Տարածել