Ո՞վ սպանեց Ջո Կոկսին. գլխավորը Մեծ Բրիտանիայում վերջին 26 տարում առաջին քաղաքական սպանության մասին

Ո՞վ սպանեց Ջո Կոկսին. գլխավորը Մեծ Բրիտանիայում վերջին 26 տարում առաջին քաղաքական սպանության մասին

newmag-ը պատմում է վերջին 26 տարում Բրիտանիայում տեղի ունեցած առաջին քաղաքական սպանության մասին:

Մեծ Բրիտանիայում հունիսի 16-ին սպանեցին խորհրդարանի անդամ Ջո Կոկսին: Նրան անվանում էին լեյբորիստական կուսակցության ծագող աստղ, նա 41 տարեկան էր: Կոկսին սպանողը 52-ամյա Թոմաս Մեյրը հարձակման ժամանակ գոռացել է «Բրիտանիան ամեն ինչից առաջ», նախկինում այդ տղամարդը հոգեբուժական օգնություն է ստացել:

Ո՞վ է Ջո Կոկսը

Հելեն Ջոան Կոկսը ծնվել է Արևմտյան Յորքշիրի Բեթլի քաղաքում, մայրն աշխատում էր որպես դպրոցի քարտուղար, հայրը` ատամի մածուկ ու մազերի սփրեյ արտադրող ֆաբրիկայում: Կոկսը լավ էր սովորում դպրոցում, ինչի շնորհիվ հնարավորություն ստացավ շարունակել կրթությունը Քեմբրիջում:1995-ին նա ավարտեց հասարակական քաղաքականության կուրսը: Աղջիկն առաջինն էր ընտանիքում, որ բարձրագույն կրթություն ստացավ: Հենց Քեմբրիջում նա տարվեց քաղաքականությամբ ու լիբերալ գաղափարներով: Ուսումից հետո Կոկսը սկսեց աշխատել բարեգործական կազմակերպություններում, որոնք աշխատում էին զարգացող երկրներում, կարիերան հաջողվեց Oxfam-ում, որտեղ հասավ քաղաքականության  հարցերի բաժնի ղեկավարի պաշտոնին: Կոկսը Ֆեմինիստ էր, Լեյբորիստական կուսակցությունում նա ղեկավարում էր կազմակերպություն, որն օգնում էր կանանց կարիերա սկսել քաղաքականությում:

Նա և ամուսինը` Բրենդանը կապված էին Բրիտանիայի նախկին վարչապետ, լեյբորիստ Գորդոն Բրաունի հետ: Ջո Կոկսը Բրաունի կնոջը խորհրդատվություն էր տալիս կանանց և երեխաների առողջապահության հարցերով: Բրենդան Կոկսն էլ Բրաունին օգնում էր կրթական հարցերով: Ջո և Բրենդան Կոկսերն ունեին 2 երեխա:

2015-ի գարնանը Ջո Կոկսը հայտնվեց Մեծ Բրիտանիայի խորհրդարանում`  կարճ ժամանակում դառնալով փախստականների հարցերով առաջամարտիկը: The Guardian-ը գրում է, որ նա պատրաստ էր իր ընդդիմախոսների հետ վիճել այնքան մինչև համոզեր, որ իր տեսակետն է ճիշտ և համաձայնության գար: Կոկսը ղեկավարում էր Սիրիայի հակամարտության խնդրով զբաղվող խորհրդարանական հանձնաժողովը, հանդես էր գալիս մարտական գործողությունները  դադարեցնելու կոչերով:

Նա խիստ դեմ էր ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, նա «դեմ» ջոկատի ամենաազդեցիկ դեմքերից էր:

Մոտ 3 ամիս առաջ Կոկսը սկսեց սպառնալիքներ ստանալ սոցցանցերում: Այդ մասին գիտեր ոստիկանությունը և ենթադրվում էր, որ նրան թիկնապահներ կտրամադրեն և ուժեղացված հսկողություն կսահմանեն, բայց բյուրոկրատական քաշքշուքների պատճառով դա չարվեց: 2016-ի մարտին սպառնալիքների քննության ընթացքում մի տղամարդ ձերբակալվեց, բայց ապացույց չկա, որ հենց նա է կապված սպանության հետ:

Ո՞վ է Թոմաս Մեյերը

Կոկսի վրա հարձակման մեղադրանքով ձերբակալվել է Բրիսթոլի 52-ամյա քաղաքացի Թոմաս Մեյերը: Տեղական ԶԼՄ-ները նրան անվանում են Թոմի: Նրա եղբոր` Սթիվի ասելով` նա երբեք չի խոսել քաղաքականությունից, երկրի ապագայից: Մեյերը ապրել է իր տանը մոտ 30 տարի, հարևանների խոսքով` նա հանգիստ, ինքնամփոփ մարդ էր, ում մոտ ոչ մեկ չէր գալիս: Նա սիրում էր այգին մշակել, այդ գործում օգնում էր նաև հարևաններին:

Հայտնի է, որ Մեյերը նյարդային խնդիրներ ուներ: 2010-ին նա տեղական թերթին պատմել էր, թե ինչպես է մի հոգեբուժական կենտրոն իրեն օգնել նորմալ կյանք վերադառնալ: Սթիվը հաստատել է, որ եղբայրը հոգեբուժական օգնություն է ստացել, բայց վերջին շրջանում ամեն ինչ կարգին էր:

Թոմաս Մեյերի անունը հիշատակվում է 2006 թվականի նյութերում և կապվում է Springbok Club ուլտրաձախ կազմակերպության հետ, որը աջակցում է ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալուն:

Նաև հայտնի է, որ 1999-ին նա գրքեր էր գնում National Vanguard Books հրատարակչությունից, որը կապված է ամերիկյան նեոնացիստական «Նացիոնալ ալյանս» կազմակերպության հետ: Դրանց շարքում կային գրքեր ինքնաշեն զենքերի պատրաստման մասին:

Կոկսի վրա հարձակման ժամանակ Մեյերը գոռացել է «Britain first»` «Բրիտանիան ամեն ինչից առաջ»: Նույն  անունն ունի նաև բրիտանական  ուլտրաձախ կուսակցությունը, որը պաշտպանում է Բրեքսիթը: Հավաստի ապացույց, որ Մեյերը կապ ունի «Britain First»-ի հետ, չկա: Սպանությունից հետո կուսակցությունը հայտարարություն է տարածել ` դատապարտելով Կոկսի հետ կատարվածը:

Թոմաս Մեյերը զինված է եղել դանակով ու զենքով: Զենքով հարձակումներ Բրիտանիայում հազվադեպ են լինում, տարին հազիվ մի քանի անգամ: Դեռ հայտնի չէ, որտեղից է նա զենք ձեռք բերել, վարկած կա որ դա ինքնաշեն զենք է:

Գրել կարծիք