Կոմանդոս. Կռիվը միայն քաջություն չէ, կռիվը լուրջ գիտություն է
Ինչո՞ւ Կոմանդոս
Կիրառած հնարքների ու զինվորական խորամանկության համար էր լեգենդար զորավարը վաստակել Կոմանդոս մականունը: Շուշիի ազատագրման հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանն արցախյան պատերազմի եզակի մասնակիցներից էր, որ ուներ հիմնավոր զինվորական կրթություն և ռազմական գիտելիքներ: Զինակից ընկերներից մեկը` Արայիկ Մուրադյանն է Արկադի Տեր-Թադևոսյանի Կոմանդոս մականվան հեղինակը:
«Կոմանդոս» զինվորական հնարքը ստեղծել են անգլիացիները, այն ավելի շատ օգտագործվում է հետախույզների կողմից:
Դրա շնորհիվ փոքր ուժերը թշնամու համար մեծ ուժերի իմիտացիա են ստեղծում: Թշնամին կարծում է, թե մեծ ուժեր են կուտակված, ինքն էլ է հսկայական ուժեր է կուտակում, հարվածում է այդ ուղղությամբ` ոչնչացնելու թշնամու բանակը, բայց հարվածում է դատարկության մեջ: Կոմանդոս` զինվորական լեզվով ասած` խփիր և փախիր մեթոդ:
Սովետական սպան ու ցուցարար կինը
88-ին` շարժման սկզբում, Արկադի Տեր-Թադևոսյանը դեռ սովետական բանակում էր ծառայում: Ազնիվ զինվորականն` իր պարտքի համաձայն, զենքը ձեռքին հսկում էր Ազատության հրապարակում անկախություն տենչացող միտինգավոր ժողովրդին: Ցուցարարների մեջ էր ամուսնուց ոչ պակաս հայրենասեր կինը` տիկին Հասմիկը: Այս թեմայով ընտանիքում ամեն օր վեճ ու կռիվ էր: Կինն ուզում էր, որ ամուսինն իր կողքին պայքարի, այլ ոչ թե սովետական հրահանգները կատարի, իսկ զինվորական ամուսինն իր գործն էր անում, այդ պահին այլընտրանք չուներ: Վեճերից մեկի ժամանակ Հասմիկն ասում է`
-Հիմա էդ ավտոմատովդ, որ գալիս ես, մի բողոքող էլ ես եմ, ի՞մ վրա պիտի կրակես:
-Այո՛, - լինում է Կոմանդոսի պատասխանը,- կսպանեմ ու կասեմ` ժողովո՛ւրդ, ես իմ կնոջը սպանեցի, ու բոլոր տղամարդիկ վրա կտան, կասեն` իմ կնոջն էլ սպանի, իմ կնոջն էլ սպանի:
«Հարսանիք լեռներում»
Շուշիի ազատագրումը երկար ու հանգամանալից մշակված ծրագիր էր: Հրամանատար Կոմանդոսն այդ ծրագրի մասին զեկուցեց այդ ժամանակվա Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին: Նախարարը հավանություն տվեց, բայց, քանի որ գիտեր` Արկադի Տեր-Թադևոսյանը պատրաստվում է ամուսնացնել իր աղջկան, առաջարկեց ազատագրումն իրականացնել հարսանիքից հետո: Իր հերթին էլ Արկատի Տեր-Թադևոսյանը Վազգենին առաջարկեց ժամանակն օգտագործել ու ընտանիք կազմել` մինչև Շուշիի ազատագրումը: Այս տրամադրությամբ Արկադի Տեր-Թադևոսյանն ու Վազգեն Սարգսյանը բերդաքաղաքի ազատագրման օպերացիան կոչում են «Հարսանիք լեռներում»:
Կռիվը միայն քաջություն չէ, կռիվը լուրջ գիտություն է
Այս անգամ էլ հրամանատար Կոմանդոսը կիրառեց զինվորական հնարքներ: Նախ` ծրագրված էր «Հարսանիք լեռներում» օպերացիան իրականացնել ապրիլի 24-ին` Ցեղասպանության հիշատակի օրը: Թշնամու բանակ նման ինֆորմացիա էր գնացել, ու նրանք կազմ-պատրաստ սպասում էին հակահարվաձ տալու: Դեռ երկար պիտի սպասեին ու ջլատվեին, որովհետև ո՛չ ապրիլի 24-ին, ո՛չ մայիս 1-ին, ո՛չ էլ 5-ին, ինչպես նախապես իբր ծրագրած էր, հարձակում չեղավ: Մայիս 8-ին, հայերի հարձակմանը տասն օրից ավել սպասող ադրբեջանցիներն, արդեն հոգնել ու «զենքները վայր էին դրել»:
Շուշին` իրական տերերի ձեռքում
Ինչպես Կոմանդեսն է ասում` կռիվը միայն քաջություն չէ, կռիվը լուրջ գիտություն է, հնարամտություն, խորամանկություն, այլապես հաղթանակի հասնել չես կարող: Անառիկ ամրոցը ազատագրելը շատ բարդ էր: Ճակատը մեծ էր, և այն պահել էր պետք: Շուշիից վերև` Սեյրան Օհանյանն էր, Շուշիից ներքև` Սամվել Բաբայանը, մյուս 2 ուղղություններով` Վալերի Չիթչյանն ու Արկադի Կարապետյանն էին, իսկ 26-ի Յուրայի գունդը ռեզերվ էր: Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը սպասված հարձակումն իրականացավ:
Գիշերվա 4-ին հրամանատարի օգնական Աշոտ Խաչատրյանն արդեն զեկուցեց` ՇՈՒՇԻՆ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ Է:
Բերդաքաղաքն այլևս իրական տերերի ձեռքում էր: Արկադի Տեր-Թադևոսյանը հիշում է. «Պատկերացրեք իմ վիճակը, սիրտս պայթում է լավ լուրից, բայց գիշերով ասելու իրավունք չունեմ, զինվորներն ու քաղաքացիները ուրախությունից չէին զսպի իրենց, գիշերով քաղաք կմտնեին , իսկ այնտեղ մինապատ տարածքները քիչ չէին, անհարկի զոհեր կունենայինք»: Մինչև առավոտյան 8-ը, հրամանատարն ուրախությունն իր մեջ է պահել, լուսաբացին հայտնելով բաղձալի լուրը, կորցրել է ինքնատիրապետումն ու քնել: Մի 3 ժամ անց Զորի Բալայանի զանգն արթնացրել է Կոմադոսին: Քիչ անց հաղթանակած զինվորներն ու զորավարը` բերդաքաղաքի իրական տերերը, շնորհակալության աղոթ էին հղում աստծուն` Ղազանչեցոնց պատմական եկեղեցում: