Newmag-ը Արմենիայի եթերում ներկայացրել է «Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկար» հուշագրությունը (տեսանյութ)
04/02/2026
«Բարի լույս» ծրագրում ներկա են եղել գրքի հեղինակներն ու թարգմանիչը։ Արցախցի գրող, բանաստեղծ Հերմինե Ավագյանն ու ֆրանսիացի լրագրող, երգահան Ուլիս Մանեսը նամակագրությունն ամբողջացրել ու կոչել են «Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկա»։ Գրքի թարգմանիչը Լիլիթ Բլեյանն է, խմբագիրը՝ Վահագն Աթաբեկյանը։ Գրքի համար առաջաբան է գրել ֆրանսիացի փիլիսոփա, գրող Պասկալ Բրուկները։
Նամակագրությունը սկսվել է, երբ արցախցիները շրջափակման ու պատերազմի մեջ էին։ Հուզիչ նախաձեռնությունը ֆրանսիացի լրագրողինն է։ Ուլիս Մանեսը պատմեց, որ իր ընկերը՝ Հովհաննես Գևորգյանը, որը նաև նամակների թարգմանիչն էր, իրեն ծանոթացրել է Արցախի մշակույթի նախկին նախարար Նարինե Աղաբալյանի հետ։ Նարինեն առաջարկել է նամակ գրել Հերմինեին։ Այդպես, Ուլիսը գրել է իր առաջին նամակը.
«Ի սկզբանե, սա պետք է դառնար հոդված։ Ես գրում եմ, հաղորդումներ եմ պատրաստում փոքր ազգերի, երկրների, մեծ կայսրություններում մշակութային փոքրամասնությունների մասին։ Մի օր Փարիզում՝ մի փոքրիկ հայկական ռեստորանում արցախցի ընկերս ասաց, որ ինձ շատ կհետաքրքիր Արցախի թեման։ Սկսեցի հետաքրքվել Արցախով, ծանոթացա Հերմինեի հետ։ Սկսեցինք նամակներ գրել իրար»։
Ուլիս Մանեսն ասում է, որ մեկ ու կես տարվա նամակագրությունից հետո ծնվել է այս գիրքը։ Ինքը Հայաստան է եկել գրքի շնորհանդեսին մասնակցելու։ Գրողը կատակում է, որ հատուկ այս այցի համար հագնվել է «քյառթուի» պես.
«Երբ առաջին անգամ եկա Հայաստան, զգացի խորը կապ, որի մասին գիտեի, որպես ֆրանսիացի, հասկացա, որ անելիք ունեմ, բայց չգիտեի, թե ինչ։ Ես հայտնաբերեցի ուրախության, խաղաղության, հումորի մթնոլորտ, չնայած ողբերգական պատմությանը, որն ունի հայ ժողովուրդը։ Արդեն նոր գիրք եմ գրքում Կովկասյան տարածաշրջանի մասին։ Իհարկե, իդեալական կլիներ, եթե հայերեն սովորեի, բայց հայերենը շատ բարդ լեզու է»։
«Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկար» գրքի երեք թարգմանիչներից երաժիշտ Լիլիթ Բլեյանն ասում է, որ այս նամականին շատ է տարբերվում այն գրական ստեղծագործություններից, որոնք Արցախի մասին են.
«Սովորաբար, Արցախը քաղաքական պատմություն է ենթադրում, կոնֆլիկտ, բախում։ Այս գրքում կան հույզեր, գեղեցկություն։ Արցախի մասին Հերմինեն պատմում է նուրբ, բանաստեղծական ու հուզիչ, արդյունքում, գրքում կա կարոտ ու երկու անծանոթների շատ անկեղծ երկխոսություն»։
Գրքի համահեղինակ Հերմինե Ավագյանը պատմեց, որ այս նախաձեռնությունը շատ անսպասելի էր իր համար։ 2023 թվականին, երբ փակվեց Հայաստանից Արցախ տանող ճանապարհը, Հերմինեն Երևանում էր ու վերադառնալ չկարողացավ. «Իմ բոլոր հարազատները, մայրս մնացել էին Արցախում։ Գարնանը ինձ զանգեց Նարինե Աղաբալյանը, ասաց այս նամակագրության մասին։ Մտածեցի, որ եթե Արցախում չեմ, ճիշտ չէ, որ ես գրեմ։ Հետո զգացի, թե ինչքան բան ունեմ ասելու ու ինչքան կարիք ունեմ խոսելու Արցախի մասին։
Կարոտը, անզորությունը կուտակվել էին, ու այս նամակները դարձան թերապիա ինձ համար։ Առաջին նամակում Ուլիսը խնդրել էր պատմել Արցախի մասին։ Ես գրեցի Արցախյան առաջին պատերազմի մասին։ Չէի ուզում միայն ցավի ու պատերազմի մասին գրել։
Իմ մանկության միջոցով գրեցի նաև արցախցի երեխաների երազանքների մասին։ Բոլոր երեխաների պես արցախցիներն էլ ուզում էին տիկիկներ ունենալ, խաղալ բակում, ուտել շոկոլադ ու պաղպաղակ, որն այդ ժամանակ չկար»։
Նամակներից մեկում Հերմինեն գրում է իր բանաստեղծական տողերից մեկը. «Այսօր նամակ ստացա դրախտից, Աստված էր, նա ասաց՝ այնտեղ արդեն ոչ ոք չկա»։ Գրքի խմբագիր Վահագն Աթաբեկյանն առաջարկեց նամականու վերնագիր ընտրել այդ տողը։ Հերմինեն ասում է, որ իր մտքերը, ներշնչանքը, էությունը մնացել են նույն հասցեում, որով միշտ մակագրում էր նամակները՝ Արցախ, Մարտունի, Աշան։
Կարդացեք նաև
Հերմինե Ավագյան
Ուլիս Մանես
6800 ֏
Նկարագրություն
Այս նամականին գրական կամուրջ է երկու աշխարհների՝ ֆրանսիացի երաժիշտ ու լրագրող Ուլիս Մանեսի և արցախցի գրող Հերմինե Ավագյանի միջև: Մի կողմում Ուլիսի անծանոթ ու հետաքրքրասեր հայացքն է, մյուսում՝ Հերմինեի անէացած ծննդավայրը: Հերմինեն Ուլիսին իր բանաստեղծական շնչով և հուշերի նուրբ թելերով տանում է Արցախի թաքնված արահետներով. այնտեղ, որտեղ մանկության երանգներն ու հայրենի գյուղի բույրերը միախառնվում են պատերազմի մշուշին:
Այս գիրքը նաև տարեգրություն է՝ հյուսված Հերմինեի լուսավոր կարոտով և Ուլիսի՝ հայ ժողովրդի նկատմամբ սիրով: Այս զրույցն այն մասին է, թե բառն ինչպես է դառնում հայրենի տուն, երբ հողն այլևս ոտքերիդ տակ չէ, և թե երկու օտար հոգիների հանդիպումն ինչպես է վերածվում գրքի, որն ապրելու է ժամանակից դուրս ու տարածությունից անդին:
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է անկախ Հայաստանի ամենահայտնի ֆիլմերից մեկի մոտիվներով գրված գիրքը՝ «Մի՛ վախեցիր» (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է Հերմինե Ավագյանի ու Ուլիս Մանեսի «Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկա» հուշագրությունը (թրեյլեր)
Տեղի ունեցավ գերմանացի ռեժիսոր, գրող Նուրան Դավիթ Քալիսի դեբյուտային գրքի հեռուստաշնորհանդեսը՝ «Լուսինը մեր արևն է» (տեսանյութ)
Տեղի ունեցավ սատիրիկ ու գրոտեսկային «Սատանայի արհեստանոցը» վեպի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)