Գլխավոր Լուրեր

Newmag-ը ներկայացնում է Հերմինե Ավագյանի ու Ուլիս

Newmag-ը ներկայացնում է Հերմինե Ավագյանի ու Ուլիս Մանեսի «Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկա» հուշագրությունը (թրեյլեր)

03/24/2026

newmag-y-n

Պատերազմից հետո ծնված նամակագրություն, որը վերածվեց գրքի։ Հուշեր նամակներով, որ ապրելու են ժամանակից դուրս ու տարածությունից անդին: Newmag-ը հրատարակել է «Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկա» երկլեզու հայերեն-ֆրանսերեն հուշագրութունը։

Մի օր Արցախում Հերմինե Ավագյանը նամակ է ստանում ֆրանսիացի երիտասարդից՝ Ուլիս Մանեսից, որը հետաքրքրվում է՝ ինչպես են ապրում պատերազմից հետո, ինչ են զգում, ինչպես է ստեղծագործում նա, ով ապրում է այդ իրականության մեջ։ 

Այդ նամակից սկսվում է երկխոսություն, որը շուտով դառնում է ավելին, քան պարզապես հարց ու պատասխան։ Նամակները Հերմինեն գրում է Արցախում, Ուլիսը կարդում՝ Փարիզում։ Մի կողմում անծանոթի հետաքրքրասեր հայացքն է, մյուսում՝ կորստի հետ ապրող մարդու ներաշխարհը։ 

Հերմինե Ավագյանի ու Ուլիս Մանեսի երկխոսությունը ձևավորվում է որպես գրական նամականի՝ «Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկա»։ Հերմինե Ավագյանը նամակներում վերակենդանացնում է իր աշխարհը՝ տանելով ընթերցողին Արցախի թաքնված արահետներով։ Նրա պատմություններում մանկության հոտն ու գույները միախառնվում են պատերազմի մշուշին։ Դա ոչ թե միայն հիշողություն է, այլ փորձ՝ պահպանելու մի իրականություն, որն այլևս  գոյություն չունի։ 

ֆրանսիացի երաժիշտ է, լրագրող և փիլիսոփայության դոկտոր Ուլիս Մանեսի համար այդ նամակագրությունը դառնում է ճանապարհ դեպի մի աշխարհ, որի մասին նախկինում միայն լսել էր։ Նրա հարցերը, արձագանքները ձևավորում են երկխոսություն, որտեղ տարբեր մշակույթներ չեն բախվում, այլ լրացնում են իրար։  

Գիրքը նաև վավերագրություն է՝ պատերազմի և կորստի ֆոնին ծնված մտերմության մասին։  Նամակներ, որ գրված են լուսավոր կարոտով։ Զրույցներ, որտեղ բառերը չեն կարող փոխանցել հայրենի տունը լքելու ցավը։ Գիրքը երկլեզու է՝ հայերեն և ֆրանսերեն, և պահպանել է նամակագրության կենդանի շունչը։ Հայերեն թարգմանությունը՝ Լիլիթ Բլեյանի։ 

Շնորհանդեսը տեղի կունենա մարտի 28-ին, 15:00-ին, Pushkin Business Club-ում(Պուշկին 25)։ Միջոցառմանը ներկա կլինեն հեղինակները, նաև ֆրանսիական Le Figaro պարբերականի լրագրող Ադրիեն Բրիանը։ Երեկոն կավարտվի երաժշտական կատարմամբ՝ Ուլիս Մանեսի և Լիլիթ Բլեյանի մասնակցությամբ։ 

 «Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկա» հուշագրությունը պատմություն է ոչ միայն պատերազմի, այլև այն մասին, թե ինչ է մնում հետո՝ հիշողություն, կարոտ և խոսելու անհրաժեշտություն։ Նամակներ, որոնք շարունակում են ապրել՝ ժամանակից դուրս ու տարածությունից անդին։

Գիրք, որ ծնվեց պատերազմի ու արցախի կորստի օրերին, երբ ֆրանսիացի երիտասարդն անհանգիստ ու տագնապած սպասում էր իր նամակի պատասխանին։  Նամակներ, որ դարձան կամուրջ․ Արցախից Փարիզ՝ մեկ գրքի պատմություն։

Տարածել

Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկա
Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկա

Հերմինե Ավագյան

Ուլիս Մանես

6800 ֏

Նկարագրություն

Այս նամականին գրական կամուրջ է երկու աշխարհների՝ ֆրանսիացի երաժիշտ ու լրագրող Ուլիս Մանեսի և արցախցի գրող Հերմինե Ավագյանի միջև: Մի կողմում Ուլիսի անծանոթ ու հետաքրքրասեր հայացքն է, մյուսում՝ Հերմինեի անէացած ծննդավայրը: Հերմինեն Ուլիսին իր բանաստեղծական շնչով և հուշերի նուրբ թելերով տանում է Արցախի թաքնված արահետներով. այնտեղ, որտեղ մանկության երանգներն ու հայրենի գյուղի բույրերը միախառնվում են պատերազմի մշուշին:

Այս գիրքը նաև տարեգրություն է՝ հյուսված Հերմինեի լուսավոր կարոտով և Ուլիսի՝ հայ ժողովրդի նկատմամբ սիրով: Այս զրույցն այն մասին է, թե բառն ինչպես է դառնում հայրենի տուն, երբ հողն այլևս ոտքերիդ տակ չէ, և թե երկու օտար հոգիների հանդիպումն ինչպես է վերածվում գրքի, որն ապրելու է ժամանակից դուրս ու տարածությունից անդին: