Գլխավոր Լուրեր

«Մի՛ վախեցիր»-ը՝ 20 տարի անց. գրքի և ֆիլմի քննարկո

«Մի՛ վախեցիր»-ը՝ 20 տարի անց. գրքի և ֆիլմի քննարկում ստեղծագործական թիմի հետ (լուսանկարներ)

04/07/2026

newmag-y-n

Հայկական ամենահայտնի բազմասերիանոց «Մի՛ վախեցիրը» ֆիլմի ցուցադրությունից 20 տարի անց Newmag-ը վերահրատարակել է «Մի՛ վախեցիր» վիպակը։ Գրքի հեղինակը հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանն է։ Նա նաև ֆիլմի սցենարի համահեղինակն է։



«Մի՛ վախեցիր» գրքի շնորհանդեսը և ֆիլմի քսանամյակին նվիրված քննարկումը տեղի ունեցան woods կենտրոնում։ Գրքի և ֆիլմի ստեղծագործական թիմը հիշեց երկու տասնամյակ առաջ տեղի ունեցած նկարահանումները, ֆիլմի ու գրքի ստեղծման պատմությունը։ 



Պատերազմի մասին նկարահանված ֆիլմի գաղափարը ու նաև վերնագիրը Հայաստանի հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ (2003-2013 թթ.) Ալեքսան Հարությունյանինն էր։ 



Գրքի հեղինակ Գնել Նալբանդյանը հիշեց, թե ինչպես է ընտրվել վերնագիրը. «Ալեքսան Հարությունյանը սիրում է աստվածաշնչյան մոտիվներով վերնագրեր։ Այս դեպքում այլ տարբերակ չի էլ քննարկվել։ «Մի՛ վախեցիր» վերնագիրը մոգական ուժ ունի. ո՛չ կոչ է, ո՛չ խնդրանք, ո՛չ առաջարկ, ո՛չ ուղերձ է։Նույնիսկ շեշտ կարելի է չդնել, պարզապես՝ մի վախեցիր։ Վիպակ գրել առաջարկեց ֆիլմի պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը»։



Գնել Նալբանդյանը կարծում է, որ ֆիլմը կարևոր դեր ունեցավ երկու հազարականներին։ Առաջին անգամ հեռուստաընկերությունն արտադրում էր գեղարվեստական ֆիլմ. «Այս ֆիլմը երկար կյանք կունենա, քսանտարի անց գուցե ունենա նաև վավերագրական նշանակություն, դոկումենտալ արժեք։ Քաղաքական պահանջ կամ ուղերձ չկար, որ պարտադիր էր սցենարի համար, բայց կար մոտիվացիա ու գաղափար, թե ինչ կերպարներ պետք է լինեն, ինչպես է զարգանալու սյուժետային գիծը։ Մենք երկար մտածել ենք նույնիսկ գլխավոր հերոսի անունն ու ազգանունը, թե ինչու պետք է լինի Արման Արամյան։ 

Ֆիլմը երկու սյուժետային գիծ ուներ՝ երևանյան ու ղարաբաղյան պատմությունները։ Արցախյան հատվածի հեղինակը ես եմ, իսկ երևանյանինը՝ Լևոն Գալստյանը։ Մեզ համար կարևոր էր, որ թշնամուն չդնենք հիմարի տեղ։ Ստրատեգիական թշնամին խելոք է, անողոք է, պետք է գնահատել ուժը, ոչ թե ծաղրել, որպեսզի պատրաստլինես հաղթանակների։ Չէինք ուզում նաև ավելորդ հերոսականություն, որպեսզի հնդկական կինո չլինի։ Զուսպ զգացմունքայնություն էինք ուզում»։



Ֆիլմի գլխավոր դերակատար Խորեն Լևոնյանը հիշում է, որ արցախյան նկարահանումների ժամանակ միակ երևանցի դերասանն էր։ Ռեժիոր Արամ Շահբազյանը քաստինգը կազմակերպել էր այնպես, որ ֆիլմում շատ լինեն մարզային ու արցախցի դերասաններ. 



«Ամեն ինչ նոր էր. կինոարտադրություն չկար, դերասանների, սցենարիստների, ռեժիսորների համար ամեն ինչ առաջին անգամ էր։ Մենք էլ չգիտեինք, ինչ անել, բայց աշխատեցինք միասնական ու մեկ գաղափարի շուրջ հավաքվեցինք։ Ես երկար չեմ մտածել՝ համաձայնել, թե ոչ՝ նկարահանվել ֆիլմում։ Չեմ մտածել կերպարի մասին, ուղղակի գիտեի որ պիտի անեի դա։ Ես շատ առաջարկներ ունեի, հրաժարվում էի։ Ուրիշ մի բան էի ուզում։ 

Ու այդ ֆիլմում նկարահանվելու առաջարկնեղավ։ Եթե մի օր ֆիլմ նկարահանվի, թե ինչպես են անցել նկարահանումները, շատ հետաքրքիր ու հումորային ֆիլմ կլինի։ Ցավոք, նման ֆիլմերը քիչ են, մեր գենետիկ հիշողության համար է կարևոր է, որ այս թեմայով ֆիլմեր շատ լինեն։ Սա թեստ է ողջ մնացածների, ապրողների համար, լավ առիթ է վերհիշելու, արժևորելու այն, ինչ թողնում ենք մեզնից հետո»



Ֆիլմի ռեժիսոր Արամ Շահբազյանը ֆիլմի ցուցադրությունից հետո երկար ժամանակ ամենուր լսում էր արձագանքներ հերոսների, կերպարների մասին. «Ֆիլմը դուրս եկավ 2007 թվականին։ Ես սկսեցի շփվել միսերնդի հետ, որն այդ ֆիլմը մի քանի, նույնիսկ տասնյակ անգամ էր նայել։ 44-օրյա պատերազմի ժամանակ հասկացա, որ կռիվ գնացին նրանք, որոնք այդ ֆիլմը դիտել էին։ Փաստը, որը ֆիլմը դաստիարակել է սերունդ, պրակտիկորեն թողել է ազդեցություն, շատ կարևոր է։ Այս ֆիլմն իր գործն արել է»։



Ֆիլմի պրոդյուսերը Հրաչ Քեշիշյանն է, նա նույնպես վստահ է, որ Ֆիլմի էներգետիկան, ազդեցությունը դեռ երկար կլինի, անկախ իրավիճակից, որն այսօր կա. «Իհարկե, քսան տարի առաջ այն կոնկրետ փաստերիմասին էր։ Հիմա «Մի՛ վախեցիրն» ավելի շատ էմոցիա է։ Ֆիլմի արժեքն այն է, որ հայրենասիրության մասին չեն գոռում։ Դա ամբողջ թիմի, սցենարիստների ձեռքբերումն էր, որ մարդկային, հողին կպած գործ դառնա։ Հերոսները մարդիկ են, որ տեր են իրենց երկրին ու հողին։ Այն ժամանակ ավելի շատ երազում էինք, արկածախնդիր էինք։ Չէինք հաշվարկել ճիշտ ենք, թե սխալ, կտապալենք, թե կհաջողենք։ 



Շատ անփորձ էինք, ամեն ինչ առաջին անգամ էր։ Ֆիլմի արտադրության վրա ծախսել ենք 80 միլիոն դրամ։ Չէինք գտնում հաշվապահ, որը հասկանար, թե ինչպես կազմի կինոյի բյուջեն, որ հարկային մարմինների հետ խնդիր չունենանանք, քանի որ ֆիլմարտադրություն չկար։ Ֆիլմի սաունդտրեկը գրեց Հայկոն, նա նույնպես առաջին անգամ էր գրում ֆիլմի երաժշտություն»։



Սցենարի համահեղինակ Լևոն Գալստյանն ասում է, որ հեռուստադիտողը երկար ժամանակ սպասում էր շարունակությանը. «Համալսարանի ուսանողներից մեկը գրել էր սցենարի իր տարբերակը, որտեղ հերոսը՝ Արման Արամյանը, չի զոհվում։ Նա գերի է ընկնում, հետո վերադառնում է։ Իմ աղջիկը մի անգամ ասաց, որ ֆիլմից մինչև այսօր շատ հատվածներ են տեղադրվում սոցցանցերում, ու երիտասարդները շատ հավանում են այն»։



Գրքի 20-ամյակին վերահրատարակված «Մի՛ վախեցիր» վիպակի գլխավոր գործընկերը Կինոդարանն է։ Գործընկերը՝ HK productions-ը։



Կարդացեք նաև

Տարածել

Մի՛ վախեցիր
Մի՛ վախեցիր

Գնել Նալբանդյան

5800 ֏

Նկարագրություն

1990-ականների սկիզբ. երևանյան և արցախյան բարդ և հակասական իրողություններ։ Մի կողմում ազատագրական պայքարի վեհ գաղափարն է, մյուսում՝ պատերազմի քաոսն ու անձնական շահը։ Պատմություն բարդ ու հակասական ժամանակների մասին, պատմություն, որի հերոսներն ու հակահերոսները հաճախ ունեն իրական նախատիպեր, դրվագները՝ վավերագրական հիմք։ Որոշ դրվագներում հեղինակը վերարտադրել է իր հետ կատարված դեպքերը հայ-ադրբեջանական ռազմաճակատային գծի տարբեր հատվածներում։ 


Ի տարբերություն ընդունված կարգի՝ այս գրական գործը ծնվել է համանուն հայտնի ֆիլմի նկարահանումից հետո։ Գրքում ներկայացված որոշ դրվագներ ֆիլմում չեն եղել, կամ ֆիլմի որոշ դրվագներ չկան վիպակում։ Այն կառուցված է ըստ (5-մասանոց) ֆիլմի սցենարի, որի համահեղինակներն են Լևոն Գալստյանը և Գնել Նալբանդյանը։ Սցենարիստներին գործուն աջակցություն են ցուցաբերել «Մի՛ վախեցիր» ֆիլմի մտահղացման հեղինակ Ալեքսան Հարությունյանը և ռեժիսոր Արամ Շահբազյանը։


Երկու տասնամյակ անց վերահրատարակվող վիպակը հրավիրում է մեր ոչ վաղ անցյալի վճռորոշ էջերը վերապրել սթափ հայացքով և անմիջական մասնակցի զգացողությամբ։