Կրոնափոխվել հանուն սիրո. Հայկական իրական պատմություններ
Արման Չիլինգարյան
23 տարեկանում ընդունել է իսլամ, որ կարողանա ամուսնանալ իրանուհու հետ, բայց աղջիկը մերժել է: Այժմ ընկերները նրան անվանում են Սաիդ, թեև իր հայկական անունը պահել է: Կրոնը փոխելուց հետո իր ծնողների հետ չի շփվում: Ղուրան չի կարդացել: Իրավաբան է, չի աշխատում, պատրաստվում է բնակվել Իրանում: Չցանկացավ ամսագրի համար լուսանկարվել:
-Կրոնս փոխեցի, որովհետև սիրահարվել էի: Դժվարությամբ արեցի այդ քայլը: Երկար մտածելուց հետո: Հանուն իմ սիրո, հանուն իմ ապագայի: Բայց հավատքը ինձ համար մեկն է` անկախ նրանից, թե կրոնն ինչ է կոչվում: Այդ աղջիկն ինձ հետ չամուսնացավ իր ընտանիքի պատճառով: Աղջկա ծնողները իմացել էին, որ ես կրոնափոխ եմ եղել, գիտեին, որ մուսուլման եմ հիմա, բայց դեմ էին մեր միասնությանը: Ինձ ասացին` դու ի սկզբանե քրիստոնյա ես եղել: Իմ սիրած էակի համար շատ կարևոր էր իր ծնողների կարծիքը:
Աղջկա հետ ծանոթացել եմ համացանցով, շատ պատահաբար: Իրանում սեմինարի էի մասնակցում: Սկզբում ամեն ինչ շատ լավ էր` ֆեյսբուքով էինք շփվում, հետո` սքայպով: Ու հանդիպեցինք: Հետո եկա Հայաստան, բայց կրկին գնացի Իրան: Ամեն անգամ գնում էի իր համար, բայց նա չէր գալիս Հայաստան: Իրանում մենք չէինք կարողանում բացահայտ հանդիպել, գաղտնի էինք հանդիպում: Կրոնս փոխեցի իր խորհրդով, սակայն դա չօգնեց:
Մահմեդական ծեսերին ծանոթացա նրա միջոցով: Նա ինձ սովորեցնում էր ամեն ինչ. ինչն է կարելի ասել, ինչը` ոչ, որտեղ ինչպես պահեմ ինձ: Մի խոսքով, դարձել էր իսլամագիտության իմ դասախոսը: Պարսկերեն սկսեցի սովորել, երբ դպրոցական էի: Ամեն ինչ դուր էր գալիս այդ ժամանակ. լեզուների ուսումնասիրությունը ինձ համար ամեն ինչ էր: Ծնողներս ոչինչ չէին խնայում, որ ես կարողանամ պարապել: Նաև սկսեցի ուսումնասիրել այդ երկրի պատմությունը: Երևի հենց դա էր պատճառը, որ հաճախ էի այցելում Իրան:
Կրոնափոխությունից հետո շատ խնդիրներ առաջացան ընտանիքիս հետ, ընկերներիս հետ: Ծնողներս մինչև օրս չեն ընդունում ինձ, մենք չենք խոսում իրար հետ: Հիմա իմ շրջապատում միայն մի մարդ է իմ ամենամտերիմ ընկերը. նա հասկացավ ինձ ու ընդունեց այնպես, ինչպես ես կամ, անկախ կրոնից: Իմ ընկերները Իրանից Հայաստան տեղափոխված մարդիկ են: Նրանց հետ եմ ամեն օր, իրենք ինձ օգնում են ամեն ինչով:
Երբ աղջկա ծնողները դեմ եղան մեր ամուսնությանը, ես եկա Հայաստան, ծնողներիս խնդրեցի, որ միասին գնանք Իրան: Կարծում էի, թե աղջկա ծնողներն` իմ ծնողների հետ ծանոթանալուց հետո գուցե տան իրենց համաձայնությունը: Սակայն հաշտեցում չեղավ: Վերադարձա: Ու երբ պատրաստվում էի նորից գնալ Իրան, իմացա, որ իմ սիրած աղջկան ծնողներն ամուսնացրել են ուրիշ տղայի հետ: Նույնիսկ դրանից հետո եմ փորձել կապ հաստատել իր հետ, բայց ապարդյուն:
Հիմա մենակ եմ ապրում Երևանում, աղոթում եմ Կապույտ մզկիթում, իմ հանգստությունը գտնում եմ այնտեղ: Չեմ ուզում նորից մկրտվել ու դառնալ քրիստոնյա. իսլամ ընդունել եմ գիտակցաբար: Հիմա ամեն ինչ ինձ համար անցյալում է, արդեն 1 տարի է անցել, ու վերջապես որոշել եմ կյանքս շարունակել նոր էջից: Պատրաստվում եմ տեղափոխվել Իրան ու ապրել այնտեղ:
Մուստաֆա Էսսա
Ընկերները նրան անվանում են եգիպտացի, քանի որ եկել է Եգիպտոսից: Հայաստանը նրա համար Եգիպտոսից չի տարբերվում: 30 ամիս առաջ եկել է աղջկա հետևից, նորը բացահայտելու համար ու հոր զայրույթի պատճառով: 28 տարեկան է, հեռահաղորդակցության ինժեներ է:
- Բազմաթիվ պատճառնել եմ ունեցել Հայաստան տեղափոխվելու համար, բայց հիմնական պատճառը իմ նախկին ընկերուհին է եղել: Պատճառներից մեկն էլ այն էր, որ ես «15 տոկոս» հայ եմ: Եվս մեկ պատճառ կար. Եգիպտոսից ինձ արտաքսել են, որովհետև հեռուստատեսությամբ խոսեցի իմ կրոնական հայացքների մասին: Ես հայտնեցի, որ աթեիստ եմ. եգիպտոսցիների համար սա անընդունելի էր: Ես հիմա կապ չունեմ իմ ընտանիքի հետ, ես միայն երբեմն խոսում եմ մորս հետ:
Իմ սիրած էակի հետ հանդիպել եմ Եգիպտոսում, նոր տարվա երեկույթի ժամանակ: Նա այդ ժամանակ 2 օր Եգիպտոսում էր: Ես էլ էի գնացել այդ երեկույթին, տխուր նստած էի ընկերներիս հետ: Ներքին ձայնս ասաց, որ գնամ այն կողմ, որտեղ նա էր: Ամեն ինչ սկսվեց հենց այդպես: 2 տարի եգիպտոսում ենք հանդիպել, 3 տարի` Հայաստանում:
Երբ եկա Հայաստան, այստեղ ընկերուհուս հետ հարաբերությունները չստացվեցին, որովհետև ընտանեկան պատկերացումների և աշխարհընկալումների տարբերություններ կային: Աղջկա ծնողները չընդունեցին ինձ: Մարդիկ այստեղ կարող են ինձ սիրել, հանդուրժել, ես կարող եմ այստեղ հասնել բարձունքների, բայց երբ պետք է ամուսնանաս` բախվում ես այն փաստին, որ դու եգիպտոսցի ես: Հայկական շատ ընտանիքներ ավանդապաշտ են, ու իրենց համար անընդունելի է իրենց աղջկան կամ տղային օտար ազգի տղամարդու կամ կնողջ հետ տեսնելը:
Նա չի ամուսնացել, մենք հիմա լավ ընկերներ ենք: Մենք ընդունում ենք, որ մեր հարաբերությունները երբեք չեն կայանալու: Այդ սիրուց հետո ես դեռ չեմ սիրահարվել, հիմա կենտրոնացած եմ միայն աշխատանքիս վրա: Բաժանումից հետո որոշ ժամանակ փորձեցի հանգստանալ ու ոչ մի հարաբերություն չունենալ ոչ մեկի հետ: Այսօր կան աղջիկներ, որոնց հետ հանդիպում եմ, բայց չեմ ցանկանում, որ որևէ բան լինի մեր միջև:
Իմ տատիկը միշտ գնում էր եկեղեցի, մոմ էր վառում ու աղոթում: Ես կրոնով հիմա այնքան էլ չեմ հետաքրքրվում: Երեխա ժամանակ եղել եմ մուսուլման, բայց տոնել եմ իմ բոլոր այն տոները, որոնք տոնում էին քրիստոնյանները: Իմ կյանքի որոշակի ժամանակահատվածում եղել եմ մուսուլման և շատ պահպանողական եմ եղել այդ հարցում: 6 տարի առաջ սկսեցի հետաքրքրվել կրոններով ու հասկացա, որ պետք է լինեմ աթեիստ: Արդեն 3 տարի ոչ մի բանի չեմ հավատում:
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է անկախ Հայաստանի ամենահայտնի ֆիլմերից մեկի մոտիվներով գրված գիրքը՝ «Մի՛ վախեցիր» (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է Հերմինե Ավագյանի ու Ուլիս Մանեսի «Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկա» հուշագրությունը (թրեյլեր)
Տեղի ունեցավ գերմանացի ռեժիսոր, գրող Նուրան Դավիթ Քալիսի դեբյուտային գրքի հեռուստաշնորհանդեսը՝ «Լուսինը մեր արևն է» (տեսանյութ)
Տեղի ունեցավ սատիրիկ ու գրոտեսկային «Սատանայի արհեստանոցը» վեպի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)