Գլխավոր Լուրեր

Տեղի ունեցավ գերմանացի ռեժիսոր, գրող Նուրան Դավիթ

Տեղի ունեցավ գերմանացի ռեժիսոր, գրող Նուրան Դավիթ Քալիսի դեբյուտային գրքի հեռուստաշնորհանդեսը՝ «Լուսինը մեր արևն է» (տեսանյութ)

03/24/2026

newmag-y-n

Գրողը ծնվել է Թուրքիայից ներգաղթած հայ-հրեական ընտանիքում։ Հեղինակի դեբյուտային վեպն ունի ինքնակենսագրական տարրեր, պատմում է ներգաղթյալ ընտանիքում ապրող պատանու կյանքի ու ապրումների մասին: Գրքի հիման վրա նկարահանվել է նաև ֆիլմ։

«Լուսինը մեր արևն է» գիրքը սկսվում է գլխավոր հերոսի՝ Հայաստան վերադարձով։ Հերոսն ինքնության փնտրտուքներում է, բայց չունի հայրենիքի զգացողությունը, ջերմությունը։ Թարգմանիչ Մարիամ Գուրզադյանն ասում է, որ տարագրության, ներգաղթի ու ինքնության թեմաները ժամանակակից գերմանական գրականության ակտուալ խնդիրներն են.

«Գերմանական ժամանակակից առանցքային թեման այդ երկրում ապրելու, բայց օտար զգալու անվերջ զգացողությունն է, երբ մարդիկ ունեն ասիմիլացվելու ու ինտեգրվելու մշտական պայքար։ Կարծես, հայրենիքից հեռու ապրող հայերի համար այդ գիրքը կլինի հետաքրքիր, կօգնի հասկանալ, բացայատել կոնֆլիկտները, որոնք ունեն երիտասարդները։ 

Կարծում եմ, հեղինակի կարևոր ուղերձներից մեկն ամփոփված է այս նախադասության մեջ. «Եթե ուզում ես կառուցել ներկան ու ապագան, պետք է գնաս հետ»։ Հեղինակը կարծում է, որ ինքդ քեզ հասկանալու համար պետք է քանդես ընտանեկան հանգույցները, հասկանաս տրավմատիկ թեմաները, որոնք տեղի են ունեցել տատիկների ու պապիկների, նախնիների հետ»։

Գրքի վերնագիրը երգի անուն է։ Պատմության գլխավոր հերոսը հոր մահից հետո թողնում է դպրոցն ու աշխատում գիշերային ակումբում, որպես դռնապան։ «Լուսինը մեր արևն է» վերնագիրը հուշում է, որ գիշերային կյանքով ապրող մարդկանց համար լուսինը արև է։

Վեպի թարգմանիչն ասում է, որ հեղինակն ունի շատ հետաքրքիր ոճ ու լեզու, մեջբերումներ կան Էմինեմից, 50 Cent-ից. «Գիրքն ունի հետաքրքիր երաժշտական ռիմթ ու թատերականություն, քանի որ Նուրան Դավիթ Քալիսը թատերական ռեժիսոր է.

«Գրքի լեզուն ժարգոնային է, քանի որ գլխավոր հերոսը պատանի է, խոսում է խոսակցական գերմաներենով։ Այն շարունակական մենախոսություն է, հերոսն անվերջ պատմում է։ Կատարվել է հսկայական խմբագրական ու սրբագրական աշխատանք, որի համար շնորհակալ եմ Newmag հրատարակչությանը»։

Մարիամ Գուրզադյանը կարծում է, որ գիրքը երիտասարդներին կօգնի լուծել պատանեկան խնդիրները, ապրումները, հասկանալ, որ դրանք հաղթահարելի են։ «Լուսինը մեր արևն է» վեպը, ըստ թարգմանչի, սիրո խոսոտավություն է կյանքին։

Կարդացեք նաև

Տարածել

Լուսինը մեր արևն է
Լուսինը մեր արևն է

Նուրան Դավիթ Քալիս

5800 ֏

Նկարագրություն

Հոր մահից հետո Ալենը թողնում է դպրոցը և դառնում ակումբի դռնապան։ Նա երազում է փողի, Սեն Տրոպեի խնջույքների և Ջենովայում սեփական բար ունենալու մասին։ Նրա զարմիկն ընկնում է տհաճ պատմությունների մեջ, գաղտնի գործարքներ կնքում իր թիկունքում։ Այդժամ եղբայրությունը վերածվում է անվստահության, դավաճանության և բռնության։   


Ալենի սիրելին՝ Ֆլոն, հեռանում է նրանից ու քաղաքից։ Ալենը մնում է մենակ՝ ասես մի զոմբի, օրվա ու գիշերվա, անցյալի ու ներկայի արանքում մնացած ստվեր։ Սակայն մի օր նրա մորեղբայրը պատմում է իրենց ընտանիքի ու նախնիների երկրում թաքցրած գանձի մասին։ Եվ Ալենը ճանապարհ է ընկնում դեպի այդ օտար հայրենիքը՝ Հայաստան։   


Նուրան Դավիթ Քալիսն անպաճույճ լեզվով ու համարձակորեն պատմում է բորբոքված կարոտի, հանձնվելու և վերածնվելու մասին։ Նա վարպետորեն գծում է իր կերպարների հոգեբանական և սոցիալական դիմանկարները։  


Վեպի վերնագիրը ոգեշնչված է Յան Դիլեյի և Moonbootica-ի համանուն երգից, ընդգծում է գրքի երաժշտական շերտը՝ հիփ-հոփի բիթերով լի։ Հուզիչ, դրամատիկ և ցնցող դեբյուտ է՝ վայրի ու կրքոտ, կոպիտ ու խենթ։