Արմեն Պետրոսյան. Հումոր չունեցող մարդը չստացված մարդ է

Արմեն Պետրոսյան. Հումոր չունեցող մարդը չստացված մարդ է

newmag-ը գրի է առել դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի մոնոլոգը Երևանի, քաղաքավարության, փողկապ կրելու անհարմարության ու լուրջ մարդկանց անհեթեթության մասին:

իմ քաղաքը

Ես շատ եմ սիրում Երևանը: 6 տարի Մոսկվայում ապրելիս էլ յուրաքանչյուր առիթով միշտ գալիս էի տուն: Չնայած պետք է օդանավով թռչեի, բայց դա էլ չէր խանգարում, որովհետև կարոտոմ էի իմ քաղաքը: Իմ երեխաներին էլ եմ փորձում դաստիարակել նույն ոգով, որպեսզի իրենք միշտ սիրեն իրենց քաղաքը: Հորս կորստից  հետո Երևանի հետ իմ կապն ավելի ամրապնդվեց, որովհետև նրա գերեզմանն այստեղ է: Երևանին մի քիչ հիվանդագին եմ վերաբերվում, ինձ վրա ազդում են տարբեր բաներ, օրինակ մեքնենան վարելիս տեսել եմ, թե ուրիշ մեքենայի պատուհանից ինչպես են աղբ նետում գետնին, չեմ ալարել, իջել, խնդրել եմ, որ նման բան չանեն:

վարվեցողություն

Քաղաքավարությունը լայն հասկացություն է, բայց այն պետք է երեխային մեջ դնել մանուկ հասակից: Սա սպորտաձև չէ, որ ընթացքում ձեռք բերես, բնավորության գիծ չէ, որը կուղղվի մեծանալու հետ: Եթե երեխայի մեջ վաղ տարիքից սերմանում ենք քաղաքավարություն, այն նրա մեջ կմնա ամբողջ կյանքում, չի փոխվի: Ժամանակին, երբ պատանեկան տարիներին ծխում էինք, մեզնից մեծին տեսնելով ազդվում էինք, թաքնվում: Հիմա, ցավոք սրտի, դա չկա, կարող է փողոցով քայլես ու 11 տարեկան երեխան մոտենա ասի. «ձյաձյա, զաժիգալկա ունե՞ս…» Ծնողն ինչպես պատկերացնում է քաղաքավարությունը, նույն ձևով փոխանցում է իր երեխային: Քաղաքավարությունը սկսվում է դաստիարակությունից:

ե՞րբ է պետք լռել

Երբեք պետք չէ լռել, միշտ պետք է խոսել, որովհետև լռելը լավ չէ: Պետք չէ ներս գցել, պետք է միշտ խոսել, որովհետև խոսելիս հաճախ կարող ես ճիշտ որոշում ընդունել, լռելով երբեք չես հասնի ճշմարտությանը: Յուրաքանչյուր թեմայով մարդու հետ միշտ խոսել, ճշտել, հասկանալ, թե ինչ է պետք անել: Լռելու կողմնակից չեմ: Մարդու ամենասխալ քայլերից մեկը լռելն է:

կարողացել եմ հրաժարվել

Ես իմ կյանքում շատ բաներից եմ կարողացել հրաժարվել: Հանուն իմ ընտանիքի հրաժարվել եմ Հայաստանում չապրելուց: 2001-ին կարող էի մնալ Ռուսասանում: Եթե մնայի, գուցե ֆինանսական առումով շատ ավելի լավ լիներ, բայց ես այսօր այստեղ ունեմ այն, ինչ կյանքում չեմ փոխի ֆինանսի կամ հաջողության հետ: Փառք Աստծո, մնալով այստեղ, ընտանիքիս շնորհիվ կարողացա շատ բանի հասնել: Ունեմ լավ թիմ, լավ աշխատանք, բնականաբար, չեմ կարող բողոքել: Կարողացել եմ հրաժարվել լավ հնարավորությունից, բայց նաև շատ բաներ եմ ձեռք բերել:


[ Մոնոլոգ ]


փողկապի մասին

Ես չեմ սիրում փողկապ կրել, երբեմն կոստյում եմ հագնում, բայց նույնիսկ այդ դեպքում չեմ սիրում դրա հետ փողկապ կրել: Ուղղակի հարմար չէ փողկապ կրելը` որպես հագուստի մաս: Իհարկե, եղել են դեպքեր, որ կրել եմ, օրինակ` բեմում: Բայց փողկապին, որպես աքսեսուարի, բացասական եմ վերաբերվում: Իսկ հայրս մինչև իր կյանքի վերջը կրել է փողկապ: Ես այդպես էլ չսովորեցի փողկապ կապել, որը փորձում էր սովորեցնել հայրս: Այդպես էլ չսովորեցի:

վարժվել ենք

Մենք մի փոքր վարժվել ենք մեր քաղաքի տեմպին, ռիթմին: Վարժվել ենք նրան, որ չենք ուզում Հայաստանում ապրելով ու աշխատելով,  մեր գործը համեմատել մեկ այլ երկրում նույն ոլորտի հետ: Սխալ է, որ միշտ համեմատություններ են անում: Պետք է համեմատել տվյալ երկրի սոցիալական վիճակը, բնակչության քանակը, կամ նույն ոլորտի զարգացման տեմպը: Մենք վարժվել ենք աշխատել մեր երկրում, մեր քաղաքում և վարժվել ենք դա անել մեր երկրի օրենքներով:

նոստալժի

Մենակ եղած ժամանակ պահեր են լինում իմ կյանքում, որ նոստալգիա եմ ապրում: Ես երջանիկ եմ այդ առումով, որովհետև ունեցել եմ շատ ուրախ ու հետաքրքիր երիտասարդ կյանք, որը սկսվել է 16 տարեկանից ու շարունակվել մինչև 27-ը: Իհարկե  չի նշանակում, որ միայն ուրախ օրերն են նոստալգիկ: Տխուր, դժվար օրերն էլ են հիշվում: Մեկ-մեկ նստում, հիշում ենք, թե ինչպես էինք մեկ ամսով համերգների գնում ու մեծ գումար վաստակում: Օրեր են եղել, որ փող չենք ունեցել, ուտելիք չենք ունեցել: Սոչիում երկու հոգով մոտենոմ էինք կրպակներին, մեկը խոսեցնում էր վաճառողին, մյուսը թխվածք էր վերցնում, որ տանի` 15 հոգով ուտելու: Թվում է` ծանր է եղել, դժվար, բայց դրանք անմոռանալի հիշողություններ են, որոնք դրական էներգիան են արթնացնում:

ինձ պակասում է

Բնավորության գծեր կան, որ չունեմ: Չգիտեմ` լա՞վ է դա, թե՞ ոչ: Օրինակ` չեմ կարողանում շատ կոպիտ խոսել մարդկանց հետ, որոնց հետ աշխատում եմ, ովքեր աշխատում են իմ ենթակայության տակ: Ինձ համար ամենատհաճն այն է, որ ստիպված եմ մեկին ասել` վաղվանից գործի չգաս, որովհետև սխալ ես թույլ տվել: Նույնիսկ իրենց գործած սխալի դեպքում չեմ կարողանում անել դա: Կոլեկտիվը, որտեղ ես աշխատում եմ, հենց դրա շնորհիվ որոշակի հարգանք ունի իմ հանդեպ, որը փառք Աստծո, չեն չարաշահում: Եթե սկսեն չարաշահել, նորից կզգամ բնավորության այդ գծի պակասը:

լուրջ մարդիկ

Եթե պետք է զգուշանաս լուրջ մարդկանցից, ավելի լավ է ընդհանրապես չշփվես նրանց հետ: Լուրջ մարդն ինձ համար անհասկանալի էակ է: Այն մարդը, որը ոչ մի բանի նկատմամբ չունի որևէ էմոցիա, հետաքրքիր չէ: Այսպիսի մարդ չկա իմ շրջապատում: Սա չի նշանակում, որ չեմ հարգում լուրջ մարդկանց: Մարդը , գոնե աշխատանքից դուրս, պետք է լինի այնպիսին, ինչպիսին կա: Չես կարող աշխատանքի վայրում լինել լուրջ, դրսում լինել լուրջ, գնաս տուն` լուրջ, քնես` լուրջ, արթնանաս` լուրջ: Ես սիրում եմ մարդկանց, որոնք ժպտում են, կատակում են: Հումոր չունեցող մարդը չստացված մարդ է:

Գրել կարծիք