[ Արդեն դիտել ենք ] «Գիշերվա խավարի ներքո».սաստիկ էմոցիաներ նրբագեղ անտուրաժի վարպետից

[ Արդեն դիտել ենք ] «Գիշերվա խավարի ներքո».սաստիկ էմոցիաներ նրբագեղ անտուրաժի վարպետից

newmag-ի կինոքննադատը դիտել է Թոմ Ֆորդի նոր ֆիլմը` «Գիշերվա խավարի ներքո», և ահա, թե ինչու է մոդելավորող, դիզայների երկրորդ հեղինակային կինոն must watch:

Թոմ Ֆորդն առաջին հերթին հագուստի մոդելավորող է և դիզայներ, իսկ հետո կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ Եվ, երբ երևանյան սոցիումում խոսում ես «Թոմ Ֆորդի նոր ֆիլմի մասին»՝ նախ պետք է բացատրես, որ, այո, Ֆորդն ունի նոր ու հին ֆիլմեր։ Ռեժիսորն իր առաջին ֆիլմից՝ «Միայնակ տղամարդուց» յոթ տարվա դադարից հետո ստեղծեց իր երկրորդ հեղինակային աշխատանքը՝ երկրորդ գրքի էկրանավորումը։

Սյուզանը (Էմի Ադամս) շքեղ, ոճային կին է և հայտնի ցուցասրահի հաջողակ տնօրեն:  Նա գերադասել է կայուն արթ-բիզնեսը նկարչի մշուշոտ կարիերային` նույն կերպ փոխարինելով առաջին` ռոմանտիկ գրող-ամուսնուն (Ջեյք Ջիլենհոլ) պրագմատիկ բիզնեսմենով (Արմի Հեմեր)։ Եվ ահա նախկին ամուսինը որոշում է, որ նախկին կինն առաջինն է, ով պետք է ծանոթանա իր նոր գրքի հետ և ուղարկում է դեռ չհրատարակված օրինակը՝ «Գիշերվա խավարի ներքոն» (բնօրինակում` «Nocturnal animals»՝ «Գիշերային գազաններ»

Գրքում նկարագրվում է գրող-ամուսնու և Սյուզանի կյանքի ալյուզիան՝ անհաջողակ Թոնիի դժբախտության պատճառն ու կյանքի ողբերգությունը: Տեխասյան գիշերային մայրուղու վրա, երբ Թոնին իր կնոջ և դեռահաս աղջկա հետ ուղևորվում էր իրենց նոր բնակության վայր, մի խումբ տեխասցի խուլիգաններ հրահրում են քաշքշուկ, արդյունքում` առևանգում են Թոնիի կնոջն ու աղջկան։

Թոմ Ֆորդը միքսել է Օսթին Ռայթի «Թոնին և Սյուզանը» իր անձնական ապրումների և խնդիրների հետ, անգամ նշել է իր և էկրանային Սյուզանի նմանությունների և ընդհանուր ներքին կոնֆլիկտի մասին։ Կարող ենք դիտարկել լոսանջելեսյան լպստած ու շքեղ նեոնուարի կտրուկ անցումները Տեխասի քրտնած և փնթի կենցաղի ֆոնին՝ իբրև երկու կոնտրաստային իրականություն, որին նաև գումարվում է ֆիլմի առաջաբան բացումը՝ սատիրիկ, անկեղծ և անկոմպրոմիսային պրոլոգը, որտեղ պարոն Ֆորդը ծաղրում է սեփական գլամուրային աշխարհը, իր alma mater-ը, որտեղ և կայացել է։ Սյուզանի անքնությունն ու միայնությունն` իր սառչած տեմպով և Թոնիի հորոր գիշերը` լի տագնապով ու լարվածությամբ դնում են հանդիսատեսին ֆիզիկապես և հոգեպես անհարմար վիճակի մեջ։

Ֆորդը երևելի ոճային բեմադրիչ է, սակայն բացի դրանից նաև սաստիկ էմոցիաների և նրբագեղ անտուրաժի վարպետ, ինչի շնորհիվ հանդիսատեսն ընկղմվում է հակասական զգացումների օվկիանոս։ «Գիշերվա խավարի ներքո» ֆիլմը մարդկային տառապանքի և կենդանական բնազդների մասին է, որտեղ կա պրագմատիզմ ու զինիզմ, իսկ մաքրվել այդ ամենից ստացվում է միայն մենակ մնելիս՝ ցնցուղի օգնությամբ։

Գրել կարծիք