Ինչո՞ւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը սադրանք որակեց Տավուշի միջադեպը

Ինչո՞ւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը սադրանք որակեց Տավուշի միջադեպը

Չինարիի մոտակայքում տեղի ունեցած դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ հայտարարությունում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան առաջին անգամ հանդես եկավ հստակ հասցեական հայտարարությամբ: Նա այդ միջադեպը որակեց սադրանք` ՀԱՊԿ անդամ պետության տարածքում:

Մինչեւ այս` ՀԱՊԿ հայտարարությունները եղել են երկսար, չեզոք ու արարողակարգային: Այս անգամ հայտարարությունն ավելի թիրախային է ու մեղադրական տոնայնությամբ: Ուշադրություն դարձրեք` «ՀԱՊԿ անդամ պետության տարածքում այս գործողությունները դիտարկում ենք սադրանք»: Սա նշանակում է, որ ՀԱՊԿ-ն ընդունում է հայկական կողմի պնդումները, որ Ադրբեջանական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել: Մյուս կողմից` ընդգծելով «ՀԱՊԿ անդամ երկիր» մատնանշում է, որ Տավուշի սահմանը ՀԱՊԿ սահման է, հետեւաբար այնտեղ տեղի ունեցող միջադեպը վերաբերում է ՀԱՊԿ երկրներին:

Նախկինում ՀԱՊԿ քարտուղարը այսպես` ուղղակի հայտարարություններ չէր անում: Չնայած մինչև այս էլ էր Տավուշը ՀԱՊԿ անդամ երկրի մաս, մինչև այս էլ էր Հայաստանը ներկայացնում անհերքելի ապացույցներ: Մինչև այս էլ էին հայ զինվորականներ զոհվում: Հիմա ի՞նչ փոխվեց, ինչո՞ւ է ՀԱՊԿ-ն հանդես գալիս այսպիսի հայտարարությամբ:

Բանն այն է, որ ապրիլյան պատերազմը զսպվեց Մոսկվայում, այն բանից հետո, որ Ադրբեջանը մի քանի անգամ հայտարարեց, թե միակողմանի դադարեցնում է կրակը: Այսինքն` այդ փուլում պատերազմի դադարեցումը ձեռնտու էր միայն Ադրբեջանին: Երբ հաշտեցնում ես, նաեւ պատասխանատու ես դառնում միջադեպի չկրկնվելու համար: Այսինքն` այս փուլում ու այս ներթափանցումը Մոսկվայի դեմ էր նաեւ` Մոսկվան էր հաշտեցնող, հետեւաբար նաեւ պատասխանատուն:

Այս բնույթի հայտարարության մեկ այլ պատճառ կարող է լինել վերջին շրջանում Ադրբեջանի եւ Իսրայելի 5 մլրդ դոլարանոց ռազմական գործարքը: Այդ գործարքի արդյունքում Ադրբեջանը իր սկսած սպառազինության մրցավազքի գլխավոր «բարիքը»` փողը, Ռուսաստանի քթի տակից տանում է Իսրայել եւ տարածաշրջանի սպառազինումն անկառավարելի դարձնում  Ռուսաստանի համար:

Երրորդ պատճառն ավելի տնտեսական է` եթե մինչեւ հիմա նավթի օգնությամբ Ադրբեջանը կարողացել էր ինքնուրույն տնտեսական քաղաքականություն վարել, ապա մանաթի արժեզրկումից, նավթային ճգնաժամից հետո Ադրբեջանը հետաքրքրություն է ցուցաբերում տնտեսական միությունների նկատմամբ: Նախնական ազդակները Եվրոպական են. վկայությունը` անցած շաբաթվա ամենաբարձր մակարդակով հայտարարությունը, թե ԵՄ հետ ավելի սերտ է գործակցելու:

Ռուսաստանը չէր կարող անտարբեր անցնել այս իրողությունների կողքով, և ՀԱՊԿ հայտարարության սուր բնույթը սպասելի էր: Հիմա Ադրբեջանին տնտեսական, ռազմական ու քաղաքական իմաստով «նեղը գցելու» ժամանակն է, որի ընթացքում Հայկական կողմը կարող է բարոյական ու հոգեբանական դիվիդենտներ շահել:

Հետաքրքիր է, որ ՀԱՊԿ բարձր պաշտոնյայի հայտարարությունն արվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի` հայ թեկնածուի խնդիրը 2-րդ անգամ հետաձգելու պայմաններում: Իսկ եթե հայ պաշտոնյան ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակված լիներ 2016թ. հոկտեմբերին՝ Երևանում անցկացված ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանա՞կ, կամ դեկտեմբերի 27-ին` Մոսկվայո՞ւմ: Այս դեպքում դժվար թե ավելի խիստ լիներ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ձևակերպումը, բայց էթնոշահադիտական կորակվեր հաստատ:

Գրել կարծիք