BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Ծովախեցգետնի մենթալիտետ» կամ ինչո՞ւ են շրջապատողն

«Ծովախեցգետնի մենթալիտետ» կամ ինչո՞ւ են շրջապատողները դեմ ձեր հաջողությանը

Եթե դուք գեթ մեկ անգամ փորձել եք «գլխից վեր թռչել», փոխել կյանքը, հաջողության հասնել ինչ­-որ նոր ոլորտում, ապա գիտեք, որ ամենադժվարը թերևս այդ «ցատկը» չէ, այլ շրջապատի վերաբերմունքը ձեր որոշման հանդեպ:
Դա դրսևորվում է անգամ մանրուքներում: Որոշում եք իսպաներեն սովորել, իսկ ձեզ ծաղրում են՝ ասելով. «Իբր անգլերեն սովորեցիր, հիմա էլ իսպաներե՞ն»: Կամ որոշում եք նոր մասնագիտություն սովորել, և բոլորը ձեզ հիշեցնում են այն մասին, թե ձեզ ստաբիլություն է հարկավոր, որպեսզի ընտանիքի ծախսերը հոգաք: Եվ այլն, և այլն:
Թվում է՝ հարազատ մարդիկ պետք է որ աջակցեն քեզ, մոտիվացնեն նոր բարձունքներ նվաճելու համար կամ գոնե հավատան քո ուժերին ու հաջողությանը, բայց փոխարենը նրանք կոտրում են ինքդ քո և քո նախաձեռնությունների հանդեպ հավատը: Եթե դուք փորձում եք «դուրս ցատկել դույլի միջից», պատրաստ եղեք այն բանին, որ ձեր շրջապատի մի մասը կսկսի ձեզ ավելի վատ վերաբերվել: Հոգեբանության մեջ այսպիսի պահվածքն անվանում են «ծովախեցգետնի մենթալիտետ»՝ համեմատելով այն դույլում հայտնված ծովախեցգետինների պահվածքի հետ:
Հոգեբան ու մոլի ձկնորս Ջոն Ռոյեկան մի օր ուշադրություն դարձրեց ծովախեգետինների պահվածքին դույլի մեջ և ապշած մնաց: Եթե ծովախեցգետինը միայնակ էր բռնվում, նրա համար բոլորովին դժվար չէր ջանք թափել և դուրս գալ դույլի միջից: Իսկ եթե ծովախեցգետինները մի քանիսն էին լինում, տեղի էր ունենում զարմանալի մի բան. հենց մեկը վերև էր բարձրանում մյուսներից ու փորձում էր դույլից դուրս գալ, նրա ընկերները կախվում էի նրանից ու ներքև քաշում: Ռոյեկան մտածեց այս հարցի շուրջ և հասկացավ, որ նման պահվածք դրսևորում են նաև մարդիկ:
Սակայն այսպես եղել է ոչ միայն ծովախեցգետինների դեպքում: Դեռ շատ հին ժամանակներում ցեղախմբի մեջ ակտիվ վեր­վեր ցատկող ու գոռգոռացող մարդը կարող էր գիշատիչների ուշադրությունը հրավիրել ողջ ցեղի վրա, հետևաբար նրան պետք էր հանգստացնել: Ընդհանուր հոտից շեղված կենդանուն պետք էր պատժել, որպեսզի նրա վտանգավոր օրինակին չհետևեին մյուս կենդանիները ու չդառնային թշնամու զոհ:
Լինել այնպիսին, ինչպիսին են բոլորը, ավելորդ անգամ չցուցադրել ինքդ քեզ. ահա թե որն էր գոյության պահպանման նախապայմանը: Այդ պատճառով էլ մարդիկ առ այսօր ցանկանում են մյուսներին պահել ինչ­որ միջին հարթության վրա: Ճիշտ նույն կերպ իրենց պահում են ծովախեցգետինները:
Ամենից հաճախ առաջին «ծովախեցգետինները» մարդու կյանքում լինում են հենց ծնողները, ովքեր իրենց երեխային համարում են հիմար ու անընդունակ, ասում են, որ նրանից ոչ մի կարգին բան դորս չի գա, կամ եթե ընտրի այս-ինչ կամ այն-ինչ ուղին, ապա կարող է տուն չվերադառնալ:
Երբ մենք մեծանում ենք, ոչ մի տեղ չի կորչում ծովախեցգետնի բնավորությունը: «Ի՞նչ է, բոլորից խելացի ես»,– լսում է ուսանողը, որը փորձում է այլ կերպ կատարել դասախոսի առաջադրանքը: Դիետա պահողին չորս կողմից ասում են. «Հո չե՞ս գժվել. դիետան քո ինչի՞ն է պետք. առանց այդ էլ դու հրաշալի տեսք ունես, ինչո՞ւ քեզ պետք է զրկես ամեն ինչից»: Եվ այսպես շարունակ: Բայց պետք չէ մտածել, որ մարդիկ իրենց «ծովախեցգետինների պես են պահում», որովհետև ձեր վատն են ցանկանում: Նրանք պարզապես չեն ցանկանում ավելորդ անգամ լարվել և իրենց նեղություն տալ:
Հոգեբանները նշում են 2 պատճառ, թե ինչու պետք չէ հույս ունենալ շրջապատի քաջալերանքի վրա, եթե որոշել եք փոխել կյանքը:

Պատճառ №1: Քանի դեռ դուք ապրում եք ձեր սովորական, ոչ մի բանով աչքի չընկնող կյանքով, ձեզ շրջապատողներն էլ կարող են ոչինչ չանել: Բայց եթե հանկարծ դուք կարողանում եք կտրուկ քայլ կատարել դեպի վեր, ձեզ շրջապատողներն էլ ստիպված պետք է լինեն փոխվել, ձգտել հասնել ձեր մակարդակին: Կամ էլ պարզապես ստիպված կլինեն համակերպվել, որ իրենք այդ հարցում «երկրորդ կարգի» մարդիկ են: 
Պատճառ №2: «Դույլից դուրս ցատկելով»՝ դուք խախտում եք ստեղծված իրավիճակը, դառնում եք բոլորովին նոր մարդ, և շրջապատողները ստիպված են ձեզ հետ ծանոթանալ իբրև նոր մարդ, իսկ դա այնքան էլ հաճելի գործ չէ:

Ի՞նչ անել: Պարզապես հասկանալ, որ այդպիսին է մարդկային հոգեբանությունը, և համառորեն վեր բարձրանալ «դույլի միջից»: Ի դեպ, բոլորովին էլ պարտադիր չէ դա անել միայնակ: Պատմեք ձեր մտերիմներից մեկին «ծովախեցգետնի մենթալիտետի» մասին և առաջարկեք միասին վեր բարձրանալ: Այդ դեպքում հաջողության հնարավորությունը շատ ավելի մեծ կլինի:
Աղբյուրն` այստեղ

Տարածել