ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Թուրքիայում սպանվեց Ռուսաստանի դեսպանը. Ի՞նչ հետո

Թուրքիայում սպանվեց Ռուսաստանի դեսպանը. Ի՞նչ հետո

Թուրքիայի մայրաքաղաքում ՌԴ դեսպանի սպանությունից երկու օր անց հստակ է՝ ռուս-թուրքական հարաբերությունները ճգնաժամի նոր փուլով չեն անցնի: Սա պարզ էր նույնիսկ միջադեպին ռուսական լրատվամիջոցների առաջին արձագանքներից: Տարբեր տրամաչափի ռուս քաղաքական գործիչներ ուղիղ եթերներում կրկնում էին նույն տեքստը՝ սպանությունը պրովոկացիա է ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը և Սիրիայի շուրջ խաղաղ գործընթացը տապալելու նպատակով, ինչը չպետք է թույլ տալ:




Գրեթե նույն տեքստն էր նաև Վլադիմիր Պուտինի առաջին արձագանքում: Նրան դեսպանի սպանության լուրը հայտնել են ճանապարհին, երբ գնում էր Գրիբոյեդովի :«Խելքից պատուհաս» պիեսի բեմադրությունը դիտելու: Զուգադիպությունը նկատեցին բոլորը: Գրիբոյեդովը ՌԴ դեսպանն էր Իրանում և, ինչպես հայտնի է, նրան նույնպես սպանել են:



1826-28-ի ռուս-պարսկական պատերազմի ավարտին` Թուրքմենչայի պայմանագրի ստորագրումից հետո Գրիբոյեդովը նշանակվեց Իրանում Ռուսաստանի դեսպան և նրա առջև դրված հիմնական խնդիրը պատերազմում պարտված պարսիկներից կոնտրիբուցիան ստանալն էր: Դեսպանատան վրա հարձակումների երկու պատճառ է շրջանառվում՝ Գրիբոյեդովը խախտում էր շահական պալատի էթիկետը`՝ապաստան տալով հայերի. նրանց թվում շահի հարազատներից մեկի հարեմից փախած երկու հայուհիների: Եվ անգլիացի դիվանագետները պալատական միջավայրում ռուս դեսպանի դեմ թշնամանք էին տարածում՝ Հարավային և կենտրոնական Ասիայում ազդեցության գոտիների համար մղվող մեծ խաղի, կամ ռուսական տերմինով ստվերների պատերազմի ֆոնին: Արդյունքում` կրոնական ծայրահեղականները ներխուժել են դեսպանատուն և սպանել այնտեղ եղած բոլորին: Միայն քարտուղարն է կարողացել թաքնվել և փրկվել:  


 

Թուրքիայում, ինչպես և սպասվում էր, առաջին սլաքներն ուղղվեցին թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ուղղությամբ և շեշտեցին` որի‘ն աջակցում է ԱՄՆ-ը: Գյուլենը հերքեց մեղադրանքը: Ավելի տրամաբանված է իսլամական հետքի վարկածը` հաշվի առնելով, որ օրեր առաջ Անկարայում Ռուսաստանի դեսպանատան առջև ցույցեր էին Հալեպի ազատագրության գործողությանը ռուսական զինուժի մասնակցության դեմ բողոքով: Իսկ մարդասպանն էլ կրակոցից հետո թուրքերեն և արաբերեն բղավել է՝ սա վրեժ է Հալեպի համար:



Մարդասպանը Թուրքիայի 22-ամյա քաղաքացի Մևլութ Մերթ Ալթընաշն էր: Նա սպանվել է հենց դեպքի վայրում՝ պատկերասրահի պատի տակ, թուրքական հատուկ ուժայինների կողմից: Իզմիրի ոստիկանական դպրոցի շրջանավարտ էր, ծառայությունը կրում էր Անկարայում: Կասկածներ կան, որ հարում էր Սիրիայից հայտնի Ջաբհաթ ալ Նուսրա ահաբեկչական խմբավորմանը:




Բուն միջադեպի խրոնոլոգիան այսպիսինն էր. նախ տեղեկություն տարածվեց, որ Անկարայում Ռուսաստանը թուրքերի աչքերով ցուցահանդեսի ժամանակ զինված անձը կրակ է բացել Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի վրա: Հետո տարածվեց լուսանկար՝ դեսպանը պատկերասրահի հատակին ընկած և տեղեկություն, որ նրան ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխել են հիվանդանոց: Մոտ երկու ժամ անց հրապարակվեց լուրը, որ դիվանագետին փրկել չի հաջողվել: Նա մահացել է: Ռուսաստանի արտգործնախարարությունն առաջին արձագանքով կատարվածը ահաբեկչություն գնահատեց: Էրդողանը զանգահարեց Վլադիմիր Պուտինին: Պայմանավորվեցին ռուս քննիչների 18 հոգանոց խմբի Անկարա ժամանելու շուրջ: Թուրք արտգործնախարարը ժամեր անց ժամանեց Մոսկվա՝ երկու օր առաջ ձեռք բերված պայմանավորվածությամբ Իրանի և Ռուսաստանի իր գործընկերների հետ Հալեպի հարցով հանդիպմանը մասնակցելու նպատակով: Լավրովի հետ հանդիպմանը միջադեպը դատապարտվեց խիստ ձևակերպումներով:



Կատարվածը ձեռնտու չէր ոչ թուրքական, ոչ ռուսական կողմերին, սակայն սա այդ երկու երկրների համապատասխան ծառայությունների լրջագույն ձախողում էր և ավելորդ լարվածություն ռուս-թուրքական հարաբերություններում, որոնք կարգավորման փուլում են անցյալ տարվա նոյեմբերի միջադեպից հետո: Թուրք-սիրիական սահմանին Թուրքիան խոցել էր ռուսական Սու24-ը՝ պնդելով, թե այն խախտել է իր օդային սահմանը: Ամիսներ տևած ճգնաժամից հետո թուրքական կողմը ներողությամբ նախաձեռնեց հարաբերությունների կարգավորումը: Նոր միջադեպը, կարելի է ասել, բոլորովին հակառակ էֆեկտն ունեցավ ու բացառված չէ, որ երկու պետությունների շահերի դեմ արված քայլն իրականում նպաստի հարաբերությունների ջերմացմանը:




Արևմտյան մամուլը նկատում է՝ Միացյալ նահանգների և Եվրոպայի հետ հարաբերությունները փչացրած և Ռուսաստանի ձեռքը սեղմող Թուրքիայի ձեռքերն այս պահին ավելի թույլ են, քան երբևէ: Եվ Ռուսաստանի նախագահն այս միջադեպը կօգտագործի փակ դռների հետևում Էրդողանին շանտաժի ենթարկելու, զիջումներ ստանալու համար: Զիջումների թվում նույնիսկ սիրիական քաղաքների անուններ են նշվում՝ ահաբեկիչների կենտրոնատեղի դարձած Իդլիբը, թե Հալեպից 30 կմ արևելքում ռազմավարական նշանակություն ունեցող Ալ Բաբը: Թուրքական զինուժը պաշտոնապես հայտարարել է՝ վերահսկում է Ալ Բաբից Հալեպ տանող ճանապարհը:

Տարածել