#73. Սամվել Թադևոսյան. Նոր կինոյի նոր հերոսը

#73. Սամվել Թադևոսյան. Նոր կինոյի նոր հերոսը

Նրան կարելի է սիրահարվել առաջին իսկ սեանսից հետո: Եվ նույնիսկ այդ ընթացքում: Ո՞վ է նա և ինչո՞վ է գերել հանդիսատեսին: Ինչո՞ւ գլխավոր դերի համար ընտրվեց հենց ինքը և ինչպե՞ս է դիմագրավելու աստղային հիվանդությանը, հայտնիության ճնշմանը, գլամուրի գայթակղությանը:

– Ինչպե՞ս էիր պատրաստվում «Կյանք ու կռիվ» ֆիլմում Ձեր դերին. ոգեշնչող գրքե՞ր էիր կարդում, ֆիլմե՞ր էիր դիտում, դեպքե՞ր էիր փնտրում:

– Ես Մհեր Մկրտչյանի հետ երկար խոսում էի այդ թեմայով: Ասում էի՝ ուրիշ մարդիկ են մեր ֆիլմի հերոսները, ես իրենց ժամանակ չեմ ապրել: Եվ դա ներքին պատնեշի առաջ էր կանգնեցնում, որը պետք էր հաղթահարել: Ու սկսեցի դոկումենտալ կադրեր նայել (յութուբում դրանք շատ են), ընկերներից ինչ-որ բաներ վերցրեցի: Մի ընկեր ունեմ, որի ընկերը կռվել է 90-ականներին, հիմա Մարսելում է ապրում. սքայփով հետը զրուցեցի: Ինձ համար իրենք բացարձակ ուրիշ երևույթներ են. ուրիշ աչքեր, հատկապես 19, 20, 21 տարեկանները:

Ասում ենք` 91 թվական, չէ՞, բայց չէ՞ որ իմ մարմնավորած տղան ծնվել ու մեծացել է 70-ականներին, հետո անցել է 80-ականներ ու նոր` 90-ականներ: ԽՍՀՄ-ը կոտրվեց ու ասաց` գնացեք` ապրեք: Իհարկե, սկսում ես 70-ականների վերջի Երևանն ուսումնասիրել, պարզել, թե ինչ բարքեր են եղել, ոնց է նա մեծացել: Ինտելեկտուալ տղա է. ի՞նչ դաստիարակություն ստացած կլինի: Ես այսպես եմ աշխատում: Իմ պատկերացումներով՝ 70-80-ականներ, ընտանեկան հարաբերություններ. ինչ է արել, ոնց է արել, ոնց է ապրել: Հետո ասում եմ՝ բարև, ես Սամվելն եմ… Ու սկսում եմ ինչ-որ «թուրմ» սարքել ու մտցնել իմ մեջ: Զուգահեռներ եմ տանում, թե ես ի՞նչ ունեմ էս տղայից, կյանքի ո՞ր իրավիճակներն են նման, ի՞նչ վերապրումներ ունեմ: Շատ հանգամանքներ իրականում համընկնում են, հատկապես` պապի կերպարը:

– Ստանիսլավսկու թեթև համակա՞րգ ես մտցնում…

– Ստանիսլավսկու, Չեխովի, Մեյզների, Ստրասբերգի (որը բացարձակապես չի ուսումնասիրվում Թատերական ինստիտուտում) մեթոդները, Չաբբակի վարիացիաները, Ադլեռի անհատական հոգեբանության սիստեմը նրա համար են, որ գնտես քո սեփական դերասանական խաղի ու առհասարակ սիստեմի վերարտադրման միջոցները: Այս շրջանում, օրինակ, ուսումնասիրում էի Իվանա Չաբբակի վարիացիան, որը վերցված է Ստանիսլավսկուց: Դրա որոշ կետեր կիրառել եմ, որովհետև այն ամբողջությամբ մի քիչ ուրիշ կինոյի է տանում, որին գուցե մենք դեռ չենք հասել` մեր լեզվամտածողության բերումով: Օգտվել եմ հաստատ` կերպարին հասցնելու, հերոս դարձնելու առումով: Բայց բաներ կան, որոնք նկարահանման ժամանակ ես անում եմ ենթագիտակցորեն: Ու հանկարծ ինչ-որ բան է առկայծում. ասում ես՝ որտեղի՞ց, ի՞նչ էր: Հետո հասկանում ես, որ ենթագիտակցություն է գալիս, էն «թուրմն է» սկսել աշխատել:

samphoto2

– Մի կադրով նկարված տեսարան կա, որտեղ դու հեկեկում ես: Հետաքրքիր է, ինչպե՞ս է այն ստացվել, հատուկ աշխատա՞նք է տարվել այդ տեսարանի համար, թե՞ էմոցիոնալ տեսանկյունից հասել էիր այդ վիճակին:

– Կա տեխնիկական մաս ու կա մի ներքին մաս, որը կամ բացատրվում է կամ չի բացատրվում: Տեխնիկական մասը տարրական է, որը պետք է դերասանին սովորեցնել, կամ ինքն իր փորձով պիտի սովորի. լացելու տեխնիկան, ծիծաղելու տեխնիկան: Պետք է լացել՝ լացում ես: Բայց երբ այդ լացը դատարկ է լինում, ոչ մի կերպ չես դիպչում հանդիսատեսի սրտին: Դու քո մեջ զուգահեռներ ես տանում, ինչ-որ պատմություն է գլխիդ միջով անցնում ու գնում է հետ, ու հենց այդ տեսարանում սկսում է զարգանալ:

Բացի դրանից, ինձ շատ օգնեց մեր գլխավոր  խորհրդատուն: Նա անցել է Ղարաբաղյան պատերազմի միջով: Զրուցել եմ նրա և ուրիշների հետ, որոնք ընկեր են կորցրել այդ ժամանակ: Լսում ես, թե ոնց են անցել «ընկերդ զոհվել է» ինֆորմացիայից մինչև դիակ տեսնելը, կամ ոնց են միանգամից դիակը տեսել:

Եվ ամենակարևորն այն մթնոլորտն էր, որը տիրում էր Մհերի շուրջբոլորը, այն պայմաններն էին, որոնցում լինում էր ստեղծագործել:


Մհեր Մկրտչյան. Կինոն զգացմունքային երևույթ է


– Կինոյի, դերասանության հետ առաջին շփումդ Թատերական ինստիտուտո՞ւմ է եղել, թե՞ դրանից առաջ եղել են առիթներ:

– «Հայրենիք» հեռուստաալիք կար, դրա աշխատակիցները դպրոցից երեխաներ էին ընտրում «Վերկացիկ», «Օլիմպիկ» հաղորդումների համար: Ինձ էլ էին տանում, ու ես մասնակցում էի: Այդտեղից սեր ծնվեց հեռուստատեսության, տեսախցիկի, լույսերի հանդեպ:

Թատերական ինստիտուտ ընդունվելիս ուզում էի կինոռեժիսոր դառնալ, դերասանական արվեստի մասին չէի էլ մտածում: Քննություններից առաջ պարապում էի Սոֆիկ Սարգսյանի հետ: Նա ասաց՝ դու պետք է ընդունվես դերասանական: Նա էլ գործերս տվեց դերասանական: Քննություն տվեցի, ընդունվեցի ու հասկացա, որ ինչ-որ մի բան ստացվում է: Արմեն Մազմանյանի արվեստանոցում կես տարի հետո հասկացա, որ իմ բախտը բերել է, որովհետև ինձ ուսուցանել է Աննա Հեքեքյանը: Ուսման ժամանակ էլ ձգտում էի դեպի կինո, մի անգամ մի «ծուռ» բան եմ նկարել Փարաջանովի ազդեցությամբ:

Անընդհատ մտածում էի կինոյի մասին. այդ մասնագիտությունը սիրում եմ նրա համար, որ փազլի պես սկսում ես հավաքել՝ ձայնը, լույսը, խաղը՝ ամեն ինչ, կարկատանի պես: Ինձ շատ է դուր գալիս: Ու կեղծելը շատ դժվար է: Երբ ասում են` «մոտոր», առաջին տասը վայրկյանն ավելի լիարժեք եմ ապրում, քան իմ իրական կյանքում:

– Ի՞նչը դրդեց դեպի ռեժիսուրա:

– Վարդան Հակոբյանը (հիմա «Ոսկե ծիրանի» ընտրող հանձնաժողովում է) իմ ամենասիրելի մարդկանցից մեկն է: Նա ինձ ուղղորդեց, խորհուրդներ տվեց, երբ նկարում էին Վիգեն Չալդրանյանի «Քրմուհին»: Վարդանն ինձ պատմում էր Կուստուրիցայի մասին: Ես ասեցի՝ «Վարդա´ն, ի՞նչ Կուստուրիցա, ո՞վ է»: Թղթի վրա գրեց. Կուստուրիցա, Անտոնիոնի, Վիմ Վենդերս: Նա ոգեշնչեց ինձ: Կինոտերմինների հանրագիտարան էի վերցրել, ուսումնասիրում էի տերմինները և մինչև գիշեր զրուցում էի Վարդանի հետ:

samphoto1

– Ֆեյսբուքի քո էջում Հիչքոք էիր շեյր արել, Գրինուեյ, մի պոստ էլ` Թերի Գիլիամ: Սիրո՞ւմ ես բրիտանական կինեմատոգրաֆը:

– Այո, շատ: Բրիտանացիների ամեն ինչը ֆոնդումենտալ է: Ու խորը: Ամերիկացիներինը հավաստի է, բայց խորությունը երբեմն չի երևում: Իսկ բրիտանական դերասանական դպրոցը, ռեժիսուրան, ավելի խորն են ու մնայուն: Հոլիվուդյան լավ ֆիլմերում, օրինակ Թոմ Հարդիի և Դի Կապրիոյի դիալոգը ռեալ է, նույնիսկ կասկած չի առաջանում, որ տեսախցիկ կա դրած: Բրիտանացիներն էլ ունեն այդ դիալոգը, բայց բացարձակապես այլ մոլորակ է. ոչ ռուսական դպրոց է, ոչ ամերիկյան ռեալիստական դպրոցն է: Իրենք ունեն իրենց կինոն, իրենք նկարում են իրենց մասին, ու բոլորը նայում են նրանց մասին ֆիլմերը, որովհետև դրանք հավաստի են: Օսկարի են հավակնում ու հաղթում, հոծ գծով գնում են` ամերիկյանին հավասար:

– Համաշխարհային հեղինակներից ո՞ւմ կառանձնացնես:

– Վերջերս տարվեցի Ինյարիտուի ֆիլմերով. օրինակ՝ «Բըրդմենում» տեսարաններ կան (օպերատորական աշխատանքից մինչև ռեժիսուրա), որ մի քանի տարի հետո դառնալու են դասական տրյուկներ: Ինձ շատ են դուր գալիս Վոնգ Կառ-Վայի ֆիլմերը: Ես սկսեցի ուսումնասիրել այդ մարդուն և նա ինձ տարավ իր հետ, ասաց՝ արի, սա իմ աշխարհն է, նայիր, տես`ոնց են խաղում, ոնց են զրուցում, ինչ երկխոսություններ կան: Ֆանտաստիկ են ինձ համար:

– Ռուսների՞ց:

– Զվյագինցև: Տարկովսկին ինձ համար մի քայլ էր: Երևի երրորդ կուրսում էի, երբ սկսեցի այդ մարդուն ծայրից-ծայր ուսումնասիրել: Նա լուրջ ազդեցություն թողեց իմ աշխարհայացքի վրա, շատ լուրջ ազդեցություն, որովհետև բոլոր ֆիլմերը նայեցի, մի քանի անգամ, ու իսկապես սկսեցի իրերն այլ կերպ տեսնել:


Նոր հայկական ֆիլմ «Կյանք ու կռիվ». 10-ից 8 կամ կինոռևյու` со слезами на глазах


– Այսօր կա իսպանական ազգային կինո` իր կոլորիտով, կա ֆրանսիականը՝ ֆրանսիացիների մասին, կա ռուսականը, անգամ վրացականը: Ու չկա մերը: Պատճառը հոլիվուդիզմի պատճենների պահանջա՞րկն է միայն, թե՞ դու ունես ուրիշ պատասխան:

Որովհետև մենք միշտ ուզում ենք նորը ստեղծել: Օրինակ, ունեցել ենք Համո Բեկնազարյան, չէ՞: Ոչ-ոք չի ասում՝ հիմնվենք այդ մարդու ստեղծած կինոդպրոցի վրա:  «Հի՜ն ա, հի՜ն ա, էկեք մեր նորը ստեղծենք: Էկեք «Բըրդմենից» ազդված սենց մի բան նկարենք»…

Ինձ թվում է, մենք ունեցել ենք հզոր բազա, որը դրել ենք մի կողմ: Կրկնել երբեք պետք չէ, պետք է նայել առաջ, բայց չէ՞ որ կա ֆունդամենտ, կարելի է դրա վրա կանգնել ու մտածել, թե ինչ է եկել, ինչից է եկել ու ինչպես է եկել: Այն ինստիտուտը, որն այսօր կրթում է այդ մասնագետներին, բարձիթողի վիճակում հայտնվեց: Ես գումար եմ տալիս, բայց համապատասխան կրթություն չեմ ստանում: Ինձ տեխնիկա չես տալիս, որ ես ֆիլմ նկարեմ, պրակտիկա ունենամ: Դու ես միակ կառույցը, որը կադրեր է տալիս:

– Իմ կուրսում կային ռեժիսորներ, որոնք վեց տարի սովորում էին ռեժիսուրայի ֆակուլտետում, բայց Միլոշ Ֆորմանին ու Վուդի Ալենին չգիտեին: Ըստ քեզ, որտե՞ղ է սկսվում այդ իմանալը, ո՞վ ի՞նչ պետք է իմանա:

– Կարող ենք գնալ դրա արմատներին: ԽՍՀՄ փլուզմամբ գրաքննությունն էլ ավարտվեց: Այսօր ուզում ես ֆի՞լմ նկարել՝ նկարիր: Ուզում ես` ձեր բակի Խաչիկին նկարիր, ո՞վ է քեզ ասելու`ինչո´ւ ես Խաչիկին նկարում: Այդ ազատությունն, ինձ թվում է, ժամանակի ընթացքում վերածվեց արժեհամակարգի: Ու այդտեղից հայտնվեցին մարդիկ, որոնք որոշեցին իրենց փորձել դերասանական արվեստում, ռեժիսուրայում: Փորձե՜ք, բայց չէ՞ որ սա փոքր երկիր է. մեզ մոտ ամեն ինչ շատ լուրջ ազդեցություն կարող է թողնել մասսաների վրա:

– Համաձա՞յն ես, որ այսօրվա դերասանների մեծ մասը (հատկապես թատրոնի դերասանների ու հատկապես 30-նն անց սերնդի մի կաստա) տեղյակ չէ Երևանի կյանքին, մատը պուլսի վրա չի պահում: Թրենդային, ուրբանիստական երևույթներին ծանոթ չեն, ասենք` փաբերին:

– Ես մի ժամանակ շատ էի գնում փաբեր: Բայց հիմա` ոչ: Երևույթներ կան, որոնք ինձ դուր չեն գալիս առհասարակ: Կեղծ հարաբերություններ, պաչիկ-մաչիկ, ջանիկ-մանիկ, պրիվետ, ոնց ես, օօօ՜յ, հեքիաթիկ-մեքիաթիկ,ազիզիկ-մազիզիկ: Ամենասարսափելին ժամանակավրեպ լինելն է:

samphoto3

– Մերօրյա դերասանուհիներին, օրինակ, վախենում են տգեղ երեևալ: Ստեղծում են միայն «պուպուշ» հերոսուհիներ:

– Ընկերս մի անգամ ասաց՝ ինչո՞ւ են մերոնք միշտ նկարում միայն սիրունիկների: Վերջերս խոսում էին «Այլ երկիր» ֆիլմի մասին: Գլխավոր դերակատարուհին ոչ համաչափ անձնավորություն է, բայց ինքն է, անհատականություն է: Սիրունիկ, պուպուշիկ, փայլեցրած երևույթ չէ:

– Կամ Թիլդա Սուինթոնը:

-Նա քեզ համար համոզիչ է, որովհետև իր տեսակի մեջ է, անկեղծ է, ասում է՝ գիտե՞ք, ես այսպիսին եմ: Նա հայելիով իրեն երկար նայել է (այն, ինչ ես էլ էի անում): Դու պետք է քիթդ ընդունես այնպիսին, ինչպիսին այն կա: Պիտի հասկանաս, թե ինչու է այն հենց այսպիսին ստացվել, ինչո՞ւ ունի հենց այս ֆիզիոլոգիական պատմությունը: Բայց դու ունես այն, ինչ ունես: Եթե քեզ չճանաչես, չես կարող էկրանին ու բեմում քեզ ճանաչելի դարձնել ուրիշների համար:

– Ի՞նչ ես կարդում հիմա:

– Միլան Կունդերա: Այդ հեղինակն ինձ ցնցեց: «Կեցության անտանելի թեթևությունը» վերջերս հայերեն թարգմանվեց: Հրաշալի է, որ այդ թարգմանությունների շարքը սկսվել է: Ես ռուսերեն կարդացի, ու դա վերջին շրջանի իմ կարդացած գրքերի գիրքն էր:

– Ժամանակակից հայ ո՞ր ռեժիսորի հետ կուզես աշխատել:

– Ալեն Մանուկյանի հետ, Արեն Մալաքյանի: Նաև Էդգար Բաղդասարյանի:

– Համաշխարհային լավագույն ֆիլմերի ո՞ր դերերին ես նախանձով ես նայել ու վայելել, ո՞ր հերոսին կուզես մարմնավորել: Ո՞ր ֆիլմում կուզես ապրել:

– Չգիտեմ ինչու, գլխում պտտվում է «Կոստյումեր» ֆիլմը` Էնթոնի Հոփքինսով ու Իեն ՄքՔելանով: Սա այն դեպքն է, որ թատրոնն ու կինոն հանդես են գալիս միասնաբար, մեկը մյուսին չի խանգարում:

– Իսկ «Դոգվի՞ՙլը»:

– Չեմ նայել այդ ֆիլմը: Ինձ շատ են ասել` նայիր, նայիր, նայիր: Սպասիր. «Անշրջելիության» մեջ կուզեմ նկարվել:

– Վենսան Քասելի տե՞ղը:

– Կուզեմ լինել այդ ֆիլմում: Նաև «Ստրկության 12 տարիների» մեջ` Ֆասբենդերի տեղը, Բերտոլուչիի «Վերջին տանգոն Փարիզում»: «Անշրջելիություն» ֆիլմն ունի հստակ ֆորմա, ունի «բզիկներ», «ծուռ է նկարած», բայց ամբողջական է ու համոզում է այդ ամբողջականության մեջ: Դու անկեղծ ես, երբ քեզ հետ քո լեզուն ես բերում, քո մտածողությունը: Երբ «ծռում-գնում ես», երբ «ծռությանդ» մեջ դառնում ես համոզիչ՝ դառնում ես ամենա-ամենան:

Գրել կարծիք