ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Սթիվեն Քյուրքչյանը՝ լրագրության, սեքս սկանդալների

Սթիվեն Քյուրքչյանը՝ լրագրության, սեքս սկանդալների և ամենացավոտ թեմաների մասին

Անհավանական է իսկապես, ան-հա-վա-նա-կան է: Աշխարհում կա հայ լրագրող, որը ոչ թե մեկ, այլ երեք անգամ շահել է Պուլիցերյան մրցանակը: Այն մրցանակը, որի համար ամերիկացի լրագրողներն իրենց կյանքը կտային, որ ստանային: Մինչդեռ հենց ԱՄՆ-ում եզակիներն են, որ այդ պատվին արժանանում են, այն էլ երեք անգամ:
Սթիվեն Քյուրքչյանը Պուլիցերյան մրցանակի արժանացել է 1972-ին և 1980-ին հետաքննական հոդվածների համար: Վերջին անգամ՝ 2003 թվականին «Բոստոն Գլոբի» խմբագրակազմով կաթոլիկ եկեղեցում սեքս սկանդալը բացահայտելու համար: Քյուրքչյանի մասին քչերը կիմանային, եթե Հոլիվուդում  չնկարահանվեր «Ուշադրության կենտրոնում» գեղարվեստական ֆիլմը, որը պատմում է հենց  «Բոստոն Գլոբիե լրագրողների հետաքննության մասին: Այս ֆիլմն արժանանում է «Օսկարի», դուրս գալիս համաշխարհային կինովարձույթ, որտեղ և պարզվում է, որ մի հերոսը հենց Սթիվեն Քյուրքչյանն է:
Սթիվեն Քյուրքչյանը ծնվել է Բոստոնում: Նրա հայրը՝ Անուշավանը, փրկվել էր Ցեղասպանությունից, նկարիչ էր, մայրը՝ Ռոզելա Կյուրեղյան-Քյուրքչյանը, օրաթերթում գրադարանավար է աշխատել: Հետաքրքրական է, որ Սթիվենը ավարտել է Բոստոնի պետական դպրոցը ու պետական համալսարանը՝ իրավաբանական ֆակուլտետը: Համալսարանից հետո երկու տարի աշխատել է նահանգի պետական լրատվական գործակալությունում, հետո աշխատանքի է անցնում «Բոստոն Գլոբում», որտեղ սկսում է լուսաբանել Վիետնամի պատերազմի դեմ ցույցերը, 1969-ի ամռանը՝ սենատոր Բոբի Քենեդիի սպանությունը և Վուդստոկի ռոք փառատոնը: Հենց այդ ժամանակ նա որոշում է, որ իր կոչումը լրագրությունն է, և 1968 թվականին մտնելով «Բոստոն Գլոբ»՝ այնտեղ աշխատում է 40 տարուց ավելի:
Սթիվեն Քյուրքչյանը ամերիկյան լրագրության ամենավառ դեմքերից է, հայտնի է հատկապես իր հետաքննական հոդվածներով: Քյուրքչյանը Երևանում էր հենց հետաքննական լրագրության վարպետության դաս անցկացնելու համար: Ոչ մի կենսագրականում, ամբողջ ինտերնետում չկա որևէ ստույգ տվյալ, թե երբ է ծնվել Քյուրքչյանը: Ամենամոտավոր և համեստ հաշվարկով նա առնվազն է 70 տարեկան է, թեև ո՛չ տեսքից է երևում, ո՛չ էլ էներգիայից: Քյուրքչյանը մեծ կրքով խոսում էր Հայաստանի, Ցեղասպանության, Հոլիվուդի և իր նոր գրքի մասին:
Այցելելով Հայաստան
Սա իմ երրորդ այցն է Հայաստան: Առաջին անգամ եկել եմ 2002 թվականին ԵՊՀ հրավերով՝ եթե չեմ սխալվում, ապագա լրագրողներին վերապատրաստելու համար: Նաև Հայաստան-Սփյուռք համաժողովին մասնակցելու համար: Երկրորդ անգամ՝ «Ավրորա» մրցանակաբաշխությանը: Սա էլ փաստորեն երրորդն է՝ ամենաերկարատևն ու ամենահագեցածն այն իմաստով, որ կենտրոնացած եմ հենց հետաքըննական լրագրությանն առնչվող թեմաների վրա:
Ինձ հաճելի է դասախոսել Հայաստանում. չէ՞ որ այստեղ իմ ժողովուրդն է, իմ արյունակիցներն են: Եթե հայկական խումբը ինձ օգնության խնդրանքով դիմի թեկուզ Լոնդոնից, Կանադայից, ես հաճույքով կօգնեմ: Մեր ինքնությունը պարփակված չէ սահմաններով, հայրենիքի մեր ընկալումը սահմաններով չէ: Այս երկիրն իր անցյալի պատճառով ունի ուժեղ կողմեր և թույլ կողմեր: Երբ նայում եմ երկրին՝ փորձելով հանրագումարի բերել, իմ կարծիքով, Հայաստանը դեռ տառապում է իր անցյալով, որի համար ոչ մի հայ այդքան էլ պատասխանատու չէ, որովհետև ամբողջությամբ ԽՍՀՄ վերահսկողության տակ էր: Եվ դրա արձագանքները դեռ շոշափելի են և տեսանելի: Այդ իմաստով լրագրության գործն է կարևոր, որ կարողանա առավելագույնը ազդել կառավարության գործունեության վրա: Որովհետև, իմ կարծիքով, մարդիկ դեռ չեն հավատում արդյունավետությանը այն գործի, որ մենք կատարում ենք որպես լրագրողներ, չեն հավատում, որ կարող ենք նրանց իրավունքները պաշտպանել, տեղ հասցնել այն կարծիքները, որոնք կառավարությունը փորձում է լռեցնել կամ չլսել:

Նոր տեխնոգիաները և հետվիկիլիքսյան ու հետսնոուդենյան լրագրությունը


Ինտերնետը լրագրողներիս հնարավորություն է տալիս ուսումնասիրել տվյալները, որոնք հնարավոր է շատ արագ ձեռք բերել, համախմբել ու վերլուծել, բացատրել, թե ինչն է խնդիրը, որքան մեծ է այն, քանի մարդու վրա է այն ազդում, և ինչպես է պետք այն ներկայացնել մարդկանց. սոցցանցերո՞վ տարածել, թե՞ այլ հարթակներով: Հիմա հնարավոր է ավելի որակյալ լրագրությամբ զբաղվել, քան 40 տարի առաջ, երբ ես էի զբաղվում: Հիմա լրագրությունն ավելի օպերատիվ է ու ավելի ազդեցիկ: Եվ ես կարծում եմ, որ լրագրողները դա անում են: Նաև վարպետության դասերի են մասնակցում, բայց այդ դեպքում ո՞րն է խնդիրը: Խնդիրն այն է, որ մարդիկ վստահ չեն, որ լրագրողների աշխատանքից, հոդվածից հետո կարող են փոփոխություններ ակնկալել: Կամ ինչպե՞ս փոխել այն մտայնությունը, թե ոչինչ չի փոխվելու:
Եթե մարդիկ հավատան, որ կարող են փոխել ինչ-որ բան, ոտքի կկանգնեն ու կպահանջեն: Դրա համար մարդիկ պետք է կարդան, լսեն լրագրողների բարձրացրած խնդիրները, որոնք առնչվում են իրենց կյանքին ու համայնքին, որոնք կարող են ազդել իրենց վրա, իրենց երեխաների, իրենց առողջության, աշխատանքի վրա: Այդպիսի վտանգների մասին կարող են տեղեկանալ և իմանալ միայն մամուլից: Եվ եթե մեդիան կարողանում է համոզիչ աշխատել՝ օգտագործելով ժամանակակից գործիքները, ապա հաջորդ գործը հանրությանն է, որ ի գիտություն ընդունի և գործի: Եվ եթե հասարակությունը չի արձագանքում՝ կարծելով, թե կառավարությունը չի փոխվի, և ոչինչ չի փոխվի, ծագում է ամենամեծ վտանգը:
Հետաքննական հոդվածների և լրագրողների աշխատանքի մասին. տեխոնոլոգիական զարգացումից անկախ՝ ամենակարևորը ճշգրիտ և մանրակրկիտ աշխատանքն է: Դա բացարձակ պահանջ է. պետք է կրկնաստուգել փաստերը, տվյալները, թե որքան հավաստի են դրանք: Միայն դրանից հետո պետք է ներկայացնել հասարակությանը: Եթե վըստահ ես, որ ճշգրիտ է, դրանից հետո կարող ես ակնկալել, որ կառավարությունն ու հասարակությունը կարձագանքեն:
Փակ թեմաներ և տաբուներ
Ոչ մեկին չեք օգնում՝ հուսալով, թե ամեն ինչ լավ կլինի, և չխոսելով, օրինակ, զինվորների սննդակարգի խնդիրների, զինատեսակների մարտունակության, բանակի կարգապահության մասին: Այդպես վիճակն էլ չի փոխվում: Ինձ թվում է՝ հայկական լրատվամիջոցների ու հասարակության համար քառօրյա պատերազմը կարևոր դաս է, որը վերհանեց խնդիրները, որոնց պետք է ուշադրություն դարձնել: Ես չեմ ասում, որ պետք է գրել գաղտնի հենակետերի ու ռազմավարության մասին. դա այլ բան է: Բայց կարելի է գրել, օրինակ, զինվորական հոսպիտալի մասին՝ ինչպես են բուժում զինվորներին, ինչ բժշկական տեխնիկայով, և համեմատել մյուս երկրների հետ: Եվ երբ մենք տեսնում ենք, որ մեր բժշկական սարքավորումները հնացած են, պետք է գրել այդ մասին: Եվ պետք է գրել դրա հետևանքների մասին: Եվ այդ տեսակի լրագրությունը ոչ մի կապ չունի ազգային անվտանգության հետ, կամ թե ինչպիսի ռեսուրսներ կան բանակում: Նաև հարկատուների փողերի մասին է պետք գրել, թե ինչպես են դրանք ծախսվում: Նույն կերպ պետք է հասկանալ, թե, օրինակ, քառօրյա պատերազմում 100-ից ավելի զոհերի պատճառը հակառակորդի փամփուշտնե՞րն են, թե՞ վատ զինամատակարարումը, բուժօգնության ուշացումը: Այդ հարցերը պետք է բարձրացվեն: Որովհետև չգրելն ամոթ է:
Երբ խմբագրությունը կենտրոնանում է կառավարության հիմնական ծառայությունների վրա, Դուք չպետք է անհանգստանաք, թե ինչն է արգելված թեմա, ինչը՝ ոչ: Բազմաթիվ թեմաներ կան, որոնց վրա տաբու չկա: Օրինակ՝ կարող եք գրել առողջապահության, բնապահպանության, համայնքների, միգրացիայի, զբաղվածության մասին: Դրանք ամենաանհրաժեշտ թեմաներն են, դա է մեր աշխատանքը:

Օսկարակիր ֆիլմի հայ լրագրող-հերոսը


Ֆիլմի ռեժիսորը մեկ այլ հերոսի է վերագրել մի շատ կարևոր հարցազրույց, որն իրականում ես էի արել: Ես հայտնել եմ իմ հիասթափությունը, որովհետև այդ հարցազրույցը վերագրելով մեկ այլ լրագրողի՝ ֆիլմում չբացատրվեց, թե ինչով էր այն կարևոր: Ես արել եմ ամենակարևոր ու հանգուցային հարցազըրույցը այն եկեղեցականի հետ, որը ձայնագրությամբ հաստատեց բոլոր հնարավոր կասկածները: Ֆիլմում լրագրողը պարզապես մոտենում է հոգևորականին, հարց տալիս և ստանում պատասխան: Դա մի քիչ շփոթեցնում է, որովհետև մարդիկ սովորաբար չեն խոստովանում իրենց մեղքերը, առավել ևս՝ առաջին իսկ պատահած լրագրողին: Իրականում կար պատճառ, թե ինչու նա ինձ հարցազրույց տվեց: Ես նրան սպասում էի իր տան մոտ, երբ նա աշխատանքից վերադառնում էր: Օրվա վերջն էր: Ի տարբերություն ֆիլմի՝ երբ մոտեցավ տանը, ոչ ոք չկար կողքին: Ես սպասեցի, որ տուն մտնի, հետո մոտեցա շքամուտքին և թակեցի դուռը: Ներկայացա:
_Ես ցանկանում եմ խոսել մեր լսած այն մեղադրանքների մասին, որ Դուք երեխաներ եք բռնաբարել: Երկուսս էլ գիտենք, որ դա տարածված է, թեև կարդինալն ու եկեղեցու պաշտպանները ցանկանում են ցույց տալ, թե սա փոքր միջադեպ է, պատահել է ընդամենը մեկ կամ երկու հոգևորականի հետ, - ասացի:
Ես գիտեի ու իրեն էլ ասացի, որ երեխաների բռնաբարությունը համատարած է, մենք բազմաթիվ ահազանգեր էինք ստանում, և դրան վերաբերող առաջին հոդվածն արդեն հրապարակվել էր: Ես գնացի նրա մոտ, որ հարցնեմ, թե որքան տարածված է եղել, որովհետև հենց դա՛ չգիտեինք, թեև հեռախոսազանգերից գուշակում էինք, որ շատ են, զանգահարողները տալիս էին տարբեր հոգևորականների անուններ: Առավել ևս, որ ամբողջ 90-ականներին ես այդ թեմայի վրա շատ երկար աշխատել էի: Հենց այդ պատճառով ասացի.
- Գիտե՞ք, եթե պնդեք, որ երեխաներին բռնաբարել է ընդամենը մեկ հոգևորական կամ երկուսը, ուղղակի սխալ, անազնիվ բան արած կլինեք: Եկեք այսպես անենք: Գուցե Դուք ինձ պատմեք ու ասեք, որ Դուք էլ եք այդ ստի շղթայի զոհը դարձել: Դուք գիտեք, որ վատ բան եք արել: Մենք կուզենք իմանալ, թե ինչու:
- Դուք իսկապե՞ս ուզում եք իմանալ,- ինձ հարցրեց հոգևորականը:
Ասացի.
- Այո՛, հենց դրա համար էլ այստեղ եմ:
Նա գնաց ու վերադարձավ մեծ թղթապանակով, ասաց.
- Ես մանուկ հասակում ենթարկվել եմ սեռական բռնության, և այդ պատճառով հոգեբանությունս խախտվել է: Այդ պատճառով եմ արել: Դուք կներկայացնե՞ք ճշմարտությունը:
- Ինչ ասեք, խոստանում եմ չփոխել: Կներկայացնեմ, ինչպես կա:
Հետո ասաց, որ նա երեխաներին հաճույք էր պատճառում, ոչ թե ինքն էր հաճույք ստանում: Նա նկատի ուներ իր սեքսուալ այլանդակությունները: Դա զզվելի էր, բայց մյուս կողմից՝ ես պարտավոր էի մտածել նրա դիրքից և հասկանալ, թե որ դեպքում ինքը կխոսի: Իսկ նա խոսեց միայն ժամանակ, երբ ես փորձեցի բացատրել, որ հենց իր շահերից է բխում խոսելը: Ընդ որում ես համաձայն եմ, որ դա նաև հաջողություն էր: 10-ից 9-ի դեպքում կմերժեին հարցազրույց տալ, բայց եթե շարունակում եք թակել դռները, շարունակում եք հավատալ Ձեր գործին, ապա ի վերջո կհասնեք հաջողության:
Ամենացավոտ թեման
«Բոստոն Գլոբի» իմ գործընկերները հոգեկան մեծ ապրումներ են ունեցել, բայց ես՝ ոչ: Ես կաթոլիկ չէի և մեծ հաշվով շատ հավասարակշռված վերաբերմունք ունեի: Բայց, իհարկե, ես էլ ունեմ թեմաներ, որոնք ինձ մինչև այժմ էլ հուզում են մինչև հոգուս խորքը: Դա ցեղասպանության թեման է: Ցեղասպանությունն առնչվում է իմ սերնդի յուրաքանչյուր մարդու: Միայն կորստի զգացումը չէր, միայն մղձավանջի հիշողությունը չէր: Չէ՛, դա չէր. մանրամասները կորցնում էին որոշակիությունը, բայց մենք մեր ընտանիքներում հաշտ չէինք այդ հարցի շուրջ, մեր հոգիները խաղաղ չէին:
Գիտե՞ք, մենք ամենաշատը ինչ կորցրեցինք. մեր համայնքային պատկանելության զգացումը, որը մենք ունեինք պատմական Հայաստանում: ԱՄՆ-ում ապրում էինք ապահով կյանքով, աշխատում էինք, ամուսնանում էինք, բայց մենք կտրված էինք արմատներից: Ես չգիտեի, թե ովքեր էին իմ պապի հարևանները, ընկերները: Իմ իտալացի ընկերները արձակուրդներին գնում էին Իտալիա, իռլանադացի ընկերները՝ Իռլանդիա, անգլիացիաները՝ Անգլիա: Նրանք գնում էին իրենց հայրենիք ու վերադառնում էին՝ իրենց արմատներից ուժ ստացած: Նրանք տեսնում էին իրենց բարեկամներին, հարազատներին, իրենց բնօրրանը: Մենք գնալու տեղ չունեինք: Զգացումը, որ դու կորցրել ես քո բնօրրանը, քո արմատները, քո հայրենիքը, երբեք չի անցնում: Գուցե հիմա մեղմվել է, հիմա մենք գոնե կարող ենք Հայաստան գալ, բայց այն ժամանակ մենք տեղ չունեինք գնալու, ու դա հոգեբանորեն շատ էր ազդում ու շատ ծանր էր: Կտրվում ես ոչ միայն քո բնօրրանից. ընդհատվում է քո իսկ ընտանիքի պատմությունը, և դու չգիտես, թե քո պապերն ովքեր են եղել, ինչ տներում են ապրել, ինչ գործով են զբաղվել: Ու մենք չգիտեինք էլ՝ նրանք ունեցե՞լ են կարողություն, թողե՞լ են ժառանգություն, թե՞ ոչ: Հստակ էր՝ եթե նույնիսկ թողել են, հիմա կորած է կամ թալանված:
Ու ամենացավալին այն էր, որ մեր ծնողները, մեր պապերը չէին պատմում, լուռ էին: Ցեղասպանությունից 50 տարի անց էլ մենք չէինք խոսում այդ մասին, կարծես թե հուղարկավորություն լիներ մեր տանը: Մեր դեռ ողբում էինք: 1965-ից հետո միայն սկսվեցին բողոքի ակցիաները: Ես գրել եմ ցեղասպանության մասին, բայց ամեն անգամ դա ինձ դժվարությամբ է տրվում:
Նոր սկանդալային գիրք՝ գողության մասին
Թոշակի անցնելուց հետո ես գրել եմ առաջին ոչ գեղարվեստական գործը՝ աշխարհում ամենահայտնի արվեստի գործերի գողության մասին: 1990 թվականի մարտի 18-ին Բոստոնի «Գարդներ» թանգարանում գողանում են 13 կտավ, ընդ որում երկուսը՝ Ռեմբրանդտ: Ընդհանուր արժեքը՝ կես միլիարդ դոլար: Մինչև այժմ սա ամենամիստիկ գողությունն է, որից հետո կտավները չեն գտնվել, ոչ ոք չի ձերբակալվել: Այս պատմությունը ինձ հուզեց, որովհետև սովորական գողություն չէր: Գողությունը կատարվել էր Բոստոնի թանգարանից, որը հիմնել էր Իզաբելլա Ստյուարտ Գարդները 1903 թվականին: Այդ մեծահարուստ ամերիկուհու նպատակն էր համաշխարհային գլուխգործոցները մոտեցնել հասարակ ամերիկացիներին, և այդ պատճառով թանգարանի մուտքը, օրինակ, անվճար էր: Ես փորձել եմ ցույց տալ հետաքըննության բացերը, առաջ եմ քաշել վարկածներ:

Նոր հակահերոսի փնտրտուքով


Ես Հայաստանում եմ ոչ միայն վարպետության դասի համար: Թեմա եմ փնտրում իմ նոր գրքի համար: Բայց նոր թեման պետք է բավարարի իմ երկու պահանջներին. ես պետք է անձնապես հետաքրքրված լինեմ, և պետք է ունենա հստակ հակահերոս: Որքան հստակ լինի հակահերոսը, այնքան հետաքրքիր կլինի պատմությունը:

newmag #71

Տարածել