Արցախյան նոթեր. Պարտվողը
-Ծլըթ, ծլըթ…
Թվում էր, թե ժանգոտած ջրհորդանից դժկամ-դժկամ կաթող ջուրը՝ հալած արճիճի կտորների պես ծանր, ընկնում է անհանգիստ աչքերով, նիհար մարդու ճաղատին:
-Ծլըթ, ծլըթ…
Ձայնը՝ ժանգը քերելու, ջրհորդանի ծուռումուռ թիթեղին անընդհատ խփվելու, ծռմռված պռոշին ծանրանալու ու դժգոհ-դժգոհ գետնին ընկնելու ձայնը արձագանքում էր անհանգիստ աչքերով մարդու գանգի ներսում: Յուղի հետ խառնված կեղտից սևացած պահեստամասերով ու վառելափայտի անկանոն կույտերով լի բակին անհանգիստ աչքերով մարդը նայում էր տհաճության հարաճուն զգացումով: Տունը՝ մի կողի վրա թեքված ծերունու պես հին, ճակատի ծեփին տարիքի անջնջելի կնճիռներ կրող շինությունը գնելու պահին հեքիաթային ապարանք էր թվացել, ընդհանուր բակի մի անկյունում ծվարած նախկին հյուղի համեմատությամբ՝ շքեղ ու ընդարձակ:
-Երեխաներն ուզածի չափ կվազվզեն,-ասել էր կնոջը՝ շնչակտուր նկարագրելով մի ամբողջ օր քաղաքը չափչփելու արդյունքում հայտնաբերած տունը:
Մի քանի մրգատու ծառերի լերկ բները մացառախոզի փշերի պես տնկած հողակտորը դրախտային պարտեզ էր համարել, ողջ կյանքի ընթացքում որոնած Ավետյաց Երկիրը: Հատկապես հավանել էր հողամասի ծայրին կառուցված շվաքարանը ու բակ մտնելիս աջ կողմի վրա ցմփոր հարբեցողի նման գետնին ընկած ջրի տասնվեց տոննայանոց տարողությունը:
Շաքարանում հյուսնի հաստոց էր պատկերացրել, պատերից կախ՝ գայլիկոններ, ռանդաներ, մուրճեր ու շաղափներ, տեսել էր իրեն՝ թևքերը քշտած օրնիբուն աշխատելիս, ու թարմ ներկած պատուհաններով տունը՝ լցված իր պատրաստած հնաոճ կահույքով: Բեխի տակ ժպտացել էր, խոտի բարակ շյուղով ռունգերը խուտուտ էր տվել երջանկությունը:
-Ժանգը կքերեմ, եղած-չեղած մի օրվա գործ է, դարպասներն ու ջրի տարողությունը նույն գույնով կներկեմ, գեղեցիկ կլինի, ի՞նչ ես կարծում, մուգ դարչնագույնը կսազի՞,-ասել էր իր մոտ դժգոհ տեսքով կանգնած կնոջն, երբ առաջին անգամ միասին եկել էին տունը տեսնելու:
Պտտվել էր դեպի կինը, ժպիտը շուրթերից արագորեն անհետացել էր՝ ասես կնոջ վարժ ձեռքով կաթսայի հատակից մաքրած յուղաբիծ: Կնոջ աչքերը սառը ու ծակող էին եղել: Տանիքից կախված երկու սառցալեզվակներ: Ողջ ուժով կրունկի մեջ մտած մեխերի զույգ: Կնոջ աչքերը օտար էին եղել, անտարբեր՝ նախորդ գիշեր դեպի սեր տենչացող ամուսինը շրջած նրա մեջքի պես:
Կնոջ հետ փորձում էր զգույշ խոսել, սիրաշահելով: Սակայն չկռվել չէր հաջողվում: Իրենց պատերազմը կանխորոշված էր: Ամեն օր ծանր գլաքարեր էին նետվում դեպի երկինք: Ամեն օր սրբազան կրակի վրա մի դույլ կեղտաջուր էր թափվում: Ամեն օր ճերմակահանդերձ քուրմը սայթաքում էր կարտոֆիլի կճեպի վրա: Իր երազանքներն անկանոն էին, մեծ, անհեթեթ ու եթերային ամպերի պես, իսկ կնոջ հոգին հիմնավոր էր ու խոր՝ ասես մթերքի հողափոր շտեմարան: Երազանքն ամեն երեկո անկողին էր մտնում փնթփնթան իրապաշտության հետ: Ինքը ծնվել էր սրարշավ ձիերի վրա ողջ գիշերը ցնցվելու համար: Մերկ ափերով նետեր որսալու: Արևոտ մի դաշտում արնաքամ լինելու: Սուրը մերկացրած՝ հողմաղացների վրա հարձակվելու:
Իրենց պատերազմը կանխորոշված էր, կանխորոշված էր նաև իր պարտությունը: Առաջին անգամ պարտվել էր, երբ խոտհարքում կրակի հետ խաղալիս հրդեհել էր ամպաչափ դեզը: Գյուղական տան ընդարձակ, ամռան բույրերով ու երկնքից ընկնող աստղերի շրշյունով լի պատշգամբում կանգնել էր օրորվող էլեկտրական լամպի հետ երերացող ստվերի մեջ, հայրը իրեն նայել էր սարսափելի աչքերով: Նախորդ ձմռանն իրենց ավանակին հոշոտած գայլերի ոհմակի առաջնորդի աչքերն էր տեսել: Փայլող սառցակտորներ՝ լի ցասումով ու միաժամանակ՝ անտարբեր: Հետ-հետ էր գնացել ու ծոծրակը խփել էր պատին: Կարծել էր, թե պատի միջից հոր մազմզոտ, ծանր ձեռքն է իջել վզակոթին: Աչքերը լցվել էին արցունքով, օրորվող էլեկտրական լամպի լույսն արցունքի մեջ ծիածաններ էր նկարել: Հոր շուրթերին հեգնական ժպիտ էր հայտնվել, կարծել էր, թե կիսաբաց շուրթերի արանքում երևացող դեղնած ժանիքներից հիմա արյան թանձր կաթիլներ են ընկնելու: Պատշգամբը ցնցվել էր հոր ծանր քայլերից: Ինքը ցնցվել էր ապտակներից: Փոքր եղբայրը մուրաբայոտ շուրթերով չարախնդացել էր, իսկ մայրը լռել էր՝ շարունակելով կարկատել հոր ձկնորսական ուռկանը:
Սառը ննջասենյակում միայնակ էր եղել, գյուղի ձայները՝ կտուրների վրայով լուսնոտի պես ողջ գիշեր քայլող քամու քրթմնջոցի արանքում լսվող շների հաչոցը, գայլերի հեռավոր ոռնոցի պատառները, անհայտ անցորդի ոտնաձայները սարսափելի, չարագուշակ էին թվացել: Վերմակի տակ դողացել էր: Ուշացած անցորդը՝ մամռապատ փայտյա ոտքերով ու գայլի անողորմ աչքերով մարդը որոնել էր իրեն, ոհմակն ագահորեն լիզել էր տան դարպասները, իրար հրմշտելով ու աղերսագին կլանչելով, իրար խանգարելով՝ ցանկացել էին խուժել պատշգամբ, հետո՝ ննջասենյակ: Արարողապետի պես ճշգրիտ՝ աքաղաղը ծաղրանքով ազդարարել էր լուսադեմը: Գիշերվա մթությամբ պարուրված՝ հեռացել էր նաև սոսկումը, ու դպրոցում ուսուցիչը խայտառակ էր արել դասի ժամանակ քնելու համար:
Հաջորդ ճակատամարտը տանուլ էր տվել ձյունոտ դաշտերի ու իրար հաջորդող ձյունոտ բլուրների արանքում փռված մի հսկայական գյուղում, որտեղ ուսանող որդու հետ հայտնվել էր պատերազմի օրերին: Բեռնատարը, որի սառը խցիկում ամբողջ ճանապարհին գոլորշի արտաշնչելով, պիտի հասնեին Քաղաք, գյուղի մատույցներում խափանվել էր, ու ստիպված էին եղել գիշերել անծանոթ տանտերերի պես անհյուրընկալ ու պաղ մի մեծ ննջասենյակում: Վաղ առավոտյան արթնացրել էր որդուն, թշնամու թիկունքում հայտնված հետախույզի պես ափով փակել էր որդու բերանը, երբ տղան ցանկացել էր խոսել: Հագնվել էին արագ ու անաղմուկ: Արագ ու անաղմուկ դուրս եկել տանիքը մշուշի ծվեններով զարդարած տնից: Իր հետ բարակ շյուղերից հյուսած զամբյուղի մեջ թաքցված քսանհինգ լիտրանոց շիշն էր եղել՝ լի ինքնաթոր օղով: Քաղաքում թունդ ինքնաթորի ամեն բաժակը շրշացող թղթադրամ պիտի դառնար, դրամը՝ տաքություն, հագուստ ու սնունդ ուսանողի համար: Ճմռթվող թղթի ձայն արձակող ձյունը տրորելով՝ քայլե էին գյուղից դուրս: Իր մեջ արված բազմաթիվ խարույկներից սևացած պատերով կանգառում կուչ եկած փոքրամարմին մարդուն, նրա վտիտ որդուն ու բարակ շյուղերից հյուսած զամբյուղը անսպասելիորեն շրջապատել էին գյուղի դեռահասները:
Տարիների հեռվում մշուշված ձմռանն իրենց ավանակին հոշոտած ոհմակի աչքերն էր տեսել, դեռահասների ձայներում լսել արդեն մոռացված ոռնոցի թախծոտ հնչյուններն ու տան դարպասն ագահորեն լիզող գայլերի աղերսագին կլանչոցը:
-Սպասեք, կռահեմ,- արհեստականորեն խռպոտացրած ձայնով ասել էր դեռահասների առաջնորդը,- հորողբեր, քո անունը հաստատ Համբո է, էս ջահելն էլ մեր Գիքորն է:
Ոհմակը հրճվանքից վնգստացել էլ: Մտածել էր, որ հիմա գայլերը թավալվելու են ձյան մեջ՝ գորշ կողերը պատելով ձյան մանրիկ, փայլուն աստղաբեկորներով: Որդուն ձեռքով հրել էր իր հետևը:
-Համբո ձյա, ի՞նչ կա գրպաններումդ, բե՛ր, նայենք,- ընկերների ուժեղացող կլանչոցի մեջ նորից հնչել էր առաջնորդի լպիրշ ձայնը:
Լուռ շրջել էր գրպանները, ոհմակի փոքրերից մեկն արագորեն հավաքել էր գետնին թափված մետաղադրամները:
-Համբո ձյա, ծխելու տու՛ր,- պահանջել էր առաջնորդը:
Ծոցագրպանից հանել էր ծխախոտի տուփն ու լուռ մեկնել հրճվանքից ու խենթությունից փայլող աչքերով իրեն տնտղող դեռահասին: Դեռահասը կարծես զզվելով բացել էր տուփը, ծայրահեղ զգուշությամբ մի գլանակ հանել:
-Սա քեզ, Համբո ձյա, - ասել էր՝ գլանակը տալով, ու տուփը դրել էր իր գրպանը:
Ոհմակի փոքրը բռնել էլ կոթերից ու տնքտնքալով թափահարել էր զամբյուղը: Հեղուկի ձայնը լսելով՝ ոհմակը հիացած կաղկանձել էր:
-Այ դու Համբոոոո,-ծոր էր տվել առաջնորդը: Ոհմակը լռել էր, առաջնորդը ծխախոտի տուփից անշտապ գլանակ էր հանել, դրել ատամների արանքը:
-Լուցկի ունե՞ս,- հարցրել էր գրեթե բարեկամաբար:
Մարդը հանել էր լուցկին ու դողացող ձեռքերով հատիկը քսել էր տուփի խազապատ կողին: Կանգառի սպառնագին լռության մեջ լուցկին վառվել էր բարձր ճայթյունով: Դեռահասը խոր ներս էր քաշել ծուխը ու կապտավուն քուլաները փչել ուղիղ մարդու դեմքին: Նրա չոր հազը խեղդվել էր ոհմակի քրքջոցի մեջ:
-Մենակ չասես, թե ջուր ես տանում,-հեգնել էր դեռահասը:
-Տղերք ջան, օղի է, օղի, ի՞նչ ջուր, իմ քաշած օղն է, պիտի ծախեմ, որ տղաս Քաղաքում սոված չմնա, մի-մի թաս խմե՞ք,- շտապ-շտապ պատասխանել էր մարդն ու դուրս քաշել շշի փայտյա խցանը,- անտեր շիշը էնքան էլ ծանր է, համ էլ կթեթևանա:
Որդու ձեռքի փոքր պայուսակից հանել էր անագե թերմոսը, պտտել կափարիչն ու, պռնկեպռունկ լցնելով մետաղի մռայլ գույն ստացած հեղուկով, այն փոխանցել իրեն հետաքրքրությամբ հետևող դեռահասին: Դեռահասը հոտոտել էր մետաղագույն հեղուկը, հետո վճռականորեն, հին հարբեցողի պես գլխին քաշել: Դեմքն անմիջապես ծամածռվել էր, ծփացել՝ մեջը քար նետված ջրափոսի պես, թերմոսի կափարիչը ողջ թափով խփվել էր կանգառի մրոտ պատերից մեկին:
-Թուհ, ես քո…, սա խմելու՞ բան է, քեզ լինի օղիդ,-ասես լեզուն այրած՝ դժվարությամբ խոսել էր դեռահասը,- գնանք, տղերք:
Ոհմակը փոքրամարմին մարդուն նայել էր անասելի արհամարհանքով, փոքրը հեռանալիս փորձել էր թքել զամբյուղում թաքցված շշի մեջ, վրիպել էր, թուքը՝ թնդանոթի փող դարձած շուրթերից դուրս ժայթքած սպիտակ գունդը, ընկել էր փոքրամարմին մարդու կոշիկի վրա: Մարդը կախել էր աչքերն ու շրջվել դեպի որդին, նրա դեմքին սոսկում ու դաժանորեն խաբված երեխայի հուսալքություն էր նկատել: Շոյել էր տղայի գլուխը: Մեղմորեն, փոքր-ինչ տխուր:
-Տեսա՞ր, թե հայրդ ինչպես սրանց հախից եկավ, օղին էին ուզում խլել, խլեցի՞ք , հա,-պարծեցել էր ցածրաձայն՝ բներում անհանգիստ շարժվող աչքերով ուշադիր նայելով չորս կողմը: Էլի ինչ-որ բան էր ցանկացել ասել, սակայն նրա բառերը խեղդվել էին գազի բալոնների կարմիր գլանները տանիքի վրա ծանր-ծանր կրող ավտոբուսի շարժիչի հուսահատ ոռնոցի մեջ:
Ավտոբուսի մեջ ու հետո՝ երկար տարիներ փոքրամարմին մարդը ներել էր իրեն: Գիտակցությունը մաքրող յոգի պես հաստատակամ՝ հեռու էր քշել խառնաշփոթ, կպչուն մտքերը: Մի անձրևոտ աշնանային առավոտ դարակից վերցրել ու վառարանն էր նետել հնությունից դեղնած նամակների խուրձը: Խունացած, բարակ, դյուրավառ թղթերը վառարանը դիմավորել էր կրակի ուրախ լեզվակներով: Կինը չէր հասկացել, որ փոքրամարմին մարդը նամակների հետ ցանկանում է այրել անցյալը :
-Ինչու՞ ես վառում նամակները, այ անխիղճ,- մեղադրել էր՝ բարկությունիից հուրհրացող աչքերով խանձելով ամուսնուն:
-Նորի համար տեղ բացելու համար պետք է ազատվել հնից,- պինդ սեղմված ատամների արանքից փիլիիսոփայական փաստարկ էր նետել ամուսինը: Հետո վերցրել էր կրակխառնիչն ու ճարճատելով այրվող փայտի և մոխիր դարձած նամակների հետ խառնել իր որդու՝ անծայրածիր գյուղի կեղտոտ կանգառում դյուրաբեկ ապակու պես փշրված հայացքը, հոր արյունակալած, իրենց ավանակին հոշոտած գայլերի առաջնորդի ցասումնալից աչքերը, կնոջ՝ զայրույթից դողդողացող վերին շրթունքն ու ամուսնության տարիներին մարգարիտներից ջրի անարժեք կաթիլներ դարձած արցունքը: Վճռական, բայց բոլորին անտեսանելի շարժումներով պոկոտել ու վառարանն էր նետել իրեն ընտանիքի հետ միացնող կապանքները: Ամեն շարժման հետ անասելի թեթևություն էր զգացել, խոհանոցի մրոտ առաստաղի տակ թևերի բախյուն էր լսել, ճաքճքած գերանները շարժող քամու սուլոցն ու շարժվող գերանների ճռռոցը: Ժպտացել էր կնոջն ու դուրս եկել տնից:
Ասես ծերացած ծովահեն՝ փնտրել էր իր անմարդաբնակ կղզին, որտեղ ինքը նահանգապետ ու զինվոր, հոգևորական ու բժիշկ, ճորտ ու արքա պիտի լիներ: Կղզին՝ մոլախոտով պատած, քարակտորներով լի հողակտորը, հայտնաբերել էր բարեբեր դաշտերի մեջ կորած մի լքյալ գյուղում: Հողակտորի սահմանի մոտ կանգնած՝ ելակի ու լոլիկի անվերջանալի մարգեր էր պատկերացրել ու իրեն՝ ամեն երեկո հուղակի մոտ նստած դառը սուրճ խմելիս:
Կղզի տեղափոխվելու տարիներին կնոջ ու երեխաների, ազգականների ու հարևանների հարգանքն աննկատելիորեն գոլորշիացել էր: Փոքրամարմին մարդու հետ խոսելիս շարունակել էին հնչել նույն բառերը՝ հայր, ամուսին, եղբայր, հարևան, ուրիշ էր եղել ձայներանգը: Շեշտերը՝ թղթի վրա միանգամայն անվնաս այդ կետադրական նշանները, կինն ու երեխաները, ազգականներն ու հարևանները սկսել էին գործածել երկսայրի սուրն ամեն օր բանեցնող դահճի հմտությամբ՝ անողորմ, դիպուկ, արյունոտող ու ցավացնող: Սպանիչ հեգնանք: Քամահրանք: Ու բառերի վրա բազմաթիվ մերկացված սրերի պես իջնող շեշտեր: Հետո՝ նոր բառեր: Անճարա՛կ: Հարբեցո՛ղ: Փնթի՛: Անհաջողա՛կ:
Փոքրամարմին մարդը հպարտ ու անձնազոհ էր եղել, շեշտակի հարվածների տեղատարափի տակ, արյունոտված, բոլոր համար անտեսանելի վերքերով ծածկված ոտքերով անվերջ քայլել էր դեպի իր կղզին, դեպի օրավարձով աշխատող Ուրբաթներն ու նավաստու պես խմող քրտնած կանայք…
-Ծլըթ, ծլըթ…
Թվում էր, թե ժանգոտած ջրհորդանի ծայրին ծանրանում ու գետնին է ընկնում փոքրամարմին մարդու դժգոհությունը: Թվում էր, թե ջրհորդանի ծռմռված թիթեղից ժանգը քերող ու ծանր-ծանր գետնին կաթացող ջուրը սգում է փոքրամարմին մարդու պարտությունը: Սրտի՝ ծննդյան պահին կենդանացած ու մինչ զրոն հետադաձ հաշվարկ կատարող մկանի զարկերը՝
- Ծլըթ, ծլըթ…
Փոքրամարմին մարդու վերջին պարտության խայտառակությունը հողի տակ շտապ-շտապ թաքցրած սգավոր թափորի արցունքները՝
- Ծլըթ, ծլըթ…
Գյուղի լքված տան պատշգամբում ժամապահի պես հավատարիմ ժամացույցի վայրկենաչափի մենավոր ձայնը՝
-Ծլըթ, ծլըթ…
Ժանգը քերող ու ջրհորդանի ծռմռված պռոշից ընկնող կաթիլների պես՝ հսկայական, անծայրածիր ջրափոսերում անհետացած մարդիկ ու ժամանակի ոչ մի տեղ չշտապող հեգնանքը՝
-Ծլըթ, ծլըթ….