Դոնալդ Թրամփը ԱՄՆ 45-րդ նախագահն է. ինչպե՞ս դա պատահեց

Դոնալդ Թրամփը ԱՄՆ 45-րդ նախագահն է. ինչպե՞ս դա պատահեց

newmag-ը բացատրում է ԱՄՆ նախագահի ընտրության ձևաչափը և պատմում, թե ինչպես հաղթեց քաղաքական գործունեության որևէ փորձ չունեցող թեկնածուն:

Սոցիոլոգիական ու քաղաքագիտական բոլոր հաշվարկները չաշխատեցին: Միացյալ նահանգների 45-րդ նախագահը Դոնալդ Թրամփն է:

«Քիչ առաջ ինձ զանգեց Հիլարի Քլինթոնը: Նա շնորհավորեց հաղթանակի առթիվ: Ես էլ շնորհավորեցի նրան ու նրա ընտանիքին` չափազանց բարդ ու կոշտ ընտրապայքարի կապակցությամբ: Նա իսկապես շատ հզոր պայքար մղեց և մեր պարտքն է շնորհակալ լինել մեր երկրին նրա մատուցած ծառայությունների համար»:

Հիլարի Քլինթոնի մասին Թրամփը երբեք այսպիսի հարգանքով չէր խոսել, ավելի վաղ Թրամփը նույնիսկ մտադիր էր նրան բանտ ուղարկել: Այս տոնն ընդհանրապես հակասում է նրա կերպարին՝ ազդարարելով, որ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփը մտադիր է հրաժարվել իր էքսցենտրիկ ու անկառավարելի կեցվածքից:

«Խոստանում եմ լինել բոլոր ամերիկացիների նախագահը, նաև այն մի քանի մարդու նախագահը, որոնք իմ դեմ են քվեարկել»:

ԱՄՆ նախագահի ընտրության համակարգը յուրահատուկ է: Իրականում բոլոր նահանգները քվեարկում են առանձին և քվեարկության արդյունքը 50 ընտրության հանրագումարն է:

Միացյալ Նահանգներում նախագահ ընտրում է ընտրիչների խորհուրդը՝ բաղկացած 538 հոգուց: Յուրաքանչյուր նահանգում հանրապետականներն ու դեմոկրատները ձևավորում են ընտրիչների իրենց խորհուրդը և որ թեկնածուի օգտին քվեարկում է առավել շատ մարդ, նրա կուսակցության ընտրիչների խորհրդի ձայններն էլ ստանում է նախագահի թեկնածուն:

Ի սկազբանե պարզ էր, որ Կալիֆոռնիան, և հյուսիս-արելյան ափը ընտրելու է Քլինթոնին, կենտրոնական նահանգները՝ Թրամփին: Պայքարն ընթանում էր չկողմնորոշված, միաժամանակ մեծ բնակչություն, հետևաբար ընտրիչների խորհրդում շատ ձայն ունեցող նահանագների համար:

Կան նահանգներ, օրինակ Վիրջինիա, Ֆլորիդա, Փենսիլվանիա, որտեղ տատանվում են, մի ընտրություն հնարապետականն է հաղթում, մյուսին՝ դեմոկրատը: Այսինքն պետք է հետևել հատկապես դրանց, որտեղ բնակչությունը շատ է, և հետևաբար շատ են ընտրիչները, սրա վրա են թեկնածուները կենտրոնանում:

Եվ հենց այդպես էլ եղավ: Ընտրության ելքը կանխորոշեց Փենսիլվանիան: Այստեղ սուր պայքար էր, ձայների տարբերությունը մի քանի հազարի էր հասնում: Այստեղ հաղթեց Թրամփը, նրան հասնել այլևս չէր լինի:

Անկախ հաղթողից, սա պատմական քվեարկություն էր: Բոլորը գիտեին, որ Քլինթնոը հաղթելու դեպքում կլիներ առաջին կին նախագահը, բայց քչերը գիտեն, որ նա կլիներ նաև 180 տարվա մեջ առաջին դեմոկրատ նախագահը, որը պաշտոնը ստանալու էր 2 ժամկետ նախագահած համակուսակցից: Մյուս կողմից, սա բացառիկ է նաև Թրամփի պարագայում: Երբեք չի եղել նման թեկնածու, որը չունենա քաղաքական գործունեության որևէ փորձ:

Անկախ արդյունքից, ընտրությունը Միացյալ նահանգներում տոն է: Տոնական տրամադրությամբ էլ Միացյալ նահանգները կդիմավորի 45-րդ նախագահին: Պաշտոնի փոխանցումը տեղի կունենա հունվարի 20-ին: Այդ օրը կկայանա Թրամփի երդմնակալությունը:

Գրել կարծիք