Ումբերտո Էկո. Ինտելեկտուալ վեպի  փարոսը

Ումբերտո Էկո. Ինտելեկտուալ վեպի փարոսը

80 տարեկանում Էկոն հրատարակեց նոր «Վարդի անունը», որտեղ բազմաթիվ խմբագրական ու լեզվական շտկումներ է արել: Այն լույս տեսավ 2013-ին: Ֆրանսերենից հետո հայերենը երկրորդ լեզուն է, որով թարգմանվել է:

Հարց խաչբառից`«Ալեքսանդրյան «փարոս»` երեք տառ»: Պատասխանը` «Էկո», որը ծնվել է Թուրինից ոչ հեռու գտնվող Ալեքսանդրիայում, 1932-ին: Ումբերտո Էկոն փարոսի պես լուսավորում էր ժամանակակից ինտելեկտուալ գրականությունը:

Եզակի իմաստուն ու էրուդիտ, բիբլիոֆիլ ու անպարտելի պոլեմիստ, փիլիսոփա ու անխնա քննադատ . այս ամենով հանդերձ նրա գլխավոր տաղանդը երբեք ձանձրալի չլինելն էր, նույնիսկ գիտական էսսեներում:

Նրա սերը գիտության հանդեպ վարակիչ էր: Բայց լայնաճակատ իտալացուն հռչակ բերեց ամենևին ոչ գիտությունը, այլ գրականությունը:

41u1j5X8hAL._BO1,204,203,200_«Վարդի անունը» (Il nome della rosa) հրատարակվեց 1980-ին: 1981-ին արժանացավ իտալական «Ստրեգա» գրական մրցանակին, ապա` ֆրանսիական «Մեդիչիին»: Ֆրանսիացի ռեժիսոր Ժան Ժակ Աննոն 1987-ին էկրանավորեց Էկոյի պատմական դետկետիվը: Ֆիլմը ստացավ «Սեզար» կինոմրցանակ: Շոն Քոներին` Վիլհելմ Բասկևիլսկու դերում, երիտասարդ գիտնական Ումբերտո Էկոյին դարձրեց ամբողջ աշխահում հայտնի: Նա արդեն հաջողակ էր ու բեսթսելեր:

Էկոն միայն գիտնական-գրող չէր: Նա սոցիալապես ակտիվ փիլիսոփա էր և հաճախ էր արտահայտում իր քաղաքացիական դիրքորոշումը: Իտալիայում ռասիզմի դրսևորումներով, կաշառակերության ու աղքատության աճով, քաղաքական գործիչների կամայականությամբ անհանգստացած Էկոն 2006-ին կոչ արեց փրկել դեմկրատիան ու պահանջեց իշխանությունից հեռացնել նրանց, ովքեր երկիրը անդունդի եզրին էին հասցրել:


Ումբերտո Էկո. Թանկագին թոռնիկս, սովորիր հիշել


Էկո ազգանունը՝ նրա ընտանիքը ժառանգություն էր ստացել ընկեցիկ պապից: «Էկո» բառը հապավում է, լատիներեն նշանակում է «երկնային պարգև» (ECO – ex caelis oblates): Իրականում համաշխարհային գրականության համար երնկային պարգև են  հանճարեղ «Վարդի անունը», «Ֆուկոյի ճոճանակը», «Չեխական գերեզմանատունը», որի հրատարակումից հետո՝ 2011-ին  հեղինակը հայտարարեց. «Այլևս գրքեր չի գրելու, մարդկությունը կարող է հանգիստ լինել»: Բարեբախտաբար, Էկոն չպահեց խոստումը: 2015-ի հունվարին նա ընթերցողին հանձնեց «Զրո համարը» (Numero zero): Այստեղ Էկոն գրել է 90-ականների Իտալիայի մեդիա մշակույթի մասին: Զարմանալ պետք չէ:Ումբերտո Էկոն եղել է նաև իտալական Rai հեռուստաընկերության մշակութային հաղորդումների գլխավոր խմբագիրը: Ի վերջո, ով էր Էկոն, կարող է պատմել միայն Էկոն: Չէ՞ որ նա բազմաթիվ մասնագիտություններից առավել սիրում էր հենց պատմիչի գործը:

***

«Ցավոք, ես ծնվել եմ մի ընտանիքում, որն ի սպառ զուրկ էր գաղտնիքներից ու խորհրդավորությունից: Միակ միստիֆիկացիան ինձ համոզելու ապարդյուն փորձերն էին, որ Ձմեռ պապը գոյութուն ունի: Այնպես որ, ընտանեկան գաղտնիքս բացահայտված է շատ վաղուց»:

***

«Ինչ սկսել եմ ծերանալ, իմ «կարճամետրաժ» հիշողությունը թուլացել է: Փոխարենը ջահել օրերի «լիամետրաժ» հուշերն են ավելի վառ դարձել: Ես երբեք չեմ կորցրել կապը մանկությանս հետ: Բայց ավելի ճշգրիտ. մանկություն վերադարձա 48 տարեկանում: Այդ ժամանակ էի սկսել պատմություններ գրել: 12 տարեկանում  հեքիաթներ էի հորինում ու պատմություններ պատմում: Հետո, երբ մեծացա, խիստ ինքնաքննադատությունս պնդեց, թե գրող դառնալը ինձ համար չէ: Կյանքին Պլատոնի ոգով էի նայում ու պոետներին և վիպասաններին տարօրինակ, երկրորդ կարգի մարդ էի համարում: Բայց պարզվեց, որ գրելու կիրքն ինձ երբեք չէր լքել: Գիտական թեզերի պաշտապնության ժամանակ մի օր դիտողություն ստացա, որ փաստերից շատ եմ շեղվել. ես աշխատանքի փուլերն էի նկարագրել: Ու իմ գրքերն էլ շարունակեցի այդ ոճով ստեղծել` դրանք գիտական հետազոտության օրագրի պես են գրված:

Իրականում ես պատմիչ եմ: Գիտությունն ուղղակի շրջանցիկ ճամփա էր:

Երբ երեխաներս փոքր էին, սիրում էի նրանց համար հեքիաթներ կարդալ: Հենց մեծացան, սկսեցի գրքեր գրել»:

***

«Ինչ մասնագիտությամբ էլ զբաղվում էի, տպավորություն էր, թե անընդհատ նույն բանն եմ անում: Իմ կյանքում տեղի ունեցավ այնպիսի շրջադարձ, որը նման է ձեռքիս ափի կյանքի գծին: Այն ընդհատվում է ինչ-որ տեղ, ու նորից շարունակվում` կարծես ոչինչ էլ չի եղել: 50 տարեկանում ես գիտնական էի: Հետո դարձա գրող: Ինչո՞ւ եղավ այդ խզումը: Որովհետև ես չափից դուրս շատ էի գոհ նրանից, ինչ ունեի: Ամբիոն էի ղեկավարում համալսարանում, սեմիոտիկայի մասին իմ գիտական աշխատությունները թարգմանվել էին տարբեր լեզուներով…

 Սովորաբար 50 տարեկանում տղամարդը լքում է ընտանիքն ու պարուհու հետ մեկնում Կարիբյան կղզիներ: Այդ քայլն ինձ չափազանց բարդ թվաց, բացի այդ` պարուհին շատ «թանկ էր նստում»:Գտա պարզ լուծում` գիրք գրեցի:

«Վարդի անուն»- ում ես իմ հոգին դրեցի ու խոսեցի այնպիսի բաներից, որոնց մասին երբեք բառ անգամ չէի ասել: Երբ մենք սկսում ենք պատմություն պատմել, օգտվում ենք մեր հուշերից, մեր կրքերից: Դա արդեն գիտական թեզ չէ»:

***

«Ինձ հետաքրքրում են բոլոր «կեղծ տեսությունները», հատկապես օկուլտիզմը: Սեմիոտիկայի իմ թեզի առաջին գլխում ասվում է. «Մենք խորհրդանշանը դիտարկում ենք որպես մի բան, որը մեզ հնարավորություն է տալիս ստել»: Սեմիոտիկան ստելու թեորիան է: Եթե այն ճշմարտության թեորիա լիներ, ինձ այդպես չէր հետաքրքրի: Կեղծ տեսություններն ավելի հետաքրքիր են, չէ՞ որ դրանք խորհրդավոր են: Օրինակ` դարվինիզմն ինձ ընդհանրապես չի գրավում:

Ինչպե՞ս կարող է կեղծ տեսությունից ծնվել ճշմարտությունը: Ահա հարցերի հարցը, որ ինձ հանգիստ չի տալիս:

Իմ գրադարանում չկան Գալիլեյի աշխատությունները, որովհետև նա ճշմարիտի մասին էր խոսում: Փոխարենը ունեմ Պտղոմեոսի գործերը, քանի որ նա սխալվում էր իր աստղագիտական բացահայտումներում: Ինձ նաև գրավում են օկուլտիզմով տարված մարդիկ: Հետաքրքիր է` նրանց  90 տոկոսը հավատացյալ է, կամ դառնում է հավատացյալ: Ես այդպես էլ աթեիստ մնացի»:

***

«Երբեք հոգեբանի մոտ չեմ գնացել: Գուցե սա լուցիֆերյան հպարտության նշա՞ն է: Չգիտեմ: Բայց ես ինձ ավելի կոմպետենտ եմ համարում, քան հոգեբանները: Կարող եմ ֆռռացնել նրանց և ինքս ինձ հոգեբանական քննության ենթարկել»:

***

«Ես սիրում եմ «այսօր»-ը, քանի որ այն դժբախտ սեր է մի կղզու հանդեպ, որն այդպես էլ մենք չենք կարող գտնել: Հիմա բացատրեմ: Անընդհատ կրկնվող երկու երազ եմ տեսնում: Մեկում` ինձ լավ ծանոթ ու հարազատ քաղաքում են` Բոլոնիայում: Այնտեղի կենտրոնական փողոցից դուրս եմ գալիս ու, կորցնելով ճանապարհս, հայտնվում գյուղական մի վայրում, որտեղից այդպես էլ չեմ կարողանում վերադառնալ: Երկրորդ երազում`պետք է հանդիպեմ մի կնոջ բնականարում, որը վարձով եմ վերցրել: Բայց ես մոռացել եմ, թե որտեղ է այդ բնակարանը, ու բանալի էլ չունեմ մոտս: Կղզին, որ այդպես էլ չենք գտնում` մետաֆորա է. խորհրդանշում է ամենն` ինչի մասին երազում ենք, բայց չենք կարող  ձեռք բերել»:

***

«Ես մարդկությամբ հետաքրքրվում եմ այն ժամանակ, երբ այն հետընթաց է ապրում: Ինտելեկտուալը մարդկության քննադատողն է, ոչ թե փառաբանողը:  Ինտելեկտուալն այստեղ է , որ անաչառ հայացքով դիտարկի աշխարհը, ոչ թե ասի, թե ինչ լավ է ամեն ինչ: Ներկան փառաբանել բոլորը կարող են: Չափելին չափելը հետաքրքիր վարժանք է, բայց ինձ համար չէ: Ես փորձում եմ դիպչել թույլ տեղերին, որոնք անտեսանելի են»:

***

Համալսարանի դասախոսս մի անգամ ասել էր.

«Մենք ամբողջ կյանքում հետապնդում ենք մի միտք, որն ունի տարբեր դեմքեր, ու այդպես էլ ոչնչի չենք հասնում»:

Այն ժամանակ մտածեցի` ինչ հոռետես է: 30 տարի անց հասկացա, որ ճիշտ էր: Հիմա իմ միակ խնդիրն այն է, որ դեռ չեմ գտել այդ միտքը: Մահվան պահին միայն ամեն ինչ պարզ կդառնա: Դրան անհամբերությամբ եմ սպասում, որպեսզի հասկանամ` ի վերջո, ո՞րն էր իմ կյանքի նպատակը»:

 

Գրել կարծիք