Կյանքն ինչպես դժոխքում. Կանայք, որ կրում են լռության ու բռնության հետևանքները
Հայաստանում տղամարդիկ հակված են ծեծել իրենց կանանց: Ոչ բոլոր տղամարդիկ: Միայն թերարժեքության կոմպլեքսով տառապող անկիրթ, անտաշ ու բռի արուները: Նաև նրանք, ովքեր փոքրուց վարժված են եղել ծեծի տեսարանների: Իրենից թույլին ու անպաշտպանին ծեծելը նաև հոգեկան շեղման հետևանք է: Նույնպիսի շեղում է այն, որ կինն էլ հանդուրժում է, որ իրեն ծեծում կամ ստորացնում են իր ընկերը, ամուսինը, հայրը, եղբայրը: Բայց դահճի ու զոհի պրիմիտիվ կապը կարող է հանգուցալուծվել, եթե կինը մի օր որոշում կայացնի ու հեռանա անասնակերպ արարածից: Բայց ովքե՞ր են նրա առջև բացում փրկության դուռը: Պարզվում է՝ «Armenian Light House» կենտրոնը պատրաստ է հյուրընկալել բարդ վիճակում հայտնված կնոջը, խնամել նրան, հոգեբանական օգնություն տրամադրել և պահպանել անձի գաղտնիությունը:
30 տարեկան, Ե ր և ա ն
Մեզ հետ հանդիպման եկած կինը հազիվ էր քայլում: Աչքերը փոս ընկած էին, դեմքը՝ տանջված, նույնիսկ բառերն էր դժվարությամբ արտաբերում: Պարզվեց՝ 30-ը նոր է բոլորել: Հարբեցող ամուսնու ձեռքերի ու ոտքերի հետքերով ծածկված էր ամբողջ սպիտակ մարմինը: Նա այդ վիճակում եղել է 7 տարի:
25 տարեկան, Ա ր մ ա վ ի ր
Նրա պատմությունը սարսափ ֆիլմ է: Թմրամոլ ամուսին, ծանր հիվանդ երեխա: Հինգ տարի թմրամոլ ու հարբեցող ամուսնու հետ ապրելով՝ գուցե ինքն էլ էր շեղվել: Ժպիտով ու ծիծաղով էր նկարագրում ամուսնու խոշտանգումները: Օրինակ՝ ինչպես է լվացքի փոխարեն ինքը հայտնվել պարանին: Ամուսինը 2-րդ հարկից նրան կախել էր մազերից:
32 տարեկան, Ա ր ա ր ա տ
Առանց շպարի, ջինսով ու սպորտային կոշիկներով է: Պայուսակ էլ չի բռնում: Կարճ սանրվածք ունի՝ ասես տղայի: Մասնագիտությամբ մենեջեր է: Իրեն համարում է ձախորդ: