Երիտասարդ գործարարների համահայկական առաջին ֆորում. ովքե՞ր և ինչպե՞ս կարող են մասնակցել

Երիտասարդ գործարարների համահայկական առաջին ֆորում. ովքե՞ր և ինչպե՞ս կարող են մասնակցել

newmag-ը պատմում է հուլիսի 15-22-ին Երևանում կայանալիք Երիտասարդ գործարարների համահայկական առաջին ֆորումի կարևորության և մասնակցության կարգի մասին:

Հայաստանի երիտասարդ գործատուների միությունը հուլիսի 15-22 Երևանում անցկացնելու է Երիտասարդ գործարարների համահայկական առաջին ֆորումը, որի նպատակն է Սփյուռքի, Հայաստանի ու Արցախի երիտասարդ գործարարների համար հարթակ ստեղծելը:

Ֆորումը հնարավորություն է աշխարհի տարբեր երկրներում սփռված ազգությամբ հայ երիտասարդների համար իմանալ հայաստանյան բիզնես-միջավայրի մասին ավելին, քան նրանք լսել են:

Հայը հայի հետ բիզնես ստեղծելու նոր շանս է ստանում:

Երիտասարդ գործարարների համահայկական առաջին ֆորումին կարող են մասնակցել նրանք, ովքեր`

  • մինչև 40 տարեկան հայ երիտասարդ են
  • զբաղվում են գործարարությամբ
  • ցանկանում են ծանոթանալ Հայաստանի բիզնես միջավայրին
  • ձեռք բերել նոր գործընկերներ
  • մշակել և իրագործել համատեղ բիզնես-նախագծեր:

Ֆորումին մասնակցելու համար ընդամենը պետք է գրանցվել Երիտասարդ գործատուների միության www.panarmenianforum.com կայքում:

Երիտասարդ գործարարների Համահայկական առաջին ֆորումն արդեն ունի գլոբուսի տեսքով խորհրդանիշ:  Հայաստանի երիտասարդ գործատուների միության երիտասարդ թիմը էնտուզիազմը աչքերում, ձեռքը-ձեռքին տված հարստացնում է ֆորումի օրակարգը: Արդեն հայտնի է, որ ֆորումին մասնակցելու հայտ են ներկայացրել  երիտասարդներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Իսրայելից, Իրանից, ԱՄԷ-ից:

Ֆորումին մասնակցելու հայտ է ներկայացրել սիրիահայ գործարար Անդրանիկը: Նա բիզնեսը Հալեպից Երևան է տեղափոխել: Անդրանիկի պապն անցած դարի կեսին Հալեպում կոշկագործական ֆաբրիկա էր հիմնել, կտակել էր որդուն, հետո էլ այն թոռանը հասավ: Ընդամենը երկու տարում 2 մոդելի կոշիկից հասել են 100 մոդելի կոշկի արտադրության: Ոճը նորաձև է, եվրոպական է, որակը բարձր, հայկական ավանդական: Այս արկղերում փաթեթավորված կոշիկներն էլ մի քանի օրից կվաճառվեն Մոսկվայի խանութներում: Մյուս խմբաքանակն էլ արտահանելու են Դուբայ:

Մերուժանը ընկերոջ հետ ու հենց ընկերոջ երևանյան բնակարանում սկսեց գործը: Ձեռք ձեռքի տված, ժամանակից ապրելաոճին ու ճաշակին հարիր շենք-շինությունների ներքին ու արտաքին դիզայն էին մշակում: Պատվերները շատացան, թիմը մեծացավ: Կոշկագործական ֆաբրիկայի ղեկավար Անդրանիկը և ճարտարապետետական արվեստանոցի պատասխանատու Մերուժանը Հայաստանի երիտասարդ գործատուների միության բարեկամներն են:

Երիտասարդ գործարարների համահայկական ֆորումը յուրահատուկ հավաք է: Սփյուռքից ժամանած երիտասարդների և նրանց մտերիմների համար ստեղծվել է նաև հատուկ մշակութային ծրագիր: Նրանք կծանոթանան Հայաստանի ու Արցախի պատմական ու տեսարժան վայրերին, կայցելեն առաջատար ընկերություններ ու կպարզեն Հայաստանում բիզնեսի ստեղծման նրբությունները:

 

Գրել կարծիք