Ի՞նչ ճակատագիր ունեցան Հայաստանի կուսակցությունների երիտթևերի լիդերները

Ի՞նչ ճակատագիր ունեցան Հայաստանի կուսակցությունների երիտթևերի լիդերները

Ի՞նչ եղավ նրանց հետ, ովքեր իրենց ջահելական խանդավառությամբ նետվեցին քաղաքական պայքարի խառնարան:

ԱՄԵՆ ԻՆՉԻՆ ԵՂԻ´Ր  ՊԱՏՐԱՍՏ,  ՄԻՇ´Տ ՊԱՏՐԱՍՏ

Կոմերիտական նախկին առաջնորդ Սանատրուկ Սահակյանը Կոմկուսից 2004-ին հեռացվեց իր ընկերների` Խորեն Սարգսյանի և Նորիկ Պետրոսյանի հետ: Նրանց մեղադրում էին 2003-ի ընտրարշավը տապալելու մեջ: Հետո ՀԿԿ 1-ին քարտուղար Ռուբեն Թովմասյանը եռյակին խորհուրդ տվեց «լվացվել», թեև վստահ էր, որ Սանատրուկին դա էլ չի օգնի:

Բոլոր դեպքերում, հետո կոմերիտականը դարձավ բոցաշունչ ՕԵԿ-ական ու սկսեց միտինգներին ասմունքել` «Դռները բացե՜ք, Արթո՛ւրն է գալիս»: 

Ասմունքը ճանապարհ հարթեց դեպի Արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական, հետո` ձերբակալություն (2009): Սանատրուկը մեղադրվում էր կաշառակերության մեջ` ինչ-որ մեկին խոստանալով ընդունել Ոստիկանության ակադեմիա:

Դրանից հետո Սանատրուկի մասին ոչ լսել են, ոչ տեսել: Միայն գիտեն, որ Մոսկվայում է: 


ՀՀՇ . ԲԱՑՎԵՑ ՈՐՊԵՍ ԱԿՈՒՄԲ,  ՓԱԿՎԵՑ ՈՐՊԵՍ ԿԼՈՒԲ

ՀՀՇ երիտմիությունը 90-ականների սկզբին կոչվում էր «Հայք»: Ոչ թե միություն էր, այլ` երիտակումբ: Ակումբի առաջին ղեկավարը Արտակ Հայրապետյանն էր: Այն ժամանակ 18 տարեկան, հիմա` 43: Արտակը ՀՀՇ-ն լքել է 1998-ին: Նախկին կուսակիցների հետ կապ չի պահում, Հայաստանում չէ: «Հայք» ակումբը 1999-ին դարձավ երիտմիություն: Դրանից 10 տարի անց Լևոն Տեր-Պետրոսյանը երիտասարդներին դիմեց ոչ այնքան լենինյան պատգամով` սովորել, սովորել, սովորել ու չդառնալ կոմսոմոլ: Դրանից հետո ՀՀՇ-ն փակվեց, երիտմիությունն էլ` հետը:


ՍԴՀԿ  ԱՏԵՆԱՊԵՏԻ  ՃԱՆԱՊԱՐՀՆ  ԱՆՑՆՈՒՄ  Է ՍԱՐԳԻՍ ՏԽՐՈՒՆԻՈՎ

ՍԴՀԿ ուսանողական-երիտասարդական միության նախկին նախագահը Նարեկ Գալստյանն էր (մինչև 2009-ը` կուսակցության վերահիմնվելուց հետո): Այդ ընթացքում Նարեկը հասցրեց աչքի ընկնել սկանդալներով: Ամենահայտնին նրան ծեծելն էր, երբ դեռ 20 տարեկան էլ չկար, ուսանող էր: Այդ տարիներին ՍԴՀԿ երիտասարդը հայտարարում էր` արմատական ընդդիմություն է, մինչև վերջին պահը կանգնելու է Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին` որպես իշխանություններից ազատվելու միակ երաշխիքի:


ԱԻՄ  ԹՌՈՒՑԻԿՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

ԱԻՄ գլխավոր երիտասարդը մի ժամանակ Արկադի Վարդանյանն էր: 1992-ին երիտթևի ղեկավարն էր, հիմա Հայրիկյանի աջ թևը` ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի նախագահը: Այն ժամանակ 22 տարեկան Արկադին Պոլիտեխնիկում էր սովորում: Իր ամենատպավորիչ նախաձեռնություններից մեկը համարում է Հայրիկյանի բանաստեղծության տպագրումը` «Որպես Մասիս` հայության խորհուրդը հավիտենական…»: Տպագրեցին մեծ քանակությամբ ու որպես անանուն թռուցիկ տարածեցին Պոլիտեխնիկի 3-րդ հարկից: Այսօրվա պես է հիշում մյուսների ոգևորությունը` կարդում էին ու ասում` այս ի՜նչ լավ բան է…


ՀՅԴ. ՆԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՍՏԻՊԵՑ  ՓԱՐԻԶԻՑ ՇՏԱՊ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ

ՀՅԴ երիտասարդական միության ղեկավարները մի քանիսն էին: Նրանցից մեկը Գեղամ Մանուկյանն էր: Այն ժամանակ 20 տարեկան, հիմա`46: Դաշնակցական գլխավոր երիտասարդ Գեղամի ու նրա ընկերների առաջին խոշոր նախաձեռնությունը «Նիկոլ Աղբալյան»-ի ձևավորումն էր, ՀՅԴ 100-ամյակի տոնակատարությունը:  Խոշոր գործողություններից մեկը 1991-ի համաուսանողական երթն էր ու եռօրյա նստացույցը Գերագույն Խորհրդի դիմաց` Ռուս-թուրքական պայմանագիրը չեղյալ հայտարարելու հարցով: Իմանալով արտահերթ նիստ հրավիրելու հարցով ստորագրահավաք կազմակերպելու մասին, Լևեն Տեր-Պետրոսյանը շտապ վերադարձել էր Փարիզից:

Այդ դեպքերից 15 տարի անց` 2006-ին, Գեղամը դարձավ պատգամավոր, այժմ ղեկավարում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լուրերը: 


ՀՀԿ.  ԴԵՊԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ  ՃԱՆԱՊԱՐՀՆ  ԱՆՑՆՈՒՄ  Է  ՈՉ ՄԻԱՅՆ ՄԵԼԻՔ -ԱԴԱՄՅԱՆՈՎ

ՀՀԿ երիտթևի առաջին ղեկավարը եղել է Հովհաննես Հովհաննիսյանը: 1991-ին հենց 17 տարեկան Հովհաննեսն էր առաջարկել ստեղծել Հանրապետականի երիտասարդական կառույց, ու հենց նա էլ սկսել է երիտասարդների հավաքագրումը:

Այդ տարիները Հովհաննեսը բնորոշում է կարճ` Անկախության բանակի մարտիկ էր: Մովսես Գորգիսյանի, Աշոտ Նավասարդյանի ընկերը: Ամեն օր հիշում է ընկերոջը` Հայ ազգային երիտասարդական միության խմբապետ Վարդան Պապիկյանին, որն անհետ կորավ Մովսես Գորգիսյանի մահվան օրը` Երասխավանում: 15 տարեկան էր…

Ղեկավարել է մինչև 1996-ը, նույն տարում մասնակցել է ավագանու ընտրությանը: Այդ ժամանակ ՀՀԿ-ն չունեցավ ոչ մի թաղապետ, բայց երկուսը դարձան ավագանու անդամ: Նրանցից մեկը հենց Հովհաննեսն էր:

Ավելի ուշ` 2000-ից, 26 տարեկան երիտասարդը  սկսել է լրացնել բացը, որն առաջացել էր պատերազմի պատճառով: Մինչև 2005-ը Հովհաննեսը սովորել է մոսկովյան բուհում` ավարտելով դիվանագիտական ակադեմիան, հետո նույն բուհի ասպիրանտուրան, պաշտպանել թեկնածուական: Այդ ընթացքում ստացել է պետական համակարգում աշխատելու հրավերներ, բայց մերժել է բոլորը: Հիմա 42 տարեկան է: Պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի փեսան է: Խնդրում է անպայման նշել, որ մինչև իշխանության գալը ՀՀԿ-ն երկու երիտթևի նախագահ էլ է ունեցել` Եսայի Հովնանյանը (Հովհաննեսը փորձում է նրան գտնել, չի ստացվում), և Շմավոն Վեզիրյանը:

Հետո Հանրապետականի երիտթևը ղեկավարեց Վազգեն Խաչիկյանը, նրանից հետո` Արմեն Աշոտյանը: Վերջին 10 տարում ՀՀԿ գլխավոր երիտասարդը եղել և մնում է 41-ամյա Կարեն Ավագյանը:

 

Գրել կարծիք