ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

[Շարունակությունը՝ գրքում] Լուիս Քերոլ․ Ալիսը հրաշ

[Շարունակությունը՝ գրքում] Լուիս Քերոլ․ Ալիսը հրաշքների աշխարհում

ԳԼՈՒԽ I
ՑԱԾ` ԴԵՊԻ ՃԱԳԱՐԻ ԲՈՒՅՆԸ
Ալիսն արդեն ձանձրանում էր, որովհետև գետափին` քրոջ կողքին նստած, ոչինչ չէր անում: Մեկ–երկու անգամ նա աչք գցեց քրոջ կարդացած գրքին, բայց այնտեղ ո՛չ նկար կար, ո՛չ էլ` խոսակցություն:
«Էլ ի՞նչ գիրք,– մտածեց Ալիսը,— որ ո՛չ նկար ունի, ո՛չ խոսակցություն»:
Եվ նա սկսեց մտմտալ (բայց հեշտ բան չէր, որովհետև տոթից թմրել էր և քունը տանում էր), թե ծաղկեպսակ հյուսելու համար արժե տեղից ելնել ու մարգարտածաղիկ քաղել, երբ հանկարծ կարմրավուն աչքերով մի Սպիտակ Ճագար վազեց կողքով:
Ալիսին բոլորովին տարօրինակ ու արտասովոր չթվաց այն, որ Ճագարն անցնելիս ինքնիրեն խոսեց. «Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, ուշանում եմ, շատ եմ ուշանում»:
(Երբ Ալիսը հետագայում մտածեց այդ մասին, գլխի ընկավ, որ ինքն այն ժամանակ պետք է որ զարմացած լիներ, բայց այդ բոլորն իրեն բնական էր թվացել):
Իսկ երբ Ճագարը բաճկոնի գրպանից հանեց ժամացույցը, ուշադիր նայեց ու ապա շարունակեց ճանապարհը, Ալիսը վեր թռավ, որովհետև երբեք չէր տեսել բաճկոն հագած կամ ժամացույց ունեցող ճագարի, և հետաքրքրությունից վառվելով` դաշտով մեկ վազեց Ճագարի հետևից ու հասցրեց տեսնել, թե ինչպես վերջինս ցատկեց ցանկապատի տակի փոսը:
Հաջորդ վայրկյանին Ալիսը նետվեց նրա հետևից, առանց մտածելու, թե հետո ինչ հրաշքով է դուրս գալու այնտեղից:
Ճագարի բույնը որոշ տարածություն ձգվում էր ուղիղ թունելի նման, հետո կտրուկ ցած էր իջնում, այնքան կտրուկ, որ աղջիկը նույնիսկ չհասցրեց իրեն հետ պահել ու սկսեց ընկնել խոր ջրհորի մեջ:
Կա՛մ ջրհորն էր շատ խոր, կա՛մ ինքն էր շատ դանդաղ ընկնում, որովհետև իջնելիս Ալիսը բավական ժամանակ ուներ դիտելու շրջապատը և մտածելու կատարվելիքի մասին: Սկզբում փորձեց ցած նայել ու գուշակել, թե ինչին է մոտենում, բայց հատակում խավար էր, և հնարավոր չէր որևէ բան զանազանել: Հետո աչք գցեց ջրհորի պատերին ու նշմարեց, որ դրանք վերից վար լցված են պահարաններով ու գրադարակներով: Այսուայնտեղ նա մեխերից կախված քարտեզներ ու նկարներ տեսավ: Դարակների մոտով անցնելիս ցած բերեց մի սափոր, որի վրա փակցված էր «ՆԱՐՆՋԻ ՀՅՈԻԹ» գրությամբ պիտակը, բայց, ափսո՜ս, դատարկ էր: Նա չուզեց սափորը ձեռքից թողնել՝ վախենալով ներքևում մեկնումեկին վնասելուց, և պահարանների մոտով անցնելիս հասցրեց դնել նրանցից մեկի մեջ:

«Դե, իհարկե,— մտածեց Ալիսը,— այսպիսի վայրէջքից հետո սանդուղքից գլորվելն ինձ համար դատարկ բան է: Տնեցիք ինձ քաջի տեղ կդնեն: Ու ես ծպտուն անգամ չեմ հանի, թեկուզ տանիքից ընկնեմ»: (Եվ իրոք այդպես էր):
Ցա՛ծ, ցա՛ծ, ցա՛ծ. երբևէ սրա վերջը կգա՞:
— Հետաքրքիր է, մինչև հիմա քանի՞ մղոն անցած կլինեմ,— բարձրաձայն ասաց նա,— երևի Երկրի կենտրոնին եմ մոտենում: Ինձ թվում է` արդեն չորս հազար մղոն իջած կլինեմ:
(Տեսնո՞ւմ եք, Ալիսը նման շատ բաներ էր սովորել դպրոցում, ու թեև հիմա գիտելիքները ցուցադրելու տեղը չէր, քանի որ նրան լսող չկար, բայց և այնպես առիթը բաց չթողեց):
— Երևի այդքան էլ անցած կլինեմ: Տեսնես ո՞ր լայնության և երկայնության վրա եմ գտնվում:
Ալիսը գաղափար անգամ չուներ, թե ինչ բան է լայնությունը և ոչ էլ գիտեր երկայնության մասին, սակայն մտածեց, որ նման բառերի օգտագործումն իրեն պատիվ է բերում:
Եվ շարունակեց խոսել.
— Հետաքրքիր է, կանցնե՞մ երկրագնդի կենտրոնով: Ի՜նչ ծիծաղելի կլինի, եթե հայտնվեմ այնպիսի մարդկանց մեջ, որոնք գլխիվայր են քայլում: Իմ կարծիքով` նրանք կոչվում են Հակակրելիներ: (Ալիսը հոգու խորքում ուրախ էր, որ իրեն լսող չկար, որովհետև վերջին բառը միանգամայն սխալ հնչեց): Բայց ես պետք է հարցնեմ նրանց այդ երկրի անունը: «Բարի՛ եղեք, տիկին, ասացե՛ք, սա Նոր Զելանդիա՞ն է, թե՞ Ավստրալիան» (և փորձեց գլուխ տալ, պատկերացրե՛ք, ընկնելիս գլուխ տալ: Կարծում եք կարո՞ղ եք): Տիկինը կմտածի. «Ի՜նչ տգետ աղջիկ է, ի՜նչ հիմար հարցեր է տալիս»: Ոչ, պետք չէ հարցնել: Գուցե որևէ տեղ գրված լինի այդ երկրի անունը:
Ցա՛ծ, ցա՛ծ, ցա՛ծ: Քանի որ Ալիսն ուրիշ անելիք չուներ, սկսեց նորից խոսել.
— Հաստատ գիտեմ, այս գիշեր Դինան ինձ կկարոտի: (Դինան նրա կատուն էր): Երևի մերոնք թեյի ժամին չեն մոռանա նրան կաթ տալ: Դի՛նա, սիրելի՛ս, երանի՛ հիմա մոտս լինեիր: Ափսո՛ս` օդում մկներ չկան, բայց դու կարող ես չղջիկ բռնել: Գիտես, չէ՞, որ չղջիկն ու մուկն իրար նման են: Հետաքրքիր է, կատուն չղջիկ ուտո՞ւմ է:    
Այստեղ Ալիսի քունը տարավ, բայց նա շարունակեց կեսքուն–կեսարթուն միալար կրկնել.
— Իսկ չղջիկն աղջիկ ուտո՞ւմ է, չղջիկն աղջիկ ուտո՞ւմ է,—  երբեմն էլ,— աղջիկը չղջիկ ուտո՞ւմ է:
Ալիսը չէր կարող պատասխանել այդ հարցերից և՛ ոչ մեկին, ուստի միևնույնն էր, թե որ հարցն է տալիս: Նա արդեն ննջում էր և երազում սկսել էր տեսնել, թե ինչպես է Դինայի թաթը բռնած զբոսնում է և շատ լուրջ հարցնում նրան.
— Դե՛, Դի՛նա, ճի՛շտն ասա, երբևէ չղջիկ կերե՞լ ես:
Մեկ էլ հանկարծ թրը՛մփ, թրը՛մփ. նա փռվեց փայտերի կույտի ու չոր տերևների վրա և վայրէջքն ավարտվեց:
 

Թարգմանությունը անգլերենից`  Սոնա Սեֆերյանի


www.zangak.am

Տարածել