[Շարունակությունը` գրքում] Ալիս Մանրո. Կյանքի սիրույն

[Շարունակությունը` գրքում] Ալիս Մանրո. Կյանքի սիրույն

newmag-ն ու Զանգակ հրատարակչությունն առաջարկում են կարդալ Նոբելյան մրցանակակիր Ալիս Մանրոյի գիրքը: Թարգմանությունն անգլերենից՝ Աննա Դավթյանի:

ՔՈՐՐԻ

— Ամբողջ փողը մի տեղ հավաքելը, մի ընտանիքում կենտրոնացնելը լավ բան չէ, էն էլ էս տեսակ տեղում,— ասաց պր. Քարլթոնը,— այսինքն՝ աղջկաս՝ Քորրիի պես մեկի համար, էստեղ: Օրինակի համար էլի՝ նրա պես: Լավ չէ: Նույն մակարդակին մարդ չկա:
Քորրին սեղանի մյուս կողմից նայում էր ուղիղ հյուրի աչքերի մեջ: Երևի զվարճալի էր համարում:
— Ո՞ւմ հետ ամուսնանա,— շարունակեց հայրը,— քսանհինգ տարեկան է:
Քորրին հոնքը տնկեց ու դեմքը ծամածռեց:
— Մի տարի բաց թողեցիր,— ասաց,— քսանվեց:
— Շարունակիր նույն ոգով,— ասաց հայրը,— խնդա, ինչքան ուզես:
Քորրին բարձրահունչ ծիծաղեց. էլ ի՞նչ կարող էր անել, մտածեց հյուրը: Հյուրի անունը Հովարդ Ռիթչի էր, միայն մի քանի տարի էր Քորրիից մեծ, բայց արդեն կին–երեխայով էր բեռնված, ինչպես հայրն արդեն հասցրել էր տեղեկանալ:
Քորրիի դեմքի արտահայտությունն անընդհատ փոխվում էր: Սպիտակափայլ ատամներ ուներ, կարճ, գանգուր, սևին խփող մազեր: Բարձր այտոսկրեր, որոնց վրա լույսը բեկվում էր: Փափուկ կանանցից չէր: Շատ միս չունի ոսկորի վրա, ասելու էր հայրը, եթե էլի խոսեր: Հովարդ Ռիթչին մտածեց, որ գոլֆի ու թենիսի վրա շատ ժամանակ ծախսող տեսակից է: Չնայած սուր լեզվին՝ միտքը դժվար թե սովորականից տարբեր լինի, մտածում էր նա:
Հովարդը ճարտարապետ էր, նոր–նոր՝ կարիերայի սկզբին: Պր. Քարլթոնը կպած նրան եկեղեցական ճարտարապետ էր անվանում, որովհետև այդ պահին քաղաքի անգլիկան եկեղեցու աշտարակն էր վերանորոգում: Աշտարակը համարյա փլուզվելու եզրին էր, երբ պարոն Քարլթոնը եկավ դրա փրկությանը: Նա անգլիկան եկեղեցու հետևորդ չէր. մի քանի անգամ շեշտեց: Մեթոդիստ եկեղեցու անդամ ու մինչև ուղնուծուծը մեթոդիստ էր, ինչ պատճառով էլ տանը ոգելից խմիչք չէր պահում: Բայց անգլիկան եկեղեցու պես հրաշք եկեղեցին չպիտի քանդուքարափ լիներ: Անգլիկաններից հույս չկա. սրանք իռլանդական բողոքականների աղքատ դասն էին, որ աշտարակն ավելի շուտ ցած կբերեին ու տեղն էնպիսի մի բան կտնկեին, որ ամոթանք կդառնար քաղաքի գլխին: Նրանք համ միջոցներ չունեին, համ էլ չէին հասկանում, որ էստեղ ատաղձագործի փոխարեն ճարտարապետ է պետք: Եկեղեցական ճարտարապետ:
Ճաշասենյակն ահավոր էր, գոնե Հովարդի համար: Հիսունականների կեսերն էին, բայց թվում էր՝ ամեն ինչ այստեղ դարադարձից առաջ է դրվել ու մնացել: Ուտելիքը նորմալ համարելը դժվար էր: Սեղանի գլխին նստած տղամարդը ոչ մի պահ չդադարեց խոսել: Կմտածեիր, թե աղջիկը պիտի տանջահար եղած լինի սրա ձեռքին, բայց նա անընդհատ ծիծաղում էր: Աղանդերը դեռ չէր ավարտել, երբ ծխախոտ վառեց: Հովարդին էլ առաջարկեց ու լսելի ձայնով ասաց՝ հայրիկին մի՛ նայիր: Հովարդը վերցրեց, բայց մտքով նրա մասին լավ բաներ չանցան:
Փչացած հարուստ օրիորդ: Անտակտ:
Մեկ էլ ոչ այս կողմ, ոչ այն կողմ՝ հարցրեց՝ ի՞նչ կարծիքի է Սասքըչուանի նահանգապետ Թոմի Դուգլասի մասին:
Հովարդն ասաց, որ իր կինն է աջակցում նրան: Ըստ էության, կինն այն կարծիքին է, որ նա բավարար ձախական չէ, բայց ինքն էդ բանում շատ չկա:

Գրել կարծիք