Նախաերևանյան 7 հնավայր, որոնց մասին քչերը գիտեն

Նախաերևանյան 7 հնավայր, որոնց մասին քչերը գիտեն

Հայկական լեռնաշխարհի վերջին մայրաքաղաք Երևանում դեռևս շնչում են նրանից առաջ գոյատևած մի շարք պատմամշակութային հուշարձաններ: newmag-ն ու Արվեստագիրը առաջարկում են ծանոթանալ քաղաքի պատմությանը., որը դեռ ներկա է:

Երևանի ներկայիս տարածքում տեղի ունեցած պատմական իրադարձություները շատ կարևոր են հայ մշակույթի պատմության բաց էջերը լրացնելու համար: Այստեղ մենք կարող ենք ականատես լինել ժամանակի ստեղծած և ժամանակով գոյատևած  տարբեր մշակույթների՝ սկսած վաղ ժամանակաշրջանից մինչև մեր օրերը:

Շենգավիթ

Շենգավիթ բնակատեղին գտնվում է Երևանի հարավ-արևմտյան մասում՝ Հրազդան գետի ձախ բարձրադիր ափին (Երևանյան լճի հարևանությամբ), Կուր-արաքսյան մշակույթի՝ վաղ բրոնզեդարյան զարգացած փուլի առավել լավ ուսումնասիրված հուշարձաններից է: [1]  Շենգավիթի բնակատեղին տալիս է վաղ բրոնզեդարյան մշակույթի առավել ամբողջական պատկերը: Ուշագրավ են ինչպես քաղաքացիական՝ մասնավորապես բնակելի շենքերը, այնպես էլ պաշտպանական, տնտեսական և պաշտամունքային նշանակության կառույցները: Հետաքրքիր են շենգավթյան մշակույթին բնորոշ շարժական օջախները, որոնք սովորաբար  դրվել են տների կենտրոնական մասում: Օջախն ունեցել է ինչպես տնտեսական, այնպես էլ ծիսական գործառույթ և հանդիսացել է ընտանիքի հաջողության խորհրդանիշը: Հուշարձան այցելելուց հետո խորհուրդ կտանք այցելել  նաև Հայաստանի Պատմության թանգարան և տեսնել գտածոները:

Shengavit-002


Ուրարտական դամբարան Երևանում

Վերջերս բացվեց Երևան Մոլը, որտեղ ճարտարապետական դետալների մեջ կարելի է հանդիպել ուրարտական սեպագրեր՝ իբրև ներքին հարդարման  տարր: Բանն այն է, որ Երևան Մոլի տարածքում է գտվնում Ուրատական մի դամբարան, որը թվագրվում է մ.թ.ա. 8-րդ դարով: Դամբարանը հայտնաբերվել է 1984 թ.-ին Արշակունյաց պողտայի վրա  շինարարական աշխատանքների ժամանակ:

Դամբարանը բիայնական է և կառուցված է եղել դամբարանադաշտի տարածքում: Այստեղ հայտնաբերվեցին նաև վաղ ու միջին բրոնզեդարյան ժամանակաշրջանով թվագրվող դամբարաններ: Դամբարանում գտնվեցին թասեր, ճրագ, օձագլուխ ապարանջաններ,դանակներ, գոտիներ, բրոնզե գամեր,  գեղեցիկ հարդարված խեցեղեն և այլն: Վերջերս վերակազմությունից հետո տեղի ունեցավ դամբարանի բացումը: Եթե լինեք Երևան մոլում, հիշեք և անպայմանորեն այցելեք դամբարան՝ միակ վայրը, որտեղ չէս մոլորվում:


Թեյշեբաինի կամ Կամիր բլուր

Ուրարտերեն URU  D te-i-še-ba-i-ni   ուրարտական քաղաք, որը գտնվում է Հրազդան գետի ձախ ափին: Քաղաքը կառուցվել է Վանի թագավորության վերջին հզոր թագավոր Ռուսա Բ-ի (մ.թ.ա. 685-645) կողմից՝ մ.թ.ա. VII դարում: Էրեբունիից ոչ հեռու կառուցված Թեյշեբաինի բերդաքաղաքը կրում է ուրարտական ռազմի և ամպրոպի աստված Թեյշեբայի անունը:[3] Կարմիր Բլուրի պեղումները մեկնարկել են 1936թ. Բորիս Պիատրովսկու գլխավորությամբ: Առաջին օրը նրանք մոտենում են բլուրներին, սակայն ոչինչ այդտեղ դեռ չէր երևում, իսկ հաջորդ օրը հորդառատ անձրև է տեղում և նշմարվում են Կարմիր Բլուրի պարսիպները:

Կարմիր բլուրի պեղումների ժամանակ հայտնաբերվել են մեծ քանակությամբ հնագիտական արտեֆակտներ, ինչպես նաև գարու, ցորենի, կորեկի, սիսեռի մնացորդներ, խաղողի կորիզներ: Կամիր բլուրում պահպանվել են աղյուսաշեն պատերի մնացորդները, հղկված  բազալտե քարեր և սեպագիր արձանագրություններ:

Երկար դադարից հետո 2013-ին վերսկսեցին երբեմնի ուրարտական քաղաքի պեղումները և շարունակվում են մինչև օրս: Մայրամուտին այստեղ տեսարանն աննկարագրելի է, բլուրները ամբողջությամբ պատվում են ոսկեգույնով։ Զարմանալի չէ, թե ինչու է բլուրը ստացել  Կարմիր անվանումը:


Ծիծեռնակաբերդ

Չկա մի հայ, որ այցելած չլինի  Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը: Սակայն քչերը գիտեն, որ Ծիծեռնակաբերդի տարածքում դեռևս շնչում է հին ամրոցը: Ըստ ավանդության՝ այստեղ եղել է հայոց սիրո աստվածուհի Աստղիկի տաճարը, որի երկրորդ հարկում ապրող ծիծեռնակները, որպես սուրհանդակներ, լուրեր էին տանում Աստղիկի սիրեցյալին՝ Վահագն աստծուն և ահա այստեղից էլ առաջաացել է Ծիծեռնակաբերդ անվանումը:

Ծիծեռնակաբերդի բլուրը ունի հզոր պարիսպներ և թվագրվում է վաղ երկաթի դարաշրջանով՝ մ.թ.ա. X դար: Բլուրի գագաթից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Երևանի չորս կողմերը:


Դալմայի Բաղեր, Երևանի Բերդ 

Երեանի բերդը գտնվում է Հրազդան գետի ձախ ափին: Վաղ միջնադարյան բերդը հավանաբար գնտվել է Կոնդ թաղամասում, այնուհետև ընդարձակվելով զբաղեցրել ներկայիս Երևանի  «Արարատ» գինու գործարանի տարածքը: Բերդն ունեցել է գաղնտուղի, որը դուրս է եկել դեպի Դալմայի այգիներ, այնուհետև դեպի Հրազդան գետը՝ պաշարման ժամանակ գետից ջուր վերցնելու նպատակով: Քանդվել է 1930-ակա թթ. Երանի վերակառուցման ժամանակաշրջանում:

17-րդ դարում՝ Հայաստանի բաժանումից հետո, նրա արևելյան հատվածը անցնում է Սեֆյան Պարսկաստանին: Երևանի բերդի տարածքում էր գնտվում պարսից խանի պալատը: Այն գտնվում է Հրազդանի կիրճի հարևանությամբ: Պալատից գեղեցիկ տեսարան է բացվել  դեպի Հրազդան գետը, խանի այգիներն ու Արարատ լեռը: Պալատի դիմաց տարածվող այգիներում աճեցրել են միայն հայկական «Ոսկեհատ» խաղողի տեսակը, որից պատրաստվել է որակյալ գինի: Այդ պատճառով հաճախ պարսիկները հայերից խարջի (հարկ) դիմաց պահանջել են խաղողի այդ տեսակը: Պատահական չէ նաև խաղողի տեսակին տրված «խարջի» անվանումը։[4]

Բոլորիս հայտնի Դալմայի բաղերը իրենց մեջ դեռևս պահում են մի շարք գաղտնիքներ: Դժվար է պատկերացնել, որ Երևանում կան այնպիսի վայրեր, որոնք կարծես կապ չունեն Երևանի հետ: Դալմայի բաղերի տարածքով է անցնում  ուրատական արքա Ռուսա Բ-ի ջրանցքը, որը գործում է մինչև այսօր:

Այս հսկայական տարածքներում դեռևս վաղ ժամանակից մշակվում էր խաղողագործությունը: Հետագայում ևս մինչև ուշ միջնադար այստեղ բարենպաստ պայմաններ էին հողի մշակման և խաղողագործության համար: Այսօր այստեղ պահպանվել են մոտ 5 կանգուն միջնադարյան հնձաններ, որոնք թերևս ուսումասիրման փուլում են գնտվում: Հնձանների հարևանությամբ փռված են թմբային այգիները, որտեղ և մշակվում էր խաղողը: Այսօր այս մեթոդը չի կիրառվում խաղողագործության  մեջ:  Կարծում եմ բոլորը կցանկանայն համտեսել Դալմայի այգիների խաղողից ստացված գինին:


Կարմիր Բերդ

Կարմիր Բերդը հայտնի է նաև Կիզիլ կալա, Թազաքենդ, Գայախարաբա անվանումներով: Տեղանքը Կարմիր Բերդ է անվանվել տեղի բնակիչների կողմից: Հնավայրը բաղկացած է ամրոցից և դամբարանադաշտից: Դամբարանադաշտում պեղվել է  միջին բրոնզի, ուշ բրոնզի և երկաթի դարաշրջանի 197 դամբարան:

Հրվանդանի վրա գնտվող ամրոցից պահպանվել են մոտ երկու մետր բարձրությամբ բազալտից պատերը: Այստեղ կատարված պեղումները թույլ են տալիս եզրակացնելու, որ ամրոցը Ք.ա.  II հազարամյակի կեսերից սկսած գոյատևել է  մինչև Ք.ա. VII դար և կրկին վերաբնակեցվել է վաղ միջնադարում: [5]


Երևանի Կարմիր Կամուրջ   

Կամուրջը գնտվում է Հրազդանի կիրճում ՝ ներկայիս գինու կոմբինատի մոտակայքում:  Կոչվում է  «կարմիր», քանի որ այն կառուցված է կարմիր տուֆից: Նրա եկարությունը կազմում է 80մ, իսկ բարձրությունը 11մ: Կառուցվել է 1676 թվականի Երևանի երկրաշարժից քանդված  կամրջի տեղում: Կամուրջը կապել  է Երևանի բերդը Արարատյան դաշտի հետ և  գնտվել է Դալմայի այգիներից ոչ հեռու: ժամանակին կամրջի վրայով անցնում էին գրաստներ, սայլեր, հետիոտներ ու հեծյալներ: Կամուրջն ունի կամարավոր բացվածք, որոնցից երկու կենտրոնականները մեծ են,  և դրանց միջով հոսում է գետը, իսկ 2-ը փոքր են՝ համեմատաբար բարձրադիր:[6]

Երևանում կան նաև մի շարք ուրիշ պատմամշակութային հուշարձաններ որոնց մասին քչերը գիտեն, սակայն, դրանց մեծամասնությունը ցավոք չի պահպանվել:

Հեղ.`Հայկ Գյուլամիրյան

_________________

  1. http://arvestagir.am/am/shengavith-bnakateghii-hnaguyn-mshakuytheh/
  2. Ս. Ա. Եսայան, Լ. Ն. Բիյագով, Ս. Գ. Հմայակյան, Ա. Գ. Կանեցյան –Երևանի Բիայնական Դամբարանը
  3. http://ru.wikipedia.org/wiki/%D0%9A%D0%B0%D1%80%D0%BC%D0%B8%D1%80-%D0%91%D0%BB%D1%83%D1%80
  4. http://hy.wikipedia.org/wiki/%D4%B5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%A2%D5%A5%D6%80%D5%A4
  5. http://iae.am/hy/karmir-berd#/0
  6. http://web.archive.org/web/20120603233732/http://www.yerevan.am/edfiles/files/ANDZNAGIR/berder.pdf

Գրել կարծիք