ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ի՞նչ պետք է անի լրագրողն ամեն օր. մեդիա-լայֆհաք Ան

Ի՞նչ պետք է անի լրագրողն ամեն օր. մեդիա-լայֆհաք Անդրեյ Լոշակից

Դուք երբևէ ունեցե՞լ եք լուսավոր մարդկանց պաշտամունք: Ոչ թե հոլիվուդյան աստղերի, որոնցով հիացել եք, ոչ թե կուռքերի, որոնց փորձել եք նմանվել, այլ պայծառ մարդկանց, որոնք Ձեզ հետաքրքիր են եղել իրենց աշխատանքով, իրենց կարիերայի վայրիվերումներով, իրենց որոշումներով: Իմ երիտասարդության տարիներին ահա այդպիսի դեմք էր ռուս հայտնի լրագրող Անդրեյ Լոշակը, որի աստղային ժամը իհարկե ռուսական НТВ հեռուստաընկերությամբ հեռարձակվող “Намедни” հաղորդման նրա պատրաստած սյուժեներն էին: Լոշակը հեռուստատեսությունում սկսել է աշխատել 23 տարեկանից: Նա НТВ-ում աշխատեց 15 տարի` 1995-2010 թվականներին, այդ ընթացքում որպես հեռուստատեսային լավագույն թղթակից ստանալով մի քանի մրցանակներ: Նա հայտնի է առաջին հերթին գրելու ինքնատիպ ոճով, երբ այնքան կարևոր չէ, թե ինչ ես գրում, որքան` թե ինչպես ես գրում: Ինչպես գրում էր, այդպես էլ խոսում էր: Ավելի ուշ, Լոշակի ոճն ու կարդալու ձևը կպատճենեն գրեթե բոլորը: 2010-ից Լոշակը մի քանի աշխատանքներ է փորձում` հիմնականում զբաղվելով վավերագրությամբ: 2016 թվականին, «Ավրորա» մրցանակաբաշխության ժամանակ ցուցադրված կարճ ֆիլմերը` մրցանակակիցների մասին, պատրաստել էր հենց Անդրեյը: Այս տարի նա մի քանի անգամ եկել է Հայաստան: Իր մի այցի ժամանակ էլ զրուցեցինք:
 Մենք զրույցը սկսեցինք` խոսելով ռուսական և ամերիկյան երկու կայքերի մասին. Мeduza.io, որը Lenta.ru-ի նախկին աշխատակազմն է պատրաստում, և Vox.com: Այս երկու կայքերն էլ ինքնատիպ են` լուրերը մատուցելու ոճի առումով: Նրանք երկուսն էլ ոչ միայն տեղեկացնում են, այլև շատ հաճախ բացատրում լուրերը:
- Սա ինչ-որ նոր, ընդհանուր միտո՞ւմ է: Ընթերցողն այնքան է հիմարացել, որ նրան ամեն ինչ բացատրելու կարի՞ք կա, թե՞սա ժամանակավոր, նորաձև ոճ է,- հարցրի Անդրեյին:
- Ինձ թվում է, որ մենք ապրում ենք ինֆորմացիոն հասարակության մեջ, մենք ասես ծանրաբեռնված ենք ինֆորմացիայով: Ավանդական աղբյուրներին ավելացել են սոցիալական կայքերը: Ամեն կողմից ահռելի քանակությամբ ինֆորմացիա ես ստանում և չես հասցնում այն ֆիլտրել, մշակել: Քո փոխարեն գործում է մեկ ուրիշը: Իմ կարծիքով, բոլոր մեդիաագրեգատորները ստեղծվել են, որ «այնտեղ» նստած խելացի մարդիկ ընտրեն կարևոր ինֆորմացիան և մեզ բացատրեն,- նկատում է Անդրեյը և շարունակում,- Meduza.io-ն ունի Шапито խորագիրը, որը բացատրում է լուրերը, մանրամասնում: Meduza.io-ն ունի ինֆորմացիան ընտրելու և մեկնաբանելու իր չեզոք ձևը, այն իր նորությունները մեկնաբանում է չափի մեջ` գումարելով ժամանակակից մոտեցում, հակիրճ ձևակերպում: Ինձ հատկապես դուր է գալիս այն փաստը, որ նրանք չեն մոռացել լոնգրիդը ( բառացի` երկար կարդալու տեքստ - հեղ.), որոնք գրում են հատուկ թղթակիցները: «Մեդուզայում» դրանով հիմա զբաղվում է «Աֆիշայի» նախկին գլխավոր խմբագիր Շուրիկ Գորբաչովը: Այդ ուղղությունը, կարծում եմ, արդեն վերելք է ապրում և կլինեն նոր օրիգինալ տեքստեր, քանի որ որակյալ տեքստերը հիմա քիչ են: Այդ ձևը երբեք չի հնանա, քանի որ մարդկանց միշտ էլ պետք են գալու որակյալ, խորիմաստ տեքստեր:
Ժամանակից համաշխարհային մամուլն անընդհատ գրում է լրագրության ճգնաժամի ու ինդուստրիալ պրոբլեմների մասին: The New York Times-ի «Կարծիքներ» բաժնում մի հրապարակում կար, ըստ որի ժամանակակից լրագրողը շատ ժամանակ է վատնում այնպիսի բաների վրա, որոնց համար չի վճարվում: Ասենք` որպես իր պարտականությունների անքակտելի մաս, նա պետք է Facebook-ում հրապարակի իր աշխատանքը, պատասխանի ընթերցողների մեկնաբանություններին, ակտիվ լինի Twitter-ում: Մեկ այլ հոդված New Yorker-ում քննարկում էր փորձագետների և պրոֆեսիոնալ լրագրողների ժամանակաշրջանի ավարտը, քանի որ ինֆորմացիայի առաջին աղբյուրները փոխվել են. այժմ մարդիկ կամ գուգլում են, այսինքն փնտրում Google-ում, կամ կարդում Wikipedia-ում: Ավելին, ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավից հետո Twitter-ը հայտարարեց, որ մարդիկ ավելի հակված են ընթերցել ոչ թե լրատվամիջոցների հոդվածներն, այլ բլոգերների գրածներն ու ուղղակի մարդկանց, որոնց վստահում են կամ հավատում: Այս առիթով մեդիազարգացումները ամենաանորոշն են. այստեղ չափազանց դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի:
- Վիդեոբլոգեր դառնալու համար հարկավոր է ինտերնետ և տեսախցիկ:  Յուրաքանչյուր ոք կարող է իր անունից նյութեր տեղադրել ինտերնետում: Կար ժամանակ, որ մարդկանց համար կուռք էին դառնում գրողները, ռոք-երաժիշտները, դերասանները, իսկ այժմ նրանց փոխարեն հանդես են գալիս վիդեոբլոգերը: Ասենք` մի սովորական տղա, ով ունի համակարգիչ և տեսախցիկ, և որի տեսանյութերին հետևում է 11 միլիոն մարդ: Պրոֆեսիոնալ լրագրողի համար դա անհեթեթ է: Ես հասկանում եմ, որ երիտասարդները բոլորովին այլ կերպ են ընկալում: Նրանց համար ավելի կարևոր է այն, ինչ խոսում և անում են այդ տղերքը: Բայց չեմ հասկանում՝ ի՞նչ ժամանակներ ենք մենք ապրելու, երբ բոլոր այս «սիրողականները»  դառնան պրոֆեսիոնալներ: Ինչի՞ դա կհանգեցնի, ինչպե՞ս կփոխվի ինֆորմացիայի օգտագործման կառուցվածքը. ես չգիտեմ: Մենք չգիտենք՝ ինչ է լինելու և այս բոլոր կանխագուշակությունները ինչի կհանգեցնեն, բայց ես համոզված եմ, որ խուճապի մեջ ընկնելու կարիք չկա, քանի որ հասարակությունը այնպիսին է, որ ամեն ինչ կհարթեցնի: Կլինի մտավորականության մի շերտ, որին պետք կլինի լուրջ վերլուծություն, և ի հայտ կգան նրանք. ովքեր կստեղծեն այդ բովանդակությունը: Մենք ոչ միայն պետք է հաշվի նստենք իրականության հետ, այլև պետք է գիտակցենք այն: Մտավորական շերտի այդ պահանջը միշտ կլինի: Այո, լրագրողներն այլևս աստվածներ չեն, բայց կինոաստղերը` նույնպես: Հիմա չկան մարդիկ, որոնք դառնում են կուռքեր:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների մեծ առաջընթացը գործիքներ տվեց բոլորին, և երկար տարիներ դրանք օգտագործվում են: Ես հեռացել եմ ֆեդերալ հեռուսատեսությունից և կարծում եմ, որ ճիշտ եմ վարվել, քանի որ ես շարունակելու էի պատրաստել ինչ-որ մանր նյութեր: Մինչդեռ հիմա իմ առջև դրված են բոլորովին այլ, նոր խնդիրներ: Ես շատ եմ ուզում ամեն ինչ հասցնել նվազագույնի, սովորում եմ մոնտաժել և նկարահանել, քանի որ հասկանում եմ, որ նկարահանող մեծ խմբերի կարիք այլևս չկա, հարկավոր չեն խոշոր գումարներ, միկրոֆոններով վազող մարդիկ և շատ-շատ ուրիշ բաներ, քանի որ արդեն ստեղծագործում ես ավտոմատացված: Vice TV-ն այդպես է աշխատում: Ես չեմ հասկանում, թե ինչպես են նրանք այդ կերպ պահպանում իրենց գոյությունը: Երևի աշխատողների մեծ մասն ունի այն եռանդն ու ոգին, որը հատուկ է լրագրողին: Ես ոչինչ չգիտեի ո՛չ Պակիստանում ստրկության, ո՛չ Կենտրոնական Աֆրիկայում կոնֆլիկտի, ո՛չ Ռուանդայում ցեղասպանության մասին: Այդ մասին ինձ պատմել են Vice TV-ում աշխատող տղաները՝ ամերիկացիներ, որոնք 2015թ.ից սկսած մեկնում են Բուրունդի, երկու ամիս շարունակ նստում են նկուղներում և ստեղծում են ֆանտաստիկ նյութեր: Իմ կարծիքով հրաշալի է:
Եվ իհարկե` նոր սերնդի մասին: Ժամանակակից հոգեբանության մեջ տարածվել է «Կոմֆորտի գոտի» արտահայտությունը, որ շատ հաճախ օգտագործում են նոր սերնդին նկարագրելու համար: Առանց հավակնության, առանց երկարատև պլանի ու առանց տագնապի` ահա հարմարավետության այն նոր սահմանը, որտեղ ապրում է նոր սերունդը՝ աշխատանք, աշխատանքից հետո` գարեջուր, հաճելի ժամանաց: Այլևս ոչ ոք չի երազում կորպորատիվ կարիերայի մասին: Ինչո՞ւ աշխատել Google-ում, եթե կարող ես հիմնել քո ընկերությունը, աշխատել այնքան, որքան պետք է: Ահա 21-րդ դարի սպառողը: Հիմա գլխավոր հարցը. մեդիան ինչպե՞ս է հասնելու հենց այդ լսարանին:
-Երբ փորձեր էի անում ինտերնետ-լրագրությունում և գլխավոր խմբագիր էի (Լոշակը երկու անգամ խմբագիր է աշխատել: 2011-ին ղեկավարել է “Esquire” ամսագրի ռուսական խմբագրությունը, 2015-16թթ. “Такие Дела” ռուսական պորտալը), մենք ստեղծեցինք շարք և սկսեցինք տարածել այն: Մենք հայտնաբերեցինք մի այսպիսի բան. գլխավոր էջով կայք է մուտք գործում օգտվողների միայն 0.5%-ը, 98%-ը մուտք է գործում սոցիալական կայքերից: Մարդիկ այլևս չեն ուզում «այսինչ ժամին միացնել սարքը և դիտել», ինչ-որ հրատարակության հերթագրվել և կարդալ: Նրանք մտնում են ֆեյսբուք, նայում են և` վերջ, չեն խորանում ոչնչի մեջ: Ամեն դեպքում ինձ դուր չի գալիս սոցիալական կայքերից մտնելը:
Ի՞նչպես դառնալ տաղանդավոր լրագրող.
Պետք է ուղղակի ունենալ տաղանդ: Չգիտեմ՝ ինչքան է արդարացի, բայց տաղանդն ի վերուստ է տրված. այն կա, կամ չկա: Ինչքան էլ փորձես, քո նյութերը չեն կարդա, եթե դու տաղանդավոր չես: Կա որոշակի հատկանիշների մի խումբ: Դու պետք է լինես շատ զգայուն այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է շուրջդ: Պետք է որսաս բոլոր ազդանշանները, ժամանակի ոգին: Այս ամենի հետ պետք է քաջություն ունենաս:
Լրագրող դառնալու համար պետք է անձնվեր լինես, քանի որ միանգամից դրանով չես հարստանա, պետք է հստակ կողմնորոշվես: Պետք է հասկանաս՝ քո՞նն է, թե՞ ոչ: Առանց այս ամենի շուտ դուրս կմնաս այդ ուղուց: Երբ երիտասարդներն ինձ հարցնում են՝ ի՞նչ անել, ես ասում եմ, որ պետք է հստակ հասկանալ, զգալ, որ դա հենց քոնն է : Պատրա՞ստ ես գնալ մինչև վերջ: Եթե ոչ, ավելի լավ է այլ ուղի ընտրես:
Հիմա ավելի շատ մարդիկ կարող են լրագրող կոչվել, քան առաջ: Նախկինում լրագրող դառնալու համար պետք էր անպայման ինչ-որ բուհ ավարտել, ներկայացնել դիպլոմը, աշխատանքների ցանկը, և քեզ գուցե մի թերթի խմբագրությունում ընդունեին` փորձաշրջան անցնելու համար: Հիմա այս ամենը պարտադիր չէ, դու կարող ես դառնալ քաղաքացիական ակտիվիստ: Այդ ակտիվիզմը հիմա ընդգրկում է լրագրությունը, թեև դու ամեն դեպքում դառնում ես քարոզիչ: Այդ իմաստով, կրթությամբ, թե առանց` լրագրությունը կոչում է:

Ի՞նչ պետք է անի լրագրողն ամեն օր


Չգռեհկանալ: Այն սպանում է ամենալավը՝ տեքստը: Մեկ վատ համեմատություն կարող է փչացնել փայլուն հետաքննության իրական տպավորությունը: Ես այդպիսի դեպքեր գիտեմ:
Չպարտադրել սեփական կարծիքը: Հենց սկսում ես հեռուն գնացող քայլեր անել և պարտադրել քո տեսակետը` հատում ես թույլատրելիի սահմանը: Դու արդեն լրագրող չես, այլ ագիտատոր: Պետք է պարզապես պատմություն գտնել և մատուցել այն: Լրագրությունն ինքնարտահայտվելու անսահման հնարավորություններ է տալիս: Բայց պետք է ունենալ որոշակի եզրագիծ և դրանցից այն կողմ չանցնել:
Չաշխատել ինչ-որ մեկի շահերի համար: Պետք է միշտ զերծ մնալ այդ ամենից: Անհնար է գտնել մի լրատվամիջոց, որն  իրոք ինքնաֆինանսավորվում է: Ամեն դեպքում կա մի «աղբյուր»: Բայց հենց որ այդ «աղբյուրը» մտնում է ներքին քաղաքականության դաշտ, դա նշան է, որ պետք է թողնել այդ աշխատանքը:
Անկասկած կարդալ անգլերեն: Պետք է լինել միջազգային կոնտեքստում, անպայման պետք է ունենալ անգլերեն հրատարակություններ, քանի որ վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ մենք գտնվում ենք մեծամասշտաբ պատերազմի մեջ: Ես չգիտեմ, ինչպես պետք է վարվել, բայց անհնար է դրա մասին չմտածել:
Չհեռանալ ինֆորմացիոն կոնտեքստից: Ցավոք, դա ասես ծանր բեռ լինի: Երբեմն ես կարողանում եմ անջատվել դրանից, գրքեր եմ կարդում: Ինձ համար շատ դժվար է առանց դրանց, առանց մշակութային ժառանգության հետ շփվելու: Ես փնտրում եմ պատմական զուգահեռներ, ներդաշնակություն: Ռուսաստանում այդ զուգահեռները անցնում են միևնույն շրջանով: Հենց այդ պատճառով բոլորը, նաև ես, շատ վատ գիտենք Ռուսաստանի պատմությունը, եզրահանգումներ չենք անում: Իսկ դա շատ կարևոր է: Ապրելու և առաջ գնալու փոխարեն մենք վիրավորվում ենք միջազգային հանրությունից, մեզ պահում ենք ինչպես շատ ամբիցիոզ, բարդույթներով ծանրաբեռնված, անվստահ դեռահաս, որն ինքնաքննադատության ցանկություն ընդհանրապես չունի: Դա դեռ հասունություն չէ: Իմ կարծիքով, մշակութային հիմքը շատ կօգնի դրան: Մենք ունենք հզոր ռուսական գրականության և մշակույթի հսկայական պաշար: Հիմա ես կարդում եմ 30-ականների ռուսական հրապարակախոսությունը. այն ինձ նախկինում չէր հետաքրքրում: Ուզում եմ հասկանալ այդ տարիների տեռորի, խավարի պատճառը: Ամեն ինչ աստիճանաբար է եղել, և մարդիկ`անվերջ զիջումներ անելով ստեղծեցին այն չարիքը, որը կոչվում էր Ստալին: Միայն թվում է, թե Ստալինը միանգամից է դարձել բռնապետ: Եվ հիմա ես տեսնում եմ այդ զուգահեռները և շատ եմ վախենում դրանցից: Ես տեսնում եմ, որ մարդիկ առաջ են վազում: Վստահ չեմ, որ Պուտինը համաշխարհային պատերազմ է ցանկանում և այդպիսի պլան ունի: Բայց մարդիկ առաջ են վազում և Պուտինին նմանեցնում են Ստալինին:
Չհուսահատվել: Ինչ դժվարությունների էլ հանդիպես, ինչքան էլ ծայրահեղ հուսահատ և մարդկային դեմքը կորցրած լինեն մարդիկ, դա ուղղակի ոչինչ է այն բանի համեմատ, ինչի միջով անցնում են այդ մարդիկ: Դրանից դու դառնում ես մարդատյաց ու հոռետես: Իսկ այդ մարդիկ դեռ պահում են հավատը դեպի սերը, բարությունը: Եվ ի վերջո նրանք հաղթանակ են տանում` ամեն ինչ կլանած այս չարիքի դեմ: Մարդկային ոգու, ոգու ուժի և սիրո ուժի հաղթանակ: Հասկանալի է, որ եթե մարդիկ կհաղթեն, եթե պահպանեն սթափ և առողջ դատելու կարողությունը: Իսկ հուսալքությունը կլինի ամեն ինչի վերջը: Չկորցնել հույսը, հավատը` մարդկության հանդեպ. ահա ինչն է ամենակարևորը:

newmag #77

Տարածել