[Շարունակությունը՝ գրքում] Աննա Էնքուիստ. Գաղտնիքը

[Շարունակությունը՝ գրքում] Աննա Էնքուիստ. Գաղտնիքը

Հեղինակը թեթև լուծումներ չի առաջարկում: Գրքի նպատակը գաղտնիքի բացահայտվելը չէ, այլ ընթերցողին այդ գործընթացին հաղորդակից դարձնելը:

Երկնքում կախված համերգային դաշնամուրը ձյունածածկ լեռների համայնապատկերին այրված կոտլետի ուրվագիծ էր հիշեցնում: Մի գորշագույն սավան էր պաշտպանում սև լաքա­պատ փայտը գործիքին ամրացված պարաններից: Տան վրա վեր խոյացած դեղնավուն վերամբարձ կռունկն ասես հզոր միթևանի հսկա լիներ, որ դանդաղ վար էր իջեցնում իր բեռը: Պատշգամբից քիչ վեր դաշնամուրը մեղմորեն հետ ու առաջ էր տարուբերվում: Ճոպանները հանդարտ ճռճռում էին, էլեկտրական վերհան մեքենան դռդռում էր, և արևն այրում էր վերից:

Ներքևում՝ տների ստվերների ներքո, վերամբարձ կռունկի հարթակը գրավել էր թեքվող փողոցն իր ողջ լայնությամբ: Հետևի անիվների մոտ սեպ էր խրված:

Երբ դաշնամուրը դադարեց ճոճվել, մարդիկ կրկին սկսեցին խոսել, երեխաներն ու շները սկսեցին այս ու այն կողմ վազվզել, ամրակազմ կանայք վար դրեցին բանջարեղենով լի իրենց ճամպրուկները և երկարացրին պարանոցները:

 

 

 


Տեղափոխողները երեքն էին: Մեկը շարունակում էր կառավարել կռունկը, մյուս երկուսը ներս մտան տուն՝ իրենց թևերի տակ ներս տանելով դաշնամուրի հսկայական ոտքերը: Տան դուռը բաց էր: Մի փոքր անիվ քերծել էր չներկված կաղնե դուռը: Երբ տեղափոխողներից մեկը վերադարձավ բեռնասայլակը ներս տանելու, մայթը լիքն էր երեխաներով:

Քիչ անց պատշգամբի դռները կրնկի վրա բացվեցին, և կա­պույտ ծաղիկների հարևանությամբ անսպասելի երևաց երկրորդ տեղափոխողը: Նա նայեց վար՝ հերձաքարե տանիքներին, ոլոր–-մոլոր ձգվող մարգագետիններին, գորշագույն քարով երիզված սանդղավանդակներին: Այս ու այնտեղ մի քանի վտիտ կովեր կա­յին: Այնտեղ, ուր ավարտվում էր հովիտը, տեսանելի էր գետի դառնում նեղ արծաթե ժապավենը:

— Իջեցնո՜ւմ եմ,— բղավեց կռունկը կառավարող բանվորը:

Բեռնասայլակով մարդը նույնպես դուրս եկավ պատշգամբ: Թևերը տարածած՝ նրանք երկուսն էլ կանգնած սպասում էին: Նրանք երկարացրին ձեռքերը դաշնամուրը բռնելու համար և դան­դաղ ուղղորդում էին հսկա գործիքի ճիշտ վայրէջքը դեպի բեռնա­սայլակ:

Կռունկը հետ տարավ թևը՝ վրան կախված ճոպանով և ծանր, կեռ ճարմանդով՝ իր հետևում թողնելով հսկա դաշնամուրը:

Ներսից ինչ–որ մեկը պատշգամբի դուռն էլ ավելի լայն բաց արեց: Ճերմակ վարագույրները սկսեցին ծփալ մեղմ քամուց: Երկու տղամարդիկ, իրենց տերեփուկի կապույտը հիշեցնող համազ­գեստներով, գործիքի երկու կողմերից հրելով ներս տարան՝ տարուբերելով դաշնամուրը երկու զուգահեռ տախտակների վրա:

Բակում լսվում էին երեխաների ուրախ աղաղակները: Դռները փակվեցին:


Շարունակությունը՝ գրքում շարքից կարդացեք նաև.


Գլուխ երկրորդ

Տարածքը, որն իրականում ընդարձակ էր, այժմ փոք­րացել է: Այլևս հանգիստ չկա. աճող թշշոցների մեջ խեղդվել է նախկինում անընդհատ լսվող լաբդափը: Ինչ–որ բան մոտենում է իր ավարտին: Այն կորած է, կորած:

Բժիշկն ազատում է փոքրիկ գլուխը՝ ամուր փակված աչքերով, այնուհետև զգուշությամբ օգնում է սկզբում մեկ, հետո մյուս ուսի դուրս գալուն: Ռետինե գոգնոցը փարվում է նրա սրունքներին, երբ մի քայլ ետ է անում նորածնին վեր բարձրացնելու համար:

— Բարկացած փոքրիկ աղջիկ է:

Մետաղական շառաչյուն հարված մարմարապատ hախճասալերին, մկրատի շրխկոց բժշկական սեղանի մակերեսին, գիպսակա­պի քերծեր հատակին, իսկ հեռվում՝ ջրի շիթերի հարված լվացա­րանակոնքին. իբրև սկիզբ հաճելի չէ, իբրև սկիզբ հաճելի չէ: Ամենուր ծակող լույս է. ցուրտ քամու և տաք ձեռքերի հանկարծակի զգալի տարբերություն, օդ չկա, օդ չկա:

Մոր՝ իրարից հեռու տարածած ոտքերից վեր գլխիվայր կախ­ված է նորածինը: Պայքարը ձգողության և համառության միջև տևում է այնքան ժամանակ, մինչև ականատեսները թեթև շունչ են քաշում և սևեռուն հայացքներով սկսում նայել վառ վարդագույն փոքրիկ դեմքին: Հետո երեխան սկսում է լաց լինել:

Մանկաբարձուհին լվացրել է երեխային և բարուրել նրան բամ­բակե գործվածքի մեջ: Փոքրիկը Էմմա Վիրկիի ձեռքերի մեջ է, գլուխը՝ Էմմայի ձախ ձեռքի մեջ: Նա աջ ձեռքով հեռու է տանում խարտյաշ մազերը փոքրիկի դեմքից:

Երեխային լսելի է մի շատ փափուկ հարազատ ձայն՝ լաբդափ, լաբդափ: Փոքրիկ դեմքը հանդարտվում է, և աչքերը բացվում են. «Խորը կապտամոխրագույն լճակներ,— մտածում է Էմման:— Սա իմ երեխան է, իմ դուստրը, իմ դուստրը:

Էգբերթ Վիրկին համբուրում է կնոջը: Ծննդաբերության ընթացքում նա նստած էր սրահում և մերթ նայում էր այս ու այն կողմ անցուդարձ անող մարդկանց, մերթ իր ժամացույցին: Երբ բուժ­քույրն, ի վերջո, դուրս եկավ ծննդասենյակից, նրա թուլացած ձեռ­քից ժամացույցը բաճկոնի գրպանը սահեց: Նա վեր կացավ տեղից և ուղղեց բաճկոնը: Լուռ ներս գնաց: Ինչ–որ մեկի օգնությամբ բժիշկն այդ պահին ազատվում էր իր գոգնոցից և ձեռքը պարզեց Էգբերթին:

— Շնորհավորում եմ, պարո՛ն Վիրկի, շնորհավորում եմ: Առողջ դուստր եք ունեցել, յոթ ֆունտ է կշռում, քսանմեկ դյույմ, և ազատ սկսեց շնչել. ավելի լավ չէր կարող լինել:

Էգբերթը նայեց գրասեղանին դրված թղթին: Հակառակ կողմից կարողացավ կարդալ. «Հայրը՝ Էգբերթ Վիրկի, քաղաքային խորհրդի անդամ Լայդենում: Մայրը՝ Էմմա Վիրկի, օրիորդական անունը՝ Օռլեբեկե, չի աշխատում: Ծննդյան տարեթիվը՝ Ապրիլ, 1933, 9:15»:

— Հիմա կարող եք մոտենալ ձեր կնոջը, նրան լվացրել են,— ասաց բուժքույրը: Նա շրջվեց. շփոթված էր, ծակող լույսից այլայլված: Բարձր մահճակալի մեջ նստած էր Էմման՝ ձախ կրծքին սև կետ:

— Նրա անունը Վանդա է, ես անմիջապես տեսա այդ անունը Վիրկի ազգանվան կողքին. Վանդա Վիրկի, գեղեցիկ անուն է, չէ՞, չե՞ս կարծում, որ նա գեղեցիկ է, Էգի՛, ինչ–որ բան կասե՞ս:

Էգբերթը վեր է կենում անհարմար աթոռից և խոնարհվում է մահճակալի վրա: Նա փոքրիկի գլխին է մոտեցնում իր նիհար, լավ խնամված ձեռքը, ասես ուզում է շոյել նրան: Նրա դեմքը, ոսկեգույն եզրագծերով ակնոցով, երկու դյույմ է հեռու Էմմայի բերանից: Նա համբուրում է ամուսնուն:

  • Ինչպե՞ս ես, Էմմա՛, լա՞վ ես: Կարծում էի՝ քեզ համար դժվար կլինի. այնքան երկար տևեց: Ինչ սևուկ երեխա է, մազերը կարծես սև են:
  • Դա կանցնի,— ջրի աղմուկի միջից գոռում է թասերը դա­տարկող բուժքույրը:— Դա թափվում է, ու տեղը նոր մազերն են գալիս: Բայց երբեմն այդ ամենը որոշակի ժամանակ է խլում, և երե­խադ մնում է ճաղատ:

 

Էմման և Էգբերթը նայում են: Երեխան խոժոռում է հոնքերը, շարժում է թաթիկները, որոնց վրա մատները՝ խորշոմած մատնոսկ­րերով և խեցեգույն եղունգներով, չափազանց մեծ են թվում:

Տարածվել և լուծվել այնտեղ, ուր այլևս դիմադրություն չկա: Գլուխը կլորավուն է դառնում, ամեն շարժման մեջ՝ ճանկռտոց և հարված: Խորը ինչ–որ տեղ՝ միջուկի մեջ, լարված անբավարարվածություն կա: Ցանկություն, որ ստիպում է լայն բաց անել բերանը, իղձ, որ ճիչ է դառնում: Վախ, լռություն: Հետո կրկին ճիչ՝ ցավալի ամայության մեջ: Բղավոց, նոր ձեռքերի հարվածներ բաց տարածության մեջ՝ որքան դատարկ, որքան թեթև: Ձեռքերով հարվածի՛ր փափկության և ջերմության մեջ, հարմարեցրո՛ւ բերանդ այն ամե­նին, ինչը նախատեսված է բերանը տանելու համար, խփի՛ր, հար-վածի՛ր, հարվածի՛ր, մինչև դատարկությունը կլցվի օրորելուց, սե­փական մատիկները ծծելուց և երգելուց ստացած բավարարվածությամբ:

— Նա կաթ է ուտում,— հպարտությամբ ասում է Էմման:

Էգբերթը թաշկինակով մաքրում է ակնոցը: Համբուրում է կնոջ մազերն ու հեռանում սենյակից:

ZANGAK

Գրել կարծիք