[Carnegie] «Եվ, և»-ի հաղթանակը. Ինչպե՞ս է Հայաստանին հաջողվում համատեղել ԵՄ և ԵԱՏՄ ինտեգրումը
Նոյեմբերի 24-ին Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Փաստաթուղթն ստորագրվել է Բրյուսելում՝ ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում: Ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Արարողությանը ներկա էին Նախագահ Սերժ Սարգսյանն ու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
Համաձայնագիրը պետք է ստորագրվել 4 տարի առաջ՝ 2013-ին, սակայն վերջին պահին Հայաստանը հրաժարվեց ստորագրումից: Սերժ Սարգսյանը ԵՄ այցելելու փոխարեն գնաց Մոսկվա ու հայտարարեց՝ Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը՝ ԵԱՏՄ-ին: Հիմա Հայաստանը և ԵԱՏՄ անդամ է, և ՀԱՊԿ անդամ է, և ԵՄ-ի հետ ունի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր: Թեև մինչև վերջին պահը հստակ չէ՝ կստորագրվեր արդյոք փաստաթուղթը:
Carnegie հիմնադրամի քաղաքական վերլուծաբանները Հայաստանի «և, և»-ի քաղաքականությանը՝ փորձելով հասկանալի, թե ինչպես նախագահ Սարգսյանին հաջողվեց անել այն, ինչից չկարողացան խուսափել Ուկրաինան ու Վրաստանը. չէ՞ որ վերջին շրջանում նախկին ԽՍՀՄ երկրները կանգնած էին «կամ, կամ»-ի քաղաքական հարցի առաջ:
Ըստ Carnegie հիմնադրամի քաղաքական վերլուծաբանների, Անդրկովկասում արտաքին քաղաքականությունն ամենևին էլ նման չէ ուկրաինականին. Տարածաշրջանի երեք հանրապետություններում էլ առկա է չլուծված էթնոքաղաքական կոնֆլիկտ, որի հետևանքով այդ երկրներում բացակայում են միասնական ծրագրերը: Այդ երկրները (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան ) փորձում են արտաքին քաղաքականության դաշտում խաղացողների հետ հարմարվել ու նրանց աջակցությամբ պաշտպանել ազգային շահերը: Հետևաբար արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիան այստեղ նորմալ է և զուգահեռներ անցկացնել Ուկրաինայի հետ անիմաստ է:
Այդ է պատճառը, որ Հայաստանը, լինելով Ռուսաստանի ռազմական գործընկերը և իր տարածքում ունենալով ռուսական ռազմաբազա, գործակցում է նաև ՆԱՏՕ-ի հետ:
Վրաստանը թեև ստորագրել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, զուգահեռաբար բացում է սահմանը Իրանի քաղաքացիների առաջ, Չինաստանի հետ ստորագրում է ազատ առևտրաշրջանառության պայմանագիր, դեմ չէ նաև խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Կարդացեք նաև․
- 18 տարի՝ 4 նախագահ. ԱՄՆ փոխվող նախագահներն ու չփոխվող արտաքին քաղաքականությունը
- Ղրիմը՝ Անկարայի խաղաթուղթ. Ինչո՞ւ է Անկարան ժամանակ առ ժամանակ վեր հանում ղրիմյան թաթարների հարցը
- Աստծո սիրույն. ինչպե՞ս է Քսենիա Սոբչակն առաջադրվել նախագահի թեկնածու, և ո՞վ է մասնակցում քարոզարշավին
Նույն տրամաբանությամբ էլ շարժվում է Ադրբեջանը. որևէ պայմանագիր չի ստորագրում ոչ Ռուսաստանի, ոչ ԵՄ-ի, ոչ ԵԱՏՄ-ի հետ, սակայն չի էլ մերժում նրանց հետ գործակցության հնարավորությունը: Մանևրում է իրանա-իսրայելա-պաղեստինյան հակամարտության դաշտում՝ Իսրայելից գնելով զենք: Չի անդամակցում ՆԱՏՕ-ին, սակայն համարվում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ստրատեգիական գործընկերը:
Ինչո՞ւ Հայաստանը գնաց ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրման: Ըստ Carnegie հիմնադրամի վերլուծաբանների, պատճառներից մեկը ռուս-ադրբեջանական ռազմական գործակցությունն է և Ապրիլյան պատերազմը, երբ Բաքուն փորձեց փոխել Արցախի ստատուս քվոն:
Իհարկե, պետք չէ մոռանալ նաև տնտեսական, առևտրաշրջանառության այն լայն հնարավորությունները, որոնք Հայաստանի համար բացվում են այս համաձայնագրով:
Եվ, ըստ Carnegie-ի վերլուծաբանների, կասկած չկար, որ փաստաթուղթը կստորագրվեր, ինչքան էլ, որ Երևանում կար մտավախություն. պետք չէր մոռանալ, թե քանի տարի այդ փաստաթուղթը քննարկվեց ու ձևափոխվեց՝ համաձայնեցնելով թե՛ Մոսկվայի, թե՛ԵԱՏՄ պահանջների հետ:
Հիմա Հայաստանը կարող է դառնալ Ռուսաստանի ու Եվրամիության միջև երկխոսության հարթակ, փոքր ինչ վերապահությամբ նման եզրահանգման են եկել վերլուծաբանները: