«Աղջիկ կպցնելու ազգային առանձնահատկությունները». անհատնում սիրահետում

«Աղջիկ կպցնելու ազգային առանձնահատկությունները». անհատնում սիրահետում

Զառա Ղազարյանը՝ աղջիկ կպցնելու՝ հայ տղաների հուսահատ փորձերի, քյառթ ինտելեկտի և հակաինտելեկտուալ երևակայության մասին

Նախաբան` մարմնի մասերի, հատկապես սրտի մասին

«Մեռնեմ ջանիդ», «մեռնեմ սրտիդ», «ջիգյարդ ուտեմ», «ցավդ տանեմ», «հոգիդ կծեմ» ֆրազներից հետո գալիս է «սիրտս կպավ» խոստովանությունը: Ու 21-րդ դարի հայ երիտասարդը սկսում է սիրահետել:

Սիրաբանելու մեկնարկը ժպիտն է

Մեր հայացքները հանդիպում են, նա ժպտում է: Հիմա արդեն վստահ եմ: Նա սիրահետելու է ինձ: Անձնական դիտարկում: Իմ տեսությունը գործում է անվրեպ: Երևի նրանից է, որ հայ տղաներին դժվար է ժպտերես անվանել: Նա ժպտաց: Մոտեցավ: Սկսեց խոսել: Սկսեց շատ հեռվից:

  • Ընկերս քեզնից մի քանի հաջող ֆոտոներ ունի: Լուսանկարիչ ա: Ֆեյսբուքով կապվենք` ուղարկեմ:

Սոցցանցային էջը մի քանի հաջող լուսանկարներով թարմացնելու գայթակղությունը քիչ բան չէ: Բրա՜վո, սրտակեր: Հաջող սկիզբ էր: Շարունակությունը` վիրտուալ տիրույթում: Կոմպլիմենտների շղթա:

  • Գեղեցիկ աչքեր ունես…

Իմ համեստ կարծիքով` աչքերս սովորական են: Բայց մի քիչ կոկետություն է պետք անել.

  • Գույնը լինզայից է, թարթիչներս էլ արհեստական են: Ֆոտոներում էլ հաճախ եմ ֆիլտր օգտագործում:

Դե տեսնենք` հաջորդ քայլը: Շոկի մեջ է: Արժի՞ շարունակել սիրաբանելու փորձը, թե՞…

  • Ես քեզ իրականում տեսել եմ: Չես վախեցնի:

Դեռ գոհ եմ: Քանի… Քանի նա չի սկսում փիլիսոփայել:

  • Քրքրեցի լուսանկարներդ: Ազատամիտ ես երևում: Սիրում եմ էդ կարգի աղջիկներին: Էն որ` տարազ-մտածելակերպով չեն է: Կայֆ ա: Բա էս ո՜ր թիվն ա… Կարճ ասած` սաղ լավ ա: Դու ինձ դզում ես:

Գրողը տանի, ինչպիսի՜ պատիվ. ես նրան «դզում եմ»: Ընդունեմ որպես հաճոյախոսություն ու շարունակե՞մ, թե՞… Ամեն դեպքում` այդպես էլ չիմացա` ինչ ասել է «դու ինձ դզում ես», ու ինչու էի նրա վրա «ազատամիտ» աղջկա տպավորություն թողել: Սիրաբանման հաջող մեկնարկի` անհաջող հանգուցալուծումը:

Սիրախաղի հիսուն երանգները

Կան ավելի համարձակ տղաներ: Սիրում եմ այդ տեսակը: Բանավիճել: Զրուցել: Հակադարձել: Ներկայանալ սեփական փաստարկներով: Սոցցանցային ծանոթություններին կողմ չեմ` անլուրջ եմ համարում, ամեն դեպքում կյանքում առաջին ու միակ հարաբերությունը, այո՛, հաստատվեց վիրտուալ տիրույթում: Ապա տեղափոխվեց իրականություն: Հետո նորից վիրտուալ տիրույթ ու… Ու շարունակությունն այս նյութի հետ կապ չունի: Ինչպե՞ս նա կարողացավ արդյունավետ սիրախաղ անել: Մեծ փորձ ուներ: Զարգացած էր, խորամանկ: Ֆեյսբուքյան հասարակ մի մեկնաբանություն իմ սիրելի Փարաջանովի մասին… Բացասական նոտայով: Նա դիտմամբ էր գրել: Կանխատեսելով, թե ինչպես եմ արձագանքելու:

– Ինչպե՜ս կարելի է: Ոնց ես Փարաջանովի մասին էդ կերպ արտահայտվում: Տարիքդ տես ու գրածներդ:

– Դու էլ ձևամոլ առաջադեմ ես:

– Ի՞նչ… Դու գիտե՞ս դու ո՛ւմ հասցեին ես վատ բառեր գրել: Գոնե ճանաչո՞ւմ ես:

– Ես անձնական շեշտադրմամբ էի գրել, իսկ դու աշխատանքային-ստեղծագործական հարթություն տարար:

Նա ճիշտ է: Բայց չեմ հանձնվում: Հակահարված.

Ոչ ոք իրավունք չունի դիմացինի անձնականին կպնել: Ոչ ոք:

– Հիմա ի՞նչ. ես է՞լ չեմ կարող քո անձնականին կպնել ու հարցնել` ընկեր ունե՞ս… Կարելի՞ է քեզ փախցնել:

Ծիծաղել էր: Բայց: Ամենօրյա քննարկումներ հանրային դեմքերի վերաբերյալ: Բանավեճեր: Ինտելեկտուալ զրույցներ` մինչև պարզեցի, որ նա կողմ էր ԽՍՀՄ ռեժիմին: Հասանք Բեռլուսկոնի, գնացինք Կուբայի հեղափողություն, Ֆիդել Կաստրո ու Չէ Գևարա: Նա իր համար կերպար ստեղծեց. իմ հակապատկերն էր: Ու դա նրան անբացատրելի գրավչություն էր տալիս: Մեզ կապող միակ բանն այն էր, որ երկուսս էլ հետաքրքրված էինք Չէ Գևարայի կենսագրությամբ:

Վիրտուալ իրականությունից` իրական կյանք: Հանդիպում ենք առաջին անգամ: Սուրբ Վալենտինի օրը: Չնախատեսված: Զանգ ու…

Աշխատանքից հետո քեզ կդիմավորեմ Ամերիկյան համալսարանի մոտ

Նա ինձ զրկեց առաջին հանդիպմանը պատրաստվելու հնարավորությունից: -29 աստիճան: Հագուստ` հանուն տաքության: Առանց դիմահարդարում: Միակ համադրությունը շարֆիս ու քթիս կարմրությունն էր: Նա այստեղ էլ է իր տեսակը պահպանում: Սպասողի դերում ե՛ս եմ: Բայց ասեմ ձեզ. իզուր չէր: Անձնական գրադարանս «Մոխրագույնի հիսուն երանգները» գրքով հարստացնելու համար արժեր սպասել: Նվեր` գիրք: Վերնագիրը` «Մոխրագույնի հիսուն երանգները»: Շատերն իմ փոխարեն գիրքը նրան կվերադարձնեին, կկոպտեին ու էլ երբեք չէին հանդիպի: Բայց ոչ` ես: Նա իդեալական սիրախաղում А կարգի պրոֆեսիոնալ էր: Բայց` միա՛յն  սիրախաղում…

Սակավախոս սրտակերի մասին

Վիրտուալ տիրույթում սրտակերները համարձակ են, դիպուկ են, ստեղծագործ են: Գործի դնելով պասիվ բառապաշարի մարգարիտները` նամակը շարադրում են մի լեզվով, որով երբեք չեն խոսել:

-HMAYICH GEXECKUHI DUQ IRAKAN EQ?

Մասնագիտական հետաքրքրասիրությունս դրդում է արձագանքել:

– AYO, IRAKAN ENQ!

– KAROX ENQ AVELI MOTIKIC SHPVENQ?

– SHBVENQ!

– BA HETO QURS…

Հասկացա, որ նա ինձ որպես ուղղակի հավատակից քրոջ է գրել: Այնպես որ` հենց այս բազմաբովանդակ նամակով էլ վերջ դրվեց նրա սիրահետմանը:

Արևից «հոտ քաշելու» և «կոչումը հարգելու» մասին

Մեր երկրում կան լողավազաններ, հանգստի գոտիներ, անգամ լողափեր կան, որտեղ հայոց փափկասուն տիկնայք և աղջիկները լողում են շորերով (ավելի առաջադեմները` սպորտային համազգեստով): Ուսումնասիրության շարունակությունը տեղափոխում ենք այդ տարածք: Մի կերպ խեղդելով լողավազանում լողազգեստով փոքրամասնություն լինելու բարդույթը, որոշեցի լողալ:

-Բա մի հատ չխեղդվեի՜ր` փրկեի քեզ

Չգիտեմ` ինչով արժանացա անեծք-հաճոյախոսությանը: Շարունակելն ուժերիցս վեր համարեցի: Միտքս լարեցի. անօգուտ: Արևայրուք: Հորիզոնական դիրք: Գլխիս վերևում համարձակ ասպետը քթի տակ մրմնջում է.

– «Մի գնա՜: Քեզ խընդրում եմ` մի գնա՜, մի գնա՜, գնա՜- գնա՜-գնա»: 

Խնդրում` գնացեք, անհարմար եմ զգում:

Մեռնեմ կյանքիդ, նենց չի` որ մենք եկել ենք բասենք, աղջիկ կպցնենք: Ընտանեկան տեղ ա, եկել մեր օրն ենք մարսում, արևից հոտ ենք քաշում, սիրուն ջան: Պատկերցնում ես չէ՞:

Լրագրողական ֆակուլտետում վեց տարվա բարձրագույն կրթությունս, մագիստրոսական կոչումս, կարմիր դիպլոմս ու անգամ էն հանգամանքը, որ ես աբսուրդի գրականության մեծ սիրահար եմ` անզոր են: Կարճ ասած` չեմ պատկերացնում:

Իմանայի զինվորական ես, ինչոր կոչումմոչումով պետք ա վախացնեիր` դաժե մոտիկ չէի գա: Ես էլ ասիմ` գնանք մի տեղ մի հով բան կխմեինք, կխոսայինք: Լավ քուրիկս: Մենք կոչում հարգող տղա ենք:

Սեփական անձի մասին հոգնակիով խոսելն արդեն իսկ հասկացրեց` նա, չէ` «նրանք» կոչում հարգող են:

Տիկին Արուսի խախտված դիսկերի ու անմեղ վրեժխնդրության մասին

Սիրահետել` առանց բառերի: Հաճելին պարգևելու անհաջող փորձ, որը վերածվեց անմեղ վրեժխնդրության: Վարդի թերթիկներ` առաջինից մինչև հինգերորդ հարկ: Գեղեցիկ միտք: Նամակի տեսքով նախազգուշացում. «Ձեր մուտքում քեզ համար անակնկալ եմ թողել…»

Ո՜ւ… ինտրիգային է: Քայլս արագացրեցի ու` օ՜պ: Մինչև մեր դուռը վարդի թերթիկներ են. կարմիր թերթերի շխթան ավարտվում է արջուկով ու ծաղկեփնջով: Թվում է` ամեն ինչ իդեալական ռոմանտիկ է, չէ՞… Չէ՛:

  • Այ քեզ` անշնորհքություն: Էս ո՜ր մի լկտին ա արել:

Հարևանուհուս արձագանքը: Այս մասին չէի մտածել:

  • Հա բա, իհա՛րկե, դուք զուգվածզարդարված վերուվար արեք, թող Արուսը ողնաշարի խախտված դիսկերով, կռացած` ձեր ոտքերի տակ մաքրի:

Վերջ: Մելոդրաման շուտով դրամա է դառնալու, եթե չարձագանքեմ սարսափի կվերածվի:

  • Ներեցեք: Ինքս էլ չգիտեմ

Միտքս կիսատ մնաց, ինչպես տիկին Արուսի հետ յուրաքանչյուր զրույց:

  • Իա՜, էդ ուղեղներդ ամեն ինչի հասնում ա: Քթներից բռնած ման եք ածում: Գալիս` մեր շենքի մոտ յակր են քցում: Էդքանը գիտես` էս չգիտես, հա՞: Արուսի հետևից բանակ էր ֆռում, բանա՜կ: Մի ամբողջ վաշտ: Հեյ գիդի օրեր

Նոստալգիկ ռոմանտիզմը երկար չտևեց: Այդ օրը ես ավլել եմ մեր ամբողջ մուտքն իր հինգ հարկերով: Տրորված թերթիկների պատճառով, որոնք կպել էին ցեմենտին, պետք էր նաև թաց շորով մաքրել: Հինգ հարկ` ներքևից վերև: Այդ օրը երկար հիշեցի. մոտ մեկ ամիս մեջքի տանջող ցավերը չէին էլ թողնի, որ մոռանայի: Ռոմանտիկ անակնկալ էր չէ՞, տիկին Արուս…

Երկխոսություններ, դեպքեր, իրավիճակներ ու ապրումներ: Դրանք շատ են: Ամեն օր: Կենտրոնանալուց հետո երբեմն մնում է մտածել: Տղանե՛ր, հումորով վերաբերվեք աղջիկների տրամաբանությանը, ձեր տրամաբանությունն էլ պակաս անհասկանալի չէ: Օրինակ, երբ գեղեցիկ աղջիկ տեսնելիս մեքենայի միջից «սիգնալ եք տալիս», լրջորեն մտածում եք, թե ձեր վարքը սեքսուա՞լ է, գրավի՞չ է, թե՞ հավատում եք, որ աղջկա սրտի դարպասն այդ ազդանշանի ձայնից միանգամից բացվում է ձեր առաջ:

Հեղինակ՝ Զառա Ղազարյան

Գրել կարծիք