Ինչո՞ւ չեղյալ հայտարարվեց Հայաստան-Ուզբեկստան խաղը. ահաբեկչության վտանգն այստեղ կապ չունի
Փետրվարի 12-ին սպասվող Ուզբեկստան-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը չեղյալ է հայտարարվել: Այն պետք է կայանար Թուրքիայի Անթալիա քաղաքում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պարզաբանել է, որ խաղը չի կայանա ահաբեկչության վտանգի պատճառով:
Ամբողջովին հասկանալի է, որ ահաբեկության թիրախ դարձած երկներում սպորտային հանդիպումներ կամ միջոցառումներ կազմակերպելն առնվազն արկածախնդրություն է: Նման օրինակների ականատես եղանք անցած տարի, երբ Փարիզի Ստատ դը Ֆրանս ստադիոնը թնդաց ռումբի պայթյունից: Ֆուտբոլիստներն ու երկրպագուներն էլ զգացին այդ սարսուռը: Եվրո-2016-ի ընթացքին երկրպագուները հետեւում էին շունչները պահած. հանկարծ չպայթենք ֆուտբոլ դիտելիս:
Այս առումով աներկբա է. պետք է հաշվարկել հավանական ռիսկերն ու քայլել այլ ուղղությամբ: Բայց ի՞նչ կապ ունի այստեղ հայկական ֆուտբոլը, առավել եւս` ազգային հավաքականը:
Անցած տարվա դեկտեմբերին ՀՖՖ-ն հայտարարեց, որ նախնական համաձայնություն ունի Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ եւ երկու երկների գլխավոր ֆուտբոլային թիմերն ընկերական հանդիպում կանցկացնեն Թուրքիայի Անթալիայում:
Ինչո՞ւ հենց Թուրքիայում: Երկրպագուները դժգոհության ալիք բարձրացրեցին Ֆեյսբուքում, բայց ազդել երկու ֆեդերացիաների որոշման վրա` չկարողացան: Երբ բոլորը սպասում էին ֆուտբոլի Հայաստանի հավաքականի տարվա առաջին հանդիպմանը, թեեւ դա ընկերական էր լինելու, ՀՖՖ-ն գրեց.
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում Թուրքիայի տարածքում հաճախակի բնույթ են կրում ահաբեկչական ակտերը, անվտանգության նկատառումներից ելնելով, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել հրաժարվել Ուզբեկստանի հավաքականի հետ ընկերական հանդիպումից»:
Ինչո՞ւ Թուրքիայում
Հասկանալի է, որ ցանկացած հայ ֆուտբոլիստի կամ մարզիկի համար հաճելի չէ խաղալ մի երկրում, որտեղ հայերի նկատմամբ կա ոչ միանշանակ վերաբերմունք: Որքան էլ քարոզվում է, թե սպորտը հեռու է քաղաքականությունից, այնուամենայնիվ, դա հակառակը ապացուցող օրինակները բազմաթիվ են: Եվ այսօր, բազմաթիվ դոպինգային սկանդալների, անարդար մրցավարություններից հետո հստակ է. սպորտը քաղաքակացված է և սպորտը հենց քաղաքականության մի մասն է:
Առայժմ չկա հստակ տեղեկություն, թե ընկերական հանդիպումը Թուրքիայում անցկացնելու գաղափարն ում է պատկանում. ՀՖՖ-ի՞ն, թե՞ Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Ենթադրենք` գաղափարն ուզբեկներինն էր, սակայն ինչո՞ւ է ՀՖՖ-ն համաձայնում ընկերական հանդիպում անցկացնել Թուրքիայում: Երեւանից հե՞շտ եւ էժա՞ն է հասնել Անթալիա, ինչպես անում են ամառային արձակուրդ մեկնող շատերը, թե՞ հաճելի է խաղալ թուրքական ստադիոններում: Կարծում եմ` երկրորդ տարբերակը կարելի է բացառել: Այդ դեպքում` ինչո՞ւ մի փոքր ավելի գումար չծախսել եւ հանդիպումն անցկացնել այլ երկրում, որտեղ կարելի է բացառել ահաբեկչությունն ու առավել եւս` խաղալ առանց մտածելու, որ ուր-որ է քեզ կհայհոյեն ստադիոնից` քո ազգային պատկանելիության կամ կրոնական ուղղության համար:
Ցավալի օրինաչափություն
Սա առաջին դեպքը չէ, որ հայկական ակումբներն ու տարբեր տարիքային հավաքականներն իրենց ընկերական հանդիպումները կամ մարզական հավաքներն անցկացնելու համար ընտրում են Թուրքիան: Վառ օրինակ է Բարձրագույն խմբի չեմպիոն «Ալաշկերտը», որի նախագահը «Բագրատ Տուր» տուրիստական կազմակերպության ղեկավար Բագրատ Նավոյանն է: «Ալաշկերտն» իր նախորդ բոլոր հավաքներն անցկացրել է հենց Թուրքիայում:
Արդյո՞ք կա այլ տարբերակ.
ՀՖՖ-ն ազգային հավաքականի համար ընկերական հանդիպումներ կազմակերպելու փորձ ունի. մեր թիմն ընկերական հանդիպումներ է անցկացրել Հունաստանի, Մոլդովայի, Կանադայի, Սերբիայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, ԱՄԷ-ի եւ շատ այլ հավաքականների հետ: Ընդ որում, արտագնա եւ տնային: Չնայած վերջին փառահեղ հաղթանակին` մեր հավաքականը ֆուտբոլային էլիտայում շարունակում է գտնվել հասարակածից էլ ներքեւ, սակայն պետք է հետեւել մյուս միջակ հավաքականների օրինակներին: Նրանք ընկերական հանդիպումները կազմակերպում են այնպիսի ֆուտբոլային երկներում եւ այնպիսի զարգացած հավաքականների հետ, որոնցից միշտ կարելի է նոր բան սովորել: Իսկ այս դեպքում Ուզբեկստանի հավաքականից սովորելու շատ բան չկա:
Բացի այդ, ՀՖՖ-ն 2016-ի վերջում հուշագիր ստորագրեց Իրանի Իսլամիստական Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Այն ենթադրում էր փորձի, տեխնոլոգիաների փոխանակում եւ երկու հավաքականների ընկերական հանդիպումների անցկացում: Մինչդեռ հայ-իրանական ֆուտբոլ դեռ չի եղել:
Երբ հարցը վերաբերում է երկրի գլխավոր ֆուտբոլային թիմին, պետք է չխնայել ոչ մի միջոց և չգնալ կասկածելի ստադիոններ կամ վտանգավոր երկրներ :Ֆուտբոլի ֆեդերացիայի մաքսիմալիզմի և լավագույնը տրամադրելու և առավելագույնը պահանջելու աշխատաոճը միայն կարող է նոր որակ ու հաղթանակներ ապահովել ազգային հավաքականին: Խղճուկ կամ գծուծ վերաբերմունքը բերում է նույնպիսի արդյունքներ: Մինչդեռ հակառակը ապացուցող օրինակներ կան: Դիցուք` Իսլանդիան: Համոզվեք ինքներդ` դիտելով այս շատ տպավորիչ ու կարճ իսլանդական դասագրքային օրինակը:
[embed]http://www.youtube.com/watch?v=gJfNw6u_EkQ[/embed]