Winterfest / Read The Best. Փետրվարի առաջին շաբաթ օրն այցելեք Գրքի և արվեստի փառատոն (տեսանյութ)
02/06/2026
«Բարի լույս» ծրագրի շրջանակում Newmag հրատարակչության ներկայացուցիչները, համակազմակերպիչներն ու հովանավորները ներկայացրել են գիրք նվիրելու օրվան նվիրված համահայկական ու սիրելի դարձած տոնի՝ Winterfest 2026-ի միջոցառումների մանրամասները: Newmag-ի ու Թովմասյան հիմնադրամի փառատոնը տեղի է ունենալու փետրվարի 7-ին՝ Dvin Music Hall-ում:
Newmag-ը գրքի ու արվեստի ձմեռային փառատոնը կազմակերպում է արդեն 5-րդ տարին, և արդեն 3-րդ տարին է, ինչ Ձմեռային փառատոնն իրականացնում է «Թովմասյան» հիմնադրամի հետ ու Dvin Music Hall-ում:
Winterfest2026-ի գլխավոր հովանավորներն են Արդշինբանկը, Freedom Broker Armenia ընկերությունը և Սինեմա սթարը, հովանավորներն են նաև Կոկա կոլան, «Լուսարև» գինիներն ու Karl Max ընկերությունը:
Newmag հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանը հաղորդմանն ասաց, որ այս փառատոնը ոչ միայն ձմեռային սեզոնի, այլև ամբողջ տարվա ընթացքում թե՛ Newmag-ի, թե՛ հայաստանյան ընդհանուր գրական կյանքում ամենամասշտաբային ու ամենասպասված փառատոնն է.
«Մի ամբողջ օր տասնյակ հազարավոր մարդիկ այցելում են գրքերի շնորհանդեսներին ու փառատոնի ընթացքում տեղի ունեցող մյուս մշակութային միջոցառումներին: Ականատես ենք լինում գրքի հերթերի, ինչը շատերի համար դարձել է արդեն սովորական: Եվ հենց գրքասերների հերթերն են մեզ ոգևորում, որ մենք ամեն տարի շարունակենքէլ ավելի մոտիվացված ու պատասխանատու վերաբերվել մեր ընթերցողներին ու պարգևելհրաշալի տոն»:
«Թովմասյան» հիմնադրամի ներկայացուցիչ Ադրիանա Թովմասյանի խոսքով, հիմնադրամն անում է ամեն ինչ՝ աջակցելու ընթերցասեր երիտասարդներին. «Գործակցությունը սկսվել է 3 տարի առաջ, երկու կողմերի համար էլ առաջարկը շատ գրավիչ ու մոտիվացնող էր, որ կարող ենք միասին ձևավորել գեղեցիկ գրական տոն ու դարձնել սպասելի. սա պատիվ ու պատասխանատվություն է»:
Փառատոնին տեղի կունենա տարվա գլխավոր սպորտային գիրք-իրադարձությունը, որին սպասել են բոլորը: 2025-ին Իտալիայում լույս տեսած Հենրիխ Մխիթարյանի՝ «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» գիրքը հայերենով ներկայացվելու է սիրված ֆուտբոլիստի երկրպագուներին ու հայ ընթերցասերներին:
Newmag հրատարակչության մուլտիմեդիա բովանդակության պատասխանատու Մանու Իրիցյանը նշեց, որ ձմեռային փառատոնը նվիրված է բացառապես հայ հեղինակներին.
«Սեզոնային փոքրիկ, խորամանկ բաժանումներ ենք արել, հատուկ պլանավորում չկար, որ հենց ձմեռը պետք է լիներ, ստացվեց ժամանակի ընացքում»: Իրիցյանը տեղեկացրեց, որ բացի Հենրիխ Մխիթարյանի ինքնակենսագրականից, լինելու են Մարիաննա Հակոբյանի՝ «Անունները չփոխե՛լ» լրագրողական հետաքննությունը, Գոռ Կարապետյանի՝ «Linkedin 101» գործնական ուղեցույցը և Դավիթ Գեորգյանի՝ իրական փաստերի վրա հիմնված վեպը՝ «Իմպեդանսը»:
«Թովմասյան հիմնադրամն ու Newmag-ն ամեն տարի գրական մրցույթ են հայտարարում, և այս տարվա մրցույթի հաղթողը Դավիթ Գեորգյանն է, մասնագիտությամբ ռազմական բժիշկ: Շատ հետաքրքիր պատմություն է՝ խորհրդային միության գաղտնի որոշումների, միջուկային զենքի, սիրո ու ընտանիքի մասին»,-մանրամասնեց Մանու Իրիցյանը, հավելելով, ունենալով շատ ընթերցողներ, այդ օրվա գրքերը կլինեն շատ մեծ տպաքանակով:
Freedom Broker Armenia-ն Newmag-ի հետ գործակցում է արդեն մի քանի տարի։ Այն առաջինն է միացել հրատարակչոթյան սոցիալական գրքատվության նախաձեռնությանը: Newmag-ի հետ հրատարակում է նաև «Ֆինանսիստ» ամսագիրը, որը միտված է բարձրացնել ընթերցողի ֆինանսական գրագիտությունը։ Freedom Broker Armenia ընկերության մասնավոր ներդրումների բաժնի ղեկավար Արման Խաչատրյանը կարևորում է Newmag-ի հետ գործակցությունը.
«Սկսվել է 2024-ից, մարզային գրքատվության շրջանակում: Իրականում հենց սկզբից էլ նախատեսել ենք երկարատև գործակցություն՝ իրագործելու ռազմավարական համատեղ ծրագրեր»: Քանի որ ընկերությունը որդեգրել է կրթությունը՝ որպես կարևորագույն ուղղություն, փորձում ենք Հայաստանում հնարավորինս բարձրացնել ֆինանսական մակարդակը։
Փառատոնին լինելու է ընկերության տաղավարը. «Փորձելու ենք ավելի պարզ բացատրել, թե ինչ է ներդրումը, ինչպես կատարել ներդրումներ, ինչ գործիքներ օգտագործել. Գործնական օրինակներով ցույց ենք տալու, թե ինչպես կարող ենք դա սկսել»,-ասաց Արման Խաչատրյանը:
Newmag Winterfest 2026-ին է միացել նաև Coca Cola-ն: Ընկերության ՀԲՔ Հայաստան պորտֆոլիոյի զարգացման առաջնորդ Տաթևիկ Էլոյանը «Բարի լույսի» տաղավարում պատմեց փառատոնին միանալու նշանակության մասին, և թե ինչու են դարձել նախաձեռնության մասնակիցը.
«Իրականում Newmag-ի գրքի ձմեռային փառատոնը մեզ համար, մեր բրենդի սիրահարների ու իրական սպառողների համար շատ կարևոր իրադարձություն է: Սա մի հարթակ է, որտեղ կարևորվում են իրական արժեքները, ընթերցանությունը, գիրքն ու ինքնազարգացումը, իսկ այս արժեքները Coca Cola-ի համար միշտ եղել ու շարունակում են մնալ առանքցքային» :
Տաթևիկը հայտնեց, որ փառատոնին Coca Cola-ն ունենալու է գեղեցիկ, խաղային ու ինտերակտիվ տաղավար, որտեղ համադրվելու ենք գիրքը, ֆուտբոլը և սառը ըմպելիքը:
Փառատոնի ընթացքում տեղի է ունենալու նաև «Ծիլ տուր հայերեն–2025» ամենամյա ստեղծագործական մրցույթի պաշտոնական փակումը և մրցանակաբաշխությունը:
Newmag-ի միջազգային գործակցության պատասխանատու Նանե Մանուկյանը ներկայացրեց որոշ մանրամասներ. «Սա պատանիների համար ստեղծագործական մրցույթ է, որի շրջանակում 14-17 տարեկան պատանիները ստեղծագործել են արևելահայերենով, արևմտահայերենով, հայերենի տարբեր բարբառներով, ինչպես նաև օտար լեզուներով, և ներկայացրել են հայրենիքի արժեքների մասին իրենց պատկերացումները»:
Իսկ թե ի՞նչ կապ ունի հրատարակչությունն այդ մրցանակաբաշխության հետ, բանախոսը նշեց, որ բացի նրանից, որ Newmag-ը ևս այդ արժեքների կրողն է, Ամրոցի հետ գործակցությունն ամրապնդել է դեռ նախորդ տարի, հիմնադրամը հովանավորել է արցախցի հեղինակների գրքերը:
Բացի 4 գրքերի շնորհանդեսներից, կլինեն մշակութային այլ միջոցառումներ: Winterfest 2026-ը կսկսվի թառի հնչյուններով, հանդես կգա «Միքայել Ոսկանյան Եռյակը»: Կկատարի հեղինակային գործեր, Կոմիտաս և Սայաթ-Նովա՝ նոր հնչողությամբ։ Ռիթմի, էներգիայի և զգայական շարժման լեզվով լուսաձայնային և վիզուալ պերֆորմանսով հանդես կգա NISHA Afro House Show-ն: Newmag Winterfest 2026-ն իր տոնական ակորդներով կամփոփի «Հայություն» բենդը:
ԾԱՆՈԹԱՆԱԼ Newmag Winterfest2026-ի ծրագրին
Կարդացեք նաև
- «Հուսով եմ՝ իմ պատմությունը կոգևորի շատերին ու կօգնի շարունակել հավատալ ու երազել». Հենրիխ Մխիթարյանի ողջույնի խոսքը՝ հայ երկրպագուներին (տեսանյութ)
- Winterfest-ին Newmag-ը կներկայացնի Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխե՛լ» գիրքը (թրեյլեր)
- Winterfest-ին տեղի կունենա Դավիթ Գեորգյանի «Իմպեդանս» գիտաֆանտաստիկ էքշն ժանրի գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
- Winterfest2026-ին Newmag-ը կներկայացնի Հենրիխ Մխիթարյանի գիրքը՝ «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» (թրեյլեր)
- Winterfest2026֊ին Newmag-ը կներկայացնի Գոռ կարապետյանի «LinkedIn 101» գիրքը (թրեյլեր)
Newmag Winterfest 2026-ի օրը փետրվարի 7-ն է, 12:00-21:00, Dvin Music Hall-ում, մուտքն ազատ է։
Կարդացեք նաև
- Newmag Winterfest2026 × Cinema Star Armenia / Երբ գիրքն ու կինոն խոսում են նույն լեզվով
- «Ծիլ տուր հայերեն– 2025» մրցույթի փակումը և մրցանակաբաշխությունը՝ Newmag Winterfest-ում
- Freedom Broker Armenia-ն դարձել է Newmag Winterfest 2026-ի գլխավոր հովանավոր
- Գիրք նվիրելու տոնին ընդառաջ Երևանում կանցկացվի Գրքի և արվեստի 5-րդ փառատոնը (անոնս)
Գոռ Կարապետյան
5800 ֏
Նկարագրություն
LinkedIn հարթակն աշխարհի ամենամեծ «բիզնես կենտրոնն» է։ Սոցիալական այս հարթակում ակտիվ են 65 միլիոն որոշում կայացնողներ և 10 միլիոն C-level ղեկավարներ։ Այս գիրքն առաջարկում է անձնային բրենդնայդ միջավայրում ձևավորելու և բիզնես ազդեցության նպատակով գործադրելու համակարգված լուծումներ։
Գիրքը հագեցած է տեղական և միջազգային օրինակներով ու պատմություններով: Գլուխների վերջում կան թեմատիկ հարցեր, որոնք միասնաբար կազմում են 101 կառուցվածքային հարց։ Դրանք ուղղված են կոնկրետ B2B խնդիրների լուծմանը. դիրքավորում, վստահության ձևավորում, որոշում կայացնողների հետ արդյունավետ հաղորդակցում և երկարաժամկետ մասնագիտական հեղինակության ձևավորում։
Այս մոտեցումը թույլ է տալիս նյութը կիրառել փուլային և գործնական եղանակներով։ Ներկայացված են բազմաթիվ կիրառական սկզբունքներ, ներառված են QR կոդեր, որոնք ընթերցողին ուղղորդում են դեպի լրացուցիչ գործիքներ և օժանդակ նյութեր՝ գիրքը դարձնելով առավել գործնական ուկիրառելի։
Ալեսանդրո Ալչատո
Հենրիխ Մխիթարյան
7800 ֏
Նկարագրություն
Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլային ընտանիքից է, տաղանդն ու մասնագիտական ուղին կարծես ժառանգություն է ստացել։ Ծնվել է Հայաստանում, մեծացել Ֆրանսիայում, քանի որ հայրը խաղում էր Լիգա 2-ում։ Համլետ Մխիթարյանը եղել է հայկական ֆուտբոլի պատմության ամենաուժեղ հարձակվողներից։ Մահացել է ուղեղի քաղցկեղից, 33 տարեկանում, երբ Հենրիխն ընդամենը 7 տարեկան էր։
Երիտասարդ Հենրիխն արժանապատվորեն շարունակեց հոր ֆուտբոլային ուղին։ Թեպետ նրա մահից հետո որոշ ժամանակ չէր կարողանում մոտ գնալ գնդակին, սակայն ինքն իրեն խոստացավ հասնել այնտեղ, ուր հայրը չհասցրեց։
Ընդամենը 14 տարեկան էր, երբ մեկնեց Բրազիլիա՝ «Սան Պաուլո» ակումբում մարզվելու։ Այնտեղ զարգացրեց խաղային տեխնիկան, յուրացրեց ֆուտբոլի նոր՝ ստեղծագործական ոճ, սովորեց նոր լեզու՝ պորտուգալերեն։ Կարիերայի ընթացքում կրել է «Փյունիկի», «Մետալուրգի», «Շախտյորի», Դորտմունդի «Բորուսիայի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Արսենալի» մարզաշապիկները։ 2019-ին տեղափոխվել է Իտալիա. երեք տարի խաղացել է «Ռոմա» ակումբում, 2022-ի հուլիսի 2-ին պաշտոնապես միացել է Սիմոնե Ինձագիի գլխավորած «Ինտերին» և անմիջապես դարձել «Ներաձուրրոների» հենասյուներից։
Գիրքը հուզիչ պատմություն է որդիական կարոտի և հոր՝ Համլետ Մխիթարյանի մասին, որի վաղաժամ կորուստը խորին հետք է թողել նրա կյանքում և շարժիչ ուժ դարձել։ Սա նպատակասլացության, ինքն իրեն հավատարիմ մնալու և փոփոխություն բերելու պատրաստակամության պատմություն է․ ճանապարհ, որը կոգեշնչի յուրաքանչյուրին, որ հավատում է տքնության, նվիրումի և երազանքի ուժին։
Դավիթ Գեորգյան
5800 ֏
Նկարագրություն
1956 թվական․ ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության հատուկ որոշմամբ Հայաստանում ձևավորվում է գերգաղտնի, գետնափոր ռազմական լաբորատորիա։ Երկու տարբեր աշխարհամասերից այստեղ են գործուղվում երկու երիտասարդ հայեր։ Առաջինը՝ Ռուսաստանից։ Գնդապետ Ավակովը ժամանում է որպես լաբորատորիայի հրամանատար։ Երկրորդը՝ ԱՄՆ-ից։ ԿՀՎ-ն ՀԽՍՀ է ուղարկում գործակալ Ադիխանյանին։ Նա պետք է սողոսկի լաբորատորիա, որտեղ ամեն ձայն, ամեն շարժում, ամեն բացված դուռ կարող է անդառնալիության սկիզբ դառնալ։ Գնդապետ Ավակովը կիրագործի՞ իր առաքելությունը, կստեղծի՞ միջուկային զենք։ Իր կյանքը խաղասեղանին դրած գործակալ Ադիխանյանը կկարողանա՞ կորզել գերգաղտնի ինֆորմացիան։ Միստիկայի էլեմենտներով գործակալական այս թրիլերում լաբորատորիայի մետաղե ծանր դռան հետևում են մնում այն բոլոր որոշումները, որոնք մարդկանց ճակատագրերի գին ունեն։
Մարիաննա Հակոբյան
5800 ֏
Նկարագրություն
Լյուսին մոր մահից հետո նրա աշխատասենյակում գտնում է երկու թղթապանակ։ Դրանցում մայրը պատմում է 1999-ին Բաղրամյան պողոտայի տներից մեկում տեղի ունեցած դեպքի մասին, որը երկու տասնամյակ անց պետք է դառնա քրեական գործ, սակայն վաղեմության ժամկետը խառնում է բոլորի խաղաքարտերը։ Լրագրող Լյուսին հետաքննություն է սկսում՝ չպատկերացնելով, որ իր բոլոր վախերը նոր կյանքով են ապրելու։ Նա հայտնվելու է նույն տանը, որտեղ մայրն էր բռնության ենթարկվել, ու կանգնելու է ամենաբարդ հարցի առաջ։ Ի՞նչ կբացահայտի երիտասարդ լրագրողը, որի հետաքննության առանցքում իր ծնողներն են ու նրանց մութ անցյալը։ Նրա մոր թողած ձեռագրերը գեղարվեստական տեքստե՞ր են, թե՞ անձնական օրագիր։ Եվ գլխավոր հարցը՝ Լյուսին պե՞տք է իմանա այն ամենը, ինչ ծնողները խնամքով թաքցրել են երկար տարիներ։ Արագ ընթացող վեպ-հետաքննություն, որի ընթացքում գլխավոր հերոսուհին գտնում է պատասխաններ, որոնք չէր էլ փնտրում։
Կարդա նաև
Գիրք նվիրելու տոնին ընդառաջ Երևանում կանցկացվի Գրքի և արվեստի 5-րդ փառատոնը (անոնս)
Freedom Broker Armenia-ն դարձել է Newmag Winterfest 2026-ի գլխավոր հովանավոր
Winterfest2026֊ին Newmag-ը կներկայացնի Գոռ կարապետյանի «LinkedIn 101» գիրքը (թրեյլեր)
Newmag Winterfest2026 × Cinema Star Armenia / Երբ գիրքն ու կինոն խոսում են նույն լեզվով