«Ծիլ տուր հայերեն-2025» մրցույթի հանդիսավոր փակումը՝ Newmag Winterfest-ին
01/23/2026
«Ամրոց» ազգային զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող «Ծիլ տուր հայերեն–2025» ամենամյա ստեղծագործական մրցույթի պաշտոնական փակումը և մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 7-ին՝ Winterfest-ի շրջանակում, Newmag հրատարակչության հետ գործընկերությամբ։
Մրցույթը միավորում է Հայաստանում և սփյուռքում բնակվող 14–ից 17 տարեկան հայ պատանիներին՝ ստեղծելով համահայկական հարթակ, որտեղ լեզուն դառնում է ինքնարտահայտման հիմնական միջոց։ Այս տարվա խորագիրն է «Իմ անունով երկիրը», որը մասնակիցներին հնարավորություն է տվել հայերենով և օտար լեզուներով արտահայտել իրենց պատկերացումները հայրենիքի, ինքնության և պատկանելության մասին։

2025 թվականին մրցույթին ներկայացվել է շուրջ 200 հայտ՝ արևելահայերենով, արևմտահայերենով, հայերենի տարբեր բարբառներով, ինչպես նաև ռուսերեն, անգլերեն և իսպաներեն լեզուներով։ Մասնակիցները ներկայացրել են գործեր երեք ուղղությամբ՝ գրական ստեղծագրություն, տեսողական արվեստ և օտարագիր (խրախուսական) անվանակարգ։
Հիմնական անվանակարգերում ընտրվել են երեքական լավագույն աշխատանքներ, որոնց հեղինակները կստանան դրամական և խրախուսական մրցանակներ։ «Օտարագիր» անվանակարգում հաղթողները կպարգևատրվեն հայագիտական կրթական ծրագրերով, ժյուրիի անդամներից կստանան խրախուսական մրցանակներ։

Այս տարի մրցույթի շրջանակում առաջին անգամ ներկայացվելու է նաև «ԾիլՏա» թերթոնը, որտեղ ամփոփվելու են մրցույթի լավագույն և խրախուսված ստեղծագործությունները։
«Ծիլ տուր հայերեն» մրցույթն իրականացվում է 2022-ից՝ «Ամրոց» հիմնադրամի նախաձեռնությամբ և Վիվա հեռահաղորդակցության առաջատար օպերատորի ֆինանսավորմամբ, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների մասնակցությամբ։ Այս տարի մրցույթն անցկացվում է Newmag հրատարակչության հետ գործընկերությամբ՝ Newmag Winterfest-ի հարթակում։

«Ծիլ»-ը շարունակում է ձևավորել համահայկական պատանեկան ստեղծագործական համայնք՝ խթանելով հայերենով ստեղծագործելը, ինքնարտահայտման ազատությունը և լեզվի կենդանի ներկայությունը պատանիների միջավայրում։
Կարդա նաև
Ինչու է Ֆինլանդիան արդեն 9-րդ տարին համարվում աշխարհի ամենաերջանիկ երկիրը
Newmag-ն Արմենիա Հ/Ը «Բարի լույսում» ներկայացրել է պատանիների, դեռահասների ու ամենափոքրիկների համար չորս նոր գիրք (տեսանյութ)
Տեղի ունեցավ Նոյել Ջենիս-Նորթոնի «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Տեղի ունեցավ «Երբ ծաղկում է ծիրանենին» վեպի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)