Winterfest-ին տեղի կունենա Դավիթ Գեորգյանի «Իմպեդանս» գիտաֆանտաստիկ էքշն ժանրի գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
01/27/2026
Newmag-ը և Թովմասյան հիմնադրամը ներկայացնում են նոր հեղինակ ու նոր գիրք՝ Դավիթ Գեորգյան. «Իմպեդանս: Շնորհանդեսը կայանալու է Ձմեռային գրքի և արվեստի փառատոնին։
Պատմությունը հիմնված է իրական փաստերի վրա։ Գործողությունները տեղի են ունենում 1956 թվականին, երբ ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարությունը գաղտնի հրամանով որոշում է Հայաստանում կառուցել ստորգետնյա ռազմական լաբորատորիա՝ միջուկային զենքի արտադրության համար։
Միաժամանակ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը մեծ հայրենադարձության ծրագրի շրջանակում Խորհրդային Հայաստան է ուղարկում իր գործակալին՝ Ադիխանյանին։ Գերգաղտնի ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Ավակովը պատասխանատու է ծրագրի գաղափարական կողմի համար, իսկ գիտական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Անաստասյանը պետք է գործարկի միջուկային ռեակտորը։
Պատմությունը զարգանում է երկու գերտերությունների բախման, գաղափարախոսական ճնշման, գիտական նվաճումների և զուգահեռ աշխարհներ ներթափանցելու փորձերի միջավայրում, որոնք աստիճանաբար վերածվում են մեծ առճակատման։ Տասնամյակներ անց միայն կբացահայտվի մեծ պայթյունի իրական պատճառը։ Մարդկային ճակատագրերը, միստիկայի տարրերը և էզոթերիկ հանգուցալուծումը միահյուսվում են գիտաֆանտաստիկ էքշն ժանրում։
Դավիթ Գեորգյանը ռազմական բժիշկ է, ինտենսիվ թերապևտ, անեսթեզիոլոգ։ 2020 թվականից ծառայել է Հայաստանի մարզերում և Արցախում, ներկայումս սովորում է ԵՊԲՀ կլինիկական օրդինատուրայում։
Դավիթ Գեորգյանը հաղթել է Թովմասյան հիմնադրամի և Newmag-ի հայտարարած երիտասարդ գրողների մրցույթում, որի մասին հայտարարվել էր նախորդ Ձմեռային փառատոնին։ Մրցույթին մասնակցել են շուրջ հիսուն հեղինակ, ժյուրին ընտրել է «Իմպեդանս» վեպը։ Սա երկրորդ գրական մրցանակաբաշխությունն է․ առաջինը նվիրված էր արցախցի գրողներին։
ԾԱՆՈԹԱՆԱԼ Newmag Winterfest2026-ի ծրագրին
Գրքի գլխավոր գործընկերը «Թովմասյան» բարեգործական հիմնադրամն է։ Փետրվարի 7-ին, 18։00-ին, Dvin Music Hall-ում՝ Newmag Winterfest-ի շրջանակում, տեղի կունենա Դավիթ Գեորգյանի «Իմպեդանս» վեպի շնորհանդեսը։ Մուտքն ազատ է, գիրքը՝ զեղչով։
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է չեխ գրող Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» գիրքը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Նուրան Դավիթ Քալիսի գրական դեբյուտը՝ «Լուսինը մեր արևն է» վեպը (թրեյլեր)
Ուշագրավ փաստեր «Անունները չփոխե՛լ» գրքի հեղինակ Մարիաննա Հակոբյանի մասին (տեսանյութ)
Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրել է Գանեսա Նագառաջանի «Վաղը՝ մեկ ուրիշ օր» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)