[Արևելյան խոհանոց] Երկու պատճառ, թե ինչո՞ւ Թուրքիայի իշխանությունը մերժեց Պոլսո հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունը
Գումգափույում՝ Պոլսո հայոց պատրիարքարանի շենքում, հոգևոր խորհրդի 30 անդամները մարտի 15-ին տեղապահ ընտրեցին: Թեկնածուները երկուսն էին: Առավելագույն թվով ձայներն ստացավ Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Ընտրությունների արդյունքը հրապարակելուց հետո մյուս թեկնածուն՝ փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը լրագրողներին ու ներկաներին բաժանեց Ստամբուլի նահանգապետարանից ստացված գրություն, որում նշված էր՝ պատրիարքական ընտրություններ իրականացնելն իրավականորեն անհնար է։
Ընտրված տեղապահ Բեքչյանն անմիջապես պատասխանել է, որ պատրիարքարանի պատվիրակությունը կայցելի Ստամբուլի նահանգապետարան՝ բացատրելու տեղապահի ընտրության տրամաբանությունը: Ես նահանագապետարան չեմ գնալու։ Կգնան Արամ Աթեշյանը և Սահակ Մաշալյանը: Այնուհետև հայտարարություն կարվի։ Սա մի քանի օր է տևելու, և ես այդ ընթացքում այստեղ եմ լինելու,- ասել է արքեպիսկոպոս Բեքչյանը:
Թուրքիայի իշխանությունը Պոլսո հայոց պատրիարքի ընտրությանը միջամտելու երկու պատճառ ունի:
Առաջին պատճառը թյուրըմբռնումն է: Եվ քանի որ ընտրված տեղապահը պատրաստվում է կատարվածը բացատրելու նպատակով պատվիրակություն ուղարկել նահանգապետարան, պատրիարքարանում ևս այսպես են կարծում: Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունը կկազմակեպվի ապրիլի 16-ի Սահմանադրության հանրաքվեից հետո: Նահանգապետարանի արձագանքից նկատելի է, որ թուրքական իշխանական վերնախավում հիմա կարծիք է ձևավորվել, թե հայերը հաշվի չառան Էրդողանի խոսքը, չսպասեցին մինչև նախագահի նշած ժամկետը: Հիմա Թուրքիայի իշխանությունը փորձում է թույլ չտալ, որ քրիստոնյա հայերն ինքնուրույն գործեն ու որոշումների կայացման գործընթացը դուրս գա իրենց վերահսկողությունից:
Ընտրված տեղապահ Բեքչյանի պատվիրակությունը Ստամբուլի նահանգապետարանում բացատրելու է, որ փետրվարի վերջին, երբ Պոլսո հայոց պատրիարքարանի արքեպիսկոսները Էջմիածնում համաձայնության եկան մարտի 15-ին տեղապահի ընտրություն կազմակերպելու շուրջ, նույն հայտարարության մեջ նշեցին՝ տեղապահը նախապատրաստելու է պատրիարքի ընտրության գործընթացը, որը կկազմակերպվի առաջիկա վեց ամսում: Այս ժամկետը լրիվ համընկնում է Էրդողանի նշած “ապրիլից հետո”-ին և ակնհայտ էր, որ Էջմիածնում էլ որոշել էին անիմաստ առճակատման չգնալ:
Երկրորդ պատճառը: Տեղապահ ընտրված արքեպիսկոպոս Բեքչյանին աջակցում է համայնքը, հոգևորական դասը, բայց ոչ Էրդողանը: Էրդողանը պաշտպանում է գրեթե մեկ տասնամյակ պաշտոնավարող փոխանորդ արքեպիսկոպոս Աթեշյանին՝ պարտված թեկնածուին: Իսկ եթե նա պարտվել է տեղապահի ընտրությանը, հավանականությունը, որ պատրիարք կընտրվի գրեթե 0-ական է: Թուրքիայի իշխանությանը մնում է չեղյալ հայտարարել տեղապահի ընտրությունը, որ Պոլսո պատրիարքի պարտականությունները շարունակի կատարել արքեպիսկոսպոս Աթեշյանը: Էրդողանի համար հստակ չէ, թե երկրում խառը ներքաղաքական իրավիճակում, ինչպես կդրսևորի նորընտիր տեղապահը: Ավելորդ խնդիր է, որը պարզ լուծում ունի Աթեշյան անունով: Արքեպիսկոպոսի հասցեին տարածվում են դրածո, խամաճիկ պիտակները: Ռացիոնալ մտածելիս ակնհայտ է դառնում Աթեշյանի գլխավոր առավելությունը. նրա հետ Թուրքիայի իշխանությունն աշխատելու փորձ ունի:
Եթե նույնիսկ Աթեշյանին հիմա Թուրքիայի ամբողջ պետական համակարգն է պաշտպանում՝ ձախողելով նոր պատրիարքի ընտրության գործընթացը, հնարավոր է, որ սա կտևի մինչև Սահմանադրության հանրաքվեն կամ դրան հաջորդող ամիսները: Մինչև համամետաբար կայուն ներքաղաքական դրություն: Որովհետև Պոլսո պատրիարքարանի առաջնորդին Թուրքիայի իշխանությունն ընկալում է որպես հայ համայնքին վերահսկելու լծակ: Բայց եթե համայնքն է դեմ այդ լծակին, ինչպես Աթեշյանի դեպքում ցույց տվեց տեղապահի ընտրության արդյունքը, տրամաբանական կլինի դրանից հրաժարվելը: