BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Թե ինչ եղավ հետո, երբ Հադրութի Ազոխ բնակավայրում հ

Թե ինչ եղավ հետո, երբ Հադրութի Ազոխ բնակավայրում հայտաբերվեց 300000 տարեկան նախամարդու ծնոտոսկր. փորփրում ենք Արցախը

Ամեն ինչ սկսվեց հեռավոր 1968 թ., երբ պարզվեց, որ պեղումների ժամանակ հայտնաբերված նեանդերթալյան նախամարդու ծնոտոսկրը 300000 տարեկան է և մարդկային ամենահին մնացորդներից մեկն է աշխարհում։ Մինչ այդ նման գտածոներ եղել են Մարոկոյում, Գերմանիայում, Անգլիայում և Իտալիայում: Մի քանի արշավախմբեր պեղեցին որոշ գտածոներ, ու այսքանով Ազոխի քարանձավի ուսումնասիրությունն ընդհատվեց: 2002 թվականին Արցախի կառավարության հրավերով ժամանած հնագետների միջազգային արշավախումբը ծավալուն պեղումներ սկսեց Ազոխի քարանձավում։
Առ այսօր հայտնաբերված բազմաթիվ քարե գործիքները, կենդանական կմախքների մնացորդները, կենցաղային իրերը հնգետներին թույլ են տալիս ենթադրել, որ մարդիկ Արցախի տարածքում ապրել են վաղնջական ժամանակներից: Ուսումնասիրությունների ընթացքում քարանձավի տարածքում հայտնաբերված բազմաթիվ գտածոների մեջ առանձնահատուկ ուշադրություն են գրավում կենդանական աշխարհի ներկայացուցիչների՝ քարանձավային արջի (դրանց հասակը մոտ 4 մետր էր, քաշը՝ 700 կգ), հսկա եղջերուի, ռնգյեղջուրի, բիզոնի, ձկների ու բազմաթիվ այլ կենդանատեսակների կենսաբանական մնացորդները:
Ազոխի քարանձավի 250000 տարեկան մշակութային շերտի խորությունը մոտ 13 մ է, որի ամեն 20 սմ-ն ուսումնասիրելու համար մեկ տարուց ավելի ժամանակ է պետք: Սա նշանակում է, որ Արցախի Հադրութի շրջանում գտնվող Ազոխի քարանձավն ու նրա շրջակա միջավայրն առաջիկա առնվազն 65 տարիների ընթացքում շարունակելու են մնալ համաշխարհային հնագիտության ուշադրության կենտրոնում:
«Springer» միջազգային հրատարակչական ընկերությունը 2016 թ. սեպտեմբերին հրատարակեց «Ազոխի քարանձավը և շրջակա միջավայրը» գիրքը: «Springer»-ն աշխարհով մեկ տարածված իր 400 միլիոն օգտատերերին, հայ և միջազգային գիտական շրջանակներին է ներկայացնում Ազոխի քարանձավում մեկ տասնամյակից ավելի տևած աշխատանքի արդյունքն ու քարանձավի հնագիտական նշանակությունը:
Արցախի Մարտակերտի շրջանի հարավ-արևելքում՝ Խաչեն գետի աջ ափին, հաստաշերտ հողածածկի տակից 2005-ին մի ամբողջ քաղաք հայտնաբերվեց: Ճերմակ կրաքարից կառուցված հոյակերտ այդ բնակավայրը հայոց արքա Տիգրան Մեծի (մ. թ. ա. 95-55 թթ.) հիմնած Տիգրանակերտն է: Հայոց արքայից արքան մ. թ. ա. I դարում նույնանուն 4 քաղաք էր հիմնել: Հելլենիստական դարաշրջանին պատկանող քաղաքի պեղումների ժամանակ ուսումնասիրվել են Տիգրանակերտի միջնաբերդը, պարիսպները, քաղաքի կենտրոնական մասը և անտիկ թաղամասը, հետագա շրջանի կառույցները՝ վաղմիջնադարյան հրապարակը, երկու եկեղեցիները և տապանաբակը: Յուրահատուկ է պարիսպների որմնաքարերի հանգույցների «ծիծեռնակապոչ» ձևը։ Պեղածո նյութերի մեջ առանձնանում են մ. թ. ա. II-I դարերի գունազարդ, սև և մոխրագույն խեցեղենի կատարյալ օրինակները, ցլագլուխ եղջերագավաթները, կնքադրոշմներն ու գեմման, բազիլիկ տաճարից գտնված հայերեն արձանագրություններով կավե սկավառակը, բազմաթիվ մետաղադրամներ, վաղմիջնադարյան ապակին ու IX-XI դդ. ջնարակապատ խեցեղենը:
Տիգրանակերտի անտիկ դամբարանադաշտում պեղվել են մի քանի թաղումներ, գունազարդ ամբողջական խեցանոթների, երկաթե ակնազարդ մատանիների, ոսկեզօծ ուլունքների հետ գտնվել են նաև շատ լավ պահպանված պարթևական արծաթե դրամներ: Գետնի տակից վեր հանած կառույցները և նյութերը հավաստում են, որ Տիգրանակերտը եղել է քաղաքաշինական առաջադեմ հատակագծումով և շինարարական տեխնիկայով ստեղծված ընդարձակ մի բնակավայր, որը հարատևել է մինչև XIV դարը: Պեղումներով հայտնաբերված նյութերը լրացուցիչ փաստում են, որ թաղամասում ապրել են քաղաքային կենցաղ վարող բնակիչներ, որոնք զբաղվել են երկրագործական, անասնապահական մթերքների մշակմամբ և արհեստագործությամբ, հարևան հելլենիստական կենտրոնների հետ առևտրական ու մշակութային աշխույժ հարաբերություններ են ունեցել: Քաղաքն ամբողջովին կառուցվել է տեղական սպիտակ կրաքարից, ունեցել է հզոր պարիսպներ, ժայռափոր ջրանցքներ:
Հարթավայրային Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղում 2016 թ. հոկտեմբերին հողագործական աշխատանքների ժամանակ մի գյուղացի նկատել է մի քանի մարդակերպ կոթող: Հնագետները պեղել են տարածքն ու հայտնաբերել մ. թ. ա. IX-VII դդ. 18 տարատեսակ սափոր, ուլունքանման առարկաներ, մարդակերպ կոթողներ, որոնք երկրամասի նախաքրիստոնեական մշակույթի կարևոր բաղկացուցիչ են: Նման կոթողներ հաճախ կարելի է տեսնել Առաջավոր Ասիայի տափաստաններում: Դրանք ծառայում են որպես մահարձաններ և կանգնեցված են գերեզմանաթմբերի՝ կուրգանների վրա:
Նմանատիպ 3 տասնյակ կոթողներ 1970-ականներին էին հայտաբերվել այս տարածքում, սակայն նորահայտ կոթողներն առանձնանում են իրենց խոշոր չափերով, շատ ավելի լավ են պահպանված, նրանց վրա հստակ երևում են պատկերագրական որոշ դետալներ: Սալերը երկու հորիզոնական ակոսների միջով բաժանվում են երեք մասի՝ ընդգծելով գլուխը, իրանը, կոնքից ներքև հատվածը: Կոթողները քանդակված են և ՛ դիմացից, և՛ հակառակ կողմից: Պատկերագրական մանրամասները, կրծքի վրա ծալված ձեռքերի դիրքը, որոշ կոթողների վրա դաշույնի առկայությունը խոսում են կոթողների ծիսապաշտամունքային դերի մասին: Սա նշանակում է, որ այս կոթողները կանգնեցվել են՝ ի հիշատակ ցեղի կամ տոհմի առաջնորդի: Կոթողների ուսումնասիրությունը կարևոր է Արցախի, Կովկասի ու ամբողջ Առաջավոր Ասիայի մ. թ. ա. 1-ին հազարամյակի պատմությունն ու մշակույթը հասկանալու համար:
Արցախում նախամարդու ժամանակաշրջանին վերագրվող 1 տասնյակ քարանձավներում պարբերաբար ուսումնասիրություններ են կատարվում: Սակայն այն, ինչ Ալեքսանա Ղուզե քարանձավում 2015-ին հայտնաբերեցին հնագետները, բացառիկ էր: Շուշիի շրջանի Քարինտակ գյուղի հարավ-արևմուտքում գտնվող Ալեքսանա Վրվան համալիրում, որի մակերեսային շերտերը 50-60 հազար տարվա վաղեմություն ունեն, հայտնաբերված գտածոն ո՛չ նախամարդու գործիք էր և ո՛չ էլ սեպագիր արձանագրություն: Դա մի ատամ էր, որը պատկանել է էնեոլիթի ժամանակաշրջանում ապրած մարդուն: Ատամը 6,5 հազար տարեկան է: Սակայն գտածոյի իրական միսիան ավելի լուրջ էր: Նման նմուշները սովորաբար տալիս են հնէաբանական ու հնագիտական արժեքավոր ինֆորմացիա, սակայն այս ատամը պետք է պատասխան տար մի շատ կարևոր հարցի. ո՞վ է եղել այն մարդը, որը 6500 տարի առաջ ապրել է այժմյան Արցախի տարածքում:
Ատամի մեջ ԴՆԹ-ն կարող է պահպանվել դարերով: Ուստի հայտնաբերված ատամի ԴՆԹ կառուցվածքը պարզելու համար գտածոն ուղարկվում է Կոպենհագենի գենետիկայի համալսարան, որտեղ էլ գիտնականների կատարած բազում ուսումնասիրությունները պարզում են, որ ատամի ԴՆԹ գենը հենց այն նույնն է, որն ունի ժամանակակից հայը: Այս փաստը վերստին ապացուցում է, որ հայերը ոչ թե այլ տարածաշըրջաններից են տեղափոխվել Արցախ, այլ Հայկական լեռնաշխարհի բնիկներն են:
Արցախի Քաշաթաղի շրջանի Սոնասար բնակավայրից 10 կմ հեռավորության վրա՝ բարձրադիր հովտում, 2010 թվականին դամբարան հայտնաբերվեց: Դամբարանի շքեղ գտածոները ոսկուց, արծաթից և բրոնզից են: Հայտնաբերված նյութերը հուշում են, որ հանգուցյալը բարձր դասի կին է: Դամբարանի թալանված վիճակը հնարավորություն չի տալիս դատել նյութի ամբողջության մասին: Ամեն դեպքում՝ անմշակ, խոշոր վեմերով կառուցապատված դամբարանի ներսի տեղադրությունից պարզ է դառնում, որ հանգուցյալը հուղարկավորվել է երկար պատի մոտ գտնվող բազալտե սարկոֆագում: Դամբարանից հայտնաբերված գանձերը հնարավորություն են տալիս որոշել դամբարանի գոյության ժամանակը:
Մ. թ. ա. I դարում ապրած իշխանուհուն պատկանել են հայտնաբերված ոսկե և արծաթե հրաշագեղ ու անկրկնելի մատանիները, զգեստը զարդարող 68 ոսկե կոճակները, մանյակները, ապարանջանները, ականջօղը, Աթենասի պատկերով արծաթադրամը, կահկարասին: Դամբարանում հայտնաբերված նյութերի մի մասը խիստ նման է Սիսիանում հայտնաբերված, նույն ժամանակներին վերագրվող՝ Սյունիքի կառավարչի դամբարանի իրերին: Սա հերքում է ադրբեջանական կողմի այն պնդումները, թե իբր դամբարանը աղվանական ծագում ունի, գանձերն էլ պատկանում են Ադրբեջանին:
Խրամատ փորելու էին գնացել, բայց անտիկ դարաշրջանի դամբարանադաշտ հայտնաբերեցին: Արցախի պաշտպանության բանակի ժամկետային զինծառայողները 2016 թ. ապրիլյան պատերազմի օրերին Արցախի արևելյան շրջանում ինժեներական աշխատանքներ կատարելիս անտիկ դարաշրջանի դամբարանադաշտ են հայտնաբերում: Գտածոյի հետքերով կարճ ժամանակ անց բացահայտվում են անտիկ դարաշրջանի 2 դամբարաններ: Հողի տակից հանվում է երկու ամբողջական գտածո՝ եռատերև սափոր ու գավաթ, ափսեի բեկորներ: Վայրը, որտեղից զինվորները հայտնաբերել են գտածոները, Տիգրանակերտի մոտակայքում է:
Ապրիլյան ռազմական գործողությունների օրերին հայ զինվորները հայտնաբերել են նաև այլ գտածոներ: Հենց առաջնագծում հայտնաբերվել էր ծիսական բնույթի մի կճուճ, որը թվագրվում է մ. թ. ա. VII-VI դարերով: Սահմանային մեկ այլ վայրից էլ հայ զինվորները սափոր և դաշույն են հայտնաբերել խրամատ փորելու ընթացքում: Ընդհանուր առմամբ ապրիլ-մայիս ամիսներին հայտնաբերվել է տարբեր դարաշրջանների վերաբերող 5 գտածո: Հայտնաբերված նոր դամբարանադաշտերի ուսումնասիրությունները դեռ չեն սկսվել:

newmag #77


Հեղինակ` Արմինե Հայրապետյան


 

Տարածել