Նրանք ապրում են, որպեսզի օգնեն ապրել ուրիշներին. հայտնի են 2017-ի «Ավրորա» մրցանակի հավակնորդները

Նրանք ապրում են, որպեսզի օգնեն ապրել ուրիշներին. հայտնի են 2017-ի «Ավրորա» մրցանակի հավակնորդները

«Ավրորա» մրցանակի դափնեկիրը կստանա $1,000,000 դրամաշնորհ՝ ընդլայնելու մարդասիրական գործունեությունն աշխարհում

5-ը` 558 հավակնորդներից: Ավրորա մրցանակաբաշխության այս տարվա թեկնածուներն են: Հինգ թեկնածուներին մեծ ցանկից ընտրել է Ավրորայի միջազգային ընտրող հանձնաժողովը: Նրանք բոլորը մեր ժամանակակիցներն են, ապրում են` որպեսզի օգնեն ապրել ուրիշներին:

 

Ֆարթուն Ադան եւ Իլվադ Էլման

«Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի հիմնադիրներ, Սոմալի

Ֆարթուն Ադանը Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում գտնվող «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի (EPHRC) գործադիր տնօրենն է: 1996թ. Սոմալիում պատերազմող զինվորականներն սպանեցին Ֆարթունի ամուսնուն նրա խաղարար գործունեության համար: Այդ օրվանից Ֆարթուն Ադանը պայքարում է Սոմալիում մարդու իրավունքների պաշտպանության, խաղաղության հաստատման, զարգացման եւ մանկահասակ զինվորականների լիարժեք վերականգնման համար՝ հաճախ վտանգավոր եւ անբարենպաստ պայմաններում: 2010թ. Ադանը նախաձեռնեց «Քույր Սոմալի» ծրագիրը՝ աջակցելու գենդերային բռնությունների ենթարկվածներին, ում հաջողվել է ողջ մնալ բռնաբարությունից հետո եւ/կամ խուսափել պարտադիր ամուսնությունից:  Նա ստեղծեց սեռական բռնությունների առաջին թեժ գիծը Սոմալիում, իսկ 2011 թվականին Մոգադիշոյում հիմնեց բռնաբարությունների ճգնաժամի կենտրոն: Մինչ  օրս կենտրոնն օգնել է ավելի քան  400 սոմալացի կանանց եւ աղջիկների՝ տրամադրելով խորհրդատվություն եւ բժշկական աջակցություն, բիզնես նախաձեռնելու հնարավորություններ եւ ֆինանսական միջոցներ, կազմակերպելով գործարարական հմտությունների դասընթացներ եւ տեղափոխելով նրանց ավելի ապահով վայրեր:  Ֆարթուն Ադանի քսանյոթամա դուստրը՝ Իլվադ Էլմանը EPHRC-ի հարցերով մոր գործընկերն է: ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից տիկին Ադանը պարգեւատրվել է  «Խիզախ կին» միջազգային մրցանակով: Նա «Էլման» խաղաղության և մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի գործունեության համար պարգեւատրվել է նաեւ Գերմանիայի կառավարության կողմից: 2015-ին Հարվարդի համալսարանը տիկին Ադանին եւ նրա դստերը շնորհեց «Գլեյցմանի միջազգային ակտիվիստ» մրցանակը:

Ջամիլա Աֆղանի

«Նուռ» կրթական եւ հնարավորությունների ընդլայնման կազմակերպության ղեկավար, Աֆղանստան

Ջամիլա Աֆղանին «Նուռ» կրթական եւ հնարավորությունների ընդլայնման կազմակերպության հիմնադիրն է: Նա աշխատում է ընտանիքների հետ՝ նպաստելով հեռավոր գյուղերում աղջիկների դպրոցում կրթություն ստանալու հեռանկարին, աշխատանքներ է տանում հազարավոր իմամների (մահմեդական առաջնորդների) հետ՝ հավաստիացնելով կանանց կրթություն ստանալու, նրանց իրավունքները պաշտպանելու կարեւորությունը՝ համաձայն իսլամական եւ միջազգային օրենքների: Տիկին Աֆղանին ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո աշխատել է կրթության բնագավառում՝ ծառայելով Փեշավարի փախստականների ճամբարներում ապրող աֆղանացի երիտասարդներին: Նրա՝ կանանց, երեխաների եւ երիտասարդների համար հնարավորություններ ստեղծելու նպատակով նախաձեռնած տնտեսական եւ սոցիալական ծրագրերը գործում են Աֆղանստանի 18 շրջաններում: Կրոնական փոխըմբռնման «Թանենբաում» կենտրոնը Ջամիլա Աֆղանիին շնորհել է «Կրոնական խաղարարար» մրցանակը: Աֆղանին արժանացել է նաեւ բազմաթիվ ազգային եւ միջազգային մրցանակների:

Մուհամադ Դարվիշ

Սիրիայի Մադայա քաղաքում դաշտային հիվանդանոցի բժիշկ, Սիրիա

Մուհամադ Դարվիշը քսանվեցամյա ատամնաբույժ է Սիրիայի պաշարման մեջ գտնվող Մադայա քաղաքում: Մինչ շատ բժիշկներ լքեցին Սիրիան, խուսափելով բռնություններից եւ հիվանդանոցների ու բուժանձնակազմի վրա պարբերական հարձակումներից, Դարվիշը նախընտրեց վերադառնալ Մադայա: Նա այնտեղ գտնվող երեք բժիշկներից մեկն է եւ ծառայում է  40,000 բնակչության: Սիրիայի կառավարական ուժերը բազմիցս սպառնացել են նրան մարդասիրական գործունեության համար: Իր հիվանդների, մեծամասամբ երեխաների, վիճակը հանգամանորեն գրանցելու միջոցով Դարվիշին հաջողվել է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Մադայայում տեղի ունեցող իրադարձությունների վրա:   

Դենիս Մուկվեգե

Գինեկելոգ-վիրաբույժ եւ Փանզի հիվանդանոցի հիմնադիր, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն

Բժիշկ Դենիս Մուկվեգեն հիմնել է Փանզի հիվանդանոցը 1999 թվականին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) արեւելյան շրջաններում ընթացող տեւական պատերազմի ժամանակ: 1999 թվականից ի վեր՝ Մուկվեգեն իր անձնակազմի հետ միասին օգնել է սեռական բռնություններից տուժած ավելի քան 50,000 մարդու:  Բժշկական օգնությունից բացի հիվանդանոցը հիվանդներին տրամադրում է իրավական, սոցիալ-հոգեբանական աջակցություն: Բժիշկ Մուկվեգեն խիզախորեն պայքարում է կանանց պաշտպանելու եւ սեռական բռնությունների պատասխանատուներին, այդ թվում՝ Կոնգոյի կառավարությանը եւ ԿԴՀ-ի արեւելքը գրաված գրոհայիններին պատասխանատվության ենթարկելու համար:  Նա բազմաթիվ պատվոգրերի եւ մրցանակների է արժանացել, այդ թվում՝ 2014թ. Սախարովի մրցանակի: 2016թ. Fortune ամսագիրը նրան ընդգրկել է աշխարհի 50 ամենաազդեցիկ առաջնորդների ցանկում: Բժիշկ Մուկվեգեն հինգ անգամ առաջադրվել է Նոբելյան մրցանակի եւ Հարվարդի համալսարանի կողմից արժանացել է պատվավոր դոկտորի կոչման:

Թոմ Քաթինա

Նուբայի լեռներում «Գթության մայր» հիվանդանոցի վիրաբույժ

2007 թվականից ի վեր ԱՄՆ Նյու Յորք նահանգի Ամստերդամ քաղաքից Սուդանում հաստատված կաթոլիկ միսիոներ Թոմ Քաթինան միակ բժիշկն է Սուդանի քաղաքացիական պատերազմից տուժած Նուբա լեռներում, որի բնակչությունը գերազանցում է կես միլիոնը:  Բժիշկ Թոմ Քաթինան օրական մինեւ 400 հիվանդ է ընդունում եւ շաբաթը յոթ օր, օրը քսանչորս ժամ հասանելի է հեռախոսով: Հիվանդները բժիշկ Քաթինայի մոտ բուժվելու համար յոթօրյա ճանապարհ են անցնում: Նրանք սովորաբար հիվանդանոց են գալիս ռմբակոծության հետեւանքով առաջացած վնասվածքներով եւ տարբեր հիվանդություններով՝ կոտրվածքներից մինչեւ թերսնուցում եւ մալարիա:  Տեղի սահմանափակ պայմանների պատճառով՝ Քաթինան հաճախ ստիպված է լինում հիվանդներին հնացած մեթոդներով բուժել: Հաճախ հաստատությունում չի լինում ջուր կամ էլեկտրաէներգիա: Քաթինայի գնահատմամբ՝ նա տարեկան հազար վիրահատություն է կատարում: Բժիշկ Քաթինան  եղել է  2016թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդ եւ համարվում է համաշխարհային բժշկության ասպարեզում նշանավոր հումանիտար գործիչ:

Մայիսի 28-ին հավակնորդները մեծարման կարժանանան «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ Երեւանում, որտեղ հայտնի կդառա 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը: Դափնեկիրը կստանա $100,000 պարգեւ՝ շարունակելու իր գործունեությունը, ինչպես նաև $1,000,000 դրամաշնորհ, որը բացառիկ հնարավորություն կտա շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին:

Ընտրող հանձնաժողովի կազմում, որի համանախագահն է օսկարակիր դերասան եւ հումանիտար գործիչ Ջորջ Քլունին, ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին, Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը եւ Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն: Հանձնաժողովը հինգ հավակնորդներին ընտրել է ներկայացված 558 թեկնածությունների միջից, որոնցից 254-ը չկրկնվող էին եւ ներկայացվել էին 66 երկրից 13 լեզվով:

Ավելին՝ www.auroraprize.com

Գրել կարծիք