Ադրբեջան-Ռուսաստան. ինչո՞ւ ոչ մի կերպ չի ստացվում ընկերություն անել
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները վատթարանում են, և քաղաքագետները վախենում են, որ դա կարող է լուրջ հետևանքների բերել, քանի որ Բաքուն կախված է «մեծ եղբորից» քաղաքականության, տնտեսության, միգրացիայի և էներգետիկայի հարցերում:
Խոսքը գնում է ռազմաքաղաքական ոլորտի մասին, որտեղ մեծ դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը; տնտեսության մասին, որտեղ Ռուսաստանն ադրբեջանական արտադրանքի հիմնական սպառողն է; միգրացիայի մասին, քանի որ Ռուսաստանում մշտապես Ադրբեջանի կես միլիոնից ավել քաղաքացիներ են գտնվում; էներգետիկայի մասին, որտեղ երկու երկրներն էլ էներգակիրներ են մատակարարում Եվրոպային, և որտեղ Ռուսաստանը կարող է ազդել և ազդում է շուկայի պայմանների վրա:
Վատթարացման պատճառները
Հուլիսի 20-ին Բաքվի դատարանը ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինին դատապարտել է երեք տարվա ազատազրկման: Ավելի վաղ նա այցելել էր չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որից հետո հայտնվել ադրբեջանական ԱԳՆ-ի «սև ցուցակում», սակայն այդքանից հետո այցելել Ադրբեջան արդեն ուկրաինական անձնագրով, որտեղ նրա անունը մի փոքր այլ կերպ է գրված: Արդյունքում նա ազատազրկման է դատապարտվել սահմանի ապօրինի հատման համար:
Ընդհանրապես այս տարին լավագույնը չէ երկրու երկրների միջև հարաբերությունների համար:
Մայիսին Ռուսաստանի դատարանը փակեց Մոսկվայում ադրբեջանական սփյուռքի ամենահայտնի կազմակերպությունը՝ «Համառուսական ադրբեջանական կոնգրեսը», որը գոյություն ուներ 2001թ-ից: Ի պատասխան դրա Մոսկվան ադրբեջանական ԱԳՆ-ի, ինչպես նաև նախագահի օգնական Նովրուզ Մամեդովի տարակուսանքի արտահայտումը ստացավ:
Դրան Ռուսաստանի ԱԳՆ-ն պատասխանեց. «Մենք կասկածելի խորհուրդների կարիք չունենք այն բանի վերաբերյալ, թե ինչպես կառուցել միջէթնիկական հարաբերությունները սեփական երկրում»:
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները սրախոսություններով էին փոխանակվում նաև այլ առիթներով. օրինակ, Ռուսաստանի քաղաքացի Դիլգամ Ասկերովի գործի վերաբերյալ, որին Ղարաբաղում դատապարտել են ցմահ ազատազրկման որպես ադրբեջանցի լրտեսի և դիվերսանտի:
ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան ադրբեջանական ԶԼՄ-ների պահվածքը գռեհիկ էր անվանել, ի պատասխան դրա Ադրբեջանի հիմնական իշխանամետ ռեսուրսներից մեկը՝ 1news.az-ը, մամուլի քարտուղարին անվանել էր բականցքի դիվանագետ:
Իրավիճակը բարդացրեց հուլիսի 4-ին ռազմական իրավիճակի հերթական սրումը ղարաբաղյան շփման գծում, երբ ադրբեջանական կողմից երկու խաղաղ բնակիչ էր զոհվել, այդ թվում՝ երկամյա երեխա:
Հաջորդ օրը ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որում քննադատեց այն, որ Ադրբեջան չեն թողնում Ռուսաստանի քաղաքացի էթնիկ հայերի: Ադրբեջանում այդ հայտարարությունն ընկալեցին որպես «սլաքների փոփոխություն»:
«Այսօր մենք գործ ունենք յուրօրինակ սառը պատերազմի հետ, – ասում է ռուս իրավապաշտպան լրագրող, «Կավկազսկի ուզել» պարբերականի գլխավոր խմբագիր Գրիգորի Շվեդովը: – Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները վաղուց վերելք չեն ապրել: Մենք տեսնում ենք, թե ինչպես է ԱԳՆ-ն պաշտպանում Լապշինին, ինչը նա չէր անում ավելի վաղ Ռուսաստանի այլ քաղաքացիների դեպքում»:
Փորձագետի խոսքով՝ Ադրբեջանի վրա ազդեցության և ճնշման գործոն կարող է լինել զենքը, որը նրան մատակարարում է Ռուսաստանը, որոշակի սրեցման դեպքում այն կարող է այլ որակի լինել:
Ռուսաստանում Ադրբեջանի նախկին դեսպան Հիքմեթ Հաջիզադեն, խոսելով վերջին ամիսների իրադարձությունների մասին, հիշեցնում է, որ նման սկանդալներ նախկինում էլ են եղել, իսկ հետո ամեն ինչ ավարտվել է հաշտեցման պատրանքով: «Սակայն իրականում մեր կողմերի միջև բարեկամություն ինչպես չի եղել, այնպես էլ չկա: Ամեն ինչ հիմնված է Ռուսաստանի կայսերական հավակնությունների և Ադրբեջանին ենթարկեցնելու, այստեղ խաղաղապահ կոնտինգենտի անվան տակ զորքեր մտցնելու ցանկության վրա», – կարծում է դիվանագետը:
Ընդհանուր առմամբ, Հաջիզադեի խոսքով, Ռուսաստանն Ադրբեջանին ճնշելու բազմաթիվ միջոցներ ունի: Եվ խոսքը ոչ միայն ռազմական գերակայության մասին է, այլ այն մասին, որ երկրները սերտ կապված են տնտեսությամբ:
Մի շղթայով շղթայված
Դաշնային միգրացիոն ծառայությունը պնդում է, որ Ռուսասատնում այս տարվա ակզբին Ադրբեջանի 523 հազար քաղաքացի է գտնվել, իսկ 2010թ-ի մարդահամարի համաձայն՝ երկրում ապրում էր 603 հազար էթնիկ ադրբեջանցի: Իսկ ՌԴ Կենտրոնական բանկի տվյալներով՝ ամեն տարի Ադրբեջան է մտնում 1.2մլրդ դոլար դրամական փոխանցում Ռուսաստանից:
Բացի այդ, Ռուսաստանն Ադրբեջանի համար ոչ նավթային արտահանման ամենամեծ հաճախորդն է: Նախորդ տարվա ընթացքում, Ադրբեջանի պետական վիճակագրական ծառայության տվյալներով, Ռուսաստան է ուղարկվել 409մլն դոլարի ապրանք (հիմնականում՝ միրգ և բանջարեղեն):
«Ռուսաստանը Ադրբեջանի արտահանման մասնաբաժնում զբաղեցնում է 10%, և այնտեղ է գնում գյուղատնտեսական ապրանքի 70%-ը, այդ պատճառով էլ իհարկե տնտեսական կախվածություն կա, – ասում է տնտեսագետ Նաթիկ Ջաֆարլին: – Եվ Ռուսաստանը հաճախ արդեն օգտագործել է տնտեսական լծակներն այլ երկրների վրա ճնշում գործադրելու համար, երբ արգելել է ապրանքի ներկրումը»:
Փորձագետի խոսքով՝ չնայած այն բանին, որ երկրի ղեկավարությանը դա շատ լավ հայտնի է, Ադրբեջանը ոչինչ չի անում գյուղատնտեսական արտադրանքը եվրոպական շուկաներ դուրս բերելու համար, ինչը կնվազեցներ կախվածությունը Ռուսաստանից:
«Ադրբեջանն արդեն երկար տարիներ ձգձգում է Առևտրի համաշխարհային կազմակերպություն մտնելը, իսկ դրան անդամակցումը Եվրամիության հիմնական պայմաններից մեկն է ներկրման համար, – ասում է տնտեսագետը: – Սակայն երկիրը դրան չի գնում, քանի որ ԱՀԿ պայմանները պահանջում են մթերքի որակի և մաքսատան աշխատանքի վերահսկում: Եվ, որպես այդ ամենի արդյունք, Ադրբեջանը դառնում է տնտեսապես խոցելի Ռուսաստանում ֆլուկտուացիաների դեպքում»:
Փորձագետի խոսքերը հաստատում են մարտի վերջի-ապրիլի սկզբի իրադարձությունները, երբ մի քանի շաբաթ բեռնված մեքենաներով ադրբեջանցի վարորդները չէին կարողանում հատել ռուսական սահմանը: Նրանց արգելափակել էին բեռնատարների ռուս վարորդները, որոնք փորձում էին ադրբեջանցի գործընկերներին միացնել հարկերի հավաքագրման նոր «Պլատոն» համակարգի դեմ ակցիաներին: Բանը հասավ կռվի և մեքենաների վնասման:
«Մեծ հաշվով տնտեսապես Ռուսաստանին ու Ադրբեջանին կապում են խաղի ընդհանուր կանոնները, որոնք հասկանում են ինչպես երկրների իշխանություններն, այնպես էլ ռուսական շուկայում կանաչու հասարակ վաճառողները: Կողմերից ոչ մեկը չի ձգտում Եվրոպա», – ասում է Ջաֆարլին:
Սակայն Ռուսաստան աշխատելու կամ մշտապես բնակության են մեկնում ոչ միայն ցածր որակավորում ունեցող աշխատակիցները (հիշատակված «կանաչի վաճառողները»):
Մարինա Ալիևան ինտերնետ-մարքեթոլոգ է, նա պլանավորում է մինչև տարվա վերջ Մոսկվա տեղափոխվել: Դրանից առաջ նա իր մասնագիտությամբ մի քանի ռուսական վճարովի կուրսեր է անցել: «Ես մեկնում եմ երկու պատճառով. այնտեղ երեք անգամ ավելի շատ են վճարում, քան այստեղ, բացի այդ, այստեղ բիզնես վարելու այնպիսի տեխնոլոգիաներ և մեթոդներ չեն կիրառում, ինչպես այնտեղ, – ասում է նա: – Փաստացի ես մեկնում եմ ավելի մեծ վաստակի և պրոֆեսիոնալ աճի համար»:
Ռուս-ադրբեջանական հարաբերությունների ևս մեկ ոլորտ է էներգետիկան: Այստեղ երկու երկրներն արդեն ոչ թե գործընկերներ են, այլ մրցակիցներ:
Հնարավոր է, որ վերջին տարիներին Ադրբեջանի համար ամենահավակնոտ էներգետիկ նախագիծը կառուցվող «Հարավային գազային միջանցքն է»: Դրա ընդհանուր արժեքը 45 մլրդ դոլար է: Պլանավորվում է, որ արդեն 2020թ-ին այդ գազատարով գազ կմատակարարվի Եվրոպային Վրաստանի և Թուրքիայի տարածքով, այսինքն՝ շրջանցելով Ռուսաստանը: Այն ապագայում պետք է միանա մեկ այլ «շրջանցող» գազային նախագծի՝ Տրանսադրիատիկ գազատարին (TAP), ինչը կնվազեցնի Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից:
Սակայն, ըստ ամենայնի, այս նախագծերը բացարձակ դուր չեն գալիս Մոսկվային: Եվրոպայում ցույցեր են անցկացվում գազատարի դեմ: Նախաձեռնողներից մեկը իտալական «Հինգ աստղերի շարժում» կուսակցությունն է, որը չի թաքցնում իր ռուսամեր տրամադրությունները:
Բացի այդ, Ռուսաստանը զարգացնում է իր սեփական «Թուրքական հոսք» նախագիծը, որն ուղղված է նույն շուկային, այսինքն՝ այն փաստացի այլընտարնք է ստեղծում այլընտրանքին:
Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ Ռուսաստանը բացասաբար է վերաբերվում գազային նախագծին, որին մասնակցում է Ադրբեջանը:
Նախորդ տարի «Գազպրոմի» փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը հայտարարել է, որ Ադրբեջանը հնարավորություն չունի գազատարը գազով լցնելու, և որ Ռուսաստանն այդ իմաստով Եվրոպայի համար շարունակում է մնալ լավագույն այլընտրանք:
http://www.bbc.com/russian/features-40683693?ocid=socialflow_facebook