Երբ նորածինը պահանջում է մշտական ուշադրություն․ ինչպե՞ս խնայել ժամանակը և ուժերը
Քնել երեխայի հետ
Ոչ մի տան մաքրում ու ուտելիքի պատրաստում լավ քնած մայրիկից ու կնոջից ավելի լավ չի կարող լինել: Ավելին, քնած մայրիկն ավելի շատ բանի է ընդունակ: Եթե ինձ հարցնեին, երեխայի կյանքի առաջին ամիսներին ինչն է ամենակարևորը, ես կասեի՝ քունն առած մայրիկը: Իհարկե, առանց քնելու էլ կկարողանաք, կարողանում են տեսականորեն բոլորը: Բայց, հավատացեք, մի օր կհասկանաք, քունն ամենակարևորն է:
Ծննդաբերությունից հետո կարող է սկսվել ուժեղ մազաթափություն
Առանց խուճապի: Հղիության ժամանակ էստրոգենի պարունակությունն օրգանիզմում բարձրանում է, այդ պատճառով էլ մազերի կյանքը երկարում է: Շատերն են նկատում, որ մազաթափությունը դադարում է: Ծննդաբերությունից մի քանի ամիս անց, երբ էստրոգենի մակարդակը կարգավորվում է, մազերը թափվում են փնջերով: Շուտով, դրանց փոխարեն նորերը կաճեն: Խմեք վիտամիններ, հատկապես, եթե կրծքով եք կերակրում, կարճ սանրվածք արեք, բայց պահպանեք հանգստություն: Խուճապի մեջ ընկնել կարելի է, եթե մի քանի ամսից թափված մազերի փոխարեն նորերը չեք տեսնում:
Զբոսանքը փոխարինեք պատշգամբով
Առաջին ամիսներին երեխաները զբոսանքի ժամանակ քնում են: Այդ դեպքում, ինչո՞ւ նույնը չանել պատշգամբում: Կարիք կլինի մի քիչ տանջվել, որպեսզի կարողանաք երեխային սովորեցնել քնել առանց շարժման ու օրորվելու: Սա հատկապես կարևոր խորհուրդ է այն մայրիկների համար, որոնք շարունակում են աշխատել տնից: Բայց մի մոռացեք, որ ձեզ էլ է պետք մաքուր օդ ու արև: Շատ տարվեք պատշգամբով, կվերածվեք աչքերի տակ կապտուկներով վամպիրի: Արևային լավ եղանակին՝ դուրս, վատ եղանակին՝ պատշգամբ:
Երեխային ամեն ինչի էլ կարելի է վարժեցնել
Գիշերանոթում միզել, քնել առանց ծծակի, առանց օրորելու, օրորոցում, առանց ձեր օգնության. Այս ցանկը երկար կարելի է շարունակել, ու այդ ամենին հնարավոր է վարժեցնել երեխային: Դուք կարող եք ամեն ինչ, բայց ոչ միանգամից: Պետք է որոշել, որն է կարևոր, հատկապես, եթե օրվա ընթացքում օգնողներ չկան: Եթե ձեզ համար կարևոր է ընտանիքում տիրող մթնոլորտը, ձեր առողջությունը, ընտրեք մի քանի սկզբունքային կետեր ու աշխատեք դրանք կատարելու ուղղությամբ: Մնացածը պետք է զոհաբերել:
Լողանալու ջուրը պետք չէ եռացնել
Քաղաքային ջրամատակարարման պայմաններում ավելի լավ կլինի գնել ֆիլտր՝ քլորի մեծ քանակից խուսափելու համար, քանի որ այն չորացնում է երեխայի մաշկը: Լոգանքի փրփուրը, չերեդայի թուրմերը երեխայի լոգարանը պարզապես դարձնում են գունեղ սուպ: Ամենօրյա լոգանքը ոչ այնքան երեխային մաքուր պահելու համար է, քանի որ երեխան այդքան չի կարող կեղտոտվել, այն ավելի շատ փոքրիկին հոգնեցնելու համար է:
Երեխաների ձեռքներն ու ոտքերը սառն են լինում
Ոտքերի ու ձեռքերի անոթները նեղանում են, որպեսզի ջերմությունը մարմնի ներսում պահպանվի: Եթե երեխայի ձեռքերն ու ոտքերը տաք են, ուրեմն նա շոգում է: Զբոսանքի տանելուց երեխային հագցնելու սկզբունքը՝ ինչպես մեծը կհագներ, գումարած եւս մեկ հագուստ, միֆ է: Հակառակը, պետք է մեկով պակաս հագցնել: Ստուգեք թևատակերն ու տակդիրի տակը: Եթե տաք ու կարմրած են այդ հատվածները, երեխան շատ է շոգում, եւ գուցե, հենց այդ պատճառով էլ լացում է:
Երեխան բազմոցից, հաստատ, կընկնի
- Կընկնի, կլացի: Հիշեք, ուղեղի ցնցումի նշանները.
- Տարբեր տևողության ուշաթափություններ
- 15–20 րոպե տևող լաց
- Լայնացած բիբեր, որոնք չեն արձագանքում լույսին