JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Տարածաշրջանը՝ նեղ բաճկոնով. ով` ում և ինչպես է ար

Տարածաշրջանը՝ նեղ բաճկոնով. ով` ում և ինչպես է արգելափակում Հարավային Կովկասում

Հարավային Կովկասի տարածաշրջանը հաղորդակցությունների առումով ամենափակերից մեկն է աշխարհում. նա կարծես մեծացած երեխա լինի, որին ստիպում են փոքրացած հագուստ կրել:
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը վերջերս այցով Վրաստանում է եղել, որտեղ աղմկոտ հայտարարություն է արել՝ ստեղծել հաղորդակցությունների տարածաշրջանային համակարգ, որը թույլ կտա կապել Պարսից ծոցը Սև ծովի հետ Հարավային Կովկասի տարածքով: Եվ թեև Զարիֆը խոսում էր հիմնականում Իրան-Ադրբեջան-Վրաստան ուղղության մասին, ակտիվորեն քննարկվում է նաև Իրան-Հայաստան-Վրաստան ուղին:
Այդ նույն օրերին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Աբխազիա է այցելել և հայտարարել, որ Ռուսաստանն ու Աբխազիան խնդիր չեն տեսնում հաղորդակցությունների գործարկման մեջ, որը Ռուսաստանն ու Հայաստանը կկապեն Աբխազիայի միջոցով: Փաստացի, Ռուսաստանը կրկին արդիականացնում է չճանաչված Աբխազիայի տարածքով հաղորդակցությունների բացման մասին առաջարկը:
Արդյոք այս երկու առաջարկները կապված են եղել, դժվար է ասել, սակայն այն, որ դա գրեթե միաժամանակ է հնչում, մատնացույց է անում Հարավային Կովկասի տարածքով հաղորդակցությունների բացման գործում առկա թեժ աշխարհաքաղաքական դիմակայությունը:
Երկու առաջարկներն էլ Վրաստանն անպատասխան է թողել, սակայն, չնայած Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցությունների բացման թվացյալ անհուսությանը, իրավիճակն, ըստ ամենայնի, հասունացել է, և հեռու չէ այն օրը, երբ հին բաճկոնի կարերը, որն արդեն սեղմում է ամենաանհարմար մասերում, պայթեն:
Հարավային Կովկասում արգելափակում են բոլորին.
1. Ադրբեջանն ու Թուրքիան բացահայտ մեկուսացնում են Հայաստանին՝ դա որպես պետական քաղաքականություն հռչակելով;
2. Վրաստանն արգելափակում է Ռուսաստանի և Հայաստանի միջև հաղորդակցությունները, հատկապես՝ ռազմական;
3. Ռուսաստանը Հայաստանի միջոցով խոչընդոտում է դեպի Սև ծով և Եվրոպա Իրանի ելքի պլանները;
4. Իրանը չի շտապում կապել իր երկաթուղին ադրբեջանականի հետ՝ հրաժարվելով Աստարա-Ռեշտ փոքր հատվածի շինարարությունից՝ դրանով իսկ Ադրբեջանը «փակուղու» վերածելով;
5. Արևմուտքը չի խրախուսում Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղու շինարարությունն՝ արգելափակելով Թուրքիային և թույլ չտալով վերջնականապես մեկուսացնել Հայաստանին:
Եվ սա տարածաշրջանային գորդյան հանգույցի միայն տեսանելի շերտերն են, որն ի զորու չէ բացել առանձին երկիր կամ դաշինք: Տարածաշրջանի ոչ մի երկիր չի ցանկանում վերջնականապես կարգավորել տարածաշրջանային հակամարտությունները կամ  մի մակարդակ ավելի վեր բարձրանալ և ստեղծել հաղորդակցությունների վերպետական, տարածաշրջանային համակարգ:
Իրանն, ըստ ամենայնի, փորձում է առաջ քաշել առանց ղարաբաղյան, աբխազական և այլ հակամարտությունների վերջնական լուծման հաղորդակցությունների բացման գաղափարը: Սակայն, դատելով Թբիլիսիի լուռ արձագանքից, տարածաշրջանը դեռ չի հասունացել՝ նախընտրելով հին բաճկոնը:
Թուրքիան ու Ադրբեջանը նույնպես զգուշորեն են վերաբերվում Իրանի պլաններին՝ սեփական նախագծերն առաջ քաշելով, մասնավորապես՝ Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղին, որն, ինչպես ասում են, կբացվի այս տարվա ամռանը: Երկաթուղու բացումը բազմիցս հետաձգվել է, և պարզ չէ, թե արդյոք տարածաշրջանի երկրները կկարողանան այն ավարտին հասցնել:
Իրանի առաջարկներին խոչընդոտելը հիմնականում կապված է Իրանի հանդեպ պաշտոնական Բաքվի անվստահության հետ: Պատահական չէ, որ Ադրբեջանը երկար տարիներ չի համաձայնում առանց վիզայի ռեժիմ տրամադրել Իրանի քաղաքացիներին: Կարծիքներ կան նաև, որ Բաքուն համառորեն մերժում է Թեհրանին Նախիջևանի տարածքով երկաթուղային հաղորդակցության բացման հարցում առանց ղարաբաղյան կարգավորման: Պաշտոնապես Թեհրանը, ճիշտ է, նման առաջարկի մասին չի հայտարարել:
Հարցը ոչ միայն Ադրբեջանի ու Վրաստանի մեջ է, այլ նաև Հայաստանի: Իրանի հաղորդակցային պլանները մեկ ուղղություն չունեն. Ադրբեջանի միջոցով Իրանը կարող է կապվել Ռուսաստանի հետ, սակայան Վրաստանի սևծովյան ափ դուրս գալու համար Իրանը պետք է Հայաստանի հետ պայմանավորվածություն ձեռք բերի:
Հայաստանը, սակայն, Եվրասիական միությանն անդամակցելուց հետո չի կարող նման հարցերն ինքնիշխան ռեժիմով լուծել: Ի պատասխան երկկողմանի համագործակցության մասին Իրանի բոլոր առաջարկներին Հայաստանը որպես մանթրա կրկնում է Եվրասիական միության և Իրանի միջև կամուրջ լինելու մասին թեզը: Դա այնքան հաճախ է կրկնվել, որ Իրանը որոշել է Հայաստանի  միջոցով ԵԱՏՄ հետ Ազատ առևտրի գոտու մասին ինչ-որ համաձայնագիր ստորագրել: Այդ համաձայնագիրը պետք է ստորագրվեր ապրիլի 14-ին Բիշքեկում ԵԱՏՄ գագաթնաժողովին, սակայն ավելի ուշ հայտարարվեց, որ կողմերին չի հաջողվել համաձայնեցնել մանրամասները:
Ընդ որում, ապրիլի 19-ին հայտարարվեց, որ Հայաստանն արել է առաջին քայլն Իրանի հետ Ազատ առևտրի գոտու ստեղծման ճանապարհին: Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը «Սյունիք ազատ առևտրի գոտի» ԲԲԸ տնօրեն Երվանդ Ղուկասյանի հետ համաձայնագիր է ստորագրել, որը կարգավորում է Իրանի հետ սահմանին ստեղծվող Ազատ տնտեսական գոտուգործունեությունը: Սակայն այդ քայլի աննշանությունը խոսում է այն մասին, որ Հայաստանը չի շտապում:
Փորձագետներն ասում են, որ Իրանի և Հայաստանի (այնուհետև նաև Վրաստանի) միջև տնտեսական համագործակցության զարգացումն ակտիվորեն արգելափակում է Ռուսաստանը: Մոսկվայում տարածաշրջանային հաղորդակցությունների ստեղծման մասին իրանական առաջարկները դիտարկում են որպես Ռուսաստանի շահերին հակասող: «Վզգլյադ» թերթը Զարիֆի թբիլիսյան այցի հետ կապված երկար հոդված է հրապարակել ՝ «Իրանի տրանսպորտային նախագիծը վտանգում է Ռուսաստանի պլանները»: Թերթի կողմից հարցված փորձագետներն ասում են, որ Իրանից դեպի Հայաստան և Վրաստան տրանսպորտային միջանցքը հակասում է ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Թուրքիայի պլաններին:
Անլուծելի խնդիրների հանգույցը տարածաշրջանում մատնացույց է անում, որ Հարավային Կովկասը կշարունակի շամպայնի շշի խցան մնալ: Թե երբ տեղի կունենա «պայթյունը», ոչ ոք չի կարող ասել, հատկապես ներկայիս պայմաններում, երբ ԱՄՆ-ն կրկին փորձում է վերանայել իր վերաբերմունքը Իրանի հետ միջուկային գործարքին, և տարածաշրջանում  ռազմաքաղաքական դիմակայության նոր օջախ կարող է առաջանալ:

Հեղինակ` Նաիրա Հայրումյան


JAMnews

Տարածել