Ադրբեջանի սկանդալային գործարքները բացահայտվում են. Եվրոպայի խորհուրդը հետաքննություն է սկսել

Ադրբեջանի սկանդալային գործարքները բացահայտվում են. Եվրոպայի խորհուրդը հետաքննություն է սկսել

Միլիոնավոր դոլարներով ու եվրոներով հաշվվող կաշառքներ, գնված զեկույցներ, կեղծված քվեարկություներ ու կոռումպացված եվրոպացի խորհրդարանականներ. Ադրբեջանի խավիարային դիվանագիտության հետաքննությունը:

Միլիոնավոր դոլարներով ու եվրոներով հաշվվող կաշառքներ, գնված զեկույցներ, կեղծված քվեարկություներ ու կոռումպացված եվրոպացի խորհրդարանականներ. Ադրբեջանի սկանդալային գործարքները բացահայտվում են պաշտոնապես: Եվրոպայի խորհուրդը աննախադեպ, բացառիկ հետաքննություն է սկսել խորհրդարանական վեհաժողովում: Սա կարմիր քարտ է՝ Ադրբեջանի խավիարային դիվանագիտությանը:

Ամեն ինչ սկսվեց  2012-ին՝ «Եվրոպական կայունության նախաձեռնություն» հետազոտական ինստիտուտի զեկույցից հետո, սակայն աղմուկ բարձրացավ, երբ իտալական դատախազությունը հետաքննություն սկսեց իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեի դեմ: Նա մեղադրվում է Ադրբեջանից 2.39 մլն եվրո կաշառք վերցնելու և փոխարենը ԵԽԽՎ-ում Ալիևների քաղաքական լոբբինգն իրականացնելու մեջ:  Վոլոնտեի դեմ դատական գործ է հարուցվել փողերի լվացման գործով: Ուշադրության կենտրոնում է նաև 2013-ին գերմանացի խորհրդարանական Քրիստոֆեր Շտրասերի կողմից Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ հայտնի զեկույցը, որում արձանագրված էր Ադրբեջանի դատական համակարգը Ալիևի քննադատներին լռեցնելու համար օգտագործելու փաստը: Քվեարկության ժամանակ այս զեկույցը տապալվեց 125 կողմ, 79 դեմ և 20 չեզոք ձայներով:

Եվրոպացի խոհրդարանականների բողոքը հետաքննության սկիզբն էին: ԵԽԽՎ նախագահի հրաժարականի պահանջն ու Ագրամունդի փախչելը՝ վերջին կաթիլը: Գրեթե ոչ ոք չի կասկածում՝ Ադրբեջանը կաշառել է նույնիսկ ԵԽԽՎ նախագահին: Եվրոպական մամուլը թվեր է հրապարակում՝ ԵԽԽՎ-ում Ալիևները տարեկան 30 միլիոն եվրո են բաժանում: ԵԽԽՎ վերջին լիագումար նիստում կառույցի հեղինակությունը փրկելու համար որոշվում է՝ անկախ, հետաքննող արտաքին հանձնաժողով կստեղծվի: Հիմա՝ ԵԽԽՎ բյուրոյի նիստում ընտրվել են այդ հանձնաժողովի երեք հեղինակավոր դատավորները:

Մինսկի խմբում Ադրբեջանը չի կարողանում առաջ գնալ: Միջազգային կառույցներում զեկույցներն ու բանաձևերը հակամարտության կարգավորման հարակից մթնոլորտ են ստեղծում: Ադրբեջանը պատրաստ է հանուն դրա կաշառել բոլոր հնարավոր կառույցներում և բոլոր պատրաստակամներին: Եվ ոչ միայն հանուն Արցախի: Ալիևին պետք է Ադրբեջանում տպավորություն ստեղծել, թե միջազգային կառույցներում, այս կամ այն երկրի խորհրդարանում կամ նույնիսկ խորհրդարանի հանձնաժողովում ինքն ասելիք ունի և իրեն ծափահարում են:

ԵԽ հետաքննության զեկույցը ներկյացվելու է տարեվերջին և հրապարակային: Բոլոր հետևանքներով՝ պետությունների հեղինակության հարցը հարվածի տակ դնելով ու նոր հետաքննություների սկիզբ դառնալով: Օրինակ՝ Սարսանգի վերաբերյալ Մարկովիչի և Արցախի մասին Վոլտերի զեկույցների դեպքում:

Գրել կարծիք