Հարության լույսը առաջինը հայերն են դուրս բերում Տիրոջ գերեզմանից. Լուսահանության ծեսը` մանրամասն
Առաջին անգամ չափազանց մոտիկից և այդչափ մանրամասն ժամանակակից մարդը կարողացավ տեսնել ու լուսանկարել Քրիստոսի գերեզմանը, երբ 2016-ի հոկտեմբերն հնագետները բացեցին մարմարե ծածկը: Ճարտարապետների միջազգային խումբը սկսեց սրբավայրի նորոգումն ու վերակառուցումը:
Հայ առաքելական, հույն ուղղափառ և Հռոմի կաթոլիկ եկեղեցիներն այս հարցում գործակցելու բացառիկ որոշում կայացրին: Եվ հենց այդ որոշումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում սրբավայրի նորոգման ավարտն ազդարարող հանդիսավոր արարողության ժամանակ բոլոր ելույթների առանցքում էր՝ նաև հետագայում գործակցելու լավատեսությամբ:
Սուրբ Հարության տաճարի տարբեր հատվածները հայ, հույն և Հռոմի եկեղեցիների հսկողության տակ են: Քրիստոսի գերեզմանը հսկում են միաժամանակ երեք եկեղեցիները: Հիմնականում տարբեր իրավունքների շուրջ անհաշտությունն ու տարաձայնությունները մի կողմ դրվեցին ճիշտ ժամանակին: Հնագետները զգուշացնում էին՝ եթե ամրացման աշխատանքներ չիրականացվեն հիմա, աշխարհի ամենակարևոր սրբավայրերից մեկը կարող է փլուզվել ամեն րոպե:
Քրիստոսի գերեզմանը փոքր շինություն է՝ Սուրբ Հարության տաճարում ու այն քարանձավի տեղում, որտեղ, ըստ ավանդույթի, ամփոփվել է Հիսուսի մարմինը և որտեղ նա հարություն է առել: Խնդիրն այն է, որ սրբավայրը կառուցված է թունելների և այլ քարանձավների մնացորդների վրա ու հիմքերն ամուր չեն
Ճարտարապետները հատ առ հատ մաքրել են սալաքարերը, հեռացրել մոմերի մնացորդներն ու դրանք նորից տեղը դրել: Մաքրվել են նաև որմնանկարներն ու առաստաղը: Ծախսվել է 4 միլիոն դոլար: Վճարել են երեք եկեղեցիները՝ գումարը հավասարաչափ կիսելով:
Երուսաղեմում Սուրբ Հարության տոնի նախաշեմին՝ Սուրբ հարության տաճարում ամենախորհրդավոր՝ լուսահանության արարողության ծեսի բոլոր մանրուքներին ու ամեն վայրկյանին հետևեցին միլիոնավոր քրիստոնյաներ: Կենտրոնում ու իրավահավասար՝ հայ առաքելական և հույն ուղղափառ եկեղեցիներն են:
Երուսաղեմի հայոց պատրիարքարանի միաբաններն արարողության ընթացքում բացառիկ իրավունքներ ունեն: Իրականում ամեն ինչ հենց հայոց պատրիարքարանից է սկսվում, երբ քաղաքի երկու ամենահին մահմեդական ընտանիքների ավագները Սբ Հակոբ մայր տաճարից և հայ միաբանների թափորի հետ ուղղվում են դեպի Սուրբ հարության տաճար՝ ժառանգաբար փոխանցված իրավունքով և հայ եկեղեցու արարողակարգով բացելու տաճարի դուռը:
Լուսահանության օրվան ընդառաջ հստակեցվում ու համաձայնեցվում է, թե հայ վարդապետներից ով է լինելու լուսահանը, տեղեկացվում են քաղաքային իշխանությունն ու ոստիկանությունը, մշակվում է ժամանակացույցը:
Իրավունքներն ու իրավահավասարությունը սկսվում են տաճարի դռները բացելուց հետո: Սահմաններ են գծվում՝ ձախ կողմում հայերն են ու հայերի թույլտվությամբ ներկաները: Աջ մասում՝ հույները: Եվ հենց այստեղ էլ արտառոցն է: Ամեն տարի Լուսահանությանը նախորդող օրերին շշուկներ են տարածվում հայ և հույն հոգևորականների հավանական բախումների մասին: Ծեսի ամեն վայրկյանն ու այդ ժամանակ ամեն միլիմետր տարածքը ծեծկռտուքի պատճառ են դառնում: Հայտնի են նույնիսկ մահվան դեպքեր: Վերջին ամենախոշոր միջադեպը 2008-ին էր:
Վիճահարույց է նաև հարցը, թե ո՞վ է Սուրբ գերեզմանից առաջինը հանում լույսը: Այնտեղ երկու մարդ է լինում՝ հայ լուսահանը և հունաց պատրիարքը: Սուրբ գերեզամանի երկու կողմերում կան օդանցքներ, դրանցից մեկից հայ լուսահանը լույսը տալիս է դուրս մինչև հունաց պատրիարքը դուռը կբացի և դուրս կգա: Առաջինը հայերի կանգնած տեղում են լուսավառվում ջահերը, հետո փոխանցվում է լույսը մյուս հոգևորականներին և ուխտավորներին:
Այս ընթացքում Սուրբ գերեզմանից դուրս է գալիս հունաց պատրարքը, ապա հայ լուսահանը: Նրան հայերն իրենց ուսերի վրա բերում են հայոց տեսչարան: Հայ միաբանների թափորը վերադառնում է Սբ Հակոբ մայր տաճար և սկսվում է Ճրագալույցի պատարագը: