Կոկո Շանել և Իգոր Ստրավինսկի.երաժշտություն, կիրք և օծանելիք

Կոկո Շանել և Իգոր Ստրավինսկի.երաժշտություն, կիրք և օծանելիք

Միգուցե սա XX դարի սիրավեպերից ամենաառեղծվածայինն ու անսովորն էր: Պատմություններ, որոնք պաշտոնապես գոյություն չունեին…

Ո՛չ Կոկո Շանելը, ո՛չ էլ Իգոր Ստրավինսկին ոչ ոքի չէին պատմում իրենց սիրավեպի մասին: Բայց երբեք էլ չէին ժխտում իրենց ամուր կապը և ծանոթությունը միմյանց հետ: Այդ իսկ պատճառով էլ այս զույգի հարաբերությունները մինչ այսօր էլ մնում են ծածկված չբացահայտված գաղտնիքի շղարշով:

Չկայացած ծանոթություն

Փարիզ, 1913 թվական…Այդ ժամանակ տեղի էր ունենում  Ֆրանսիայի ծանոթությունը Ստրավինսկու հեղափոխական, սկանդալային, նորարար  երաժշտության հետ: Եվրոպական մշակույթի կենտրոնը ընդունեց նրա կոնցեպտուալ բալետը՝ «Սուրբ գարունը»: Բայց ֆրանսիական հանրությունը պատրաստ չէր ընդունել տեսածն ու լսածը: Արտահայտիչ պատմությունը, բարդ ռիթմերը լեցուն դիսոնանսային հնչյուններով միայն աղմուկ ու սուլոցներ առաջացրին: Այս խառնաշփոթը հասկացող մարդիկ դահլիճում քիչ չէին: Դասական երաժշտության երկրպագուների կատաղած ամբոխի մեջ նստած էր Գաբրիել Շանելը:

Ճանաչված նորաձև օրիորդը, հայտնի էսթետն ու հաջողակ մոդելյերը կրում էր Կոկո մականունը: Այն նա ստացել է, երբ կաբարեում երգչուհի էր աշխատում: Շանելը անհանգիստ հետևում էր այդ ամենին և զգում երաժշտության գրավչությունը, որը ուրիշներն ընդունում էին որպես բաղաձայնություն: Նա հասկանում էր, որ նման ուժ թաքնված է նաև իր մեջ: Բայց ամենից շատ Կոկոյին հետաքրքրում էր մարդը, որը զգացմունքային խառնաշփոթ էր ստեղծել ֆրանսիացիների շրջանում: Նա ուներ արդի նորությունը զգալու ունիկալ հոտառություն, քանի որ ինքն էլ էր արդիական, բայց այլ բնագավառում:

Եվ ոչ մի դժգոհություն չէր կարող նրանից թաքցնել երգահանի տաղանդը, ում ապագայում սպասվում էր հաղթանակ: Ոչ հիմա, այլ այն ժամանակ, երբ ունկնդիրը կհասնի այն մակարդակին, որ կկարողանա ընդունել նրա ստեղծագործությունները: Շանելը փորձեց հանդիպել հեղինակի հետ, բայց չհաջողվեց: Երգահանն այնքան հուզված էր, որ ո՛չ ուժ ուներ, ո՛չ էլ որևէ մեկի հետ խոսելու ցանկություն: Նա տեղի ունեցածը համարում էր լիովին ձախողում և իրեն զգում էր կործանված: Երկու խարիզմատիկ անհատները բախտի բերմամբ չհանդիպեցին, և նրանց ճանապարհները ժամանակավոր բաժանվեցին: Իրական ծանոթությունը տեղի է ունեցել ավելի ուշ՝ 7 տարի անց:

«Աշխատելու ժամանակ  և սիրելու ժամանակ»

Կոկոյին են վերագրում այն արտահայտությունը, թե գոյություն ունի միայն 2 ժամանակ՝ աշխատելու ժամանակ և սիրելու ժամանակ, մնացած այլ բաներին ժամանակ չի մնում: Այդպես կարելի է բնութագրել նրա մոտ ծանոթությունը Իգոր Ստրավինսկու հետ: Անցյալ դարի 20-ական թթ. Փարիզի մթնոլորտը լի էր ռուսական ոճով: Դրան նպաստում էին ռուսական արտագաղթի հետ փոխհարաբերությունները, Դյագիլևի բալետային շրջանը, Ստրավինսկու երաժշտության աճող հանրաճանաչությունը:

Երգահանն արդեն վայելում էր հանրության սերը, ճաշակել էր փառքի պտուղները և կրել «ժամանակակից հանճարի» տիտղոսը: Իսկ Շանելին գիտեին ոչ միայն Ֆրանսիայում: Ռուսական առաջին արտագաղթի հոսքից նրա արհեստանոցում աշխատում էին մեծանուն օրիորդներ որպես գլխարկներ պատրաստող: Կոկոն լավ էր վարձատրում աշխատանքը, և նրանք հաճախ էին տալիս ոճային, շարժուձևի և ապրելակերպի խորհուրդներ: Եվ հենց այդ օգնության շնորհիվ էլ նա շատ շուտով դարձավ ճաշակի, նորաձևության և ոճի չափանիշ: Այս ամբողջ ընթացքում Կոկոն հետաքրքրվում էր երգահանի կյանքով:

Դառնալով բավական ապահովված՝ նա օգտվեց հնարավորությունից նրան ընտանիքի (կնոջ և 4 երեխաների) հետ միասին հրավիրել իր փարիզյան առանձնատուն: Դա Շանելի ոճի մեջ էր.հայտնի էսթետը հաճախ էր հայտնի մարդկանց հրավիրում իր տուն: Նրանց մեջ էին Ժան Կոկտոն և Սալվադոր Դալին: Ահա և Ստրավինսկիներն ապրեցին առանձնատանը 2 տարի: Թվում էր, թե կյանքն ինքն է ստեղծում այնպիսի պայմաններ, որ այդ երկու տարբեր մարդկանց միջև սիրային կայծ առաջանա:

Չոր, նյարդային Ստրավինսկուն դժվար է գեղեցիկ անվանել, բայց նրա տաղանդն ու երաժշտական հեղափոխությամբ հետաքրքրվածությունը գրավում էին կանանց: Նոր կերպարների փնտրտուքների մեջ նա միշտ ստեղծագործում էր դաշնամուրի առաջ: Շլացուցիչ, անկրկնելի Կոկոն երբեք չէր նկարում թղթի վրա, այլ ստեղծում էր միանգամից մանեկենի վրա: Եվ…անհամբերությամբ փնտրում էր նոր, աննման բույր: Նրանց միավորել է կիրքը.աշխատանքային այն գործիքը, առանց որի անիմաստ է յուրաքանչյուր արվեստի գործ:

Երկուսն էլ խորանում էին աշխատանքի մեջ, անընդհատ սեփական ոճի փնտրտուքների մեջ էին, ջանք չէին խնայում իրենց գործունեության զարգացման համար: Այս երկու մարդիկ ոչ մի հնարավորություն չունեին ապրել միասին, բայց մնալ միայն ընկերներ: Եվ այս տարօրինակ, անսովոր, ինչ-որ տեղ սխալ կապը չէր կարող կանգնեցնել Ստրավինսկուն նաև այն փաստը հաշվի առնելով, որ նա ուներ  երեխաներ և թոքախտով հիվանդ կին՝ Եկատերինան: Վերջինս շուտով ամեն ինչ հասկացավ, որովհետև այդ կիրքը էլեկտրականացրել էր տան մթնոլորտը, տարածքը լի էր գրեթե շոշափելի նյութով: Պետք չէր շատ խոսել հասկանալու համար, որ ձեռքերի և մարմինների միահյուսումը «ճակատագրերի միահյուսում» է: Այդ իրավիճակը, միախառնված զգացմունքները, ճակատագրերը առիթ հանդիսացան երաժշտական հեղաշրջման և լեգենդար օծանելիքի ստեղծման համար: «Շանել №5»-ը հենց ինքը հեղինակը անվանել է «կնոջ բույր», իսկ բազում երկրպագուհիներ այն կոչում էին «բոլոր ժամանակների ու ազգերի բույր»:

Կյանք սիրուց հետո

Միևնույն  է` Իգոր Ստրավինսկին  չթողեց ընտանիքը, որը շուտով տեղափոխվեց ԱՄՆ: Շանելը շարունակում էր ֆինանսապես աջակցել իր ռուս ընկերոջը: Բայց նույնիսկ Եկատերինայի մահից հետո երգահանը չկապեց ճակատագիրը ֆրանսուհու հետ՝ ամուսնանալով երկրորդ անգամ իր հին ծանոթի՝ դերասանուհի Վերա Սուդեյկինայի հետ: Կոկոն այդպես էլ չամուսնացավ, չնայած որ շատ երկրպագուներ ուներ: Իգորը հեռացավ կյանքից Նյու-Յորքում, իսկ Կոկոն նրանից քիչ անց Փարիզում: Նրա մահճակալի մոտ մի սրբապատկեր կար, որը նվիրել էր երգահանը 1920 թվականին: Երկու հայտնիների կենսագրականի որոշ հետազոտողներ գտնում են, որ Շանելի ու Ստրավինսկու սերը փոխադարձ չի եղել: Իբրև երգահանը բուռն սիրել է Կոկոյին և չի էլ թաքցրել ոչ նրանից, ոչ էլ կնոջից:

Բայց Գաբրիելը չէր կիսում նրա կիրքն ու զգում էր լոկ խորը հարգանք և պատիվ: Նրան են հենց վերագրում արտահայտությունն այն մասին, որ տղամարդու կյանքում կա միայն մեկ կին, իսկ մնացածը նրա խամրած ստվերներն են:

2014 թվականին Մոնտրե քաղաքում (Շվեյցարիա) հայտնվել է Ի.Ստրավինսկու հուշարձանը՝ ստեղծված ռուս քանդակագործների կողմից: Նրանք որոշեցին անմահացնել հայտնիների ռոմանտիկ, աննկարագրելի գեղեցիկ սիրո պատմությունը: Ժնևի լճի ափին երգահանը երաժշտավարում է վեր մեկնած աջ ձեռքով: Ուշադիր նայելով՝ կարելի է նկատել, թե ինչպես մեծն նորարարի հագուստի ծալքերից լճին է նայում Կոկոյի նրբագեղ դեմքը:

Գրել կարծիք