[ Exclusive ] Հարցազրույց Beyonce-ի և Lady Gaga-ի հագուստների հեղինակ վրացի դիզայների հետ

[ Exclusive ] Հարցազրույց Beyonce-ի և Lady Gaga-ի հագուստների հեղինակ վրացի դիզայների հետ

Իսկական ֆեշն էքսկլյուզիվ՝ newmag-ում: Արմեն Գալյանի հարցազրույց միջազգային ֆեշն աստղ Դավիդ Կոմայի հետ:

«6 ձեռքսեղմումի տեսության» համաձայն՝ բոլոր մարդիկ միմյանց ծանոթ են 6 ուրիշ մարդկանց միջոցով: Երբ ծանոթացա Դավիդ Կոմայի հետ և հարցազրույց վերցրեցի նրանից, միանգամից կրճատվեց գերաստղերի և մահկանացուների միջև եղած ենթադրական «հեռավորությունը»: Իսկ նա, իրոք, գերաստղ է. չէ՞ որ Դավիդի շորերը տարբեր ժամանակ կրել են Beyonce-ն և Lady Gaga-ն:

Ազգությամբ վրացի դիզայներն առաջինն է, որ, ծնվելով հետխորհրդային երկրում, հասավ իսկապես հնչեղ միջազգային հաջողության: Նրա անունը կրող «David Koma Brend»-ը Լոնդոնի նորաձևության շաբաթի հեդլայն է: Բացի դրանից՝ արդեն 2 տարի է՝ Դավիդը գլխավորում է լեգենդար ֆրանսիական «Thierry Mugler» նորաձևության տունը:

Մենք Ձեզ հետ հանդիպում ենք «Mercedes Benz Fashion Week Tbilisi»-ի շրջանակում, որը սեզոնից սեզոն ավելի ու ավելի հետաքրքիր է դառնում: Ո՞րն է, Ձեր կարծիքով, վրացական նորաձևության ֆենոմենը, ինչո՞ւ է այսպիսի ակտիվություն նկատվում հենց այստեղ և ոչ թե, օրինակ, Մոսկվայում, Վիլնյուսում կամ Երևանում:

– Դժվարանում եմ պատասխանել այդ հարցին: Ասեմ, որ շատ հաճելի է տեսնել այսպիսի ակտիվություն: Կարծում եմ՝ համընկան տարբեր հանգամանքներ, միաժամանակ հայտնվեցին հետաքրքիր դիզայներներ, կազմակերպիչներն իրենց հերթին կարողացան պատշաճ մակարդակի fashion week ստեղծել և հրավիրել միջազգային մամուլի ներկայացուցիչներին: Թբիլիսին գեղեցիկ քաղաք է, հյուրերի համար այստեղ հետաքրքիր է, դիզայներների համար էլ սեփական աշխատանքն աշխարհին ցույց տալու լավ հնարավորություն է:

Մեր հայրենակից Տիգրան Ավետիսյանը ինձ պատմել է, թե ինչպես եք Դուք նրան օգնել և խորհուրդներ տվել: Այստեղ՝ fashion week-ի ետնաբեմում, մենք չենք շարունակում զարմանալ, թե ինչպես են դիզայներները միմյանց օգնում: Որքա՞ն կարևոր է կոլեգաների միջև հաստատված ընկերությունը, և ո՞ւմ հետ եք ընկերություն անում Դուք:

– Ես միշտ մեծ հարգանքով եմ վերաբերվում բոլոր դիզայներներին, քանի որ գիտեմ, թե որքան բարդ է նորա- ձևության բնագավառում ինչ-որ բանի հասնելը: Լոնդոնում բոլոր դիզայներները ընկերություն են անում, հիմնականում բոլորը նույն կոլաժից են, իսկ դա կարծես մի ընտանիք լինի: Լոնդոնյան նորաձևության ոլորտը շատ ընկերական է: Շատ կարևոր է գտնել քո ուղին և տարբերվել մյուսներից: Երբ բոլորը տարբեր են, նախանձը և մրցակցությունը անիմաստ են դառնում: Ես շատ մտերիմ եմ Մարի Կատրինզուի հետ, մենք միասին սովորել ենք և այդ ժամանակից ընկերություն ենք անում, չնայած մեր ստեղծած հագուստը շատ տարբեր է:

Դուք ե՞րբ գիտակցեցիք, որ, իսկապես, հասել եք հաջողության: Դա առաջին մասնակցությո՞ւնն էր London Fashion Week-ին, գուցե այն պահի՞ն, երբ զգեստը հագավ Lady Gaga-ն, կամ գուցե երբ Ձեզ զանգահարեցին Mugler-ի գրասենյակի՞ց

– Ես միշտ երազել եմ Լոնդոնում սովորել: Եվ երբ ընդունվեցի «Central Saint Martins», իսկապես, երջանիկ էի: Իսկ երբ ցուցադրեցի իմ ավարտական հավաքածուն, և այն արժանացավ մամուլի և բայերների լավ գնահատականներին, ես հասկացա, որ ամեն ինչ սկսվեց: Հենց այդ պահն եմ ես համարում իմ կարիերայի սկիզբը: Բայց ասեմ, որ ամեն սեզոն պետք է աշխատել, և ամեն նոր հավաքածու պետք է ավելացնի հաջողությունը: Այնպես որ ամեն ցուցադրություն ընկալում եմ որպես իմ կարիերայի նոր աստիճան:

Ձեր աշխատանքն ինչո՞վ է տարբերվում սեփական բրենդի և «Thierri Mugler»-ի համար:

– Իմ գրասենյակը գտնվում է Լոնդոնում, իսկ «Mugler»-ինը՝ Փարիզում: Այնպես որ ես մի շաբաթ անցկացնում եմ Լոնդոնում, մյուսը՝ Փարիզում: Երկու շատ տարբեր, բայց շատ ուժեղ թիմեր են աշխատում: Ես միշտ երազել եմ ունենալ իմ անվանական ապրանքանիշը, բայց միևնույն ժամանակ աշխատել որպես մեծ նորաձևության տան դիզայներ: Իմ երազանքը կատարվել է:

Դուք ծանո՞թ եք պարոն Մյուգլերի հետ:

– Ցավոք, մենք ծանոթ չենք, բայց ես նրան շատ սիրում և հարգում եմ:

Երբ ստեղծում եք հավաքածուն, մտածո՞ւմ եք՝ սա դուր կգա՞ նրան, թե՞ ոչ:

– Ես այդ մասին չեմ մտածում, բայց մեծ հարգանքով եմ վերաբերվում նրա ստեղծած էսթետիկային և ժառանգութանը: Փորձում եմ ժամանակակից հայացքով նայել նրա թողած հսկայական ժառանգութանը:

Վերջին տարիներին շատ են խոսում նոր ֆուտուրիզմի մասին, որի գլխավոր դիզայներներից մեկը հենց Դուք եք: Ինչո՞վ է տարբերվում այսօրվա ֆուտուրիզմը, ասենք, Կարդենի կամ նույն Մյուգլերի ժամանակաշրջանում ստեղծվածից:

– Շատ դժվար է նորը ստեղծելը, անվերջ կրկնվում է այն, ինչն արդեն ստեղծված է: Իմ աշխատանքի մեջ ես միշտ հիմնվում եմ կնոջ մարմնի գեղեցկության վրա և փորձում եմ ստեղծել այնպիսի հագուստ, որը միաժամանակ և՛ շատ ժամանակակից է, և՛ ժամանակի գաղափարից դուրս:

Այսօր շատ կա հագուստ, որ, անկեղծ ասած, մարդուն գեղեցիկ ցույց չի տալիս: Ձեր հագուստը ընդգծված գեղեցիկ է, սեքսուալ և գեղեցկացնում է կնոջը:

– Դուք ճիշտ եք. կնոջը գեղեցիկ և ցանկալի ցույց տալն ինձ համար կարևոր է: Կապ չունի՝ ինչպիսի թրենդներ են այսօր նորաձև: Պետք է անես այն, ինչ ճիշտ ես համարում: Այդ պատճառով, անկախ նորաձևության միտումներից, ես հավատարիմ եմ մնում ինձ և գեղեցիկի մասին իմ պատկերացումներին:

newmag #75

Գրել կարծիք