Ինչպե՞ս հասցնել ամեն ինչ. 10 հրաշալի խորհուրդ արդյունավետ օրվա համար

Ինչպե՞ս հասցնել ամեն ինչ. 10 հրաշալի խորհուրդ արդյունավետ օրվա համար

Ինչպե՞ս կարող է դավաճան ժամանակը այդքան դանդաղ առաջ գնալ, երբ մենք նստած ենք ուսանողական նստարանին ու ձանձրալի դասախոսություն ենք լսում, և այդքան արագ թռչել-հեռանալ, երբ այն մեզ այդպես անհրաժեշտ է:

Այս խորհուրդները չափազանց արդյունավետ են, բայց հարմար չեն ամենօրյա կիրառման համար, որովհետև այդ դեպքում դուք պարզապես ուշագնաց կլինեք գերհոգնածությունից: Իսկ ահա իրար գլխի հավաքված գործերի կույտից գլուխ հանելու համար հրաշալի միջոց են: Ահա և դրանք:

1. Թաքնվեք բոլորից

Իհարկե, խոսքը փոխաբերական իմաստով թաքնվելու մասին է, սակայն եթե ունեք գաղտնի վայր, որի մասին ոչ ոք չգիտի, ապա դա պարզապես հրաշալի է այնտեղ թաքնվելու և աշխատելու համար: Տեղյակ պահեք հարազատներին և գործընկերներին, որ հասանելի չեք լինելու այդ օրը: Արգելեք նրանց զանգահարել և գրել ձեզ: Անջատեք հեռախոսը կամ անձայն ռեժիմի վրա դրեք և մինչև գործերը չավարտեք, հեռախոսին անգամ ուշադրություն մի դարձրեք: Նույնը վերաբերում է նաև էլեկտրոնային փոստին և այլ կապի միջոցների:

2. Կազմեք այն գործերի ցանկը, որոնք պետք է կատարեք

Գրանցեք գործերը ձեր նոթատետրում կամ տեքստային ֆայլ ստեղծեք համակարգչի մեջ: Եթե կարիք կա,դասավորեք գործերը նաև ըստ ենթատեսակների: Նշեք նաև կատարման ցանկալի ժամկետները: Երբ որևէ առաջադրանք կատարված լինի, անպայման ջնջեք այն: Ջնջվող տողերը անասելի մեծ մոտիվացնող ուժ ունեն:

3. Որոշակիացրեք ձեր աշխատանքային ժամանակը

«Կաշխատեմ ամբողջ օրը» կամ «Կաշխատեմ, մինչև ամեն ինչ չվերջացնեմ» տեսակի արտահայտությունները չեն գործում: Մոռացեք դրանց մասին: Դուք պետք է մոտավորապես այսպիսի «հրաման» տաք ինքներդ ձեզ՝ «Կաշխատեմ 12 ժամ՝ առավոտյան 8-ից մինչև երեկոյան 8-ը»:

Պետք չէ հուսալ, որ դուք Նապոլեոն կկարողանաք դառնալ ու աշխատել օրական 20 ժամ՝ քնելով ընդամենը 4 ժամ: Դրանից ոչ մի լավ բան դուրս չի գա: Իրատեսորեն գնահատեք ձեր ուժերը:

4. Պահպանեք ձեր որոշած ժամկետները ամեն գնով

Հիշո՞ւմ եք «Գուշակիր մեղեդին» հաղորդումը, որտեղ մասնակիցները ասում էին «Ես կգուշակեմ մեղեդին հինգ նոտայից», «Իսկ ես երեքից» և այլն: Դուք էլ փորձեք գործել նույն կերպ: Որոշեք, օրինակ. «Ես այս հոդվածը կգրեմ 2 ժամում»: Եվ փորձեք տեղավորվել այդ ժամանակահատվածում՝ չշեղվելով ոչ մի բանի վրա: Փորձված է՝ որքան մոտենում է վերջնաժամկետը, ուղեղն այնքան ավելի ակտիվ է սկսում աշխատել:

5. Դուրս եկեք սովորական աշխատանքային օրվա սահմաններից

Գերարդյունավետ օրը պետք է տարբերվի սովորական աշխատանքային օրվանից: Ենթադրենք դուք «բու» եք և սովորաբար առավոտյան 10-ից շուտ չեք արթնանում, հետո սուրճ եք խմում, թափառում համացանցում, նախաճաշում և աշխատանքային օրը սկսում ոչ ավելի վաղ, քան 12:00 է: Զարմացրեք ձեր օրգանիզմին: Զարթուցիչը լարեք առավոտյան 6-ին կամ 7-ին: Սուրճի, նախաճաշի, լվացվելու և հագնվելու համար հատկացրեք առավելագույնը 30 րոպե և անցեք գործի: Իսկ ժամը 18.00-ին դուք արդեն ամեն ինչ արած-վերջացրած կլինեք:

6. Օգտագործեք լրացուցիչ խթաններ

Դուք սովորաբար աշխատելու ընթացքում երաժշտությո՞ւն եք լսում կամ ռադիո՞: Հրաժարվեք այդ «փոքրիկ հաճույքից» ևս: Ասացեք ինքներդ ձեզ. «Ես կմիացնեմ երաժշտությունը, հենց որ անեմ իմ ցանկի առաջին չորս գործը»: Այդպես դուք կունենաք լրացուցիչ խթան գործերն արագ անելու համար:

7. Թույլ մի տվեք օրգանիզմին հյուծվել

Հիշեք ոսկե կանոնը, ջուր պետք է խմել այնքան, որ չհասցնեք ծարավել: Եթե դուք ծարավում եք, ուրեմն ձեր ուղեղն արդեն «տանջվում» է հեղուկի պակասից: Նույնը վերաբերում է նաև քաղցին, հոգնած մեջքին, «բռնված» մկաններին և այլն:

Եթե ֆիզիկական աշխատանք եք կատարում, ապա ընդմիջումներ արեք ավելի վաղ, քան ձեր մկանները կասեն ձեզ. «Վերջ, էլ չենք կարողանում»: Եթե նստած եք համակարգչի առաջ, պարբերաբար վեր կացեք տեղից և թույլ մի տվեք, որ մեջքն ու ուսերը սկսեն ցավել:

8. Թույլ մի տվեք ձեզ շեղվել

Ոչ մի դեպքում: Մոռացեք սոց.ցանցերի, սիրելի սերիալի և անգամ Internest.am-ի հոդվածների մասին: Մոռացեք մեկժամանոց ընմիջումների մասին: Նախապես պատրաստեք ձեր ուտելիքը, որպեսզի աշխատանքի ընթացքում երկար ժամանակով չընդհատվեք: Ձեր օրվա հիմնական բաղադրիչը մեկն է՝ աշխատանք, աշխատանք և նորից աշխատանք:

9. Թույլ տվեք ձեզ ընդմիջումներ, որոնք, սակայն, չեն թուլացնի ձեզ

Ֆիլմ դիտելը, գիրք կարդալը, սոց.ցանցերում թափառելը այնպիսի ընդմիջումներ են, որոնք ձեզ կթուլացնեն ու կփչացնեն աշխատանքային տրամադրությունը: Թույլատրելի ընդմիջումների շարքում են՝ թեթև նախավարժանքը, կոնֆետով սուրճը, վաղվա գործերի պլանավորումը, պատշգամբ դուրս գալը կամ 15 րոպեով մաքուր օդի դուրս գալը և այլն: Մի խոսքով այն գործերը, որոնք շատ ժամանակ չեն խլի, օգտակար կլինեն և թույլ չեն տա փոխել տրամադրվածությունը:

10. Կանգ մի առեք

Գերարդյունավետ օրը հենց նրա համար է կոչվում գերարդյունավետ, որ թույլ չի տալիս ձեզ անգամ մտքի ծայրով անցկացնել «Վաղը կվերջացնեմ» արտահայտությունը:

Անգամ եթե չեք հասցրել տեղավորվել ձեր կողմից նախապես որոշված ժամանակամիջոցում, մի թուլացեք, մինչև գործը ավարտին չհասցնեք: Կիսատ կթողնեք անավարտ գործը և դա ձեզ մոտ սովորություն կդառնա: Պարզապես հաջորդ անգամ ավելի խելամիտ կազմեք օրվա պլանը:

 

Գրել կարծիք