Էմոցիոնալ համատեղելիությունը՝ ընտանեկան երջանկութան գրավական
Մարդիկ կարող են լինել համատեղելի և անհամատեղելի ըստ հորոսկոպի, դաստիարակության, աշխարհայացքի, տեսակետների, բայց այդ ամենից առավել կարևոր է մեկ այլ համատեղելիության տեսակ: Դա էմոցիոնալ համատեղելիությունն է:
Ի՞ՆՉ Է ԷՄՈՑԻԱՆ ԵՎ Ո՞ՐՆ Է ՆՐԱ ԴԵՐԸ
Մինչև էմոցիոնալ համատեղելիությանն անդրադառնալը եկեք պարզենք, թե ինչ են էմոցիաները և ինչպես են դրանք ազդում մեր կյանքի որակի և մեր ինքնազգացողության վրա: Կյանքի ամենասկզբից մենք փնտրում ու գտնում ենք էմոցիաներ՝ դրական, բացասական կամ չեզոք: Դրական էմոցիաներն ապրելը միշտ էլ հաճելի է. Դրանց շարքին են դասվում հիացմունքը, համակրանքը, սերը, մինչդեռ բացասականներից են ցասումը, զայրույթը, խանդը, վրեժի զգացումը: Կան նաև բազմաթիվ խառը էմոցիաներ: Որքան շատ ու բազմերանգ լինեն էմոցիաները մարդու հոգում, այնքան ավելի բարձր էմոցիոնալ ինտելեկտով օժտված կլինի նա: Դրական էմոցիաները պետք է կարողանալ խառնել միմյանց ու հետաքրքիր համադրություններ ստանալ: Պատկերացրեք, օրինակ՝ ինչ հրաշալի հոգեվիճակ կարող են ստեղծել հիացմունքը, համակրանքը և սերը կողակցի հանդեպ: Մինչդեռ բացասական էմոցիաները պետք է կարողանալ ճանաչել ու ղեկավարել: Գրիգոր Առաքելյանը
ԻՆՉՊԵ՞Ս ԿԻՍԵԼ ԷՄՈՑԻԱՆԵՐԸ
Ինչ է տեղի ունենում, երբ մարդիկ միևնույն երևույթի հանդեպ ունենում են տարբեր էմոցիաներ: Օրինակ, տղամարդը ֆուտբոլ է դիտում՝ ոգևորված, հիացած սիրելի թիմով, իսկ ահա կինը խանդում է ամուսնուն այդ նույն ֆուտբոլի հանդեպ: Բնական է, որ երևույթի՝ տվյալ դեպքում ֆուտբոլի հանդեպ տարբեր վերաբերմունքը նրանց բաժանում է միմյանցից: Իսկ եթե տղամարդը ֆուտբոլ է դիտում մի ակումբում, որտեղ կան նույն ֆուտբոլային թիմի երկրպագուներ, խաղի հանդեպ դրական էմոցիաները միմյանց են կապում անգամ անծանոթ մարդկանց ու դարձնում մեկ ամբողջություն: Այդպես է ցանկացած իրավիճակում. երբ երկու հարազատ մարդիկ տարբեր էմոցիաներ են ունենում միևնույն առարկայի, երևույթի կամ իրավիճակի հանդեպ, դա նրանց հեռացնում է իրարից: Իսկ եթե ունեն նույն էմոցիաները, ապա դա կարող է ջնջել ու չեզոքացնել ցանկացած այլ՝ հորոսկոպայինից մինչև սեռական անհամատեղելիություն:
Ընտանեկան կյանքի ու հարաբերությունների մասին գրել ենք նաև՝
- Ամուսնական դավաճանություն. Հնագույն ժամանակներից մինչև մեր օրեր
- Սիրո 5 փուլերը. ինչո՞ւ են մարդիկ կանգ առնում 3-րդի վրա
- Կրոնափոխվել հանուն սիրո. Հայկական իրական պատմություններ
Եթե ամուսինները իրար հետ ուզում են ապրել ներդաշնակ, նրանք պարզապես պարտավոր են չափազանց ուշադիր լինել միմյանց էմոցիաների հանդեպ, հասկանալ, թե ինչն է օգնում իրենց կողակցին էմոցիոնալ որոշակի ալիքի վրա հայտնվել: Ենթադրենք, կնոջը ոգևորում ու մեծ հաճույք է պատճառում գնումներ կատարելը, իսկ տղամարդուն՝ ֆուտբոլ դիտելը կամ մարզվելը: Առաջին քայլը ներդաշնակ հարաբերություններ կառուցելու համար հենց այդ ամենը նկատելն է: Իսկ երկրորդ քայլը ԱՊՐՈՒՄԱԿՑԵԼՆ է՝ էմոցիաները իրար միացնելը: Անգամ եթե դուք չունեք նույն վերաբերմունքը այդ երևույթի հանդեպ, ձեր սիրելիին ապրումակցելով՝ դուք զարգացնում եք համապատասխան էմոցիան ձեր մեջ: Եվ ինչպես հաղորդակից անոթների դեպքում, իրար ապրումակցող մարդկանց էմոցիաները միանում են իրար ու հավասարակշռություն ստեղծում: Իսկ եթե հաշվի առնենք, որ դրական էմոցիաները ապրումակցելիս ոչ թե գումարվում են իրար, այլ բազմապատկվում, այն էլ մի քանի անգամ, ապա ստացվում է, որ ապրումակցելը արդեն իսկ բավարար է երջանկության ու ներդաշնակ փոխհարաբերությունների համար:
ԷՄՈՑԻՈՆԱԼ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ՝ ԿՅԱՆՔԻ ԲՈԼՈՐ ՓՈՒԼԵՐՈՒՄ
Հավանաբար նկատած կլինեք, որ զույգերը կյանքի ինչոր մի պահից սկսած դադարում միմյանց հասկանալ: Պատճառն այն է, որ նրանց կապողը էմոցիաները այսօր քիչ են կամ չկան: Եթե նրանք կարողանան վերադարձնել այն էմոցիոնալ հրավառությունը, որ կար նախկինում, և մի երևույթի հանդեպ ունենան նույն զգացողությունները, այն է՝ ապրումակցեն միմյանց, ապա դա ցանկացած պարագայում, ցանկացած տարիքում նրանց նորից կմիացնի: Եթե ուզում եք, որ ձեր կյանքի ամեն օրը լինի նույնքան վառ ու գեղեցիկ, որքան հարաբերությունների ամենասկզբում էր, պետք է շատ լուրջ վերաբերվեք ձեր կողակցի էմոցիաներին ու ապրումակցեք նրան: Փորձեք հասկանալ նրան, փորձեք լսել ձեր ամուսնու սիրելի երգը, դիտել նրա հետ ֆուտբոլ կամ այն հեռուստասերիալը, որը նա սիրում է: Բավարար է ընդամենը մի կայծ, և էմոցիաները կբռնկվեն նաև ձեր մեջ:
Անշուշտ, միայն էմոցիոնալ կապվածությունը չի կարող լուծել բոլոր հարցերը, եթե բավարարված չեն մեր հիմնաքարային պահանջմունքները, ենթադրենք՝ տանը չկա ուտելիք կամ զույգը չի ապրում սեռական կյանքով: Այնպես որ, պետք է առաջին հերթին լուծել կենսական կարևորագույն հարցերը, իսկ հետո անդադար միմյանց ապրումակցել, միասին գնալ արշավ, կինո, միասին ուրախանալ, հուզվել, միասին լաց լինել, միասին հիասթափվել: Այն, ինչ դուք կանեք միասին էմոցիաների առումով, կկապի ձեզ իրար ու կերջանկացնի: Չէ՞ որ անգամ քահանան եկեղեցում պսակադրության ծեսը կատարելիս հարցնում է՝ «Խոստանո՞ւմ ես լինել նրա կողքին ուրախության ու տխրության, հարստության և աղքատության մեջ, հիվանդ և առողջ պահերին, մինչև մահը չբաժանի ձեզ»: Այս մեկ նախադասության մեջ ամփոփված է ապրումակցելու ողջ խորհուրդը: Այնպես որ, միշտ հիշեք, որ ֆիզիկապես միմյանց կողքին լինելուց զատ և նույնսիկ առավել կարևոր է միմյանց կողքին լինել, հասկանալ և աջակցելհոգեպես: Սիրեք միմյանց, ապրումակցեք իրար:
Հեղինակ՝ Գրիգոր Առաքելյան
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է անկախ Հայաստանի ամենահայտնի ֆիլմերից մեկի մոտիվներով գրված գիրքը՝ «Մի՛ վախեցիր» (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է Հերմինե Ավագյանի ու Ուլիս Մանեսի «Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկա» հուշագրությունը (թրեյլեր)
Տեղի ունեցավ գերմանացի ռեժիսոր, գրող Նուրան Դավիթ Քալիսի դեբյուտային գրքի հեռուստաշնորհանդեսը՝ «Լուսինը մեր արևն է» (տեսանյութ)
Տեղի ունեցավ սատիրիկ ու գրոտեսկային «Սատանայի արհեստանոցը» վեպի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)