Էրդողանը` կատաղած ու անկառավարելի. Թուրք-գերմանական նոր սկանդալը կարող է դառնալ համաեվրոպական ֆլեշմոբ ընդդեմ Անկարայի
Թուրքիայի նախագահին նորից մեջբերում է ամբողջ եվրոպական մեդիան: Էրդողանը դարձյալ անզուսպ մեղադրանքների տարափով է ելույթ ունեցել:
- Ես կարծում էի, թե Գերմանիան նացիզմն անցյալում է թողել, բայց սխալվել եմ: Գերմանիայում քաղաքային իշխանությունների գործողությունները ոչնչով չեն տարբերվում նացիստական մեթոդներից: Դուք մեզ ժողովրդավարություն եք սովորեցնում, սակայն մեր նախարարներին թույլ չեք տալիս հավաքներ անցկացնել ձեր երկրում, - հայտարարել է Էրդողանը` սկիզբ դնելով թուրք-գերմանական հարաբերություններում ամենալուրջ սկանդալներից մեկին:
Ամեն ինչ սկսվեց, երբ մարտի առաջին օրերին Գերմանիան, Ավստրիան և Նիդեռլանդներն արգելեցին իրենց տարածքում Թուրքիայի իշխանամետ գործիչների քարոզարշավը: Նրանք քարոզում էին Թուրքիայի նոր Սահմանադրության օգտին և ակնկալում էին եվրոպաբնակ ու քվեարկելու իրավունք ունեցող թուրքերին ձայներին ու աջակցությանը:
Մերժումից հետո Էրդողանը լուռ էր: Նա դիմացավ գրեթե մեկ շաբաթ: Հունից դուրս դուրս եկավ, երբ գերմանական երեք քաղաքների (Քյոլն, Գագենաու և Ֆրեխեն) իշխանությունները չարտոնեցին թուրք նախարարների հավաքները: Էրդողանը զգայուն է, որովհետև ապրիլին սպասվող Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նրա քաղաքական կարիերայի ամենակարևոր փուլն է, նոր Սահմանադրությունը՝ մի քանի տարի փայփայած ու ամենաորոշիչ նախաձեռնությունը: Դրանով առաջին հերթին Թուրքիան անցնում է կառավարման նախագահական համակարգին և միայն ու հենց այս հեռանկարով 2014-ի օգոստոսին Էրդողանը ստանձնեց նախագահի պաշտոնը:
- Էրդողանը մերկացել է Մեքքայում` զարմացնելով նույնիսկ թուրքերին
- Թուրքիայի մեջլիսի ծեծկռտուքներն ու խարդախությունները՝ Շեքեր TV-ով
Այս իմաստով Գերմանիայի քարոզչությունը Էրդողանի համար իսկապես կարևոր է, քանի որ այդ երկրում ապրում է Թուրքիայի 1.5 միլիոն քաղաքացի: Թուրքական ծագում ունի 3 միլիոնից ավելի բնակիչ:
Եվրոպական քաղաքները հանրահավաքներն արգելելու երեք պատճառ են նշում: Նախ՝ անվտանգությունը՝ հաշվի առնելով հնարավոր ահաբեկչական գործողությունների մասին արդեն եղած սպառնալիքները: Երկրորդ՝ նախընտրական շրջանում թուրք քաղաքական գործիչների կողմից ակտիվ կիրառվող ծայրահեղական թեզերն ու եզրերը: Երրորդ՝ Ստամբուլում ձերբակալվել է Թուրքիայի և Գերմանիայի քաղաքացի, թուրք լրագրող Դենիզ Յուջելը՝ քրդական ահաբեկչական կազմակերպություններին հարելու, ահաբեկչություն քարոզելու մեղադրանքով: Այս ձերբակալությանը հետևեց Գերմանիայի կանցլերի պահանջը՝ ազատ արձակել Յուջելին, ապա Անկարայի հայտարարությունը, թե Յուջելը Գերմանիայի լրտեսն է, Գերմանիան՝ ահաբեկչության հովանավոր:
Նույնիսկ այս մեղադրանքներից հետո կանցլեր Մերկելը հեռախոսազրույց էր ունեցել վարչապետ Յըլդըրըմի հետ՝ փորձելով կանխել հարաբերությունների հետագա սրումը: Սակայն Էրդողանն առաջին անգամ չէ ցույց տալիս, որ իր զայրույթը կարող է տապալել ամիսների դիվանագիտական աշխատանքը: Հիմա արդեն Գերմանիայում Էրդողանի վարքն անընդունելի են համարում նաև որպես ՆԱՏՕ-ի դաշնակից:
- Հրեշային քայլ Բոսֆորի բռնապետի կողմից,- Քրիստոնեա-սոցիալական միության գլխավոր քարտուղար Անդրեաս Շոյերի ձևակերպումն է: Երկրի արդարադատության նախարար Հայկո Մաասն էլ Էրդողանի ելույթը խայտառակություն է որակել:
Meeting ban-ը (թուրք գործիչների հանդիպումների արգելքը) վերածվում է համաեվրոպական արձագանքի: Եվրախորհրդարանում մի քանի պատգամավորներ պահանջել են թույլ չտալ Թուրքիայի նախագահի մուտքը Գերմանիա ու Եվրամիություն: Էրդողանը պատասխանել է՝ Գերմանիա կգնա, երբ ցանկանա, իսկ եթե չթողնեն, ոտքի կհանի ամբողջ աշխարհը: Ավստրիայի կանցլերն ընդհանրապես կոչ է արել արգելել թուրք քաղաքական գործիչների հավաքները Եվրամիության ամբողջ տարածքում: Նիդեռլանդներում երկրի իշխանություններին կոչ են արել արգելել բոլոր թուրք պաշտոնյայի մուտքը երկիր, քանի դեռ Թուրքիայում չի ավարտվել նախընտրական քարոզարշավը: Ավելին՝ նաև անցանկալի մարդ հայտարել:
Եվրոպան չի աջակցում Էրդողանի նոր Սահմանադրությանը: Երբ այն դեռ թուրքական մեջլիսում էին քննարկում, Եվրամիության պաշտոնյաները հայտարարում էին՝ փոփոխություններով Էրդողանը բռնապետությունն է ամրացնում, ոչ թե ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը: